ԼԵՎՈՆ ՉԻԼԻՆԳԻՐՅԱՆ. ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼՈՒ ԴԱՇՏ ՏԱԼ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

Levon-Chilingiryan
Լևոն Չիլինգիրյանը ծնվել է 1948 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: 5 տարեկան հասկից նվագել է ջութակ: 1960թ-ից բնակվում է Լոնդոնում: 1969թ. ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը: 1969թ. արժանացել է «BBC»-ի Բեթհովենի անվան, 1971թ.՝ Մյունխենի երաժշտական մրցույթների առաջին մրցանակներին: Ուսումն ավարտելուց հետո, դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում, ստացել պրոֆեսորի կոչում: 1971թ. ստեղծել է «Չիլինգիրյան» լարային քառյակը, որի կազմում համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների և երաժիշտների հետ, կազմակերպել ջութակահարների բարձրագույն դասընթացներ: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք երաժշտական փառատոների: Որպես մենակատար ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում` լավագույն նվագախմբերի հետ և քառյակի կազմում: 1996թ-ից ղեկավարում է նաև շվեդական «Կամարատա Ռոման» լարային նվագախումբը: 2000թ. արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ երաժշտության բնագավառում ունեցած վաստակի համար: Պարբերաբար ելույթ է ունենում նաև Հայաստանում: Օրեր առաջ նա հանդես եկավ Հայաստանի կամերային նվագախմբի և ջութակահար Աստղիկ Վարդանյանի հետ: Ներկայացնում ենք անվանի ջութակահարի հետ մեր զրույցը:
 

Ջութակ. այլ ընտրություն չունեի

Մայրս դաշնամուրի ուսուցչուհի էր և տանը դաս էր տալիս: Ծնված օրից ես տանը միշտ երաժշտություն եմ լսել: Մորս մորեղբայրը ջութակի դասատու էր և մեր հարևանությամբ էր ապրում, ու այնտեղ էլ երբ գնայի, առավոտից-երեկո ջութակի ձայնն էր: Բացի այդ, Կիպրոսում, մասնավորապես Նիկոսիայում, որտեղ ես ծնվել եմ, մի չգրված օրենք կար, հայ տղաներն ու աղջիկները երաժշտություն պետք է ուսանեին, դա ընդունված էր, հատկապես տղաների պարագայում: Այնպես, որ եթե անգամ ես իմ ընտանիքում ծնված չլինեի, այլ պարզապես այդ թաղի տղաներից մեկը լինեի, դարձյալ նույնը տեղի կունենար: Ես այլ ընտրություն չունեի (ժպտում է): Նիկոսիացի հայ տղաների ու աղջիկների մի սերունդ կա, որ եթե ասես Վահան Բեդերյան, անմիջապես կասեն. «Այո, ինձ ջութակի դաս է տվել, ինձ հոգևոր երաժշտության դաս է տվել, ես նրա երգչախմբում եմ երգել և այլն»:

Ասում էի՝ բախտավոր կլինեմ, եթե նվագախմբի վերջին ջութակը լինեմ

Իմ ընտանիքիում ինձնից բացի, երկու ջութակահարներ կային, որ փոքր տարիքից նվագում էին և բավականին հաջողած երաժիշտներ էին դեռ մանկուց՝ իմ մոր եղբայրը՝ Մանուկ Պարիկյանը, որ Եվրոպայի ամենահայտնի ջութակահարներից էր և իմ սերնդից, և Վահան Բեդերյանի տղան՝ Հարությունը, որ ինձանից մի քիչ էր մեծ և նույնպես շատ տաղանդավոր երաժիշտ էր: Այնպես, որ իմ վրա ճնշում չկար, բոլորի ուշադրությունը նրանք էինք, և ես ազատ մեծացա, կարող էի ֆուտբոլ խաղալ, վազվզել, ինչպես թաղի մյուս տղաները և անել այն ամենն, ինչ այդ տարիքի տղաներն ուզում էին անել: 12 տարեկան էի, երբ Անգլիա տեղափոխվեցինք: Այնտեղ շարունակեցի երաժշտական դպրոց գնալ հանգստյան օրերին: Այդ դպրոց հաճախեցի մինչև 18 տարեկան: Ես ջութակին շատ ժամանակ չէի հատկացնում, դպրոց էի գնում, թվաբանություն էի անում, և այլն, և այլն, և միայն դասից առաջ էի վերցնում ջութակը՝ շաբաթ օրվա դասին պատրաստվելու: Հետո ընդունվեցի քոլեջ, որտեղ սովորեցի 3 տարի: Այդ ժամանակ շատ ակնկալիքներ չունեի, ասում էի՝ բախտավոր կլինեմ, եթե մի գործ գտնեմ, եթե նվագախմբի ամենավերջին ջութակը լինեմ:
Chilingiryan qaryak
Տարիներ շարունակ դուետն ու քառյակը համատեղվեցին

