ԾՆՎԵԼ ԵՄ, ՈՐ ՍԻՐԵՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Mikayel-Hakhnazaryan
    Օրերս Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ որպես հրավիրված երաժիշտ ելույթ ունեցավ թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Օգտագործելով առիթը՝ հանդիպեցինք և զրուցեցինք նրա հետ: 
  Միքայել Հախնազարյանը Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սիոնում՝ Տիբոր Վարգայի անունը կրող երաժշտական ակադեմիայում, այնուհետև Բազելի երաժշտական քոլեջում: 2008 թվականից աշխարհահռչակ «Kuss» քառյակի կազմում է: Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից պարբերաբար հրավիրված երաժիշտ է: Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի 12 թավջութակների անսամբլի կազմում ելույթ է ունենում Եվրոպայի լավագույն բեմերում:

     Ծնվել եմ, որ սիրեմ երաժշտությունը
    Ես ուզում էի դաշնամուր նվագել: Շատ էի ուզում, բայց ծնողներս թավջութակի տարան: Ինձ թվում  է` դաշնամուր ավելի լավ կնվագեի, քան թավջութակ, ես դա զգում եմ: Երբեմն համերգների ժամանակ թաքուն նախանձով եմ նայում դաշնակահարներին (ծիծաղում է): Սիրում եմ թավջութակը, իհարկե: Շատ եմ սիրում: Իրականում այսպես է. ես ծնվել եմ, որ սիրեմ երաժշտությունը: Բասի ֆունկցիան եմ շատ սիրում: Բասը ֆունդամենտ է բոլոր տեսակի կազմերի համար, լինի դա նվագախումբ, թե կվարտետ: Թավջութակի մեջ ինձ ամենաշատը սա է գրավում: Իսկ սա զգալու, հասկանալու համար կամերային երաժշտությունն ամենաիդեալական տեղն է: Ես հիշում եմ մեր փորձերը Երևանում: Մեր «Սերենադ» նվագախումբն եմ հիշում: Շատ լուրջ էինք վերբերվում այն ամենին, ինչ անում էինք: Ժամեր էինք անցկացնում առանց լույսի. Կամերայինում 8 աստիճանի պայմաններում, մոմերի տակ նստած ժամերով որակի վրա էինք աշխատում: Այդ պատճառով ես մինչև հիմա կամերային նվագախումբ շատ եմ սիրում: Հիմա էլ Մյունխենում կամերային նավագախումբ կա, որտեղ նվագում եմ: Առանց դիրոիժորի նվագախումբ է, բայց հիանալի կազմով, հիանալի նվագում են:

        Կվարտետում նվագելը տուն վերադառնալու պես է
  Կվարտետում նվագելը ինձ համար՝ ոնց որ տուն վերադառնալը: Կվարտետը ամենաիդեալական բալանսն է: Հենց քառյակին մեկը միանում է, բալանսը քանդվում է. կլինի դա շատ լավ փողային, դաշնակահար կամ երգչուհի, նշանակություն չունի: Երբ ինձ հրավիրեցին «Kuss» կվարտետում նվագելու, առաջին բանը, որ արեցի, գնացի խանութ, գնեցի ձայնասկավառակը, որ լսեմ, բայց ոչ թե, որ տեսնեմ պորֆեսոնալիզմը և այլն, ոչ: Ես ուրիշ բան էի ուզում հասկանալ: Նվագելուց դու հասկանում ես՝ ինչպիսին են մարդիկ: Եվ ես հասկացա, որ իրենք շատ բաց են. հաստատ դու կարող ես գալ և քո համար տեղը կա, տեղ, որտեղ դու կարող ես քոնը տալ, այլ ոչ թե գալ ու մտնել կարծրացած մի բանի մեջ:  Մեր երկու ջութակահարները շատ նման են մեզ մենթալիտետով, իրենք Արևելյան Գերմանիայից են, մեզ պես ապրած, նույն կյանքը տեսած: Իրենք ապրել են պատից այն կողմ՝ այն գաղափարով, որ պետք է աշխատեն, ավելի լավը դառնան, փոխեն ամեն բան: Ալտիստը ընդհանրապես այլ աշխարհից է՝ անգլիացի է՝ այլ արժեքներով ու իդեալներով ապրած, բայց քանի որ բաց են մարդիկ, և նպատակն էլ մեկն է, միավորվել են: Մենք բոլորս մի ուղղությամբ ենք արդյունք փնտրում: Միասին աշխատելիս սա ամենակարևոր բանն է, ու մենք դա գտել ենք: Իմաստ չունի միասին աշխատելը, եթե տաբեր բաներ ենք փնտրում երաժշտության մեջ: Իհարկե, միշտ չէ, որ հեշտ է. 4 մարդ՝ արդեն կազմավորված, իրենց զգացմունքերով, մտքերով, ամեն մեկն իր ռիթմն ու ժամանակի զգացողությունն ունի… Ինձ համար, օրինակ «հրաշք» կոչվածը նոտաների արանքում է, և 4 հոգով սա գտնելն ավելի դժվար է, քան  երբ դու մենակ ես: Բայց մենք փորձում ենք, և… և ստացվում է: Մի կարևոր բան էլ կա, մարդկային պարզ հարաբերությունները. համերգներից դուրս  մենք լավ  ընկերներ ենք:

     Ֆանատիզմն այստեղ պակասում է
    Այն, ինչ հիմա  այստեղ պակասում է, ֆանատիզմն է: Շատ դժվար է մարդու մեջ կայծ վառել, եթե նա չի ապրում երաժշտությամբ, չի հավատում երաժշտությանը: Ես անընդհատ մտածում եմ այստեղի երիտասարդներին ոգևորելու մասին: Հաճախ գալիս էի, ընկերներիս հետ նվագում էի, և իմ նպատակը միայն այն էր, որ ցույց տանք երիտասարդներին, որ այն, ինչ իրենք անում են, շատ ավելի բարձր է նյութական աշխարհից: Շատերը կարող են ասել՝ դե դու տաք տեղից ես խոսում, գնացել ես: Դրա մասին չի խոսքը, ես այստեղ էլ էի երջանիկ ու նույն կերպ էի ապրում, ինչպես բոլորը: Այն ժամանակ շատ ավելի վատ էր, այն ժամանակ ազատություն էլ չկար, հիմա նայում ես՝ պայմանները շատ ավելի լավ են, ազատություն կա: Բայց այն ժամանակ մեզ մոտ իդեա կար, ու դա այն չէր, որ՝ լավը լինենք, որ գնանք: Բացարձակապես այդպես չէր. գնացինք, որովհետև ուզեցինք շատ բան իմանալ: Այո, սա գործ է, գումար վաստակելու միջոց, բայց գումարը չպիտի լինի առաջնային: Ես հիշում եմ, որ Շվեցարիայում եղած ժամանակ կողքից տարբեր մարդիկ, ընկերներ, ասում էին՝ դե մի բան արա, պետք է տեղ ստանաս նվագախմբում և այլն, բայց ես ասում էի՝ ես անում եմ այն, ինչ սիրում եմ, ես հիմա սա եմ ուզում, հիմա ես սրանով եմ ապրում: Ուղղակի մարդը պիտի սիրի այն, ինչ անում է, եթե սիրում է, անպայման լավ կանի իր գործը, կլինի դա նվագախմբում, կվարտետում, թե մեկ այլ կազմով:

       Ուսուցիչներից շատ բան է կախված
