ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՎ «ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅԱՆԸ»

Arthur-Mesropyan
Ամերիկացի հանրահայտ գրող Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն լույս է տեսել հայերենով։ «Ինֆեռնո»-ն 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից թրիլլեր է։ 2013թ․-ին հրատարակվելով՝ վեպը կարճ ժամանակահատվածում դարձել է «USA TODAY»-ի թիվ 1 բեսթսելլերը: Գիրքը հայ ընթերցողին է ներկայանում Վահե Արսենի թարգմանությամբ: Գրքի թարգմանության և ընթերցման կարևորության հարցերի շուրջ զրուցել ենք «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանի հետ։
 
- Ինչպե՞ս ընտրվեց Դեն Բրաունը և ինչո՞ւ հենց «Ինֆեռնո»-ն, միայն բեսթսելլեր լինելու համա՞ր:
- Մենք շատ ենք կարևորում ընթերցողների «մասնակցությունը» համաշխարհային գրական ընթացքին: Ցանկանում ենք, որ նրանք հնարավորինս շատ հնարավորություն ունենան հաղորդակցվելու գրական նորույթներին ու զարգացումներին: Ամեն տարի միջին հաշվարկով 300․000 գիրք է հրատարակվում ամբողջ աշխարհում, ու դրանց մեջ շատ են արժեքավոր գործերը, և մենք աշխատում ենք, որ հայ ընթերցողը կարողանա ծանոթանալ այդ ստեղծագործություններից լավագույններին: Գրականությունը, ինչպես ցանկացած բնագավառ, անընդհատ շարժի ու փոփոխությունների մեջ է: Եղած ժանրերն ու գրական ձևերը զարգանում են, ստեղծվում են նոր ենթաժանրեր, ու շատ կարևոր է, որ հայ ընթերցողը հաղորդակցվի այս անցուդարձին: Իհարկե, մեզ համար էական է, որ այդ հաղորդակցման գործընթացը լինի հայերենով: Այդպես նաև հարստանում է մեր լեզուն, և ամրապնդվում կապը ընթերցողի ու հայերեն ներկայացվող գրականության միջև: Այս համատեքստում կարևոր գիրք է Դեն Բրաունի «Ինֆեռնոն» նախ այն պատճառով, որ այն ընթերցվում է շատ հեշտ ու արագ՝ շնորհիվ դինամիկ սյուժեի՝ լի անսպասելի շրջադարձերով: Բրաունի սահուն ոճը ու մեկը մյուսին հաջորդող գաղտնիքներն ու դրանց բացահայտումը կարծես չեն թողնում, որ գիրքը վայր դնես, քանի դեռ չես հասել ամենավերջին էջին: Գրեթե ամեն էջում խոսվում է իտալական Վերածննդի աշխարհահռչակ գործիչների ու նրանց գործերի մասին ու այնպիսի մանրամասնությամբ, որ չես կարող քեզ զսպել՝ անընդհատ բացելու ինտերնետը ու սկսելու սեփական ուսումնասիրությունները:

- Ի՞նչ կտա «Ինֆեռնո»-ն հայ ընթերցողին:
- Հայ ընթերցողները տարբեր են. ունեն տարբեր գրական նախասիրություններ ու հետաքրքրություններ, և ընդհանրապես ընթերցող մարդու տեսակը մեծ հաշվով ազգություն չի ճանաչում: Մեզ համար կարևոր է, որ ընթերցանությունը, ի թիվս այլ գործառույթների, նաև դիտարկվի որպես ժամանակը հետաքրքիր կազմակերպելու տարբերակ, որպես հենց այսօր կատարվող իրադարձություններին հաղորդակցվելու միջոց: Կարդալով «Ինֆեռնոն»՝ ընթերցողը ոչ միայն հնարավորություն կունենա բազմաբովանդակ տեղեկություն ստանալու Վերածննդի Իտալիայի մասին, այլև կբացահայտի այսօր մարդկության առջև կանգնած խնդիրներից մի քանիսը, որոնցից մեկն է մոլորակի գերբնակեցումը: Վեպում բերվում են գիտական հետազոտությունների վրա հիմնված տվյալներ, համաձայն որոնց՝ Երկրի բնակչությունը 2050 թվականին կհասնի 9 000 000-ի, ու դրան զուգահեռ կրճատվում են մոլորակի բնական պաշարները: Սրանք համամարդկային մարտահրավերներ են, ու մենք նույնպես չենք կարող անմասն մնալ: Այս առումով վեպը թե՛ գրավիչ է սյուժեով, թե՛ այժմեական է իր բարձրացրած հարցերով:
«Դժոխքը»՝ «Ինֆեռնոն», ֆլորենտացի մեծագույն բանաստեղծ Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասն է: Այն ոգեշնչել է ամերիկացի գրողին` ստեղծելու գերարագ զարգացող սյուժեով ժամանակակից թրիլլեր՝ լի կոդավորումներով ոչ միայն Ալիգիերիի գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: Դանտե Ալիգիերիի մահվան դիմակի վրա թողնված խորհրդավոր ուղերձները, որոնք կարող են հասկանալ միայն «Աստվածային կատակերգության» գիտակները, առաջնորդում են գրքի հերոսներին դեպի Ֆլորենցիա և Վենետիկ, բայց հանգուցալուծվում են Կոստանդնուպոլսում՝ Ստամբուլում:

- Ինչպիսի՞ զուգահեռներ կարելի է տանել «Ինֆեռնո»-ի և Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» միջև:
- Թերևս առաջին զուգահեռը, որ կարելի է տանել Դանտեի ու Բրաունի միջև, այն է, որ երկուսն էլ մեծ հռչակ ու ճանաչում ստացան շնորհիվ իրենց ստեղծագործությունների, ընդ որում՝ ինչպես Դանտեն 14-րդ դարում, այնպես էլ Բրաունը 21-րդ դարում բավական հակասական կերպարներ են համարվում: «Ինֆեռնոն» մի նոր հայացք է դեպի Դանտեի կատակերգությունը արդեն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այն չի դիտարկում «Աստվածային կատակերգությունը» միայն որպես հզոր գրական գործ, այլ ուսումնասիրում է որպես ապագայի կանխատեսումներով ու նախազգուշացումներով լի ստեղծագործություն: Սակայն այդ կանխատեսումները մեկնելու համար անհրաժեշտ է ոչ միայն հիանալի հասկանալ Դանտեի պոեմը, այլև տեղեկացված լինել այսօրվա աշխարհի խնդիրներից: Այս պարագայում հնարավոր կլինի տեսնել դրանց միջև գոյություն ունեցող կապը:

- Ի՞նչ նորություն է բերել Դեն Բրաունը, որ Ալիգիերիի ստեղծագործությունը կարդացածներին կարող է գրավել, հետաքրքրել:
- «Ինֆեռնոն» նոր հայացք է «Աստվածային կատակերգությանը»: Այն կենդանություն է տալիս Դանտեի գործին արդեն 21-րդ դարի մարդու ու նրա խնդիրների դիտակետից: «Աստվածային կատակերգության» սիմվոլիկան այսօր նոր նշանակություններ է ստանում, ու Դժոխքի սիմվոլը նույնպես վերաիմաստավորվում է, իսկ դրա տարածքը, կարելի է ասել, տեղաշարժվում ավելի մոտ: Վեպը առիթ է, որ ընթերցողը մի պահ դադար առնի ու դիտարկի երևույթներն ավելի մեծ մասշտաբով ու այդ մեծ խճանկարի մեջ փորձի պարզել իր ու իր անմիջական շրջապատի մարդկանց դերը: Այս վեպը առիթ է տալիս սկսելու ավելի խորն ուսումնասիրել նախորդ դարերի հանճարների աշխատանքները ու թափանցելու դրանց կոդավորված ուղերձների մեջ: Կարծում եմ, որ «Ինֆեռնոն» ընթերցողներին կխթանի վերընթերցելու «Աստվածային կատակերգությունը»՝ փորձելով ինքնուրույն բացահայտել նորանոր առեղծվածներ, որոնց պակասը Դանտեի անմահ պոեմում հաստատ չկա:

Դեն Բրաունը (1964) ամերիկացի հանրահայտ գրող է, ում համաշխարհային ճանաչում է բերել «Դա Վինչիի ծածկագիրը» (2003) թրիլլերը: «Ինֆեռնո»-ի գլխավոր հերոսը՝ սիմվոլագիտության պրոֆեսոր Ռոբերթ Լենգդոնը, ընթերցողին հանդիպում է նաև հեղինակի «Հրեշտակներ և դևեր», «Կորսված խորհրդանիշը» և «Ինֆեռնո» վեպերում: Խորհրդանշանների, ծածկագրերի, արվեստի, դավադրության տեսությունների և քրիստոնեության նկատմամբ Բրաունի հետաքրքրությունը գալիս է դեռևս մանկությունից: Տոնական օրերին Բրաուն ընտանիքի երեխաներն իրենց մաթեմատիկոս հոր կազմած քարտեզներով ուղևորվում էին նվեր-գանձեր որոնելու: Հետագայում անհայտ աշխարհների որոնումներն ու քողարկված գաղտնիքների բացահայտումները դառնում են Բրաունի վեպերի սյուժեների առանցքը:
Հարցազրույցը՝ Աննա Կարապետյանի