Մարդն Աստծուն շատ ավելի մոտ է, քան մեկ ուրիշին

david balasanyan1
    Զրույց կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ:
     - Ինչի՞ մասին խոսելուց ես սովորաբար խուսափում:
    - Մենք ամեն օր հանդիպում ենք տարբեր մարդկանց՝ տարբեր տեսակի էներգետիկ դաշտերով, ու եթե քո ռեֆլեկտորները զգայուն են, դու կենդանական բնազդներով, գուցե անգիտակցաբար զգում ես` ինչքանով է տվյալ մարդը ընկալունակ, ինչքանով է պահը տրամադրող ու համապատասխան: Բրոդսկին է այդ առիթով մի անգամ ասել, որ նա շան հոտառություն ունի, և անգամ մարդու տեսքը, դիմագծերը իրեն շատ բան կարող են ասել, ու ելնելով եկող ազդակներից՝ նա միանգամից զգում էր՝ ուզո՞ւմ է այդ մարդու հետ շարունակել շփվել, թե՞ ոչ: Երբ դիմացինի ու քո աուրաները համահունչ են, և եթե դու անկեղծ ես, կարող ես ասել գրեթե ամեն ինչ՝ խոսել ամենախոցելի թեմաներով՝ թուլություններիցդ, ասել այն, ինչի վրա շատերը կծիծաղեն: Ամոթը առաջանում է կոմպլեքսներից, երբ քեզ համար շատ կարևոր է՝ ով ինչ կասի ու կմտածի քո մասին, ինչն արժի ժամանակի ընթացքում հաղթահարել: Կան անգամ կոմպլեքսից ձերբազատվելու հատուկ վարժություններ: Օրինակ՝ հագնում ես չափազանց խղճուկ մի բան ու քայլում քաղաքի փողոցներով և այդպես ամոթը խորապես զգալով՝ ինքդ քեզ հասցնելով ամենացածր կետին, ձերբազատվում կոմպլեքսից: Եթե դիմացինս նրբանկատ է, ընկալունակ, զգայուն, ես կարող եմ գրեթե ամեն ինչից խոսել, բայց, որպես կանոն, երբեմն դրա իմաստը չեմ տեսնում:
     - Մարդկանցից շո՞ւտ ես հոգնում: david balasanyan2
 - Տարբեր բաներից է կախված՝ ֆիզիկական վիճակից, տրամադրությունից, շրջապատող մարդկանցից: Ի վերջո դա կարող է բերել մարդու ապահասարակայնացման: Սա կրկին խոցելիության նշան է, երբ դու չես ուզում մարդկանց հետ շփվել, շատ չես ուզում շփվել... Երբեմն հանդիպում եմ տեսակների, որոնք գրեթե կապ չունեն ինձ հետ, կարծես տարբեր մոլորակներից լինենք: Մի առիթով Քոչարին (եթե ճիշտ եմ հիշում) հարցնում են. «Մաեստրո, ինչո՞ւ չեք դուրս գալիս տնից, չեք զբոսնում»: Պատասխանում է. «Ինչո՞ւ գամ կեղտոտվեմ»: Երբ ստեղծագործում ես, ապա ընդհանրապես ոչ ոքի չես ուզում տեսնել, նույնիսկ ամենահարազատ մարդիկ կարող են հոգնեցնել: Կարևորը ինքդ քո հանդեպ անկեղծ լինելն է: Երբ որևէ մեկը նույն անկեղծությունից դրդված՝ ինչ-որ պահի ասում է, որ չի ուզում քեզ տեսնել ու դու չես նեղանում նրանից, դա խոսում է բարձր տեսակի ընկերության մասին: Ինչպես ընկերս է ասում, «Իմ դռները բաց են միշտ, բայց լավ է գալուց առաջ նախապես զգուշացնեք»: Գիտես, եթե մարդն աթեիստ չէ, ապա էսպես կձևակերպեի. մարդն Աստծուն շատ ավելի մոտ է, քան մեկ ուրիշին, քանի որ իր մեջ էլ կա Աստված:
    - Ոչ մեկի հետ մարդ կյանքում այնքան չի առնչվում, որքան ինքն իր հետ: Հաճա՞խ ես քեզնից ձանձրանում:
    - Երբեմն ձանձրանում եմ, ո՞վ չի ձանձրանում: Տեսակից է կախված, կան մարդիկ, ովքեր անընդհատ շփման կարիք ունեն, երկար լռությունից կարող են խելագարվել, բայց կան ինքնաբավ տեսակներ, որոնք միշտ էլ զբաղմունք կգտնեն երևակայության, աշխատանքի ու տարբեր հետաքրքրությունների հաշվին: Ավելի շատ ես երկրորդին եմ հակված: Ու կարևոր է հանգստանալ կարողանալը՝ երբեմն ոչինչ չանելով, միանգամա′յն ոչինչ: Մի պատմություն հիշեցի: Յոգայի աշակերտը երկար տարիներ երազում է գնալ Տիբեթ՝ սարերում մաքրվելու, ինքնակատարելագործվելու, բայց ուսուցիչն ասում է նրան. «Կգնաս այնտեղ ու դատարկաձեռն հետ կվերադառնաս: Շատ ավելի կարևոր է ապրել հասարակության մեջ, անգամ ամենաաղմկոտ քաղաքում: Այդպես դու կարող ես ավելի օգտակար լինել հասարակությանը, քան սարերում` մեդիտացիա անելով»: 
4 Ես ավելի շուտ հոգնում եմ չպատճառաբանված գործողություններից, ժամանակի վատնումից, որը հաճախ չենք գիտակցում: Շատ կարևոր է հասկանալ՝ արդյոք դու ինչ-որ բան ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում: Լինում է՝ չգիտես, թե ինչ ես ուզում իրականում: Ի՞նչ է սիրտդ քեզ թելադրում, եթե ունակ ես լսել սրտիդ ասածը: Լուծումը հաճախ տեսնում եմ սովորական աշխատանքում: Ասենք՝ նստած ես, չգիտես ինչ անել: Հնարավոր է՝ վեր կենաս գնաս՝ ծառը ջրես: Ջրելու պրոցեսը քեզ հոգեկան բավարարվածություն պատճառի, լիցքավորի էներգիայով, ու դու գուցե հասկանաս, թե ինչ ես ուզում. դու ուզում ես ջրել այդ ծառը: Երբ ես մի բան ստիպված եմ անում, պարտավորված կամ չեմ կարող չանել, այսինքն՝ այդ աշխատանքը ինձ հաճույք չի պատճառում, զայրացնում է, ինձ, օրինակ, օգնում է. «Սպասիր, մնաց ընդամենը երեք ժամ կամ երեք շաբաթ, ու դու կլինես միանգամայն ազատ ու կանես ԱՅՆ, ԻՆՉ ԿՑԱՆԿԱՆԱՍ» միտքը: Ազատության այդ սպասումը ինձ միշտ թևավորում է: Գլեն Գուլդի կարգախոսը հիշեցի. «Գրողը տանի, իսկ ո՞վ ասաց, որ դա անպայման պիտի հաճույք պատճառի»:
     - Ինչքանո՞վ քեզ կտեղավորես հայ տղամարդու կարծրատիպի մեջ:
 - Հայ տղամարդու կարծրատիպը պատմամշակութային զարգացման արդյունք է` մեր տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններով: Եթե խոսքը գնում է այնպիսի հայ տղամարդու մասին, որը կուրորեն, երբեմն չգիտակցելով առաջնորդվում է հայկական ավանդույթներով, հայկական հի՜ն, դարերից եկող տաբուներով, որոնց իմաստը երբեմն չի էլ գիտակցում, ապա այդպիսի տղամարդ չեմ: Ես կողմնակից եմ գիտակից տեսակին: Եթե զգում եմ ավանդույթի տրամաբանվածությունն ու արդիական լինելը` ես այն փորձում եմ պահպանել: Հայ կանայք միշտ դժգոհում են, որ տղամարդիկ իրենց բավականաչափ ազատություն չեն տալիս: Ինձ թվում է՝ «առողջ» ընտանիք պահպանելու այդ եղբայրական անհանգստությունը գենետիկ կոդի պես մի բան է, տեսակի ինքնապահպանման բնազդ: Դրա մեջ, իհարկե, եթե ողջամտության սահմաններում է, ավելի շատ լավ բան եմ տեսնում, քան վատ:
     - Ի՞նչ տեղ ունեն կանայք քո կյանքում և ունե՞ն ընդհանրապես:
  - Կնոջ աչքերում ես փնտրում եմ առեղծված, անդունդի պես խորը մի անբացատրելի բան, ինչպես «Ֆորսաժ» ֆիլմում է. «Նրա աչքերը պետք է ներթափանցեն հենց հոգուս մեջ ու տեսնեն ինձ` իրականիս, առանց պաճուճանքների: Նա 20 տոկոսով հրեշտակ է, 80-ով` սատանա: Ու երկրային է շատ: Չի ճղճղում, երբ եղունգերի տակ սև է մազութից»: Աչքեր, որ քեզ ուժ կտան, կոգևորեն, սիրող աչքեր, որոնք ամենագեղեցիկն են, որոնց մեջ նայելով ապագաս եմ տեսնում: Ինձ համար կնոջ մեջ ամենակարևորը աչքերն են:
    - Ստեղծագործություններդ մի տեսակ կծկված զսպանակ են հիշեցնում, փոքր տարածքում, կարճ ժամանակում շատ բան ասելու ձգտում կա:2
    - Անտոն Վեբերնից եկող էսթետիկա է: Ժամանակի ընկալումն է փոխվել: Երբեմն չգիտակցված ձգտում աշխարհը տեղավորել մի ստեղծագործության մեջ, ասել մի բան, որով դու ամեն ինչ կընդհանրացնես, ամեն ինչ կդնես իր տեղը, ինչը ի սկզբանե պարտված քայլ է, պարտված փորձ: Սրա մասին է Ֆոլքներն ասել՝ տեղավորել ամբողջ մի աշխարհ ասեղի ծայրին: Այդ փորձը ի սկզբանե իրոք պարտված է: Դու չես ուզում ասել քիչ բան մեծ տարածության մեջ, նախընտրում ես ասել շատը` փոքրում: Երբ ճիշտ խտությունը գտնում եմ, ուզում եմ պատասխանատու լինել այդ խտության առջև, լինել մաքսիմալ անկեղծ: Կենտրոնացված ուշադրության վիճակում գտնվող միտք: Ցրված ուշադրության միտքը չի կարող լինել անկեղծ: Ու այդ ուշադրությունն ինձ համար շատ կարևոր է, հետևել ստեղծագործության շնչառությանը, որ ստեղծագործությունը շնչի, լինի պլաստիկ: Բայց երբեմն ասելիքդ խտանում է այնքան, որ օդն է պակասում, և գործը սկսվում է խեղդվել: Էլ չասած ունկնդրի մասին, որ քեզ հետ միասին է խեղդվում երբեմն: Բայց գուցե իրեն հենց այդ խտությունն է պետք: Մեկ ուրիշը կաներ ճիշտ հակառակը, որտեղ միտքը անընդհատ կընդհատվեր: Սա էլ մեկ այլ էսթետիկա է: Օրինակ՝ երաժշտական մինիմալիզմում կարող է լինել մի քանի նոտա կամ դարձվածք, ու այն կրկնվի գրեթե առանց որևէ փոփոխության բազմաթիվ անգամներ: Մեծ տարածության մեջ, երկար ժամանակահատվածում՝ չնչին ինֆորմացիա, չնչին նյութ: Շատ արդյունքն էլ է հարաբերական, իհարկե: Եթե ես լինեի մինիմալիստ, ես կասեի՝ քիչ նյութից շատ արդյունքի եմ հասնում: Տարիների ընթացքում այդ խտություններն էլ են իմ ստեղծագործություններում նոսրացել: Մի առիթով ուսուցչիս, մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկին` Աշոտ Զոհրաբյանին ասացի. «Բավականին սուր են հնչողությունները ձեր գործերում»: Ասաց՝ դրանք սուր չեն, այլ խիտ են:
     - Եթե քեզ համեմատելու լինես, ասենք, երկու տարի առաջվա Դավիթի հետ: Ի՞նչ է փոխվել բացի նրանից, որ, ինչպես ասացիր, նոսրացել են ստեղծագործություններիդ խտությունները: 
   - Այդ նոսրացումը ժամանակի ընկալմամբ է պայմանավորված կրկին: Բաներ կան, որ չես կարող բացատրել, ուղղակի այդպես ես զգում ու վերջ: Եվ անգամ չես էլ ցանկանում հասկանալ՝ չկորցնելու համար գաղտնիքն այդ, այդ բնական ընթացքը, ուզում ես ուղղակի հետևել այդ պրոցեսին, մասնակից լինել դրան: 