   Կրթությունից շատ բան է կախված: Երբեմն լինում է, որ երեխան սիրում է գործիքը, աշխատասեր է, անդադար պարապում է, բայց  հանկարծ խնդիրներ են սկսվում, պարզվում է, որ նվագախմբում նվագել չի կարող, և այլն, և այլն: Սա նրանից է, որ նրան ճիշտ ուղու վրա չեն դրել: Ուսուցիչներից, դասախոսներից շատ բան է կախված, լավ ուսուցիչը միանգամից տեսնում է՝ երեխայի մեջ պոտենցիալ կա, թե ոչ: Երբ ես Հայաստանից գնացի, հունգարացի ջութակահար Տիբոր Վարգայի մոտ էի սովորում: Այս մարդը մի օրվա ընթացքում հասկանում էր` որտեղ է քո մաքսիմումը  և ասում էր: Շատերն էին ասում, որ խիստ մարդ է, բայց այդպես ազնիվ էր: Մեզ մոտ շատ մեծ խնդիր կա. ուսուցիչը շահագրգռված է շատ աշակերտ ունենալով, և դա հանցագործություն է. ուզում է շատ փող աշխատել և այդ երեխաների ճակատագրի հետ է  խաղում:

      Բեռլինի Ֆիլհարմոնիկում լավ նվագելու ֆանատիզմ է
    Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբում ամեն մեկն իր գործին մոտենում է ֆանատիզմով: Լավ նվագելու ֆանատիզմ է, ամեն մարդ ամեն փորձի, ամեն նոտայի համար աշխատում է: Ոչ մի ցուցադրական բան չկա, իրենք գիտեն, որ իրենք աշխարհի ամենալավ նվագախումբն են: Իրենց մոտ «daily routine» ասվածը գոյություն չունի՝ որ էլի աշխատանքի եկան, փորձի են և այլն: Դա կա ցանկացած ուրիշ նվագախմբի մեջ, թեկուզ երկրորդ ամենալավ նվագախմբի մեջ դա արդեն կա:
    Երբ ես 3 տարի առաջ փորձի գնացի առաջին անգամ, ինձ ամենաշատը մի բան էր հիացրել ու զարմացրել: Անգամ եթե դիմացը աշխարհի ամենահայտնի դիրիժորներն են կանգնած, ցանկացած մարդ նվագախմբից, եթե զգում է, որ ինչ-որ բան այն չէ կամ եթե այդպես է կարծում, կարող է ընդհատել փորձը և ասել. «Մաեստրո, միգուցե ուրիշ կե՞րպ փորձենք»: Իրենց համար ամենակարևորը երաժշտական արդյուքն է և կապ չունի, թե որ դիրիժորն է այդ պահին ղեկավարում փորձը: Այս ամենը նշանակում է  նաև, որ իրենք միշտ պատրաստ են, գործը գիտեն և փորձի են գալիս պարտադիր նոտաներով: Բոլոր փողայինները նստած են պարտիտուրով: Էմանուել Փահուդն է նվագում Բեռլինի ֆիլհարմոնիկում, ես իրեն միշտ օրինակ եմ բերում: Լինելով երկրագնդի ամենահայտնի ֆլեյտահարը՝ գալիս է նոտաներով նստում և ամբողջ ընթացքում մտածում փողայինների մասին, փորձի մասին: Ես ամեն անգամ ապշում են` ինչքան արագ են իրար հասկանում, վայրկյանների ընթացքում շտկումներ անում: 18 ազգության  մարդ կա այս նվագախմբում, բայց հարմոնիան անբացատրելի է, որովհետև հարգում են միմյանց, հարգում են նվագախումբը, հարգում են այդ շենքը, պատմությունը, նվագախումբը, այն ամենը, ինչ կապված է նվագախմբի հետ: Այս նվագախմբի անդամները ապրում են երաժտությամբ, նվագախմբից դուրս էլ` կոմպոզիցիայով են զբաղվում, այլ կազմերով են հանդես գալիս, աշխատում են անդադար:

       Ժամանակակից երաժշտություն եթե չգիտես, ուրեմն քո կրթության մեջ ինչ-որ բաց կա
