Հարցազրույց հայ կոմպոզիտորների հետ. Արթուր Ավանեսով

artur avanesov-harcazruyc
Հայ ժամանակակից կոմպոզիտորների տեսակետներն ու հայացքները նույն հարցադրումների վերաբերյալ:

 
Զրուցեց Անահիտ Մուղնեցյանը
Երաժշտության տեսաբան և խմբավար


Արթուր Ավանեսով
«Գյուտի բարձրագույն արժեքը հենց չսպասված լինելն է» 

- Կոմպոզիտորի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Չեմ կարող միանշանակ պատասխանել: Ոմանց համար, գուցե, ունի, ուրիշների համար` ոչ: Մանավանդ, որ այսօր մարդիկ իրենց իմացածի զգալի մասը քաղում են համացանցից: Թերևս, ազդում են շրջապատող մարդկանց մտքերն ու կարծիքները: Ամեն դեպքում, «տանը» կայանալը, կարծում եմ, ավելի բարդ է, քան «դրսում»: Իսկ հոգեհարազատը ոչ թե ինչ-որ երկրի մշակույթն է, այլ, կրկին` այդ տարբեր մշակույթների առանձին ներկայացուցիչների գաղափարները:

- Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա ժամանակակից կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
- Ճիշտն ասած, ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է բոլորին հանկարծ սկսել հուզել այդ հարցը, մանավանդ` երիտասարդներին: Ազգային ինքնագիտակցումը լավ բան է, բայց երբեմն հասարակ շովինիզմը փորձում են ներկայացնել որպես ազգանվեր աշխատանք: Նախ, ոչ թե ազգայինն է հեռացել կոմպոզիտորական արվեստից, այլ, որոշ դեպքերում, վերջինս` ազգայինից: Հնարավոր չէ ստեղծագործությունը ազգայինին հարելու տեսակետից միայն գնահատել: Եթե մարդը «հայերեն է» մտածում` լավ. եթե ոչ, այդ ո՞վ պետք է սովորեցնի դա անել: Եվ եթե հեռացել են` բռնի կերպո՞վ մոտեցնենք: Ու վերջիվերջո, կա այսպիսի միտում` ազգային մոտիվների օգտագործումը ներկայացնել որպես արժանիք: Կոմպոզիտորի արժանիքը նրա պրոֆեսիոնալիզմն է ու տաղանդը, այլ ոչ թե հղումների` «քաղաքական» առումով «ճիշտ» օգտագործումը: Ի վերջո, բոլորս էլ հայ կոմպոզիտորներ ենք, անկախ դրանից, թե ով ինչ հղումներ ունի իր երաժշտության մեջ: Դա չէ խնդիրը: Եթե կա խնդիր, ապա այն նախևառաջ կապված է պրոֆեսիոնալիզմի պակասի հետ: Վատ ստեղծագործության մեջ գործածված ազգային տարրերը ես կգնահատեի, ավելի շուտ, որպես վիրավորանք ազգայինի նկատմամբ, քան որպես փրկարար օղակ: Նման հարցերը ինձ նյարդայնացնում են այն պարզ պատճառով, որ ես գիտեմ` շատ մշակույթներում այդպես էլ եղավ. սկզբից հարցեր առաջ եկան` արդյոք շատ չէ՞ այսինչը կամ այնինչը ազգայինից հեռացել,  ապա հայտնվեցին պարտադրանքներ, արվեստի հետ կապ չունեցող մարդիկ սկսեցին կոմպոզիտորների փոխարեն որոշել, թե ինչ է պետք գրել:
 
- Ստեղծագործությո՞ւնն է որոշում գրելաձևը, թե կոմպոզիտորն է սահմանումներ անում, ինչպես, օրինակ Շյոնբերգի դեպքում:
- Ստեղծագործությունը ոչինչ չի կարող որոշել, քանի որ այն հենց հեղինակի որոշումների արդյունք է: Իսկ այ Շյոնբերգի վերաբերյալ ես կառարկեի. Շյոնբերգը, մնացած բոլոր կոմպոզիտորների նման, ազատ էր իր գրելաձևի ընտրության հարցում, և ի տարբերություն շատ շատերի, երբեք էլ ֆորմալ վերաբերմունք չի ցուցաբերել անգամ իր իսկ գյուտերի նկատմամբ: Դա հասկանալու համար բավական է հետևել նրա ստեղծագործությանն ընդհանուր առումով: Ճիշտ է, կան հեղինակներ, ովքեր դառնում են սեփական գրելաձևի գերին, բայց Շյոնբերգին դա, իմ կարծիքով, բոլորովին էլ չի վերաբերվում:

- Քո նախասիրությունը` կամերային երաժշտություն. արդյո՞ք  դրանից ասելիքդ չի պակասում:
- Ասելիքը երբեք կախված չի եղել գործիքների քանակից: Հակառակ դեպքում կպարզվեր, որ Բեռլիոզը ավելի շատ ասելիք ուներ, քան Մոցարտը, և այլն: Կոմիտասի ասելիքն էլ, կարծում եմ, չի պակասել միայն մեներգեր, խմբերգեր ու դաշնամուրային ստեղծագործություններ հեղինակելու պատճառով:

- Որտեղի՞ց են «սնվում» Ավանեսովի մուսաները:
- Մուսաներս երաժշտություն գրելու գործընթացին չեն մասնակցում: Կարծում եմ, երաժշտություն գրելու համար առհասարակ պետք է միայն հեղինակ, թուղթ և մատիտ, իսկ մուսաները այստեղ ոչ մի կապ չունեն: Կապ ունի կոմպոզիտորի կուտակած երաժշտական փորձը, ընդհանուր կրթվածությունը և գրելու անհրաժեշտությունը: Ես ինձ չեմ պարտադրում գրել, երբ բան չունեմ ասելու: Իսկ անձամբ ինձ սնում է այն ամենը, ինչ ինձ հուզում է: Նախանցյալ օրը` Մոցարտի դո-մինոր ֆանտազիան, երեկ` Բրամսի ինտերմեցոները…

- Կոմպոզիտոր ծնվո՞ւմ են, թե` դառնում:
- Իսկ ի՞նչ տարբերություն:

- Կա՞ որևէ մասնագիտություն, որ կցանկանայիր ձեռք բերել` կոմպոզիտոր ու դաշնակահար լինելուց զատ:
- Այո: Իրականում, շատ մասնագիտություններ կան, որ գրավիչ են: Կարող էի լինել բժիշկ կամ օդաչու, քիմիկոս կամ թարգմանիչ, բայց այդ դեպքում ստիպված կլինեի երաժշտություն գրելս թաքցնել որպես գաղտնի տարօրինակություն: Մարդիկ հիմնականում սիրում են մեկընդմիշտ պիտակավորել ուրիշներին, և ակնկալում են, որ բոլորը կվարվեն սպասվածին պես: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես կհեգնեին մի կոմպոզիտորի, ով կդառնար, օրինակ, ըմբշամարտի չեմպիոն: Անմիջապես կսկսեին որոնել նրա ստեղծագործությունների մեջ թույլ տեղեր, ասելով թե` իհարկե, եթե խելքը չտար սպորտի, ավելի հաջող կգրեր: Այնպես որ, գուցե լավ է, որ ուրիշ մասնագիտություն չունեմ:

- Լավ գիտենք հայաստանյան ժամանակակից կոմպոզիտորական և կատարողական խնդիրները, որոնք դպրոցական ժողովների ընթացակարգի նման են առաջ քաշվում, բայց, որպես կանոն, ողջամիտ լուծման տարբերակները բացակայում են: Դրանց լուծման համար ի՞նչ օպտիմալ տարբերակներ կառաջարկես:
- Ճիշտն ասած, եթե խոսքը երաժշտության չկատարվելու, չլսվելու մասին է, ապա նման խնդիրն ինձ այնքան էլ ծանոթ չէ, և ահա թե ինչու: Կոմպոզիտորը եթե կարիք ունի գրելու, ապա գրելն ինքնին պետք է հաճելի լինի: Եվ եթե լավ երաժշտությունը չի հնչում, ապա դա կատարողի խնդիրն է, այլ ոչ թե կոմպոզիտորի: Իսկ եթե երաժշտությունը վատն է, ապա հոյակապ է, որ չի հնչում, ես շատ ուրախ եմ: Ամեն դեպքում, որպես կատարող, ես ամեն օր առնչվում եմ շատ ավելի լավ կոմպոզիտորների երաժշտության հետ, քան ես եմ: Ուստի որոշել եմ գլուխս կախ աշխատել և գոհ ու շնորհակալ լինել, եթե ինչ-որ բան ինչ-որ տեղ առհասարակ հնչում է: Իսկ եթե խոսքը կոմպոզիտորի վարձատրվելու կամ չվարձատրվելու մասին է, ապա դրա մեթոդները աշխարհի տարբեր երկրներում լավ մշակված են, և, կարծում եմ, պետք չէ բաց դուռ ծեծել: Եվ առհասարակ, արդյոք Հայաստանին պե՞տք է կոմպոզիտորների եռանիշ քանակ, այն դեպքում, երբ հենց մեզանում էլ այդ կոմպոզիտորներից մի քանիսի երաժշտությունն է միայն ընդունակ հետաքրքրություն առաջացնելու` էլ չասած, որ ամբողջ աշխարհը Հայաստանով, փափուկ ասած, չի սահմանափակվում: Եվ երբ հայ նորագույն երաժշտության հերթական համերգը հերթական անգամ կիսադատարկ դահլիճում է անցնում, բոլորը մեղադրում են մեր հասարակությանը, գովազդի բացակայությանը կամ ընդհանուր ապատիան: Ոչ մեկի մտքով չի անցնում` իսկ գուցե հենց կոմպոզիտորնե՞րն են մեղավոր: Ես չեմ ասում, որ դա հենց այդպես է, բայց գուցե՞...

- Ի՞նչ ես կարծում, ապագա սերունդների համար ո՞ր ստեղծագործությունդ ասելիք կունենա:
- Ես կարծում եմ, այս հարցը կարող է հուզել միայն այն մանկամիտ մարդկանց, ովքեր մինչև հիմա հավաքում են իրենց դպրոցական տետրակները` հույս ունենալով մահվանից հետո ցուցանմուշ դարձնել դրանք սեփական տուն-թանգարանում: Թույլ տամ ինձ մեջբերել ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Ֆրանսուա Կուպերենին. «Մինչ օրս ոչ ոք չի գրել այնքան ստեղծագործություններ տարբեր ժանրերում, ինչքան ես, և ես հուսով եմ, որ իմ ընտանիքը թղթապանակիս մեջ բավական հիմքեր կգտնի` իմ մահը ողբալու համար, եթե, իհարկե, այդ ափսոսանքը կարող է պիտանի լինել մեզ` կյանքից հետո»:

- Ի՞նչ ես փնտրում, որ դեռ չես գտել:
- Գյուտի բարձրագույն արժեքը հենց չսպասված լինելն է, կարծում եմ…