ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՎԱՀԱՆ ԶԱՆՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Vahan-Zanoyan
    «Լարա, սրտերի միջև արահետն իրական է, այն կարող է խիստ բանուկ լինել: Մի օր դու կհասկանաս: Երբ հասկանաս, անտարբեր չգտնվես …»
    «Հայրս սովորություն ուներ ասելու, որ կան սիրտը սրտին կապող արահետներ: «Իմաստություն սովորեցնում է սերը», ասում էր նա, այդ պատճառով այն չես սովորեցնի դպրոցներում: Իմաստությունը փոխանցվում է այդ արահետով»: Ես այն ժամանակ փոքր էի, գուցե տասներկու կամ տասներեք տարեկան, ու նա նայում էր իմ շփոթված դեմքին, համբուրում ճակատս ու ավելացնում. «Լարա, սրտերի միջև արահետն իրական է, այն կարող է խիստ բանուկ լինել: Մի օր դու կհասկանաս: Երբ հասկանաս, անտարբեր չգտնվես: Այ հիմա, մի՞թե չես զգում իմ սիրտը քոնի հետ կապող արահետը»: Ես թևերով գրկում էի նրա պարանոցն ու մնում այդպես նրան կպած: Նա այնքան իրական­ էր, այնքան հաստատուն ու հավերժական…»

Հատված Վ. Զանոյեանի «Օհանավանքի աղավնիները» վեպից
                                                        
 
      - Օրեր առաջ լույս տեսավ  Ձեր  «Օհանավանքի աղավնիները» գիրքը: Կարո՞ղ ենք ասել, որ գաղափարական առումով սա նախորդ՝ «Հեռավոր մի տեղ» վեպի շարունակությունն է:
    - Այո, թէ՛ գաղափարական առումով, թէ՛ պատմութեան կարգ մը իրադարձութիւններու առումով, «Օհանավանքի աղավնիները» կը շարունակէ և կամբողջացնէ «Հեռավոր մի տեղ» վէպը։
   
       - Ի՞ նչ արձագանքներ եղան նախորդ գրքից:
   - «Հեռավոր մի տեղ» վէպը բաւականին աղմուկ հանեց, թէ՛ Հայաստանի մէջ և թէ՛ արտասահման։ Նկատուեցաւ և ընդունուեցաւ ոչ միայն հազարաւոր ընթերցողներու կողմէ, այլ նաեւ կառավարական մարմիններու և զանազան դեսպանատներու կողմէ։ Օրինակ՝ Ամերիկեան Homeland Security Նախարարութիւնը, հատուկ հրաւէր ուղարկեց ինծի իրենց սպաներուն դասախօսելու թրաֆիկինգի մասին, որովհետեւ գիրքը կարդալէ ետք տպաւորուած էին կատարուած հետազօտութեամբ։ Նմանապէս՝ Հայաստանի Ամերիկեան դեսպանը իր բնակարանին մէջ հատուկ ընդունելութիւն կազմակերպեց «Հեռավոր մի տեղ» վէպը ներկայացնելու համար։ Նման հաւաքներ տեղի ունեցան նաեւ Գերմանիոյ բարձրաստիճան դիւանագէտներէն մէկուն տան մէջ։

     - «Հեռավոր մի տեղ», իսկ հետո «Օհանավանքի աղավնիները»  գրքերում բարձրացնում եք թեմա, որը, ինչպես դուք եք նշում, ինքը Ձեզ ընտրեց, ոչ թե Դուք իրեն: Ո՞րն է «Օհանավանքի աղավնիները» գրքի գլխավոր ուղերձը, նպատակը:
     - Երկու վէպերուն ալ գլխաւոր նպատակը հանրային գիտակցութիւն ստեղծելն ու տարածելն է այս ցաւալի իրողութեան մասին։ Երբ հանրութիւնը տեղեակ չէ և ընդհանրապէս կը մնայ լուռ, հանցագործներուն գործը շատ կը դիւրանայ։ «Օհանավանքի Աղաւնիները» վէպը կը շեշտէ յավելեալ պատգամներու շարք մը, ներառեալ հետևեալները. թրաֆիկինգի զոհերը հանցագործներ չեն, և պէտք է զանազանել զոհը ոճրագործէն։ Ընտանիքին հոգեկան և ֆիզիքական հոգարատարութիւնը չափազանց կաեւոր գործօն է զոհերու փրկութեան համար։ Առանց մօտիկ ու հաւատարիմ ընկերներու եւ զօրաւոր ընտանեկան նեցուկի, Լարան չէր կրնար վերականգնուիլ։
   
    - Զարմանալի է, որ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհում հանդիպում ենք մարդու առքուվաճառքով զբաղվող երևույթին:  Թեման, որը Դուք բարձրացնում եք գրքում, ամբողջ աշխարհում դեռևս չլուծված խնդրի` թրաֆիկինգի մասին է: Լ. Անանյանը մի առիթով նշել է, որ նախորդ «Հեռավոր մի տեղ» գրքի բացառիկությունն այն է, որ հանդիպում ենք մի թեմայի, որի մասին  քիչ է խոսվում:  Ինչո՞ւ, մի՞ թե կարծում ենք, որ հայ աղջիկները ապահովագրված են այս խնդրի հետ բախվելուց:
    - Անշուշտ ոչ ոք չի կրնար ապահովագրուած ըլլալ այս վտանգին դէմ, ներառեալ հայ աղջիկները։ Զանազան պատճառներ կան ընդհանրապէս մեր լռութեան։ Կայ ամօթի զգացում. թեման յաճախ անհանգիստ կ՚ընէ մեր հանրութիւնը։ Կայ ցաւի զգացում. ցաւալի երևոյթ է, և մեր հանրութիւնը կը նախընտրէ ուրախ թեմաներու մասին խօսիլ։ Եւ կայ նաևեւ վախի զգացում, որովհետեւ այս թեման բացայայտողները յաճախ կարժանանան ոճրագործներու ուշադրութեանը և իրենք կրնան վտանգի մէջ գտնուիլ։
   
    - Այս, ինչպես նաև Ձեր նախորդ գրքի վաճառքի ողջ հասույթը Դուք տրամադրելու եք այն կազմակերպություններին, որոնք անուղղակիորեն պայքարում են թրաֆիկինգի դեմ, ապաստան տրամադրում անօթևան երեխաներին և այլն: Այսինքն կարո՞ղ ենք ասել, որ հաճախ թրաֆիկինգի թիրախ են դառնում սոցիալապես անապահով, գյուղաբնակ կանայք ու աղջիկները: Ստացվում է միայն հանրային գիտակցության բարձրացումը այս խնդրի շուրջ դեռ բավական չէ՞:
    - Հանրային գիտակցութիւնը չափազանց կարեւոր և անհրաժեշտ է, բայց բաւարար չէ։ Պէտք է նաեւ որ բոլոր պետական մարմինները որոնց վստահուած է այս երեւոյթը կասեցնել հետամուտ ըլլան իրենց պարտականութիւնները խղճամիտ ձևով ընելու։ Այս երեւոյթը պետութեան համար առաջնահերթ հարց չի ներկայացներ, մանաւանդ երբ հանրութիւնը ընդհանրապէս լուռ կը մնայ։ Միայն երբ մշտական և բարձր հանրային աղմուկ բարձրանայ պետական մարմինները կսկսին աւելի լրջօրէն մոտենալ այս հարցին։
   
