Մանե Գրիգորյան.«Ես կարող եմ մոտենալ մարդուն ու չխոսել, և գրականության մեջ իմ լռությունը ընդունելի կլինի»

Mane Grigoryan2
   Վերջերս լույս տեսավ  բանաստեղծ Մանե Գրիգորյանի «Ցուրտ կին» ժողովածուն: Ժողովածուի շնորհանդեսից օրեր հետո Մանեն մեկնեց Գերմանիա: Կապ հաստատելով նրա հետ` փորձեցինք զրուցել գրականությունից և Գերմանիա մեկնելու դրդապատճառներից:


    - Մանե՛, յուրաքանչյուր գրողի մոտ ստեղծագործությունն ավարտելուն պես ինչ- որ բան կամ ծնվում, կամ մահանում է: Քեզ մոտ այս տարիների ընթացքում ինչե՞ր ավելացան կամ պակասեցին:
    - Կարծում եմ` այն ինչ ծնվում է ու մեռնում, լինում է ընթացքի ժամանակ: Ընթացքը ինքդ քեզ մսաղացելու շրջանն է, իսկ հետո հետադարձ հայացքն է մնում, թե ինչ մնաց քեզնից… եթե ինքդ քեզ լավ ես սեղմել, թել-թել արել, ուրեմն գրածդ ավելի է հաջողվել, իսկ եթե ոչ` ներսդ  չբացելու զգացումն է մնում: Բառը չի օգնել քեզ, չի  կարողացել բռնել ապրածդ ու մեռածդ, իսկ այն ինչ ներսիցդ դուրս չես հանում սկսում է քեզ ուտել, ու քեզ միամտորեն թվում է, եթե հանեիր դուրս, եթե կարողանայիր, կփրկվեիր. ավելի հեշտ կլիներ: Բայց փորձը ցույց է տվել, որ հեշտ երբեք չի լինում: Երբեմն թվում է, թե լացը հանգստացնում է մեզ, բայց իրականում մարդ չի կարող անվերջ լացել, ու գոնե առերևույթ լացը երկար չի տևում, այն շուտ հոգնեցնում է: Մեր հանգստությունը ուրիշ  տեղ  է թաքնված, կհարցնես երևի որտե՞ղ: Չգիտեմ, ինձ թվում է` իմ դեպքում այն երբեք չի եղել:

    - Ի՞նչ ես կարծում, գրողը հե՞շտ է զգում ժամանակը, թե՞ լինելով ընթացքի մեջ միայն վերջում է հասկանում իր ստեղծածի ակունքն ու խորությունը: Ի՞նչ տեսակ բախումների ծնունդ են ստեղծագործություններդ:

    - Դա նույնն է, եթե մի օր կանգնես ու մտածես քո սեփական խորության ու ակունքի մասին: Գուցե դա անես ու ոչ մեկ անգամ, բայց ավելի ու ավելի կխճճվես, որովհետև բազում հակասություններ կան մեջդ, ու երբ աջ ձեռքդ մի  թելից ուզում է բռնել ու գնալ քո հետքերով, ձախ ձեռքդ կտրում է թելը: Եվ հետո զգացող ու մտածող մարդը առողջ բաբախող սիրտ է: Սխալ կլինի թփթփացող սրտին հարցնել վերջի մասին: Իսկ  բախումը այս տարածության մեջ իմ ներկայության հետ է, ու ամենացավոտը այն է, որ ես իրականում չգիտեմ` ուրիշ որտեղ կարող էի ավելի լավ զգալ ինձ ու արդյոք դա ես կլինեի:

    - Կնոջ կերպարը գրեթե միշտ գերակշռում է գործերիդ մեջ: Վերջերս էլ լույս տեսավ «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուդ:  Հերոսիդ ցուրտը ներսից եկող սառնություն էր, թե՞ այն գալիս էր  դրսից և հոսում դեպի ներսը:

    - Իմ կինը աշխարհի հանդեպ բաց նյարդերով կանգնած կինն է, ընդ որում` ոչ թիկունքով:

    - Ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկի՝ լուսահոգի Հովհաննես Գրիգորյանի հետ բախտ ես ունեցել  շփվել, աշխատել, նույնիսկ առաջին գրքիդ խմբագիրն է եղել նա: Որպես բանաստեղծ` ինչե՞ր հասցրեցիր սովորել նրանից:

    - Ինչ էլ լինի, որքան էլ դժվար լինի, երբեք չմեռնել:

 - Մանե՛, ժամանակին գիտեմ, որ զբաղվել ես նաև լրագրությամբ, ինչպե՞ս ստացվեց, որ հեռացար այդ ասպարեզից: Գուցե դու էլ, բախվելով գրողի և լրագրողի «իրականության»  հետ, գերադասեցիր պահել ստեղծագործական գրիչդ:

    - Ես բավականին անփույթ եմ լրագրող լինելու համար, ու ինքնակազմակերպումը մոտս չէի ասի` շատ լավ է ստացվում: Ասուլիսի ժամանակ դիմացս նստած լրագրողի ակնոցը կարող է ինձ ավելի զբաղեցնել, քան բանախոսը:  Ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ համոզել, որ այդ ակնոցից շատ ավելի կարևոր է բանախոսը: Երևի նաև այն տեսակներից եմ, ում համար կարևորի մասին պատկերացումները խիստ այլընտրանքային են: Կարծում եմ՝ եսակենտրոն եմ: Ինձ հետաքրքրում է մարդը, բայց ես պետք է ընտրեմ այն ժամանակը, որն ինձ ավելի հարմար է  նրան մոտենալու համար: Լրագրությունը իմ փոխարեն ընտրում էր ժամանակը. իմ ու մարդու հանդիպումը լինում էր արհեստական, մեր երկուսի միջից ես գրեթե միշտ ընտրում էի ինձ: Իսկ գրականությունը ինձ ազատ է թողել իմ մերձեցումների մեջ, ու ամենակարևորը,  ես կարող եմ մոտենալ մարդուն ու չխոսել, և գրականության մեջ իմ լռությունը ընդունելի կլինի:

     - Տեղյակ եմ, որ մի քանի ամիս է ինչ Գերմանիայում ես: Ինչո՞ւ որոշեցիր մեկնել Հայաստանից. ժամանակավոր փախուստ էր,  թե՞ ոգեշնչվելու նոր պատեր էին քեզ պետք:

    - Մի հնդկական առակ կա, որտեղ Մակեդոնացին հարցնում է իմաստուններին` աշխարհում ովքե՞ր են ավելի շատ մեռածները, թե ողջերը: Իմաստունները պատասխանում են` ողջերը, քանի որ մեռածներն էլ չկան: Հայաստանում, վերջին շրջանում մանավանդ, ինձ թվում էր` մեռածները ողջերից շատ են. ես էլ կենդանի չէի:

    - Իսկ ինչո՞վ ես զբաղված այդտեղ: Հասցրե՞լ ես Գերմանիայում նոր կերպարներ կերտել ստեղծագործություններիդ համար: Օրդ ինչպե՞ս է անցնում:

    - Գերմաներեն եմ սովորում, լայնությամբ ու երկարությամբ չափչում Համբուրգը, որի փողոցները ինձ թվում է աչքերս փակ էլ կգտնեմ, որովհետև բացառիկ հարազատություն եմ զգում այդ քաղաքի հետ: Սկզբում շատ փոքր քաղաքում էի ապրում, մեկը ստոպ էր տվել կյանքը ու ամեն առավոտ ես նույնությամբ դիտում էի Կապպելնի առավոտը, կեսօրը, երեկոն... միևնույն հերթականությամբ: Գերմանուհի ուսուցչիս տունը այն տներից է, որտեղ միշտ ուզել եմ լինել:  Ես մեկ-մեկ մոռանում էի գերմաներեն բառերը, դրանց կազմությունը, գերմանուհու ձայնը ու երկար նայում ասենք պահարանին:  Իսկ գերմանացի Յոհաննեսը (ամուսինը) գալիս էր, բացում պահարանը, ասում` հատուկ թոքախատավորների համար Մարգարիտն է սարքել, կամ նրա հայրը, լավ չեմ հիշում, պահարանները բերդերի համար են: Ինձ հաճախ թվում էր, որ  սխալ եմ լսում դրա համար նորից կրկնում էի` բերդերի: Բերդերի, հաստատում էր գերմանացին: Ես ամեն անգամ անծանոթ լեզվով բանաստեղծություններ եմ կարդում, գերմաներեն գրքերս օր օրի շատանում են, ինձնից աջ, ձախ, վերև ու ներքև անծանոթ բառեր են: Ինձ երբեմն թվում է` ես ամեն ինչ հասկանում եմ:
    Գերմանուհին բառերի լատինական ծագումն է բացատրում, երբեք չի ասի, թե սա կոնկրետ ինչ է նշանակում, ասենք, եթե երջանկությունը ժխտվում է, դա բնավ դժբախտություն չէ կասի գերմանուհին, դա ուրիշ բան է, կորուստ, բայց կորուստ էլ չէ, մի խոսքով բարդ է, ասում ու թեթև ժպտում է:

      - Իսկ ի՞նչ է գրականությունը քեզ համար:

    - Գրականությունը երևի իմ դեպքում ճակատագիր է, որովհետև եթե ուզենամ էլ փախչել, չի ստացվի: Համբուրգում գրական գործակալ ամուսինների տանն եմ ապրում, աչքս ոնց թարթում եմ, գիրք է:
   Չգիտեմ, մի օր գուցե գիրք գրեմ իմ էստեղ լինելու մասին, չնայած բառերը մի տեսակ պակասում են նկարագրելու համար, թե ինչ է զգում մարդը, որ կարող  է վաղը դրսում մնալ, ինչ է նշանակում գիշերը հազարին գոռալ ու հայհոյել փողոցում ու իմանալ` ոչ ոք քեզնից բացի չէր խախտի այդ անիծյալ քաղաքի անդորրը, ինչ է նշանակում գիշերը հազարին փողոցում հանդիպած միակ մարդուն մարդասպան համարելը ու ամեն երկրորդ քայլից հետո` պտտվել ու նայելը, թե արդյո՞ք չի մոտենում քեզ, հաստատ չի մոտենում: Ու վերջապես, ինչ ֆանտաստիկ է Կապպելնից Համբուրգ հասնելը... Համբուրգը փրկություն էր ինձ համար, մեծ քաղաքներում մարդու մենակությունը ուրիշ ձև է ստանում, քեզ մխիթարում է այն փաստը, որ շուրջդ հազար մենակներ կան, ու որ բոլորը անկեղծորեն թքած ունեն քեզ վրա:

   - Սովորաբար հայ ժամանակակից գրողներին կարելի է հանդիպել երևանյան ակումբներից մեկում  ընթերցումներ անցկացնելիս: Քեզ կարծես թե նմանատիպ հանդիպումներին չենք տեսել: Չե՞ս սիրում պահել գրող-ընթերցող կապը: Հնարավո՞ր է Գերմանիայից վերադառնալուց հետո ունենանք նման հանդիպում քեզ հետ:

    - Մեկ-երկու նման հանդիպումներ եղել են: Սիրում եմ կապը պահել, կարծում եմ` նման հանդիպումներ  էլի կլինեն:

                                                                                                          Զրուցեց  Օվսաննա Սիմոնյանը