ՄՏՔԵՐՍ ԼՈՒՍՆԻՑ ԵՆ

Andranik-Harutyunyan
       Մայիսի 11-հունիսի 11-ը Երևանում անցկացվեց «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը: Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ փառատոնի մրցանակաբաշխությունը:
    Cultural.am-ի զրուցակիցն է երիտասարդ ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանը: Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժինը, Սուրեն Բաբայանի արվեստանոցը: «Արտ Ֆեստի» մրցանակաբաշխությանը նրան շնորհվեց ոսկե մրցանակ լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմի («Արտ հոթել») համար:

«Արտ հոթել»
ֆիլմը նկարահանվել է 2014թ.-ին՝ որպես դիպլոմային աշխատանք: Այն պատմում է զուգարանի մաքրուհու կյանքի մասին. բանալու կոտրվելու պատճառով զուգարանի մաքրուհին և պլաստիկ վիրաբույժը մնում են փակ տարածքում: Այդ գռեհիկ միջավայրում ստեղծվում է մի գեղեցիկ սիրո պատմություն: Դերասաններն են Քրիստինե Հովակիմյանը Մալյան թատրոնից և Իշխան Ղարիբյանը Պատանի հանիդսատեսի թատրոնից:
Նախապատրաստական աշխատանքները տևեցին վեց ամիս, և ևս մեկ ամիս պահանջվեց նկարահանման հրապարակը պատրաստելու համար: Նկարահանել ենք «Հայֆիլմ» կինոստուդիայում, որը, կարելի է ասել, մեկ ամսով կենդանացավ:

Բոլոր ֆիլմերս ինձ համար
կարևոր են: Չեմ ուզում առանձնացնել. փորձում եմ անընդհատ աշխատել ու ստեղծել նորը՝  ոչ թե հերթական որևէ բան, այլ արվեստի գործ:
Առաջին ֆիլմս՝ «Զակատը», մեկնարկային էր: Այն իր ոճով, տեսակով  ու բերած մտածողությամբ տարբերվում էր մեր իրականությունից: 2012թ.-ին այն արժանացավ «Վեբծիրան» կինոփառատոնի խրախուսական մրցանակին, ինչը շատ ոգևորեց ինձ հետագա անելիքներիս համար: Հաջորդ ֆիլմս «Հեքիաթն» էր, որը հաջողություն ունեցավ Բուլղարիայում, Մոսկվայում, Կիևում և այլ քաղաքներում: Բուլղարիայում կայացած ուսանողական փառատոնում «Հեքիաթը» հաղթեց «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգում, ձայնային մոնտաժը ինքս էի արել:
Այնուհետև նկարեցի «Երազ տեսա, կինոյում էի» ֆիլմը, որով մասնակցեցի Օրանժի կինոմրցույթին, գրավեցի առաջին տեղը և ներկա գտնվեցի Կաննի կինոփառատոնին: Միակ վավերագրական ֆիլմը՝ «Գորգերը», այս տարի «Վեբծիրանում» արժանացավ խրախուսական մրցանակին:

Մտքերս
լուսնից են:

Մրցանակները սին պատրանքներ են:
Երիտասարդների համար կարևոր բան է, երբ իրենց գնահատում են, իսկ թե ինչպես են գնահատում՝ խոսքով, դիպլոմով, թե մրցանակով, դա այդքան էլ կարևոր չէ: Ինձ համար ամենակարևորն այն է, երբ ֆիլմ եմ նկարում ու այդ ֆիլմը նայում են ու հավանում, նայում են ու ապրում, նայում են ու սիրում ոչ միայն ֆիլմը, այլև կյանքը:
Մրցանակներն ինձ համար սին պատրանքներ են: Ճիշտ է, լավ է, որ քեզ գնահատում են, բայց ես չեմ կարևորում մրցանակը կամ դիպլոմը, որովհետև դա տանելու եմ կախեմ սենյակիս պատից, և այն ոնչով չի օգնելու հաջորդ ֆիլմի ընթացքին, եթե իհարկե մրցանակը դրամական պարգև չէ:
Մրցանակները կարող են նաև խանգարել: Հենց դրանցով հպարտանաս կամ վեր-վեր թռչես, ուրեմն էլ անելիք չունես:

Սիրելի ռեժիսորները շատ են
և՛ դասականներից, որոնք արդեն չկան, և՛ դասականներից, որոնք կան: Կառանձնացնեմ Յո Ստելինգին, Պեդրո Ալմոդովարին: Նրանց կինոարվեստն ինձ ուրիշ տեղ է տանում: Հայաստանից կարող եմ նշել Սուրեն Բաբայանին ու Վիգեն Չալդրանյանին:

Ինձ համար օրինակ է
իմ վարպետը՝ Սուրեն Բաբայանը: Չորս տարի անընդհատ սովորել եմ նրանից:

Շատ հավանեցի
այս տարվա օսկարակիր ֆիլմը՝ «Birdman»-ը, որն իր գաղափարով ու տեսակով շատ հետաքրքիր ֆիլմ է՝ նկարահանված եվրոպական կինոտեսակի մեջ, բայց նաև հոլիվուդյան ձևերով:
Զրուցեց Աննա Կարապետյանը