Հայկական մանրադրամները Չինաստանում. մի ֆիլմի պատմություն

ruben giney

   Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա Ռուբեն Գինեյի «Անդին. հայոց   ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի պրեմիերան: Cultural.am-ը ռեժիսորի հետ զրուցել է նրա գործունեության, ֆիլմի ստեղծման պատմության և մի շարք այլ հարցերի շուրջ:

   -Հայ ռեժիսոր եք, ինչո՞ւ Գինեյ:

   - Չինաստանում սովորական երևույթ է անուն փոխելը: Չինական հիերոգլիֆներով շատ բարդ է Գասպարյանը գրել: Սովորաբար այնտեղի փաստաթղթերում 3-5  տառի տեղ կա անվան  համար, դրա համար ստիպված էի փոխել: Գինեյ,  որովհետև նախ` Գասպարյանի Գ-ն պահպանվեց, և հետո՝ լավ է նայվում, նման ազգանուն շատ քիչ կա այնտեղ, միաժամանակ հայկական գինու հետ է կապվում, որն ինձ իմ կյանքն է հիշեցնում. այս բոլոր ճանապարհորդություններից ելնելով`  ոնց որ խմած մարդու կյանք լինի:

   -Որքա՞ն ժամանակ է` չէիք եղել հայրենիքում: Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:

   -Անցած տարի եկա գործով, բայց մեկ օրով` առավոտյան եկա, երեկոյան գնացի, չգիտեմ՝ համարե՞մ, որ այստեղ էի, թե՞ ոչ: Մինչ այդ, չհաշված 2012թ.-ի մեր նկարահանումները, մոտ 4 տարի չէի եղել: Շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Չնայած որ  միշտ կարոտը տանջում է, երբ  ուրիշ երկրում ես, բայց  նկարահանումների կամ այլ  գործերի պատճառով առիթ չի լինում գալ: Այս անգամ այնպես ստացվեց, որ գործն  ու դրա արդյունքը ինձ բերեցին հայրենիք:

   Քաղաքը փոխվում է: Այն մարդիկ, որոնք այստեղ են, դա չեն նկատում, բայց երբ երկար  ժամանակով բացակայում ես, հետո գալիս ես, այդ փոփոխությունները աչքի են ընկնում: Զարգանում է քաղաքը, դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը` չգիտեմ: Մի քիչ տխուր է, որովհետև իմ սիրած փողոցներն անհետանում են, բայց պատմությունը առաջ է գնում: Մաշտոցի պուրակի երկայնքով դեպի փոստի շենք տանող հատվածն իմ ամենասիրելի հատվածներից մեկն էր մինչև  փոփոխություններ անելը:

   -Գիտեմ, որ  մինչ  Հայաստանից  մեկնելը  Երևանի թատրոնի և կինոյի պետական  ինստիտուտում  եք  սովորել: Ի՞նչ հիշողություններ  կան  կապված այդ տարիների հետ:

   -Իմ ուսանողական ընկերների մեծ մասը հիմա դերասան-դերասանուհի է, հեռուստահաղորդավար: Ուրախ եմ իրենց տեսնել ու հիշել այն տարիները: Այն ժամանակ մենք ֆիլմ էինք նկարում, կոչվում էր «Սև  խավիար»: Հետաքրքիրն այն էր, որ ֆիլմում ընդգրկվեց ինստիտուտի գրեթե ամբողջ «բնակչությունը»: Մոտ 4 տարի տևեցին ֆիլմի նկարահանումները: Իմ առաջին  լիամետրաժ  ֆիլմն էր` 1.5 ժամ: Այդ ֆիլմի հետ կապված  հիշողությունները  ինձ   համար թանկ են:

   -Հայաստան եք եկել նոր ֆիլմով: Ինչպե՞ս ծագեց  «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի գաղափարը:

   -Հանկարծակի: Մի օր Չինաստանի թանգարաններից մեկում հայկական և պարթևական  մանրադրամներ տեսա: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է նշանակում տեսնել դեռ մանկուց դպրոցական դասագրքից  քեզ ծանոթ  մանրադրամները հեռու Չինաստանում: Հասկացա, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա  շատ քչերը կարող են տեսնել այն, ինչ ես եմ տեսնում: Մտածեցի ֆիլմի միջոցով փոխանցել տեսածս ու  զգացածս:

   Սկզբում մտադիր չէի  մեծ պրոյեկտ անել: Ուզում էի 10-15 րոպեանոց մի տեսաֆիլմ անել, որը հայկական հեռուստաեթերով կցուցադրեին: Բայց հետո հասկացա, որ դա պատմելու համար պիտի սկսեմ սկզբից` 19-րդ դարից էլ մի քայլ առաջվանից, հակառակ դեպքում դիտողը չի հասկանա, թե ինչպես հայերը հայտնվեցին Չինաստանում:

   Նկարահանումները տևեցին 3 տարի, և 15 րոպեի փոխարեն ունեցանք 2 ժամանոց պատմական ֆիլմ, նաև 60 ժամանոց խրոնոմետրաժ, որը մտադիր ենք հեռուստասերիալի վերածել: Այս ընթացքում մեր նկարահանման խմբով մոտ 80 հազար կիլոմետր ենք անցել, կորցրել ենք մեր ընկերներից մեկին  Բենգալիայում, ով մահացավ էպիդեմիայից:

   -Նմանատիպ ֆիլմում պետք է որ մեծ թիմ աշխատած լինի:

   -Ֆիլմը  Մեքսիկայի, Արգենտինայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրություն է: Աշխատել են 6 երկրների (Մեքսիկա, Հնդկաստան, Ղազախստան, Հայաստան, Ռուսաստան, Չինաստան) ներկայացուցիչներ: Ամեն երկիր ուներ իր խումբը, աշխատում էր իր սեփական օպերատորի կամ ռեժիսորի հետ: 7 տարբեր օպերատորներ են ֆիլմը նկարել` ֆրանսիացի, մեքսիկացի, հայ, ռուս, 2 չինացի և ես` Հնդկաստանում: Ժամային տարբեր  գոտիների  պատճառով դժվար էր աշխատանքը համակարգել, բայց նաև հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է տարբեր ազգի ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն առաջանում Հայաստանի հանդեպ:

   -Ի՞նչ բացահայտումներ եք արել ֆիլմը նկարելիս:

   -Նկարահանումների ընթացքում ահռելի գտածոներ ենք հայտնաբերել այնտեղ`  19-րդ դարի Չինաստանի հայ համայնքի մի քանի տապանաքար, համայնքի կանոնագիրը, որը կորած էր համարվում մինչ այս, բայց այն, ինչ մենք կարողացանք գտնել ու նկարել, մեր պատմության փոքր մասն է միայն:

  Պատմական կարևորության բազմաթիվ նյութեր ենք գտել՝ կապված ոչ միայն Հայաստանի, այլև Միջին Արևելքի, Չինաստանի պատմության հետ. այդ նյութերը առաջին անգամ են հայտնաբերվել և նրանց համար նույնպես նորություն են: Մեծ հետաքրքրություն կա այդ նյութերի նկատմամբ այսօրվա գիտական աշխարհում, քանի որ  դրանք ունիկալ են:

   Այնպիսի վայրերում էինք լինում, որտեղ հայերը  ոտք են դրել մի քանի հարյուր տարի  առաջ: Ես տեսախցիկը միացրած էի մտնում այդ տեղերը, որպեսզի իմ աչքերը միանային հանդիսատեսի աչքերին,  իմ առաջ խնդիր էի դրել՝ հանդիսատեսի ձեռքը բռնել և նրա հետ անցնել այդ ճանապարհը: 

   -Ի՞նչ ապագա եք կանխատեսում ֆիլմի համար:

   -«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն արված է  հետաքրքիր ձևով, որ հետաքրքիր լինի և՛ փառատոնից դուրս, և՛ փառատոնի շրջանակում: Կարծում եմ` ստացվել է: Միշտ վախ ունեի, որ  2 ժամանոց պատմական ֆիլմը ձանձրալի կլինի, բայց այն մարդիկ, ովքեր մինչ օրս դիտել են, ասել են, որ իրենց համար շատ հետաքրքիր է եղել, չեն կարողացել կտրվել ֆիլմից:

   Հայ հանդիսատեսը կլինի առաջինը, ով կտեսնի ֆիլմը, հետո  կփորձենք նաև  ուրիշ երկրներում տարածել: Քանի որ ֆիլմը նոր ենք ավարտել, ծանրաբեռնված երեք տարվանից հետո դեռ ուշքի չենք եկել մյուս քայլերն անելու համար: «Ոսկե ծիրանի» շրջանակում պրեմիերայից հետո Արցախում ցուցադրում կլինի, հետո 1 կամ 2 շաբաթ  փառատոնից դուրս Երևանում կցուցադրվի ֆիլմը, հետո, ամենայն հավանականությամբ,  Մոսկվայում: 

                                                                                                           Աննա Կարապետյան