ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՀԵՏ

jivan-avetisyan
    Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Արվեստանոց» նախագիծը «Մեկ կադր, մեկ հայացք» ուսումնական այլընտրանքային կինո-ֆոտո փառատոնի շրջանակներում հունիսի 15-ին` ժամը 15:00-ին, Մայր դպրոցի «Մարմարյա» սրահում կազմակերպում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի արցախյան ազատամարտին նվիրված «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունը: Գործողությունները տեղի են ունենում Արցախում: Ռեժիսորը դա բնական է համարում, քանի որ ինքը ծնվել-մեծացել է Ստեփանակերտում և այսօր կինոյի լեզվով փորձում է պատմել իր տեսածն ու վերապրածը:

    Ինչի՞ մասին է պատմում ֆիլմը, ո՞րն էր հիմնական ուղերձը, և արդյո՞ք ֆիլմը ծառայեց նրան, ինչին պետք է ծառայեր ըստ ռեժիսորի... Այս բոլոր հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց Ջիվան Ավետիսյանից:

    - Ինչպե՞ս առաջացավ 90-ականներին գրված սցենարի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտահաղացումը:
    - Այս սցենարին ես ծանոթ էի տարիներ առաջ, կարդացել էի, հիացել և ցանկությունս էլ մեծ էր թեմային անդրադառնալու, սակայն այն ժամանակ դեռ համարձակություն չունեի: Սցենարն ինձ տվել էր դասախոսս՝ Լևոն Աթոյանը: Սցենարի հեղինակն է Արնոլդ Աղաբաբովը` «Բարև, ես եմ», «Ո՞ւր էիր, մարդ Աստծո» ֆիլմերի սցենարի հեղինակը: «Թևանիկի» սցենարը նա գրել էր 1996-1997 թվականներին: Լ. Աթոյանի հետ ժամանակին փորձեցինք նկարահանել ֆիլմը, սակայն Աղաբաբովը կարճ ժամանակ անց մահացավ, և մենք էլ թողեցինք նկարահանելու միտքը: Եվ վերջապես 2012 թվականին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմն ավարտելուց հետո, քաջությունը խոսեց իմ մեջ, և անցա «Թևանիկին»:

    - Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը:
    - «Թևանիկ» Ֆիլմի հիմնական ուղերձը խաղաղությունն է: Այն բողոք է պատերազմի դեմ, այն խաղաղություն է քարոզում: Ես ներկայացրել եմ ոչ թե պատերազմը, այլ պատերազմի մեջ գտնվող մարդկանց: Պատերազմի ու սիրո թեման զուգահեռ են ընթանում ֆիլմում։ Սերն է, որ ապրեցնում է բոլորին և ուժ տալիս պատերազմի դաշտում: Եվ ֆիլմը նպատակ ունի իր ուղերձը հասանելի դարձնել աշխարհի տարբեր մասերում:

    - Բազմիցս նշել եք, որ Արցախի մասին շատ ֆիլմեր պետք է նկարահանվեն: Իսկ ի՞նչ արդյունք է տվել Ձեր այսքան տարիների աշխատանքը:

    - Արցախի թեման ինձ հոգեհարազատ է, ինքս մեծացել եմ Արցախում, և այնքան մեծ է ասելիքս այս թեմայով, որ շարունակել նախորդ ֆիլմերը և նույն բովանդակությամբ ֆիլմեր ստեղծել ուղղակի անիմաստ է:
    Կարող եմ վստահաբար ասել, որ կարճ ժամանակում բավականին դրական արդյունքի ենք հասել: Այն, որ ֆիլմը ցուցադրվել և սիրվել է 2 տասնյակից ավելի երկրներում` 4 տասնյակից ավելի քաղաքներում, թարգմանվել 9 լեզուներով, կարծում եմ, արդեն իսկ մեծ ձեռքբերում է:

    - Մարդկությանը հայի խնդիրներին և Արցախի պատերազմական իրաճակներին ծանոթացնելու ցանկությունը կապ ունի՞ Ձեր մասնագիտության հետ:

    - Իմ մասնագիտությունն այս պարագայում միայն նպաստում է ի կատար ածելու իմ ցանկությունը՝ հայի, Արցախի պատմությունը, Արցախի պատերազամական գոտում հայտնված մարդու ճակատագիրը նաև օտար ժողովրդին ներկայացնելու:

    - Ի՞նչն եք ամենից կարևորում ֆիլմարտադրությունում, և առանց ինչի՞ ձեր ֆիլմերը չէին հասնի հաջողության:

    - Առանց իսկական արվեստը գնահատողների անհնար է ֆիլմը հասնի հաջողության և երկար կյանք ունենա: Իսկ «Թևանիկ»-ը կարծես թե դուրս է գալիս անգամ ֆիլմի և ֆիլմարտադրության ոլորտից՝ դառնալով ավելի ընդհանրական մի բան, ինչը ես շատ եմ կարևորում և ինչի համար միայն ուրախ եմ:
Զրուցեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան
Կարինե Կիրակոսյանը