    - Ի՞նչ է Հայաստանը սփյուռքահայ մտավորականի, հասարակական գործչի ընկալմամբ` հայրենիք թե՞ հայրենիքի այլընտրանք: Հայաստանում երբեմն հանդիպում է կարծիք, թե սփյուռքահայը «տաք» տեղից է ձայն հանում… որ մեր թերություններից խոսելու իրավունք ունենք միայն այստեղ ապրողներս։ Ի՞նչ կասեք:
    - Շատ կարեւոր հարցում է։ Սակայն պատասխանը ընդհանրացնելը վտանգաւոր է։ Բոլոր սփիւռքահայերը չէ որ «տաքուկ» տեղից ձայն կը հանեն։ Ըստ իս՝ մեծամասնութեան համար Հայաստանը հայրենիք է, թէև իրենք այս հանրապետութեան քաղաքացիներ չեն։ Հոգու հայրենիք, մտքի հայրենիք, մշակոյթի հայրենիք, մեր ժողովուրդի հասարակաց պատմութեան հայրենիք։ Հայաստան այցելող սփիւռքահայերու մեծամասնութիւնը հաւանաբար կրնայ աշխարհի որեւէ ուրիշ երկիր երթալ արձակուրդի, կամ ամարանոց գնելու և երկրորդ տուն մը ունենալու համար. Բայց կուգայ Հայաստան իր մշտապէս զգացած Հայրենիքի «բացը» գոցելու մղումով: Գալով այն հարցին թէ ո՞վ իրաւունք ունի Հայաստանի ներկայ համակարգի թերութիւններուն մասին խօսելու, ըստ իս կարեւորն այն չէ թէ ով ուր կապրի, այլ թէ այդ «խօսողը» կամ քննադատողը որքանով տեղեակ է Հայաստանի իրողութիւններուն մասին և իր ըրած քննադատութիւնը որքանով կրնայ հիմնաւորել։ Հայաստանի անկախութեան առաջին տարիներուն, յաճախ կը պատահեր որ սփիւռքահայեր առաջին անգամ ըլլալով այցելէին Հայաստան ու, չհասկնալով երկրին պատմութիւնը՝ սկսէին գանգատիլ տիրող իրավիճակին մասին։ Բայց ժամանակները արդէն հիմնականօրէն փոխուած են։ Այսօր, Հայաստան այցելող սփիւռքահայերուն կարևոր մէկ մասը արդէն 20-25 տարի է որ շփում ունի այս երկրին հետ, և ոչ թէ միայն որպէս զբօսաշրջիկ, այլ նաեւ  որպէս ներդրող, բարերար, գործարար, կալուածատէր։ Այս խաւը ամէն տարի Հայաստան կապրի ամիսներով, և իր գործերուն բերումով կը շփուի Հայաստանի զանազան պետական գրասենեակներուն հետ, դրամատուներու հետ, գործարարներու և բանուորներու հետ։ Այս խումբին մէջ կան շատ մը սփիւռքահայեր ովքեր աւելի քաջատեղեակ են երկրին իրավիճակին մասին քան մշտապէս Հայաստան ապրող տեղացիները, պարզապէս անոր համար, որ աւելի գործունեայ եղած են և իրենց անձնական փորձով սորված են ինչ որ գիտեն։ Միաժամանակ, սփիւռքահայերու այս հատուածը լայն փորձառութիւն ունի համաշխարհային առումով, և անտարբեր չէ Հայաստանի բարեկեցիկութեան և ապագային հանդէպ։ Այս խաւը ամէն իրաւունք ունի խօսելու, քննադատելու, բարելաւումներ առաջարկելու և նոյնիսկ պահանջելու:
   
    - Ի վերջո հաջողվու՞մ է հերոսուհուն` Լարային, վերադառնալ Հայաստան և լուծել իր առջև դրած խնդիրներն ու տագնապները:
    - Լարան շատ բարդ հոգեկան տագնապներ հաղթահարելու մարտահրաւէրին առջեւ կը գտնէ ինքզինք։ Առաւել՝ թէ՛ ինք և թէ՛ իր անմիջական ընտանիքին անդամները կ՚ստիպուին պայքարիլ լուրջ ֆիզիքական վտանգներու  դէմ, ոճրագործ օլիգարխներու կողմէ։ Ի վերջոյ՝ ընտանեկան սեղմ կապերը և մօտիկ ընկերներու անխախտ աջակցութիւնը կարելի կը դարձնեն որ Լարան փոխէ իր ճակատագիրը:
   
       - Ի՞ նչ լեզուներով է թարգմանվելու գիրքը:
   - Առայժմ միայն հայերէնի թարգմանուած է։ Հետաքրքրութիւն կայ այլ լեզուներու ալ թարգմանելու (մասնաւորաբար՝ Ռուսերէնի, Գերմաներէնի և Արաբերէնի) սակայն տակաւին լուրջ նախաձեռնութիւն չէ եղած այդ ուղղութեամբ։
   
       - Նպատակ ունե՞ք գիրքը էկրանավորել:
      - Այդ կարելիութեան մասին քննարկումներ կան, բայց տակաւին շատ նախնական վիճակի մէջ են։
   
      - Հայաստանում ե՞րբ սպասենք «Օհանավանքի աղավնիները» գրքի շնորհանդեսին:
      - Հաւանաբար հոկտեմբերի երկրորդ կեսուն կամ նոյեմբերի սկիզբը։

Զրուցեց Սիրանուշ Նազլուխանյանը