   - Ի՞նչ կասես վերջին ստեղծագործությանդ մասին՝ «Արաբեսկի»:
 6 - Երբ գրում ես, ամբողջությամբ չես գիտակցում՝ ինչ ես անում: Ստեղծագործությունը աստիճանաբար է բյուրեղանում, հասնում մի այնպիսի խտության, որը վերջում ինքն էլ երբեմն հուշում է իր վերնագիրը: Արաբեսկը բարդ արևելյան միջնադարյան զարդանախշի եվրոպական անվանումն է, որը բաղկացած է երկրաչափական և բուսական տարրերից: Արաբեսկները մեծ տարածում են գտել հատկապես Վերածննդի ժամանակաշրջանում: «Արաբեսկի» վրա բավականին երկար աշխատեցի, սպասածիցս ավելի երկար: Եթե դու ակտիվ ես, եթե դու ամեն օր ես աշխատում մի ստեղծագործության վրա, ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, ամեն օր միտքդ գործի է դրվում։ Ամեն օր դու հիշում ես նախորդ օրվա հասած կետդ ու դրանից առաջ ընթանում։ Բայց երբ երկար ժամանակ չես աշխատում, մոռանում ես նախորդ կետը, որը կարող էր քեզ առաջ հրել։ Դու գրում ես, մոռանում ու կրկին պետք է քեզ տաքացնես, սկզբից մինչև կանգ առած տեղը նվագես բազմաթիվ անգամներ, նվագես, նվագես, որպեսզի քո մեջ այդ վայրկյանների ինտուիցիան կրկին սկսի աշխատել։ Վայրկյանների ինտուիցիան...
     - Դու իմ ճանաչած այն քիչ մարդկանցից ես, որ փորձում են ժամանակակից արվեստի բոլոր ճյուղերին ծանոթանալ, գոնե Հայաստանի սահմաններում: Զարգացման ի՞նչ ընդհանուր միտումներ ես նկատում: 
  - Ինձ թվում է` ամեն մի ճյուղ ունի իր սեփական առանձնահատկությունները: Գրականության պարագայում երիտասարդ գրողը, անգամ տաղանդավորը, ուշացումով է կարդում 20-րդ դարում ստեղծված գրականությունը, էլ չասած նախորդ դարերի դասականների մասին: Գրականությունը Սովետական միության ժամանակ հիմնականում թարգմանվում էր ռուսերեն, քիչ քանակությամբ՝ հայերեն: Նկատի ունեմ 20-րդ դարի եվրոպական, ամերիկյան գրականությունը: Այսինքն` հիմնական աղբյուրը այդ գրականությանը ծանոթանալու եղել է ռուսերենը: Մեր օրերի երիտասարդ գրողները  եթե այդ ամենը գոնե ռուսերեն շատ ու արագ չյուրացնեն, վախենամ, որ նորից անիվ հորինեն: Եթե սպասեն, մինչև այդ ամբողջ գրականությունը թարգմանվի հայերեն, ապա այդ անիվը կհորինեն է՛լ ավելի ուշ: Մտածենք, որ կարիք չկա կարդալու այդ գրականությունը, ինչը ինձ համար կասկածելի է, ուրեմն դու նոր լիցքեր ստանալու կարիք չունես, ինքնաբավ ես: Ի՞նչ ես ասելու: Ի՞նչ է լինելու թեմադ: Թեման կրկին կյանքն է իր անսահմանությամբ: Դու կդառնաս մի Ռոբինզոն Կրուզո և գուցե նորից հորինես անիվ, բայց դա լինի քո՛ անիվը:
     - Նոր անիվ չհորինելու համար պետք է կուրորեն հետևե՞նք Եվրոպային:
   - Երբեմն մեծ նշանակություն տալով Եվրոպայում կատարվող գործընթացներին, իդեալիզացնելով, կարող ենք դառնալ դրանց զոհը այն իմաստով, որ կսկսենք աշխատել Եվրոպայի շուկայի վրա: Բայց ես գիտեմ հայ կոմպոզիտորների, որոնք, ապրելով Եվրոպայում, լիարժեք դրսևորում են իրենց՝ դառնալով նաև այդ արժեհամակարգի կրողը (բառիս ամենալավ իմաստով): Միևնույն ժամանակ5 երբ դու կտրված ես, սկսում է քեզ թվալ, թե ժամանակից հետ ես ընկել: Բայց ո՞վ ասաց, որ այդ ժամանակը թելադրում է Եվրոպան կամ Ամերիկան: Ինձ չի թվում, որ «մեյն սթրիմ» ասվածը բնորոշ է միայն Եվրոպային: Ինչո՞ւ Մոզամբիկում ապրող գրողը չի կարող լինել «մեյն սթրիմ», չի կարող լինել շատ ավելի տաղանդավոր, քան այն գրողը, ում մասին ամենուրեք խոսում են` համացանցում, հեռուստատեսությամբ: Ուղղակի նրա մասին ոչ ոք չգիտի: Միգուցե դո՞ւ ես այդ գրողը ու այդպես կործանվես` չգիտակցելով արածիդ կարևորությունն ու իրական արժանիքները: Թերարժեքության ինչ-որ զգացում առաջանա: Ես զգում եմ, որ նոր թարգմանվող գրականությունը, իհարկե, նոր էներգիա է ծնում, բայց այդ նոր էներգիան հաճախ ուշացած մոդեռն է հիշեցնում պոստմոդեռնի դարաշրջանում: 
    - Միգուցե չարժի՞ արվեստը -իզմ-երով ընկալել: 
  - Գուցե և չարժի: Եթե դու ասելիք ունես ու բավարարված ես քո արածով, ուրեմն երևի թե ժամանակի շունչն արդեն բռնացրել ես: Ազդեցություններ արվեստդ կարող է կրել արվեստի ուրիշ գործերից կամ ուրիշ ճյուղերից, բայց եթե մի բանի մեջ վստահ ես ու դա անում ես, ասելիք ունես, ուրեմն պիտի ասես: Իսկ թե դա որտեղ կլինի` «մեյն սթրիմում», թե ոչ, նշանակություն չունի: Միևնույն է, քեզ մի տեղ կընդունեն, մի տեղ չեն ընդունի: Չպետք է առաջնորդվել իզմ-երով, անել մի բան, որը քեզ խորթ է, քո բնությունից դուրս է: Հայաստանում արվեստին վերաբերող գրականության թարգմանությունների մեծ պակաս է նկատվում: Ճիշտ է, կա համացանց, որտեղ կարող ես ուզածդ երաժշտությունը, գիրքը գտնել, բայց դաշտն այնքան բաց է, ծավալուն, որ երբեմն կարող ես մոլորվել: Տարիներ առաջ, երբ Հայաստան մի ժամանակակից նոտա (պարտիտուր) էր հասնում` թաքուն նկարահանված, ֆոտո արած, կոմպոզիտորները կլանված ուսումնասիրում էին այն: Այնքան քիչ ինֆորմացիա էր գալիս, որ եկածից դու կարող էիր ահռելի մեծ քանակությամբ գեներացիա անել, ու դա կարող էր նոր ստեղծագործությունների համար իմպուլս հանդիսանալ: Միաժամանակ կարող էր փակուղի տանել, ու քեզ թվար, որ դրանից դուրս, դրանից բացի ոչինչ չկա. այսպիսին է երաժշտությունը, այս մի տեսակը: Հիմա բազում տեսակներ են քո առջև դրած, մի մեծ գրադարան է, այնտեղ կան հազարավոր «գրքեր», և դու ուզում ես բոլորը կարդալ, բայց դա ֆիզիկապես անհնար է: Բոլորն այնքան տարբեր են, այնքան հետաքրքիր: Իսկ այդ ամենի մեջ դու որտե՞ղ ես: Քեզ պիտի կրկին փակես աշխարհից՝ կրկին վերագտնելու համար: 
                                                                                    Զրուցեց Ռուզաննա Ոսկանյանը
                                    
                                                Դիմանկարը՝ Գեորգի Բաբայանի (2010 թ.) 

«Արաբեսկ» դաշնամուրի համար (2012), կատարում է հեղինակը: