ՋՈՒՆ ՍԱՆ ՊԱՐԿ. ԽԱՐԻԶՄԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է

jan-sung-park1
Այս տարի առաջին անգամ Արամ Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցեցին նաև դիրիժորները: Մեր զրուցակիցը  մրցույթի հաղթողներից մեկն է՝ Ջուն Սան Պարկը: Այս երիտասարդ դիրիժորը ծնվել է Կորեայում` 1982 թվականին: Կրթություն ստանալու համար տեղափոխվել է Գերմանիա և այժմ սովորում է Բեռլինի Հանս Էյսլերի անվան երաժշտական ակադեմիայում՝ Քրիստիան Էվալդի դասարանում:

- Ինչո՞ւ դիրիժորություն: - Դա իմ ենթագիտակցության մեջ էր:

Պետք է ազնիվ պատասխանեմ, չէ՞: Եթե ազնիվ եմ լինեմ, ապա՝ որովհետև ես վատ դաշնակահար եմ (ծիծաղում է): Ես Շտուգարտում եմ սովորել: Դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո որոշեցի մեկնել Վիեննա՝ դիրիժորություն սովորելու: Ես պարզապես զգացի, որ չեմ կարող շարունակել դաշնամուր նվագելը, իսկապես, այլևս չէի կարողանում պարապել: Ես այդ գործիքը իհարկե սիրում եմ, բայց այնքա՜ն ծույլ եմ լավ դաշնակահար լինելու համար (ծիծաղում է): Եվ հետո, ես ամբողջ կյանքում անդադար մտածել եմ դիրիժոր դառնալու մասին: Դա իմ ենթագիտակցության մեջ է եղել, երևի այն պատճառով, որ երբ մայրս հղի է եղել, հայրս անընդհատ ասել է, որ եթե տղա ունենա, նա անպայման դիրիժոր է դառնալու, հետագայում էլ այս մասին անըդհատ խոսվում էր: Ես անգամ չգիտեի՝ ինչ է դիրիժորությունը, բայց լսում էի այդ մասին անընդհատ ու երբ պահը եկավ, և դաշնամուրը ձանձրացրեց ինձ, ես այլ տարբերակի մասին անգամ չմտածեցի. ամեն բան պարզ էր:

- Նվագախումբ: - Այն նման է 4-5 տարեկան երեխայի կամ սիրելի կնոջը

Նավագախումբը… այն նման է 4-5 տարեկան երեխայի կամ շատ գեղեցիկ մի կնոջ, որին ես անչափ սիրում եմ: Գիտե՞ք ինչու եմ կնոջ կամ երեխայի հետ համեմատում, որովհետև այդքան զգայուն, որքան նվագախումբն է, կամ երեխան կարող է լինել, կամ կինը: Դու պետք է շատ զգույշ լինես և այն ֆանտազիան, որ ուզում ես փոխանցել, այնպես տաս, որ ոչ մի տեղ չսախլվես: Պատկերացրեք՝ ինչպե՞ս է, երբ 4-5 տարեկան երեխային ուզում ես ինչ-որ բան հյուրասիրել, ուտելիք կամ այլ բան: Եթե դու հանկարծ ինչ-որ սխալ բան տաս, մթնոլորտը, ձեր հարաբերությունները միանգամից փոխվում են: Կապ չունի լավ նվագախմբի հետ ես աշխատում, թե վատ, այն պահից, երբ դուք կսկսեք լրացնել իրար, արդեն ամեն բան հրաշալի է: Եթե դուք հասկանում եք իրար, ուրեմն դուք հասկանում եք նաև, որ ձեր հարաբերություններում գլխավորը երաժշտությունն է… և… և վերջ: Գիտեք, ես հիմա մի քիչ երևի շեղվում եմ հարցից, բայց ասեմ. եթե միայն կարիերայի մասին մտածես, երաժշտությունը կտուժի, պետք է միշտ աշխատել գտնել վերևում նշածս այդ հարմոնիան, հարաբերությունների այդ ճիշտ տեսակը, և մի օր այն անպայման դա կտա իր պտուղները:

jan sung park2- Անվստահություն: - Բոլոր դիրիժորները միշտ բախվում են այս խնդրին:

Անվստահությունից խուսափել չես կարող: Ամեն տեղ պատրաստ պետք է լինել դրան: Ես անունները չեմ տա, բայց շատ հայտնի նվագախմբերի ձեզ հայտնի ամենալավ դիրիժորները մինչև հիմա կանգնում են այս խնդրի առաջ: Բայց ես շատ չեմ կենտրոնանում սրա վրա, և սա չէ, որ ինձ կարող է տխրեցնել: Ես վատ եմ զգում միայն այն ժամանակ, երբ չեմ կարողանում ինչպես որ հարկն է պատրաստվել ելույթին: Եթե դու պատրաստվել ես ելույթին, բայց սխալվում ես ինչ-որ պահի, երաժիշտները, հասկանում են, ըմբռնում են, բայց երբ որ դու անպատրաստ ես և դրա պատճառով ես սխալներ անում, սա ամենավատ բանն է: Դե իսկ երիտասարդներին չվստահելը միշտ կա, իհարկե: Գիտեք, Եվրոպայի պարագայում այլ է, իհարկե, բայց Հարավային Կորեայում չեն սիրում երիտասարդ դիրիժորներին: «Չսիրել» բառը գուցե ոչ այնքան տեղին օգտագործեցի, բայց նկատի ունեմ, որ երբ որ նվագախումբ է գալիս երիտասարդ դիրիժոր, միշտ կա այդ անբարյացակամությունը, անվստահությունը: Բայց պիտի նշեմ նաև և սա էլ է կարևոր դիրիժորի համար, որ ես սրանից ողբերգություն չեմ սարքում և գիտեմ, որ հետո էլ սա իմ կյանքի անբաժան մասն է լինելու: Քանի որ խոսեցինք այս մասին, չեմ կարող չնշել, որ աշխարհում շատ նվագախմբեր կան, օրինակ՝ Լոնդոնի Սիմֆոնիկը, Կոնսերտգեբաուն, Բեռլինի ու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, որ շատ ճկուն են ու բաց երիտասարդ երաժիշտների, դիրիժորների, նոր գաղափարների համար:

- Ինտերպրետացիա: - Դա խաղն է ժամանակի հետ:

Այս հարցը միշտ իմ գլխի մեջ է: Երբ ես գիտեմ, որ այսինչ գործն եմ ղեկավարելու, ես գնում եմ գրադարան, փնտրում եմ դրա հետ կապված հնարավոր ամեն բան, կարդում եմ, լսում եմ, բայց այդ ամբողջ ընթացքում ես չեմ մտածում ինչ-որ նոր բան անելու մասին, ես մտածում եմ հարգել այն գործը, որ գրված է, հարգել այդ կոմպոզիտորի ամեն մի նոտան և հնարավորինս պատկերացնել ու զգալ այն, ինչ զգացել է կոմպոզիտորը: Եթե դու գլխումդ ճիշտ ձևով համակարգում ես այս ամենը, միանգամից գալիս է վստահությունը: Դա ամենահաճելի պահն է. երբ դու արդեն գիտես՝ ինչպես ես անելու և վստահ ես, որ դա է ճիշտը: Այս զգացողությունը հրաշալի, երբ վստահ ես: Բայց ինչո՞ւ ես վտահ, որովհետև սվորել ես, վերլուծել ես, կարդացել ու լսել ես ամենը, ինչ հնարավոր է: Այստեղ առաջ է գալիս մեկ այլ հարց էլ: Ձեր կարծիքով ո՞րն է խարիզման: Ինչից ենք մենք ենթադրում, որ այս մարդը խարիզմատիկ է, մյուսը՝ ոչ: Խարիզման վստահությունն է, որի հիմքում իմացությունն է: Իսկ ինտերպրետացիան շատ նուրբ է, դա ժամանակի հետ խաղն է, դու կատարում ես այն, ինչ գրված է, բայց դու կարող ես գրված նոտաների միջև ընկած ժամանակը ինչ-որ չափով կառավարել: Որքան արագություն, որքան դադար՝ իմանալ սա. դա է իմ աշխատանքը:

- Դիրիժորը: - Նա երբեք չպետք է ասի «գուցե»:

 Դիրիժորը երբեք չպետք է ասի՝ գուցե: Եթե ես ասեմ՝ առաջին կլառնետ, գուցե կրեշենդո՞ փորձես, նա կարող է ասել՝ իսկ գուցե ո՞չ: Գուցե չկա: Քեզ այլևս չեն վստահի: Դու շատ բարձր և վստահ պետք է ասես՝ խնդրում եմ, հարգելի թավջութակահար, ջութակահար… նվագիր կրեշենդո: Կա ևս մի բան, որ դիրիժորը չպետք է ասի: Նա չպետք է ասի՝ նորից նույնն ենք նվագում՝ առանց բացատրելու, թե ինչու: Նորից նվագելու իմաստ չկա, եթե չես բացատրում՝ ինչու: Շատ դիրիժորներ սա անում են, երբեմն ես էլ (ծիծաղում է): Բայց մենք այսպես չպետք է ասենք: Միշտ պետք է բացատրել՝ ինչու է անհրաժեշտ նորից նվագել:

jan sung park3- Ժամանակակից երաժշտություն: - Այն կատարելը և լսելը պարտադիր է:

Ցավով եմ ասում, որ երբեք հնարավորություն չեմ ունեցել ղեկավարել որևէ ժամանակակից գործի կատարում, բայց մեծ ցանկություն ունեմ, որովհետև կարծում եմ, որ մեր ժամանակակիցներին կատարելը նույնքան կարևոր է, որքան դասականներին: Մենք պետք է հանրահռչակենք այդ գործերը: Նույն բանն է, որ Բեթոհվենի ժամանակ նրա գործերը չկատարեին, ես այդպես եմ կարծում: Չեք կարող պատկերացել՝ ես որքան եմ հուզվում, երբ ինչ-որ երեկոյի ընթացքում կատարվում են մի կոմպոզիտորի գործեր, և նա դահլիճում նստած է: Ես կարդում էի մաեստրո Դանիել Բարենբոյմի հարցազրույցը, այնտեղ նրան հարցնում են ժամանակակից երաժշտություն կատարելու մասին, նա ասում է` դա պարտադիր է: Հաճելի է ապրել մի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ տաղանդավոր կոմպոզիտորներ կան, իսկապես: Իմ երազանքներից մեկն է հանդիպել օրինակ Չին Ունսուկին (Unsuk Chin): Կորեացի այս կոմպոզիտորի գործերով միշտ հիանում եմ: Նա շատ սիրված է Եվրոպայում: Անգամ Բեռլինի ֆիլհարմոնիկն է համագործակցում նրա հետ:

- Հայաստան: - Մի քանի օր ապրեցի ձեր երիտասարդ նվագախմբով:

Առաջինը պետք է նշեմ, որ հրաշալի նվագախումբ ունեք: Այս օրերի ընթացքում ես ապրեցի Երիտասարդական նվագախմբով: Ապագայում ես այն տեսնում եմ որպես ավելի հանրաճանաչ, ավելի հայտնի նվագախումբ: Գիտեք, մրցույթները առիթ են հանդիպելու և եթե չլիներ այս առիթը, գուցե երբեք չհանդիպեի այսքան լավ երաժիշտների: Ինչ վերաբերում է Խաչատրյանի անվան մրցույթին, ապա պետք է ասեմ, որ ի տարբերություն մյուս մրցույթների, որոնց մասնակցել եմ, ես այստեղ ինձ ազատ արվեստագետ զգացի: Ես հնարավորություն ունեցա աշխատել և ժյուրին ոչ մի կերպ չկաշկանդեց ինձ:

- Երազանք: - Մալեր և Վագներ:

Ես երազում եմ Մալերի 9-րդ սիմֆոնիայի կատարումը ղեկավարելու մասին: Երազում եմ նաև Վագների «Նիբելունգի մատանին» (Der Ring des Nibelungen) մի օր հնչեցնել: Վագներ և Մալեր: Այո, տարօրինակ է (ծիծաղում է): Ես շատ եմ սիրում այս երկու կոմպոզիտորին:

Զրուցեցին Մերի Դոլմազյանը և Աստղիկ Հակոբյանը