Խոսելն ինձ համար ծես է

kompozicia-1

    2013թ. հուլիսի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ cultural.am-ի կազմակերպած Արվեստի եռօրյա ակադեմիան, որին մասնակցում էր նաև երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը: Ակադեմիայի ընթացքում նրա գրած ստեղծագործությունը՝ «8 ornaments», ամփոփիչ համերգի ժամանակ հանդիսատեսը փակ քվեարկությամբ ճանաչեց լավագույնը: Իրադարձաշատ հուլիսից հետո ակադեմիայի մասնակիցներն այժմ հանգստանում են, գուցե պատրաստվում նոր մրցույթների ու աշխատում նոր գործերի վրա: Մենք որոշեցինք մի փոքր «խանգարել» նրանց հանգիստն ու ընթերցողին ներկայացնել զրույցների շարք հանդիսատեսի համակրանքին արժանացած մասնակիցների հետ: Իսկ առաջինը «անհանգստացրել ենք» Հովիկ Սարդարյանին:

Ստեղծագործողները մասնակցում են մրցույթների, որ կարողանան ինքնադրսևորվել: Հատկապես Հայաստանում ձևավորվող ու ստեղծագործող երիտասարդ կոմպոզիտորի համար դա կարևոր է:

Երաժշտությունն ինձ համար... Կան բաներ, որոնց մասին չպետք է բարձրաձայն խոսել: Երբեք չեմ սիրել նման հարցերի պատասխանել:

Կրթությունը շատ կարևոր և վախեցնող մի բան է: Ինչ վերաբերվում է ինձ, ամեն ինչ արել եմ, որ չկոտրվեմ:

Մի օր կոնսերվատորիան... չգիտեմ: Ավելի շուտ, չգիտեմ, թե ինչպես կարելի է լավատես լինել, երբ խոսքը Երևանի պետական կոնսերվատորիայի մասին է:

Ես սիրում եմ ֆոլկլորը:

Թավջութակը այն անբացատրելի առեղծվածներից մեկն էր, որը բացահայտելու համար, ստիպված վայր դրեցի բոլոր զենքերս և հանձնվեցի:

Հայաստանյան հանդիսատեսը պետք է հասկանա, որ դասական համերգների ժամանակ ստեղծագործության մասերի արանքում չի կարելի ծափահարել և փորձի հասկանալ, թե ինչու: Ինչ վերաբերվում է հայաստանյան այն ունկնդրին, որ գալիս է ժամանակակից ակադեմիական երաժշտության համերգի, ապա… չգիտեմ էլ ինչ ասել, որովհետև այդ համերգները լինում են տարվա մեջ մի քանի անգամ ու հազվադեպ ոչ հայ կոմպոզիտորների: Հիմա ի՞նչ ասել մարդկանց, որոնց չի մատուցվում այն երաժշտությունը, որը գրվում է աշխարհում և պահանջել հասկանալ մերը, մանավանդ նոր սերնդինը…

Ինձ չեն հետաքրքրում ամենօրյա մարդկային հարաբերությունները, մանավանդ դրանց հետ կապված բոլոր տեսակի խոսակցությունները. դա իսկական մազոխիզմ է:

Մարդը միշտ էլ ավելի հարուստ է եղել ենթագիտակցական մակարդակում:

Փոքր ժամանակ ինձ սովորեցնում էին, թե ինչպես գոյատևել պրոֆեսիոնալ կյանքում, հետո հասկացա, որ ինձ գոյատևելու փոխարեն հարկավոր է ստեղծագործել, որից հետո մեծ ջանքերի միջոցով մոռացա այն, ինչ սովորել էի, չնայած, դա արդեն մեծ հետք էր թողել, դարձել բավական մեծ թվով վախերի ու գիտելիքների պատճառ:

Ես միշտ ուզել եմ տիրապետել այնպիսի գիտելիքների, որոնք իրականում գոյություն չունեն:

Ինձ դուր չի գալիս, երբ ես ստեղծում եմ կաղապարներ, հետո դժվարությամբ դրանք հաղաթահարում, հետո նորից ստեղծում, հետո նորից հաղթահարում, և այդպես անընդհատ:

Ես դժվարանում եմ պատասխանել այն հարցին, թե ինչպես եմ ստեղծագործում: Բայց իրականում այդպիսի հարցերն ավելի շատ են, քան ես եմ պատկերացնում:

Բացարձակ արժեքների մասին խոսելն անիմաստ բան է:

Բոլորն ինձ համարում են... չգիտեմ, բայց այն, որ բոլորի համար նույնը լինել չեմ կարող ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը, դա փաստ է:

Ես երբեք չեմ խոսում… ես երևի միշտ խոսում եմ: Խոսելն ինձ համար ծես է, որի ժամանակ ես գաղտնիքներ եմ բացահայտում: Բարձրարձայն խոսելը լի է վտանգներով: Այն էներգիան վատնելու «լավագույն» տարբերակն է:

Վերջին ժամանակները սկսել եմ մտածել բուսակերության մասին: Մարդն առանց բնության ոչինչ է: Ամեն ինչ կտայի, որպեսզի հայտնվեի այն ժամանակներում, երբ դեռ մարդը որպես այդպիսին չէր ձևավորվել:

Ես գրեթե համոզված եմ, որ ոչ մի բանում համոզված լինել չեմ կարող:

Գրողներն այն ստեղծագործողներն են, որոնք մաքսիմալ ձգտում են երաժշտական աբստրակտայնության:

Նկարիչները նկարիչների դեպքում երևի փորձում եմ գտնել գույնի և հնչյունի միջև կապը: Հնչյունը ունի գույն, իսկ թե գույնը ունի՞ հնչյուն, ես դա չգիտեմ:

Կոմերցիան մարդկային փոխհարաբերությունների ևս մի միջոց է, որը կարող է և չծնել ոչ մի արժեքավոր բան:

Վերջում ես հասկացա, որ այս ամենը, ինչ հենց նոր ասացի, ինձ համար լուրջ փորձություն էր: Առաջին անգամ ես փորձեցի լինել այսքան անկեղծ: Շնորհակալություն:

 Հովիկ Սարդարյանի անկեղծ մտքերը
գրի առավ Աստղիկ Հակոբյանը