Մի անգամ ուսանող ընկերներիցս մեկն ասաց, որ քառյակում է նվագում, որտեղ առաջին ջութակը պատրաստվում է հեռանալ և առաջարկեց, որ միանամ իրենց: Այսպես սկսեցի քառյակում նվագել: Այս նույն ժամանակահատվածում սկսեցի դուետով հանդես գալ հրաշալի դաշնակար Քլիֆֆորդ Բենսոնի հետ: Հենց այս դուետով 1969 թվականին մասնակցեցինք BBC ռադիոյի հայտարարած մրցույթին, որ Բեթհովենի հոբելյանին էր նվիրված: Մենք պարզապես փորձելու համար էինք դիմել և շատ անսպասելի առաջին մրցանակին արժանացանք: Մի փոքր ավելի ուշ ես արդեն ավարտեցի ուսումս և սկսեցի այս դուետի հետ ավելի լուրջ աշխատել, քանի որ մրցույթից հետո տարբեր համերգների հրավերներ ստացանք: Հաջորդ մեկ երկու տարին ես շատ պարապեցի և պատրաստվեցինք Մյունխենի մրցույթին, որ նույնպես շատ հեղինակավոր մրցույթ էր: Այս ընթացքում աշխատում էի ճիշտ որոշում կայացնել՝ ընտրել քառյակը, թե շարունակել հանդես գալ դուետով: Որոշեցի նախքան մրցույթը, ժամանակն օգտագործել ու հավաքել քառյակ, քանի որ ուսանողական քառյակից արդեն բաժանվել էի: Երբ երաժիշտների հետ արդեն պայմանավորվել էի փորձերի համար, ասացի. «Փորձերը կսկսենք, երբ վերադառնամ Մյունխենից»: Մյունխենի մրցույթում էլ շահեցինք առաջին մրցանակը, ինչը դարձյալ նշանակում էր համերգներ, շրջագայություններ, բայց ես հասկացա, որ քառյակը չեմ թողնի: Սկսեցի դուետով համերգների պատրարստվել և փորձեր անել քառյակով: Այսպես տարիներ շարունակ համատեղեցի այս երկուսը: 45-ամյա քառյակի «գաղտնիքը» Մենք ոչ մեկին չենք ասել՝ դուք գնալու կամ մնալու պայմանագիր ունեք, ու եթե այն ժամանակ մեկն ասեր, որ միասին 10 տարի պիտի նվագեք, ես կասեի՝ դուք խենթ եք… Կվարտետի հաջողությունը դրա կազմում եղած բոլոր երաժիշների բնավորությունից է կախված: Հրաշալի երաժիշտներ կան, որ անտանելի մարդիկ են, բարդ բնավորությունը նկատի ունեմ և հակառակը: Չեմ ասում, թե մենք չենք վիճում, տարաձայնություններ չունենք, իհարկե այդպես չէ, բայց մենք ընդհանուր առմամբ իրար հասկանում ենք, լսում են միմյանց: Երբ աշխատանքի ընթացքը լավ է, մենք էլ իրար հետ լավ ենք, մթնոլորտը լավ է, մենք վայելում ենք միմյանց նվագը: Այնպես որ ամենից կարևորը իրար հարգելն է: Եվ նույնքան կարևոր է, որ մեկը մյուսին դաս չտա, մեկը մյուսին դիտողություն չանի, պետք չէ ասել՝ ինչու ես այսպես նվագում, պետք չէ փոխել մարդկանց, պետք է գտնել մարդկանց որ նման են իրար, նույն դպրոցի հետևորդներն են, նույն գծին են հետևում: Բախտի խնդիր էլ է, գիտեք: Խենթանալիք բան է… Արդեն 45 տարի…


Ամեն ճիգ թափում եմ, որ աշակերտներս իրենց ուզած ձևով նվագեն

Սովորեցնելու ժամանակ ամեն ճիգ թափում եմ, որ իմ աշակերտները իրենց ուզած ձևով նվագեն, բայց հաջողեն: Ես չեմ ասում նրանց՝ ես այսպես եմ նվագում, դու էլ այսպես նվագի: Իմ արածը որոշ դպրոցներին բացարձակ հակառակ է, այնտեղ դասատուն գալիս է, գոռում, ասում է՝ ճիշտ այսպես նվագիր կամ դուրս: Իմ մոտեցումը շատ ավելի դժվար է իհարկե, բայց… Անշուշտ, մանրամասնություններ կան, որոշ բաներ կարող ես փոխանցել, ինտոնացիան, ճիշտ նոտաները, , կարող ես սովորեցնել, բայց իմ ամենակարևոր նպատակն այն է, որ աշակերտս արագ գործ գտնի և գնա, ես չեմ ուզում նրան մեկ օր անգամ ավելի պահել, նա պետք է գնա և ինքնուրույն գտնի իր ճանապարհը, աճի: Ես որքան կարողանում եմ, օգնում եմ նրան և ասում եմ՝ վերջ, գնա: Շատ դասատուներ կան, որ սիրում են տարիներով ծեծել ամեն բան, բայց սա իմ մոտեցումը չէ: Այնքան տարբեր են իմ աշակերտները, որ դժվար է անգամ կռահել, որ նրանք նույն ուսուցչի մոտ են սովորել:

Մեզ համար միշտ օրինակ է եղել «Ամադեուս» կվարտետը

Ինձ վրա ամենամեծ ազդեցությունը թողել է կենտորանական Եվրոպայի դպրոցը: Անշուշտ կան անհատներ, որ դարձյալ մեծ ազդեցություն ունեն ինձ վրա, բայց այդ դպրոցից չեն, օրինակ՝ Մենուհինը, որ ամերիկացի է: Շատ տարված եմ եղել հունգարական լարային դպրոցով: Չեմ կարող չնշել Յոզեֆ Սիգետիին, որ հունգարացի մեծ ջութահկահար է: Ինչ վերաբերում է քառյակին. մեզ համար միշտ օրինակ է եղել «Ամադեուս» կվարտետը (վիեննական դպրոցն է սա), և մեզ վրա նրանց ազդեցությունը, անխոս, կա:

Շատ քիչ եմ քառյակի համերգների գնում

Ծանոթ եմ երիտասարդներին: Եթե շատ կարճ նկարագրեմ. սահուն, ճիշտ նվագող կվարտետներ կան, բայց հատուկ իրենց հնչողությունը, ձայնը գրեթե չեմ լսում, այիսնքն` նման են իրար, բոլորը ճիշտ են նվագում, բայց ոչ բացառիկ երաժշտական հասկացողությամբ: Ես շատ քիչ եմ քառյակի համերգների գնում, վստահ չեմ, որ տոմս պիտի գնեմ և այդ համերգներին գնամ, այդ տեսանկյունից մի փոքր տխուր եմ: Իմ աշակերտներից էլ կան այդ քառյակներում, և գիտեք, մի մասը բացարձակապես իմ սովորացրածի հակառակն է նվագում: Երիտասարդ կազմերով քառյակների կացությունը մի կողմից շատ առողջ է, բայց մյուս կողմից այնքան շատ են, որ հաց գտնելու խնդիր ունեն: Դժվար է, ես հասկանում եմ, շատ են աշխատում, բայց շատ դժվար են գտնում իրենց ճանապարհը:

Levon Chilingirian 2Ինչ հոգ ջութակը, կամ դաշամուրը, եթե երկիրը վտանգի մեջ է

Ամենից կարևորը Հայաստանի, հայկական, երաժշտական դպրոցն է, նախկին սովետական, բայց շատ լավ դպրոցը դեռ կա: Բայց փաստ է, որ նրանք, ովքեր որ դասատու պիտի լինեին հիմա, թողել գնացել են… հասկանալի պատճառներով: Նրանք որ մնացել են, իհարկե, լավ են անում իրենց գործը և կան լավ աշակերտներ, դրա համար ուրախ եմ: Դժվարությունն այն է, թե ինչ պիտի անեն ավարտող ուսանողները Հայաստանում. գործի, միջավայրի բացակայություն: Այստեղ ես լավատես չեմ: Անշուշտ, շատ երկներ ունեն դժվարություններ այս ոլորտում, բայց պետք է մտածել աշխատելու մասին, պետք է գործելու դաշտ տալ երաժիշտներին, թույլ տալ նրանց կիրառել իրենց կարողությունները: Այս անգամ նկատեցի, որ Ֆիլհարմոնիկում և Կամերայինում երիտասարդ դեմքեր կան, բայց միևնույն է, ավելի լայն եթե նայենք, առանց երկրից գնալու դժվար է: Մի կողմից էլ՝ այս օրերի սահմանի լարված իրավիճակին ականատես լինելով, մտածում եմ՝ իսկապես արվեստագետին ինչ հոգ ջութակը կամ դաշամուրը, եթե իր երկիրը վտանգի մեջ է: Բայց եթե խաղաղ լինի, կարող է լավ լինել, դրա համար երկրի ղեկավարները պետք է մտածեն այդ մասին, մտածեն, երկրի մասին, մտածեն նրա երիտասարդ քաղաքացու, երիտասարդ արվեստագետի մասին: Ես հույս ունեմ, որ նորից հանդարտ կլինի: Իսկ Արցախից Ադրբեջանին հող տալու մասին խոսք լինել չի կարող:

Ինչ ուղությամբ են գնում երիտասարդ կոմպոզիտորները, դժվար է ասել

Հիմա շատ քիչ ենք նվագում երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ոչ թե որ չենք սիրում, այլ ավելի պահանջ կա, որ մենք դասականը նվագենք, զգում ենք, որ կարևոր է, որ Հայդն, Մոցարտ ու Բոթհովեն նվագենք ու նաև 20-րդ դարի կոմպոզիտորներին, իհարկե: Երիտասարդ կոմոպոզիտորներն էլ շատ ավելի նախընտրում են երիտասարդ կատարողների հետ համագործակցել: Տեսնում եմ, որ ակտիվ են, կատարողներն ու կոմպոզիտորները քաջալերում են միմյանց: Բայց թե ինչ ուղությամբ են գնում այս կոմպոզիտորները, դժվար է ասել: Թե ինչպիսին էր երաժշտությունը 20-30 տարի առաջ, մենք գիտեինք՝ անհամ, առանց ասելիքի, մի անգամ նվագում էինք, և աղբաման էր գնում դա կամ մնում գրադարակներում: Հիմա մի փոքր ավելի երաժշտական ձևով են գրում, բայց միևնույն է, չափից շատ անհետաքրքիր բաներ են անում, պարզ, երկար նոտաներով, իմաստ չունեցող: Այնպես որ շատ քչերը կան, ում արժի հետևել, որովհետև նրանք, որ ուզեցին կոտրել, ջարդուփշուր անել ամեն բան, արդեն լռել են: Նրանք էլ, որ 3-4 հարյուր տարի առաջվա կանոններով են աշխատում, ասում են՝ բայց ինչ անեմ, ամեն բան արդեն արված է: Քչերն են այս վերջիններից, որ նոր բան են ստեղծում, նոր ասելիք ունեն: Օրինակներից մեկը Երևանում է՝ Մանսուրյանը, որ ամեն ինչ փորձել է, արել է, բայց դեռ ուզում ես լսել, հետևել, իմաստ ու տեղ ունի: Բայց իր պես քանի՞սը կան աշխարհում: Շատ քիչ: Շատերը կան, որ գալիս-ասում են. «Լևոն ջան, հրամմե, 2 քառյակ, 4 սիմֆոնիա»: Ամեն տեղ կան այդպիսիները, վերցնում, նայում ես և տեսնում ես, որ՝ ոչ: Ես հիմա չէի ուզի իրենց տեղը լինել. ինչ որ անես, նորություն գտնելը դժվար է: Երաժշտությունը նորություն է ուզում և շատ դժվար է հիմա կոմոպզիտոր լինելը: Մենք երիտասարդ տարիներին ժամեր ու ամիսներ ծախսել ենք երիտասարդ կոմպոզիտորների գործերը սովորելով և մեկ անգամ ենք կատարել: Հիմա մտածում եմ, որ եթե այդ ժամանակը ծախսեինք՝ Հայդն ու Բեթոհվեն նվագեինք, շատ ավելի լավ կլիներ:

Զրուցեցին Աստղիկ Հակոբյանը և Մերի Դոլմազյանը