  «Kuss» կվարտետի համերգային ծրագրերում միշտ ընդգրկում ենք ժամանակակից երաժշտություն: Մենք հաճախ ենք հանդես գալիս ակումբներում, որտեղ հիմնական ունկնդիրը երիտասարդներն են: Շատ ոգևորությամբ են ընդունում այդ երաժշտությունը, մենք էլ էքսպերիմենտներ ենք անում, փորձում ենք ցույց տալ, թե ինչ մեծ հնարավորություններ ունեն այդ գործիքները: Երբեմն հրավիրում ենք այլ երաժիշտների, արտիստների, համատեղ ենք հանդես գալիս: Փորձում ենք նորովի մատուցել. մատուցուման ձևը շատ կարևոր է: Նման տեղերում շփումը ավելի անմիջական է ստացվում, տեղը փոքր է, արտիստի հետ շփումը ավելի հեշտ, կարող ես ելույթից հետո անմիջապես հարցեր տալ, կարծիք հայտնել: Եթե ինչ-որ գործ ենք նվագում, որի մասին ուզում ենք հանդիսատեսը մի փոքր ավելին իմանա, անպայման ներկայացնում ենք գործը, հեղինակին: Սա օգնում է, որ լսողը հասկանա շատ բաներ: Ցանկացած լսարան, լինի դա դասական համերգասրահում նստած մարդը, թե ակումբում գարեջրի շշով քո դիմաց կանգնած երիտասարդը, դրա կարիքն ունի, որ հասկանա՝ ինչու է, ասենք, հազարավոր գործերի մեջ այս կվարտետը կատարում այս գործը, ինչն է առանձնացնում այս ստեղծագործությունը մյուս ստեղծագործություններից: Կուրտագ ու Լախենման ենք շատ նվագում: Կուրտագի մոտեցումը երաժշտությանը մեզ շատ մոտ է:  
    Մեծ է պատասխանատությունը, երբ պիտի կատարես նոր գրված գործ: Մենք  երաժշտության պատմությունից էլ գիտենք, թե ինչքան կարևոր են եղել մարդիկ, ովքեր առաջին ագամ կատարել են գործը, ինչքան բան են իրենք փոխել, օրինակ Յոախիմը Բրամսի գործերում: Դու դառնում ես այդ գործի ստեղծման մասնակիցը: Շատ հաճելի է, երբ կոմպոզիտորը կարող է գալ և իր հետ կարող ես աշխատել կատարումից առաջ, դու այլ զգացողություն ես ունենում, շատ ավելի վստահ ես դառնում:
    Բեռլինը շատ բաց է ժամանակակաից երաժշտության համար: Ժամանակակից երաժշտության ամենամյա «Music 21» փառատոնը կա, որի ժամանակ համերգասրահները լեփ լեցուն են միշտ: Օրինակ, երբ որ գալիս է «Arditti» կվարտետը, որ աշխարհի ամենահայտնի կվարտետն է և հիմնականում ժամանակակից ակադեմիական երաժշտութուն է նվագում, որտեղ ի դեպ նվագում է նաև մեր հայրենակից Աշոտ Սարգսյանը, գնում ես համերգին, դահլիճում նստած է 2000 մարդ, այնպես, ինչպես օրինակ նախորդ օրը նույնքան մարդ կար նստած համերգին, որտեղ Մալերի սիմֆոնիան էր հնչում: Հնարավոր է, որ դա նույն մասսան չէ, բայց կա լսարան: Իսկ  «Arditti»-ն այն կվարտետն է, որ կարող է մի համերգի ժամանակ 5 գործ նվագել, որոնք բոլորն էլ նոր են գրվել: Ժամանակակից երաժշտության հանդեպ նման հետաքրքրվածությունը, կարծում եմ, հասարակության ինտելեկտի հետ կապ ունի, մարդիկ հասկանում են, որ եթե դա չգիտես, ուրեմն քո կրթության մեջ ինչ-որ բաց կա:
Զրուցեցին Մերի Դոլմազյանը և Աստղիկ Հակոբյանը