Կարևորը բովանդակությունն է, իսկ արտահայտման միջոցը կգտնվի

Ruben Abrahamyan2

   Զրույց կոմպոզիտոր Ռուբեն Աբրահամյանի հետ

   Գրեթե մեկ տարի է անցել մեր այս զրույցից: Ամառային Երևան, անտանելի տոթ օր, Վարդավառ: Սարսափելի վախեցած լինելով տարբեր «ջրային հարձակումներից», այնուամենայնիվ, ես կարողացա առանց թրջվելու հասնել Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանը, որտեղ և պայմանավորված էինք: Ռուբենը հաջորդ օրը պետք է մեկներ Կանադա: Մինչ այդ ես նրա հետ մի քանի  անգամ հանդիպել էի և տեսնելով՝ ինչպիսի հետաքրքիր զրուցակից է նա, խնդրեցի, որ ժամանակ գտներ մեր այս զրույցի համար: Ցավոք, բազմաթիվ հանգամանքների պատճառով չկարողացա ավելի շուտ այս զրույցը հրապարակել, սակայն, կարծում եմ, որ  Վարդավառը լավ առիթ է Ռուբենի և ինձ համար վերհիշելու, իսկ մնացած բոլորի համար՝ ծանոթանալու այս զրույցի հետ:

   -Ռուբեն, շատ ուրախ եմ հանդիպման համար: Վերջերս Նարեկացի արվեստի միությունում տեղի էր ունեցել հանդիպում քեզ հետ, որտեղ դու ներկայացնում էիր էլեկտրոնային երաժշտության զարգացման ուղու պատմության քո մեկնաբանումը, եղավ նաև երաժշտության ունկնդրում: Դու այն սակավաթիվ հայ երիտասարդ կոմպոզիտորներից ես, ովքեր հիմնականում զբաղվում են միայն էլեկտրոնային երաժշտությամբ: Կուզեի, որ հենց սկզբից պատմեիր, թե ինչպես սկսեցիր զբաղվել կոմպոզիցիայով, մանավանդ էլեկտրոնային, որովհետև մեզ մոտ չի ուսուցանվում, և կարծես թե այդպիսի մեծ հետաքրքրություն էլ չկա այդ երաժշտության հանդեպ:

   -Կոմպոզիցիայի հանդեպ իմ հակումները ի հայտ են եկել դեռ մանկությունից, և առաջին քայլերը պարզապես երաժշտական միտք շարադրելու փորձեր էին: Առաջին անգամ իմ ստեղծագործությունները ցույց էի տվել այն ժամանակ Կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանին, սակայն դրանից հետո մոտ չորս տարի այլևս որևէ մեկի ցույց չտվեցի այն, ինչ գրում էի: Սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որտեղ բավականին լուրջ էին զբաղվում նաև իմ տեսական գիտելիքներով: Այնուհետև իմ դաշնամուրի դասատու Էլզա Թանդիլյանը իմացավ, որ նաև ստեղծագործում եմ, և ինձ ծանոթացրեց կոմպոզիտոր-դաշնակահար Սուրեն Զաքարյանի հետ, որը այն ժամանակ կոմպոզիցիա էր դասավանդում նույն դպրոցում: Դպրոցի ավարտական տարիներին կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հետ սկսեցի խորացված զբաղվել կոմպոզիցիայով (1996-98թթ.): Նա շատ հոգատար էր իմ նկատմամբ: 1998-ին ընդունվեցի Կոնսերվատորիա՝ հենց իր դասարան: Իհարկե, 14-15 տարեկան հասակում կոմպոզիցիայի հետ ծանոթացող երիտասարդ երաժիշտը սկսում է ձևավորել որոշակի ներքին գեղագիտություն, ազդեցություններ, երաժշտական նյութի հետ աշխատելու տեխնիկա, և այդ շրջանը նաև պետք է ուղղված լինի նախորդ սերունդների ժառանգության ուսումնասիրմանը և սեփական մտքի ձևավորմանը երաժշտական լեզվի միջոցով:  Հայաստանում սովորելու գրեթե ողջ ընթացքում զբաղվել եմ դասական կոմպոզիցիայով, չնայած նրան, որ արդեն 2-3-րդ կուրսերից սկսած ինձ հետաքրքիր էր էլեկտրոնային ձայնի հետ աշխատել:

   -Գրեթե բոլոր կոմպոզիտորների թողած ժառանգությունը ուսումնասիրելիս ինձ միշտ հետաքրքրում են այն ենթագիտակցական կապերը, որոնք կան նրանց տարբեր շրջանների ստեղծագործությունների միջև: Արդյոք քո նախակոնսերվատորիական, կոնսերվատորիական, ինչպես նաև դասական գործիքների համար գրված և էլեկտրոնային երաժշտության միջև կա՞ն այդպիսի կապեր:

   -Ստեղծագործական տարբեր շրջաններ մեկնաբանելու համար մի քանի խոսքով նկարագրեմ նախապայմանները, որոնցում առաջացել են այդ կապերը: Ինչպես նշեցի, Երևանում  սովորելու տարիներին համարյա թե կտրված էինք արտաքին աշխարհի ինֆորմացիայի աղբյուրներից: Դա ավելի շատ նման էր ներքին պարփակված միջավայրի, որը սնուցում էր երիտասարդներին այն ինֆորմացիայով և ժառանգությամբ, որ մեզ էր անցել խորհրդային շրջանից, որոշ դեպքերում՝ այլայլված կաղապարներով: Մի կողմից՝ կար որոշակի ազգային վերելք, որը թևավորում էր վերադարձը դեպի ազգային ակունքներ, ոգևորում շարունակել զարգացնել հայ ազգային դպրոցի ավանդույթները, վերամշակել այն, վերադառնալ Կոմիտասին և այլն:

   Մի խոսքով, այն ժամանակը և ինֆորմացիայի, կապի բացակայությունը թելադրում էին իրենցը: Այդ շրջանը ավելի շատ հիշվել է արագ քայլերով, դա հասկանալու շրջան էր, թե ինչ ճանապարհ է անցել երաժշտական լեզուն, երաժշտական ձևը, ժանրը: Փաստացի այն, ինչ անփորձ ականջի համար խորթ էր հնչում, նույնիսկ արդիական չէր և գրվել էր մոտ 90-95 տարի առաջ:

   Նախակոնսերվատորիական և կոնսերվատորիական փուլերը ես չէի տարանջատի, քանի որ նրանք ընթանում էին բավականին հարթ գծով, դա աստիճանաբար ծանոթանացման և ընկալման փուլն էր, թե ինչ է կատարվել շուրջը, և ինչպիսին պետք է մոտավորապես լինի հայ ապագա արվեստագետի ինքնորոշման ճանապարհը: Դրանից գործիքային ստեղծագործությունները կրում էին բավականին տոնայնական հնչողություն, կար պոստմոդեռնիստների ազդեցություն, ֆոլկլորային ժառանգության ազդեցություն, ցանկություն վերամշակելու միջնադարյան նյութերը: Իհարկե, ապագայում, երբ որ արդեն զբաղվեցի և խորացա էլեկտրոնային կոմպոզիցիայի մեջ, այդ ազդեցությունները բավականին արագ կորցրին իրենց նախնական տեսքը: Բայց այդ կապերը արտահայտվեցին յուրովի իմ էլեկտրոնային ստեղծագործություններում: Ես նույնիսկ կասեի, որ բովանդակությունն էր, արմատների հետ անխափան կապ պահպանելու տենչանքը, որ հանդիսացավ կապ իմ գործիքային և էլեկտրոնային ստեղծագործությունների փուլերի միջև:

   -Ինչպես ես եմ հասկանում, դրանք տարբեր փուլեր էին քո կյանքում:

   -Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնը ինքն իր կառուցվածքով բազում տարբեր դասախոսական մոտեցումներ էր պարունակում: Դա այն միջավայրն էր, որտեղ ստանում էինք ինֆորմացիա, որը որոշակի ունիվերսալ բազա էր պարունակում, ինչքան էլ տարանջատված չլիներ, կամ էլ նոր տենդենցներ ու ոճեր չփոխվեին, և ինչքան էլ աշխարհը չգնար առաջ: Ուսանողը պետք է կարողանա այդ ինֆորմացիան կիրառել տարբեր ենթամակարդակների համար: Կրթությունը որոշակի ուղղվածությամբ դրված է, և այն տրվում է բնականաբար բոլորին, ամեն մեկն էլ իր ձևով էր օգտվում տրվածից, ոմանք շատ ավելի էին պատրաստ և շարունակում էին նույնիսկ ամենադժվար պայմաններում կատարելագործվել, փնտրել ուղիներ: Ապագայում երբ որ մեկնեցի Ժնև ու առնչվեցի Եվրոպայի նոր և ավելի վաղ շրջանի կոմպոզիտորական ազդեցությունների բազում անունների հետ՝ Շթոկհաուզեն, Հարվեյ, Շեֆֆեր, Քսենակիս….., ականջս, ծանոթանալով սլացիկ և արագ իրար փոփոխող շրջաններին և ոճերին, սկսեց հետաքրքրվել գեղագիտական և հնչունային ուրիշ չափանիշներով, սակայն Հայաստանում էլեկտրոնային կոմպոզիցիայի վերաբերյալ մեր ուսումը սահմանափակվում էր շատ աղոտ և հակիրճ խրոնոլոգիական ինֆորմացիայով և մի քանի տեսական դասընթացներով, որոնք պարզապես արձանագրում էին այդ գաղափարի ստեղծումը և զարգացումը 40-60-ականներից: Խոչընդոտը դրսի՝ միջազգային և նույնիսկ հարևան երկրների դպրոցների հետ փոխանակման, ալտերնատիվ մասնագետների և նոր ինֆորմացիայի ներմուծման բացակայությունն էր: Ցավոք, նույնիսկ ներսի մասնագետներից քչերն էին ի վիճակի ուղղորդել կամ նույնիսկ կիսվել դրսից հայթայթած նոր ստեղծագործություններով, կատարումներով: Այս պայմաններում մեծ մասը տարիներ շարունակ պտտվում էր իր անցած ճանապարհով: Դրանից է երևի, որ փուլերը բաժանվում են աշխարհագրական դիրքը փոխելու հետ մեկտեղ: Իմ ուսման տարիների ընթացքում սկսեցի ինքս ծանոթանալ էլեկտրոնային երաժշտական միջոցներին, որոնք ներխուժեցին մեր իրականություն համակարգիչների և ձայնային քարտերի ներմուծման արդյունքում: Շատ էր հետաքրքրում երաժշտական արտադրության և ձայնային մատերիալի հետ աշխատանքը, որը թույլ էր տալիս կարճ ժամանակում հյուսել և հնչեցնել երաժշտական նյութ և այդ նյութի վայրկենական ձևափոխությունների  հնարավորություն ստանալ, նոր բովանդակություն դնել մեջը: Ենթագիտակցական փորձերի և բազում մանիպուլյացիաների արդյունքը դարձավ մասնակցությունս իմ դասախոսներից մեկի՝ Մ. Կոկժաևի երաժշտական նախագծին, որին նաև մասնակցում էր թավջութակահար Արամ Թալալյանը: Ես հրավիրվեցի որպես էլեկտրոնային հնարների և տեխնիկական հնարավորությունների տիրապետող մասնագետ, ձայնային (աուդիո) նյութի և վերջնական ֆորմայի ձևավորող (մաստերինգ): Այդ նախագիծը այնուհետև դարձավ ծավալուն ստեղծագործություն թավջութակի և էլեկտրոնային կտավի (երիզների) համար` «Symphony of Sadness 2»: Այս աշխատանքը ուներ ուղիղ կապեր Նարեկացու ժառանգության՝ «Մատյան ողբերգության» հետ և էլեկտրոնային հնարներով ստեղծված լիարժեք ժամանակակից ստեղծագործություն էր, որտեղ հեղինակը տարանջատում է, վերակառուցում կատարողական իմպրովիզացիայի և նախապես ստեղծած երաժշտական մանրանկարների համադրումները, նոր ժամանակային ֆորմա ստեղծում՝ օգտագործելով ձայնային տարբեր պոլիֆոնիկ մանիպուլյացիաներ, որոնք վաղուց կիրառվում են ավանդական կոմպոզիցիայում:

   -Մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր կենդանի գործիքների համար գրելը ասոցացնում են հավերժության հետ, երևի հիմնական պատճառը  այդ գործիքների համար գրված հանճարեղ երաժշտությունն է: Էլեկտրոնային երաժշտությունը շատ նոր երևույթ է, սակայն, բնականաբար, դեռևս կես դար առաջ գրված էլեկտրոնային լավագույն ստեղծագործությունները, մեծ տպավորություն  թողնելով հանդերձ, ընկալվում են մի քիչ այլ կերպ, քան ստեղծումից անմիջապես հետո, որովհետև ժամանակակից մարդու լսողական ենթագիտակցությունը անհամեմատ ավելի հարուստ է: Ես հասկանում եմ, որ տարբեր ժամանակաշրջաններում ստեղծագործության մեջ ակտուալն ու հավերժականը տարբեր հարաբերությունների մեջ են գտնվում: Ինձ թվում է, թե շատերին կհետաքրքրի՝ արդյոք քեզ չե՞ն վախեցնում զարգացող տեխնոլոգիաները:

   -Չեմ կարծում, որ հարցադրումը ճիշտ է դրված, ակտուալն ու հավերժականը չեն հակադրվում, հիմքը բովանդակությունն է, լեզուն է հնանում, իսկ միտքը՝ ոչ:  Ավելի ճիշտ՝ հարցը տեղին է տրված, բայց դրդապատճառն է, ըստ իս, սխալ, քանի որ մեջը ի սկզբանե կա համեմատություն, որը որոշակի կայացած գաղափարներ հակադրում է զարգացող, դեռ վերջնականապես չկայացած գաղափարներին, որոնք իրականում ունեն նույն ստեղծման աղբյուրը, արմատները: Մեկը բխել է մյուսից: Ինձ համար դրանք անտրոհելի բաներ են: Էլեկտրոնային ստեղծագործությունների արդիական լինելու կորուստը կամ հնչողությունների հնեցումը կապված է հենց միջոցների զարգացման հետ, այլ ոչ թե գաղափարների կամ իրենց մեջ պարփակված խորհրդի արդիականության կորստի հետ, քանի որ էլեկտրոնային արվեստը զարգանում է հենց էլեկտրոնային դարի և առաջընթացի հետ մեկտեղ, համակարգիչների արագության և իրենց միջոցով ստացված ձայնային ապարատի կատարելագործման միջոցով: Ի հակադրություն սրա՝ դասական գործիքները, որոնցով այսօր գրվում են կամ 300 տարի առաջ գրվել են «հավերժ» դասական կտավներ, որոշակի ժամանակից այս կողմ այլևս էվոլյուցիա չեն ապրում և հնչում ու արտադրվում են նույն ստանդարտներով և տեխնոլոգիաներով (խոսքս բուն գործիքի մասին է): Էլեկտրոնային երաժշտությունը հիմնված է նույն գաղափարների և կոմպոզիտորական տեխնիկայի վրա՝ նյութի հետ աշխատանք, ֆորմայի և ժամանակի զգացում, լեզվի դիպուկ ընտրություն: Տարբերությունը միմիայն միջոցների մեջ է: Բովանդակությունը և իր բաղկացուցիչ պարագաները, եթե մենք ուշադիր վերլուծենք, նույնն են: Էլեկտրոնային արվեստի դեպքում միջոցը՝ էլեկտրոնիկան, ձերբազատում է ժամանակային և տեմբրային սահմանափակումներից և թույլ տալիս ավելի շատ զարգացնել արտահայտչական լեզուն, որով և այդ ուղղությունը (էլեկտրոակուստիկ երաժշտությունը) ձեռք է բերում իր դեմքը: Այո՛, դեմքը շատ աղոտ է և փոփոխական, բայց շատ բնորոշ 21-րդ դարի համար: Նաև նշեմ, որ կես դարը 20-րդ դարում կարելի է հավասարեցնել մոտ 150-200 տարվա, եթե նայենք զարգացումը 17-19-րդ դարերում: Այդ պրոգրեսիան կապված է մարդու՝ ինֆորմացիան կլանելու, վերլուծելու և այն օգտագործելու ունակությունների ընդլայնման հետ: Ենթագիտակցաբար ականջն էլ է ի վիճակի զարգանալ նույն տենդենցով… Պարզապես մենք շատ լավ գիտենք, որ նախապայմանները հավասարաչափ չեն բաշխված:

   Ձայնագրությունների հետ աշխատանքը, փորձարկումները, երաժշտական տարբեր կաղապարներից, ստանդարտ հնչողություններից ազատվելը շատ կարևոր էին ինձ համար: Ինչ-որ շրջանից սկսած ինձ համար ընդլայնվեց «երաժշտական մատերիալ» հասկացողությունը, քանի որ գաղափարների բաղկացուցիչ մասերն էլ կարող են հանդիսանալ ինքնանպատակ, ինչպես որ ցանկացած չափանիշ: Հարցը մնում է միշտ բովանդակային ինքնահաստատումը: Համոզում է, ուրեմն պետք է լինի: Էլեկտրոնային երաժշտությունը շատ գայթակղիչ երևույթ է, մի կողմից՝ զարգացող տեխնոլոգիաներ, մյուս կողմից՝ մտածողության ազատություն և ճկունություն, որը կախված չէ երաժշտական գործիքների հնարավորություններից և նոտագրությունից. այս ամենը նոր դռներ է բացում:

   -Ի՞նչ կպատմես քո շվեյցարական և հոլանդական կրթության մասին + IRCAM և այլ նախագծեր:

   -Ինչպես արդեն ասացի, երբ որ մեկնեցի Ժնև ու առնչվեցի եվրապական մտածելակերպի հետ, որոշ բաներ ականջիս տարօրինակ թվացին, բայց մի բան հաստատ էր՝ այնտեղ ամեն բան զարգանում էր առանց որևէ կաղապարի կամ թույլտվության: Մի բան էլ էր պարզ՝ եթե բազան ունենաս, մնացածը քեզնից է կախված, գնա և հայթայթիր, ասելու բան ունես՝ ասա, եթե քննադատում են, որ արդիական չես, ինֆորմացիան շուրջբոլորն է: Կոմպոզիցիան որպես մասնագիտություն չեմ ընկալում, դա ապրելակերպ է, գոյության տեսակ: Այն պահանջում է նաև կողմնակի ականջի և նույնիսկ  արտաքին կարծիքի առկայություն: Դրա համար աշխարհագրական դիրքի այդ փոփոխությունը համարում եմ պարտադիր. մասնագիտությունը ամենաազատ լեզուներից մեկով է շփվում՝ երաժշտություն-արվեստի:

   Ինչ վերաբերում է արմատներին, այս պարագայում ես կնշեմ, որ արմատներն են կազմում կոմպոզիտորի անհատականության գլխավոր բաղկացուցիչներից մեկը (չնայած որ որոշ կոմպոզիտորներ անում են հակառակը և ամբողջովին դիտավորյալ կամ էլ ոչ, արմատախիլ են անում որևէ ազգային երանգ):

   Ժնևում և Հաագայում ես զարգացրի էլեկտրոնային ստեղծագործություն գրելու և ձայնի հետ աշխատելու փորձը, քանի որ Հոլանդիայում սովորեցի Royal Conservatorium –ի Sonology (ձայնաբանության) բաժնում, միաժամանակ զարգացրի այդ ոլորտում անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունս, որ ստեղծվել են «IRCAM»-ում «INA-GRM»-ում և մի շարք ուրիշ կազմակերպությունների կողմից (MaxMSP, Processing, Digidesign ProTools և այլն):

   Եվրոպական կոնսերվատորիաներում ուսանողական ուսումնական բազան նախատեսում է որոշակի մինիմումների ապահովում՝ ուսանողի կրթությունը արդյունավետ և փորձով լի դարձնելու համար: Տրամադրվում են կատարողներ, ամեն բան արվում է, որպեսզի 1-2 գործ անպայման կատարվի, ստեղծում են հատուկ անսամբլներ, նվագախմբեր, որոնք տնօրինության կողմից պարտավորվում են կատարելու կոմպոզիտորների գործերը: Խրախուսում են տարբեր մրցույթների, վարպետության դասերի և ատելիեների մասնակցությունը, մասնավորապես՝ մեկնեցինք IRCAM Paris, EPFL Lausanne և ծանոթացանք այնտեղի տարբեր նախագծերի, որոնք սերտ համագործակցում են էլեկտրոնային կոմպոզիցիայի համաշխարհային օղակների հետ:

    Կոմպոզիտորին նաև ազատություն է տրվում համագործակցելու և իր ներքին ցանցը ստեղծելու: Այդ տարիների ընթացքում ես բախտ եմ ունեցել շփվելու, համագործակցելու իմ շատ մտերիմ հայ կոլեգաների հետ Ժնևում, Բազելում, Ցյուրիխում՝ ընդհանուր նախագծերի մասնակցելով: Արամ Հովհաննիսյանի հետ, որը կոմպոզիտոր է և նաև տաղանդավոր ֆլեյտիստ, իրականացրել ենք մի շարք համերգներ ու նախագծեր՝ կապված C.E.R.N-ի 50-ամյանի հետ, «La Cicatrice» դիպլոմային աշխատանքս, որի մեջ օգտագործել եմ ձայնի թավջութակի և ֆլեյտայի ուղիղ և հետադարձ վերամշակում էլեկտրոնիկայի միջոցով, «Fête de la Musique», «Festival Archipel»՝ տարբեր տարիներին, համագործակցում եմ նաև Արթուր Աքշելյանի, Արման Ղուշչյանի, Տիգրան Ստամբուլցյանի, Արթուր Ավանեսովի ու Վահրամ Սարգսյանի հետ:

   -Հիմա կցանկանայի անդրադառնալ մի շատ ցավոտ ու անընդհատ արծարծվող թեմայի: Ինչքան էլ երիտասարդ սերնդի մի շարք կոմպոզիտորներ ամեն կերպ խուսափեն այդ հարցից և ինչքան էլ մենք չխոսենք դրա մասին, միևնույն է, կարծում եմ, որ բոլորն էլ  ժամանակ առ ժամանակ մտածում են այդ ուղղությամբ: Իսկ ավագ սերունդը «կարմիր դրոշակի» պես ծածանում է այդ հարցը, ոմանք՝ մակերեսի վրա, ոմանք՝ բավականին խորը: Խոսքս «ազգային» կոչված երևույթի մասին է:

   -Ազգային երևույթն իրենից ոչ մի ցավալի բան չի ներկայացնում: Ինձ համար այն արտահայտվում է գենետիկայից և ենթագիտակցության մակարդակներից մինչև ստրատեգիկ և կրթական ոլորտները, որտեղ ինդիվիդումը՝ մեր դեպքում կոմպոզիտորը, ստեղծագործողը, գիտակցաբար սկսում է ներմուծել յուրահատուկ փոփոխություններ, մոդալ, պոլիֆոնիկ, թեմատիկ բնորոշ միջավայրեր, սխեմաներ, որոնց մեջ նա ներարկում է իր նոր միտքը՝ բովանդակությունը: Դրա համար էլ ազգային մտածելակերպը ես միայն ողջունում եմ, այն դասում եմ միջոցների հարստացման ու ինդիվիդուալիզմի ընգծման շարքը: Ազգայինը սահմանելու և դրանով առաջնորդվելու բազում առաջարկներ եղան: Օրինակ՝ ոմանք ընտրեցին ամբողջովին վերամշակելու կամ անպայման ուղիղ մեջբերումներով հիմնավորելու ճանապարհը՝ անպայման ստեղծագործությունից պահանջելով հարմոնիկ և մեղեդիական նմանակում: Նրանց կարծիքով, եթե օգտագործում են հայ հոգևոր և ժողովրդական մեղեդիները իրենց ստեղծագործություններում, ուրեմն դրանք արդեն ազգային են՝ հիմնավորելով, որ Կոմիտասն է մեզ այն ժառանգել, և պետք է չկորցնենք: Բայց նա հենց ժառանգվող բովանդակությունն է ձևավորել, զտել է և իր երաժշտական պրիզմայով, բազում տարբերակներ իրար համեմատելով հասցրել մեզ հենց բովանդակությունը: Դրա մեջ է իր հանճարը: Նա կատարել է շատ խորացված, մանրակրկիտ տեսական և կոմպոզիտորական աշխատանք՝ լի կոմպոզիտորական գաղափարներով, որը պահանջում էր տասնամյակներ: Այս օրինակից ելնելով ես միայն կընդգծեի Կոմիտասի խիզախությունը և շատ զգույշ ու նուրբ վերաբերմունքը իր մեկնաբանական աշխատանքին, ինչը, ըստ իս, պահանջվում է ամեն մի գիտակից կոմպոզիտորից. Միտք-բովանդակություն և նրա մեկնաբանումը երաժշտական որևէ լեզվի միջոցով: Համոզված եմ, որ նույն ճանապարհով անցավ Խաչատրյանը, ավելի ուշ՝ Բաբաջանյանը (դաշնամուրի համար գրված «6 պատկերում»), Մանսուրյանը: Որևէ նոր միջոցի և բովանդակության միաձուլում: 20-րդ դարում ունենք բազում միջազգային օրինակներ, որոնցում նոր միջոցներով գեղագիտական մոտեցումը կամ որոշակի տեխնիկական համակարգերի կիրառումը սնունդ և հիմք են հանդիսանում մի մեծ ոճի և ստեղծագործական ժառանգության ստեղծման (Շյոնբերգի ատոնալիզմի և դոդեկաֆոնիայի գաղափարները, Բուլեզի տոտալ սերիալիզմը, Շեֆֆերի Էլեկտրոակուստիկ և ակուզմատիկ արվեստի գաղափարը):

   20-րդ դարում, շնորհիվ մի քանի կոմպոզիտորների, մեր կոմպոզիտորական արվեստը լայն ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում: Խոսքս առաջին հերթին վերաբերում է, իհարկե, Խաչատրյանին: Սակայն նրան հետևողները հայտնվեցին այսպես կոչված «ծուղակի» մեջ, որովհետև չնայած նրան, որ Խաչատրյանը վառ անհատականության տեր մարդ էր, այնուամենայնիվ, նրա երաժշտական լեզուն կաղապար էր նրա հետևորդների համար: Այնուհետև եկավ 60-ականների սերունդը, որն էլ սկսեց նորովի մեկնաբանել ազգայինը: Ես հիշում եմ, թե ինչպես Աշոտ Զոհրաբյանը երիտասարդ կոմպոզիտորական հավաքներից մեկի ժամանակ մեզ պատմում էր երիտասարդ տարիքում իր ինքնորոշման ու մտորումների մասին, թե ում հետևեր և որ գիծը շարունակեր: Նա շատ լավարտահայտեց այն գաղափարը, որ Խաչատրյանին անհնար է շարունակել, և ինքը իր համար որպես ուղենիշ ընտրեց Կոմիտասին: Սա շատ հատկանշական միտք էր իր սերնդի մասին: Սովետական միության անկման տարիները հանգեցրին 90-ականներին՝ անկախության համընդհանուր ազգային ինքնորոշման վերելք, արվեստի մարդիկ, իհարկե, միացան այդ ազգային շարժմանը: Մեր սերունդը կոնսերվատորիա ընդունվեց 90-ականներին, ապագայի մասին մեր պատկերացումները շատ աղոտ էին, դրսի հետ կապեր համարյա թե չկային, թե ուր էր շարժվում արվեստը, տեղեկանում էինք ցաքուցրիվ աղբյուրներից կամ ավագ կոլեգաներից, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվել էին դրսում: Որոշ զանգված իներցիայի ուժով շարունակում էր սովետական շրջանից ստացված ավանդություններով դասավանդումը, ինչը որոշ դեպքերում շատ կոփված բազա է և օգտակար, քանի որ նորը, մեր աղբյուրները դեռ չունենք, իսկ հնի մեջ կար մեծ ժառանգություն՝ և՛ ռուսական, և՛ միջազգային արվեստից մնացած: Այս պայմաններում, բնականաբար, մեր տեսաբանները ոչնչով չեն զիջել արտասահմանյան մասնագետներին: Երբ արդեն Եվրոպայում էի, բազում կարծիքներ եմ լսել մեր դպրոցի ներկայացուցիչների, երիտասարդ կոմպոզիտորների ընդհանուր երաժշտական կրթության շատ բարձր մակարդակի մասին: Դրա համար մեր կոնսերվատորիային և՛ ես, և՛ իմ կոլեգաները շատ երախտապարտ ենք: Մեր երիտասարդը շատ արագ է ինտեգրվում որևէ արտասահմանյան կրթական համակարգ և արագ աչքի ընկնում, քանի որ ստացել է ճիշտ գիտելիքներ, նույնիսկ եթե դրանք այդքան էլ արդիական չեն: Դրան են նպաստում և՛ մեր ստացած կրթությունը, և՛ կարծում եմ մեր ազգին բնորոշ բնավորության գծերը:

   Ուսման տարիներին մեզ նույնպես խրախուսում էին լինել ազգային: Շատ աշխույժ և լավ էր գործում ֆոլկլորագիտության ամբիոնը: Ժամանակին իրենք կարողացել էին բավականին սահմանափակ պայմաններում ստեղծել և աճեցնել այդ ամբիոնը և ունեին շատ դասախոսական կադրեր, հետազոտողներ, որոնք բարեխիղճ իրենց գործն էին կատարում և ոմանք, ինձ թվում է, կատարում են այն մինչև այսօր: Այսօրվա դասավանդման խնդիրներից են պարփակվածությունը (որոշների համար) և նոր արվեստի օղակների, վերջին 20-30 տարում նոր միջոցների և կատարվածի մասին տեղյակ չլինելու կամ էլ չընդունելու փաստը: Ոմանք նույնիսկ պահանջում են ազգային ուղղվածության սահմանափակումներ՝ օգտագործելով «պետք է...» և «չպետք է տարվել եվրոպական ուտոպիստական ուղղություններով…»: Նման մոտեցումը սխալ է, նախ զուտ այն պատճառով, որ Եվրոպան շատ լայն հասկացողություն է և այն զարգանում է բազմաթիվ բևեռներով, որոնք բոլորն էլ անկախ են, բայց կոմբինացվում են շրջապատի հետ: Եվ հիմա միանգամայն բնական է մեր երիտասարդ սերնդի կոնֆլիկտը ավագների հետ, և միանգամայն բնական է ավագների պահվածքը: Պարզապես կուզենայի, որ իրենցից ուժ ներկայացնող ավագները թևաթափ չանեին որոշ երիտասարդների, թևերը ու միտքը ազատ են, պատկանելությունը և արմատները չպետք է մոռացվեն:

   Մեկ ուրիշ շատ մեծ թեմա է մեր կոնսերվատորիան՝ վաղուց արդեն դժվարություններով գործող մշակութային օրգանը, որը շատ բաներում է կաղում և առաջին հերթին անուշադրության է մատնված, և տպավորություն է, որ այլևս օգնող չկա: Այն տառապում է նույնպիսի խնդիրներով, ինչպիսիք կային 10 տարի առաջ: Արդյոք հնարավո՞ր չէր այսքան ժամանակում դրանց ինչ-որ լուծում տալ:

   Հարկ եմ համարում նշել, որ այս ամենը պատմելիս մեզ դասավանդող մասնագետներին քննադատելու կամ մեղադրելու որևէ նպատակ չունեմ: Ինձ թվում է՝ նրանք 90-ականներին հայտնվեցին շատ տարօրինակ և անապահով վիճակում: Արդեն հմտացած և որոշակի ճանաչում ունեցող, մասնագիտական նվաճումների հասած մտավորականնների մի ամբողջ սերունդ հայտնվել էր կիսասոված, մոռացված և նաև ինչ-որ տեղ նսեմացված վիճակում: Ոմանք շարունակեցին ամեն մեկը իր ձևով պայքարել: Ո՞վ կմտածեր, որ 40-70 տարեկան տարբեր մասնագետներ, մրցույթների դափնեկիրներ, գիտության ակադեմիայի, արվեստի և երաժշտագիտության ամբիոնի դոցենտներ, պրոֆեսորներ… բոլորը կհայտնվեին արժեքների լճացման, ֆինանսական շատ վատ դրության մեջ: Ու այստեղ զուտ մասնագիտական հեղինակության հարց էլ կա, թե ինչպես իրագործել կամ հարմարվել նոր քաոտիկ և անկայուն ժամանակներին: Ցավով պետք է նշեմ, որ շատ հարցերով մենք մնացել ենք 90-ականներում: Սակայն դա չի նշանակում, որ արտասահմանը զարգացել է, իսկ մենք՝ ոչ, կամ սպառվել է մտավորականությունը: Ո՛չ: Սերունդները իրար փոխարինում են, և ինչքան էլ փոփոխություն չլինի, մեծ հաճույք եմ ապրում այն փաստը արձանագրելուց, որ միշտ էլ ունենք կրակոտ մտքով և աշխատասիրությամբ լի երիտասարդներ… Ունենք: Սակայն վերջերս երևանյան մի քանի կոմպոզիտորական համերգներ ունկնդրելուց հետո հասկացա, որ ինչ-որ ներքին պարփակվածություն դեռ կա և՛ ավագ սերնդի, և՛ երիտասարդների մեջ: Այն ստեղծագործությունները, որոնք հնչեցին, եթե գրված լինեին 10 տարի առաջ, ապա դրանց մասին կխոսվեր և կքննադատվեր այնպես, ինչպես հիմա:

    Դասախոսական կազմից բացի կա նաև ադմինիստրատիվ կազմը և Կոնսերվատորիան ղեկավարող պետական կառույցները, որոնց նպատակները, նախագծերը անհասկանալի են: Պարզ է այն փաստը, որ հեշտ չէ ոչ մեկի համար, բայց եթե խոսենք արվեստի պահպանման և զարգացման տեսանկյունից, մենք ունենք արժեքների, մտավորականության ակնհայտ ոտնահարում, դրանից էլ մասնագետների պակասն է: Ինչ էլ ունենք, թևաթափ են եղած կամ էլ չեն հավատում, որ մի օր բան կփոխվի… Ցավոք: Ինձ առաջարկել էին դասավանդել Կոնսերվատորիայում, և դա մեծ պատիվ է ինձ համար, սակայն դու ինքդ գիտես, թե ինչ պայմաններ են: Դժվար է այդքան ժամանակ արվեստի ամենաբարդ ու ամենաինքնազոհ ոլորտում սովորելուց հետո հետևել այսօր թելադրվող տրամաբանությանը և Հայաստանում գոյատևելու նպատակով ստիպված լինել զբաղվել կոմերցիոն-ռեստորանային արհեստավոր հարակից երաժշտական ոլորտով…ինչը, ցավոք, ամեն քայլափոխի զարկում է մեր երիտասարդների ականջներին այսօր:

    -Քո կարծիքով ի՞նչը մեզ կհանի այս վիճակից:

   -Միայն համակարգված աշխատանքը: Դու չես կարող ամբողջ երկրի արվեստը պահել բարձր մակարդակի վրա, որովհետև ինչ-որ մեկը, ով գիտի, թե որն է ճիշտը, անկյունում նստած երես է թեքել: Պետք է այդպիսի անհատներին հավաքել մի կառույցի մեջ, որը կզբաղվի ինտերակտիվ առաջարկություններով, կկայացնի կառուցողական որոշումներ: Պետք է պետական օղակները, արվեստի վրա ազդեցության լծակները…վերակառավարել: Մեր արվեստը մնում է մեր ազգային դեմքի և ինքնորոշման անփոխարինելի գործոնը: Այն շահութաբեր միշտ լինել չի կարող, այնինչ միշտ էլ ակնկալվում է: Աշխարհը մեզ ճանաչում ու ճանաչելու է մեր ներկայացուցիչներով: Այսպես ասած՝ արժանապատվության հարց է:

   -Արդեն 4 տարի է, ինչ ես գտնվում եմ պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դաշտում և ունեմ բազմաթիվ շփումներ թե՛ հայ, թե՛ օտարազգի տաղանդավոր կոմպոզիտորների հետ: Մի բան, որը հենց առաջին օրվանից նկատելի էր և մինչ օրս ինձ անհանգստացնում է, դա կոմպոզիտորների կողմից երաժշտական գեղագիտության մասին քննարկումների գրեթե իսպառ բացակայությունն է: Մենք միշտ խոսում ենք կոմպոզիտորական վարպետությունից, տեխնիկայից, իսկ գեղագիտության մասին խոսակցությունները միշտ չափից ավելի ինտիմ ենք համարում:

   -Երբ կոմպոզիտորը գրում է իր ստեղծագործությունը, ավարտին հասցնում այն և անուն տալիս, դա արդեն գեղագիտական տարբեր ընտրությունների արդյունք է և ասել, թե ոչ մեկը չի խոսում այդ մասին, համաձայն չեմ: Բոլորն էլ ուզում են հնարավորինս ինդիվիդուալ լինել: Խնդիրն այն է, որ գեղագիտական համեմատությունները և դասակարգումը միշտ կատարվում են որոշակի ժամանակ անց, արդեն երբ որ վերլուծվում են և ի մի բերվում տվյալ ժամանակաշրջանում կատարված և ստեղծված կտավները: Դա ավելի ամփոփիչ գործոն կրող երևույթ է: Որոշ կոմպոզիտորների համար գեղագիտական պատկանելությունը, համեմատությունները և ինքնադասակարգումները հակասական են և անցանկալի… Ինչևէ, այնուհետև այդ ամենը արվելու է տեսական երաժշտագիտական օղակներում: Պարզապես գեղագիտական չափանիչները այնքան են մանրացել, որ հանգիստ կարելի է ասել, որ ամեն ստեղծագործություն իր մեջ կուտակում է մի քանի՝ նույնիսկ իրար հակասող չափանիշներ: Նույն Աշոտ Զոհրաբյանն էր ասել, որ ժամանակակից աշխարհը գնում է նրան, որ յուրաքանչյուր ստեղծագործություն փորձում է գտնել իր ուրույն գեղագիտությունը: Այո՛, այս տենդենցը նկատվում է: Ինչպես ասել էի, Եվրոպան բազմաբևեռ երևույթ է: Եվ այդ բևեռները երբեք չեն դադարում զարգանալ: Համընդհանուր ուղղվածություն չկա: Բավական բազմերանգ լինելու հետ մեկտեղ կարող է նկատվել նաև որոշակի անդեմություն և դժվար տարանջատելիություն: Հիմնական պատճառը միջոցների շփումների և չափանիշների լայնածավալ փոխանակումն է, բայց ժամանակը զտում է: Իսկ մեր հայ երիտասարդները միշտ էլ տարբերվում են, որովհետև, եթե անգամ յուրացնում են եվրոպական փորձը, այնուամենայնիվ, նրանց երաժշտության մեջ արտահայտվում է թե՛ իրենց ազգային պատկանելությունը, ինտոնացիոն պլանը, թե՛ բովանդակության ընտրությունը:

   -Ինչպիսի՞ գեղագիտական ապագա կունենա հայ նոր երաժշտությունը և ի՞նչ տեղ կգտնի համընդհանուրի մեջ:

    -Քանի որ համաշխարհային արվեստի զարգացումը ընթանում է նոր միջոցների և բովանդակության որոնումների ճանապարհով, ապա հայ նոր երաժշտությունը նույնպես կախված է այդ գործոններից, և փորձը ցույց է տալիս, որ սահմանները հրվում են և ընդլայնվում …նոր միջոցներ են ներգրավվում: Այսօր մեր երիտասարդությունը էլ ավելի ըմբոստացած է, ունի ավելի մեծ հնարավորություններ, տեխնոլոգիաներ, ինտերնետ և կապի այլ միջոցներ, այդ ամենը անդրադառնում ու անդրադառնալու է իրենց ստեղծածի վրա: Էլեկտրուստիկ և աուդիովիզուալ արվեստը նույն ձևի ներխուժում են և կզբաղեցնեն իրենց տեղը: Համընդհանուր գլոբալիզացիայի տենդենցներ էլ են նկատվում: Իմ կարծիքով, այդ գլոբալիզացիան և գեղագիտական սահմանների անհետացումը միշտ կարելի է կառավարել որևէ արտահայտիչ և ցայտուն անհատականություն ունեցող գործոններով, որոնք թույլ կտան պահպանել մեր ազգային դեմք-անհատականությունը: Պետք են կապող և յուրացնող օղակներ: Դրանք մեր երիտասարդների ներքին ականջներն են և ստեղծագործական պոտենցիալը: Այնքան ժամանակ, որքան ի վիճակի կլինենք ընկալել որևէ նոր երևույթ կամ արտահայտչամիջոց, այդքան ժամանակ էլ կկարողանանք այն կիրառել մեր արվեստի վրա: Մնում է միայն թելը չկորցնել ու չպարփակվել: Ամեն դեպքում, հայ երաժշտությունը ստեղծվում ու դեռ ստեղծվելու է: Պետք է նպաստել, որ դա արվի ամենաբարձր մակարդակով ու հնարավորինս խորը, մնացածը արդեն ապագան ցույց կտա: Ինչ վերաբերում է մեր ժառանգության օգտագործմանը, ապա միշտ կողմ եմ դրան, բայց նախապես պատկերացում ունենալով, թե որ չափանիշներն են դրվելու գործի մեջ և ինչ առանձնահատկություններ կան ընդգծելու կամ էլ վերածնելու: Ունենք հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության մասին մեծ քանակով նյութեր, Կոմիտասից բացի նաև հին ժամանակներից՝ միջնադարից, մեզ մնացած բազում աշխատություններ: Ամենին դեռ կարելի է անդրադառնալ, բովանդակությունը առատ է…

                                                                                                     Զրուցեց Հովիկ Սարդարյանը