Հարցազրույց հայ կոմպոզիտորների հետ. Վահան Արծրունի

Vahan_Arcruni
Հայ ժամանակակից կոմպոզիտորների տեսակետներն ու հայացքները նույն հարցադրումների վերաբերյալ:
 

Զրուցեց Անահիտ Մուղնեցյանը
Երաժշտության տեսաբան և խմբավար


Վահան Արծրունի
«…սեփական աստղը երկնքում տեսնելու երջանկությունը բոլորին չէ տրված…»
 
- Կոմպոզիտորի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Միանշանակ կարևոր է ապրելու վայրը: Ընդհանրապես յուրաքանչյուր անհատականություն ձևավորում է իր միջավայրը, նեղ իմաստով՝ ընտանիքը և ուսումը, լայն իմաստով՝ հայրենիքը և ազգային մշակույթը:

-Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
- Ի սկզբանե տարբեր բևեռներում են գտնվում, քանի որ ազգային ու ժողովրդական մշակութային ավանդույթները ձևավորվում են հարյուրամյակների, եթե ոչ՝ հազարամյակների ընթացքում և հղկվում ամեն անգամ, երբ փոխանցվում են սերնդեսերունդ: Այնինչ ստեղծագործողին՝ կոմպոզիտորին, տրված է մեկ կյանք և մեծ հաշվով՝ ընդամենը մեկ հնարավորություն: Ուրիշ բան, որ անհատ ստեղծագործողը կարող է գործել տվյալ մշակութային տեսակի համատեքստում, կամ հակադրվել այդ տեսակին: Դա ստեղծագործողի ընտրության խնդիրն է:

- Ստեղծագործությո՞ւնն է որոշում գրելաձևը, թե կոմպոզիտորն է սահմանումներ անում, ինչպես, օրինակ Շյոնբերգի դեպքում:
Ամեն դեպքում, յուրաքանչյուր ստեղծագործող աշխատում է որոշակի պայմանականությունների ներքո: Նա կերտում է իր տեսլականը՝ կա՛մ հաստատված և ընդունված կատեգորիաների և հասկացությունների շրջանակում, կա՛մ ստեղծում է իր սեփական պայմանականության տիրույթը (Շյոնբերգի պես):

- Քո նախասիրությունը` կամերային երաժշտություն. արդյո՞ք  դրանից ասելիքդ չի պակասում:
- Հակառակը, ոչ միայն կամերային երաժշտություն, այլ նաև պրոգրեսիվ, սիմֆոնիկ և ի վերջո՝ էլեկտրոնային երաժշտություն: Այսինքն՝ սահմանափակումներ չկան: Կա որոշակի ֆորմայի ռեսուրս, որի մեջ դու կամ լուծում ես ստեղծագործությունդ, կամ՝ ոչ:

- Որտեղի՞ց են «սնվում» Արծրունու մուսաները:
- Նման գաղտնիքներ ոչ մի ստեղծագործող չի բացի: Այստեղ պետք է խոնարհաբար լռել:

- Կոմպոզիտոր ծնվո՞ւմ են, թե` դառնում:
- Կարելի է ծնվել և այդպես էլ չդառնալ: Ընդհանրապես սեփական աստղը երկնքում տեսնելու երջանկությունը բոլորին չէ տրված: Կամ՝ այն տեսնելու համար պետք է գոնե մեկ անգամ հայացքը հառել դեպի վեր:

- Կա՞ որևէ մասնագիտություն, որ կցանկանայիր ձեռք բերել` կոմպոզիտոր ու կիթարահար լինելուց զատ:
- Կան մի շարք մասնագիտություններ, որոնք ստիպված եմ եղել սովորել, քանի որ ընտրել եմ երաժիշտի ճանապարհը: Այսինքն կան տեխնիկական հմտություններ և գիտելիքներ, առանց որոնց իմացության 21-րդ դարում շատ դժվար է հասանելի դարձնել քո ստեղծագործությունը: Օրինակ՝ ձայնագրման տեխնոլոգիա, համերգ կազմակերպելու  մենեջմենթ, վիդեո մոնտաժ, պոստփրոդաքշն, դիզայն, ՄԻԴԻ տեխնոլոգիաներ և այլն:

- Լավ գիտենք հայաստանյան ժամանակակից կոմպոզիտորական և կատարողական խնդիրները, որոնք դպրոցական ժողովների ընթացակարգի նման են առաջ քաշվում, բայց, որպես կանոն, ողջամիտ լուծման տարբերակները բացակայում են: Դրանց լուծման համար ի՞նչ օպտիմալ տարբերակներ կառաջարկես:
- Իմ և՛ ստեղծագործական, և՛ բեմական կյանքը ես համակարգել եմ առավել օպտիմալ կերպով: Ու այլ բան, որ եթե նույն կերպ աշխատեի որևէ այլ երկրում, կարծում եմ, շատ ավելի բարեկեցիկ կյանքով կապրեի և հաստատ ավելի ադեկվատ կընկալվեի ու կգնահատվեի: Ստեղծագործողին երբեք ոչինչ չի խանգարում ստեղծագործել, բայց ունկնդրին հասցնելու համար ստեղծագործությունը հսկայական քանակի անհաղթահարելի խոչընդոտող հանգամանքներ կան մեր երկրում: Այստեղ է պրոբլեմը:

- Ի՞նչ ես կարծում, ապագա սերունդների համար ո՞ր ստեղծագործությունդ ասելիք կունենա:
- Կարծում եմ՝ բոլորը: Տարբերություն չեմ դնում ստեղծագործություններիս միջև: Եթե ունենան…

- Ի՞նչ ես փնտրում, որ դեռ չես գտել:
- Փնտրելու, սպասելու, հուսալու, ակնկալելու մասին մտածելու ժամանակը չունես, երբ պարզապես ապրում, ստեղծագործում և կիսվում ես այն մարդկանց հետ, ովքեր դավանում են քո արժեհամակարգին և հավատում են նույն Աստծուն: