ԻՄ ԴԵՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ

Narine_01
     Հարցազրույց Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ
    Անվանի դերասան, վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը, որ կենդանության օրոք Համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարն էր, չէր դադարում կրկնել, որ Նարինեն Մեսսին է. նա բեմի վրա կարողանում է անել այն, ինչ ուզում է, և անում է շատ բարձր մակարդակով, ինչպես Մեսսին՝ ֆուտբոլային դաշտում:

    - Նարինե, մասնագիտությամբ Դուք ռեժիսոր եք, այնինչ մարդիկ Ձեզ ճանաչում են որպես դերասան և անգամ չգիտեն, որ Դուք  նաևռեժիսոր եք: Ինչո՞ւ:
    - Իմ ուսուցիչ Ռուբեն Բաբայանը հաճախ է անդրադառնում այդ հարցին, թե ինչու եմ ես միշտ հարցազրույց տալիս որպես դերասան և չեմ բացահայտում իմ ռեժիսրոական կողմը: Իհարկե նա չի սխալվում, քանի որ շատ կարևոր է, թե ինչ ես սովորել: Շատ ուրախ եմ, որ ռեժիսորական եմ ավարտել, որովհետև դա ավելի մեծ մասնագիտական տեսանելիություն է տալիս: Իրականում տարբեր մասնագիտություններ են: Ես խաղալիս միշտ կողքից տեսնում եմ ներկայացումը, գիտեմ խնդիրը, հասկանում եմ՝ հանուն ինչի ենք խաղում: Ես բոլորին եմ տեսնում բեմում:
    Հիմա մեծ հաճույք եմ ստանում որպես դերասան: Ես գիտեմ, որ դա իմ տարերքն է: Այնքան հանելուկ կա դերսանական մասնագիտության մեջ: Ինչպես սերը չես բացատրի, այդպես էլ այդ մասնագիտությունը: Երբեմն պարզապես անջատվում ես աշխարհից, և ինքդ էլ մի աչքով տեսնում ես, թե ինչպես ես անջատվում ու թռչում: Դրանք ուղղակի աննկարագրելի պահեր են:
    Հիմա փորձառություն եմ հավաքում, աշխատում եմ շատ ռեժիսորների հետ, իսկ հետո, երբ մեծանամ, հավաքած ամբողջ փորձը կվերածվի լուրջ ռեժիսորական աշխատանքի:

     - Չէ՞ որ ունեք նաև ռեժիսրոական աշխատանքներ:
    - Այո, սակայն բեմադրել եմ հիմնականում դրսում, իսկ Համազգայինում չեմբեմադրել: Եվ Սոս Սարգսյանն անընդհատ հարցնում էր՝ ինչու մեզ մոտ չես բեմադրում: Ես պատասխանում էի, որ ռեժիսորը պետք է լիդեր լինի, իսկ ես և թատրոնի մյուս դերասաններն ավելի շատ ընկերն ենք, իրար հետ հավասար մեծացած, և ես ամաչում եմ նրանց ասել՝ այսպես արա կամ այնպես:

Narine 03   - Ի՞նչ է իրենից ներկայացնում թատրոնը՝ ներսից, Ձեր աչքերով:
  - Հին ժամանակներից եկած կարծիք կա, որ թատրոնի ներսում իրար ուտում եմ, մրցակցություն կա այստեղ, և մտածում են, որ եթե դերասանուհի է, անպայման պիտի անբարոյական լինի: Դրանք կարծրատիպեր են, որ կան մարդկանց մեջ: Երբ ընդունվում էի թատերական, ես դա լսել էի, որովհետև բոլորն այդպես են մտածում: Բայց հետո, երբ հայտնվում ես այս աշխարհում, դու հասկանում ես, որ դա շատ անհատական է և կախված է մարդուց: Եվ իսկապես, արվեստ սիրող մարդը բացարձակ կապ չունի դրա հետ: Այսինքն՝ եթե մարդու մեջ կան այդ սերմերը, շատ հեշտ բացվում են. և՛ անբարոյականության սերմերը, և՛ անիմաստ մրցակցության, և՛ բամբասկոտության, և՛ փնթփնթանության: Շատ կարևոր է նպատակը հասկանալ, հասկանալ՝ ինչու ես այստեղ՝ թատրոնում: Մեր ժամանակներում թատրոնի դերասանը, եթե հեռուստատեսությունում չէ, շատ հայտնի չէ, , և գումարն էլ մեծ չէ այստեղ, դրա համար մեծ մրցակցություն էլ չկա: Թատրոնը ներսից իսկապես ընտանիք է բառի բուն իմաստով, շատ հոգատար ենք իրար հանդեպ: Այդպես եղել է թատրոնում, որ իրար տակ են փորել, դերերի համար ինչ ասես չեն արել, բայց հիմա եթե այդպիսի բան լինի, իմաստ չի ունենա թատրոն գալ:

      - Աշխատել եք նաև հեռուստատեսությունում:
    - Այո, սակայն սովորաբար չեմ պատմում դրա մասին: Մի տարի հաղորդում եմ վարել «Երևան» հեռուստաընկերությունում: Իսկապես շատ էի ուզում մտնել հեռուստատեսություն և մտել եմ: Այդ ժամանակ ներկայացում էր բեմադրվում թատրոնում, և ես շատ ծանր էի տանում, որ չէի հասցնում գալ փորձերի: Հեռուստատեսությունը խլում է ամբողջ ժամանակդ, թատրոնը նույնպես, և այդտեղ հարկավոր էր ընտրություն կատարել: Եվ ես հասկացա, որ հեռուստատեսությունն ավելի սուտ է, քան թատրոնը: Թվում է, թե թատրոնն ավելի սուտ է, բոլորը դերեր են խաղում, դիմակներով են, բայց հեռուստատեսությունում սուտն ավելի շատ է:
    Շատ ուրախ եմ այդ փորձառության համար, քանի որ դրա շնորհիվ սկսեցի տեսախցիկից չվախենալ:
    Ես դասավանդում եմ, և տեսնում եմ, թե ինչպես են ուսանողներս ուզում հեռուստատեսություն մտնել: Եվ ես չեմ արգելում: Ավելի լավ է մարդ փորձի ամեն ինչ, և հետո ինքն ընտրի, թե որն է իրեն ավելի հոգեհարազատ, ոչ թե առանց փորձելու մտնի թատրոն և ամբողջ կյանքում ստիպված աշխատի այնտեղ:

       - Ի՞նչ կասեք ֆիլմերի մասին, որոնցում խաղացել եք:
    - Սովորաբար, երբ ֆիլմերում նկարահանվում եմ, կա՛մ շատ անհաջող ֆիլմ է, կա՛մ չի ցուցադրվում, ձգձգվում է: Երբ ասում են՝ ինչ դերեր եք խաղացել, հիշում եմ թատրոնի դերերը, իսկ կինոյինը՝ ոչ, չնայած, որ շատ ֆիլմերում եմ նկարահանվել:

Narine 02       - Թատրոնը մի օր կվերջանա՞:
    - Կարծում եմ՝ կարող է անգամ կինոն վերջանալ, բայց քանի մարդ արարածը կա, թատրոնը չի վերանա, որովհետև մարդիկ կարիք ունեն խաղալու: Օրինակ՝ հարսանիքն ինձ համար թատրոն է: Ես հարսանիք տանել չեմ կարողանում, բայց այն իսկապես թատրոնի օրինակ է: Դա մարդկանց մոտ թատրոնի պահանջն է: Ասենք՝ հարսի շորերը: Կարևորը սիրած մարդու կողքին լինես, ի՞նչ տարբերություն, թե ինչ կա հագիդ: Բայց չէ, դրա մեջ մեծ իմաստ են դնում: Մի խոսքով, իսկական թատրոն է: Այնպես որ պարտադիր չէ, որ թատրոնը միայն բեմում լինի: Միևնույն է՝ մարդ առանց թատրոն չի կարող:

      - Որպես վերջաբան...
    - Ես իսկապես մեծ հաճույք եմ ստանում աշխատանքից, և սա նույնիսկ աշխատանք չէ ինձ համար: Երբ ինձ հարցնում են՝ իսկ դուք ինչպես եք ապրում, ես ասում եմ՝ ես հաճույք եմ ստանում, և ինձ մի քիչ էլ փող են տալիս դրա համար: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ և իսկապես երջանիկ մարդկանցով շրջապատված: Ասում են, որ դերասաններն ուրախ մարդիկ են: Ես կարծում եմ՝ այո, մենք իսկապես ուրախ մարդիկ ենք, և դա գալիս է նրանից, որ սովորում ես կյանքին էլ որպես խաղ վերաբերվել: Մեկ է, մի օր բոլորս մահանալու ենք, և այսօր իմ դերը կայնքում Նարինե Գրիգորյանն է: Եվ դա էլ եմ մեծ հաճույքով խաղում: 
Զրուցեց Ռաֆայել Զարբաբյանը