ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔ ԿԱՄ ՊԱՐՍԱՎԱՆՔ ՉԷ

Amiran-Gomarteli
Cultural.am-ի զրուցակիցն է գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, վրացական «Ցիսկարի» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Ամիրան Գոմարթելին։




««Ցիսկարին» հարուստ պատմություն ունի»
    Վերջին երկու տարիներին ամսագիրը լույս չէր տեսնում, կային ֆինանսական խնդիրներ։ Հունվարին Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ վերահրատարակեցինք ամսագիրը արդեն «Ցիսկարի 1852» անունով, քանի որ ամսագիրը հենց այդ ժամանակ է ստեղծվել․շատ պետություններ կան, որոնք այդքան տարվա պատմություն չունեն, որքան «Ցիսկարին»։ Եթե մինչ վերահրատարակումը ամսագիրը լույս էր տեսնում տարեկան չորս-հինգ անգամ, ապա հիմա լույս է տեսնում ամեն ամիս։  Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեր ամսագրի էջերում ներկայացնելու ենք նաև հայ ժամանակակից պոետներին և արձակագիրներին։ Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել «Նարցիս» ամսագրի հետ, որ գրական գործեր մեզ ուղարկեն։
    Ամսագիրն ունի պոեզիայի, արձակի, գրաքննադատության և դրամատուրգիայի բաժիններ: Գրաքննադատությունն ու դրամատուրգիան մեզ միշտ էլ դժվար են տրվել՝ Սովետական Միության ժամանակ էլ, հիմա էլ,  բայց հիմա ամեն համարում երկու-երեք քննադատական հոդված ունենք։ Չնայած դրան՝ չկա այնպիսի գրաքննադատություն, որն իր մեջ կներառի ողջ գրական պրոցեսը։

«Գրաքննադատությունը՝ շտապ օգնություն»
    Գրաքննադատությունը գրականության շարժիչն է: Երբեմն պոետներն ու արձակագիրներն ասում են, թե ուշադրություն չեն դարձնում գրաքննադատությանը, այն ամենին, ինչ իրենց մասին գրվում է: Բնականաբար նրանք ստում են, որովհետև եթե մերժում ես գրաքննադատությունը, մերժում ես ինքդ քեզ: Գրաքննադատությունը գովեստի խոսք կամ պարսավանք չէ, այն նման է շտապ օգնության, ճանապարհի ուղեցույցի։
    Վրաստանում գրաքննադատները քիչ են: Եթե ԽՍՀՄ տարիներին կար գրաքննություն, հիմա էլ առաջ է եկել ինքնագրաքննություն․մարդիկ անհարմար են զգում ինչ-որ մեկին նեղացնել, չկա սուր գրաքննադատություն: Սա անհանգստացնում է և՛ պոետներին, և՛ արձակագիրներին, որովհետև գրաքննադատությունն է, որ բալանսավորում է գրական ընթացքը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ տվյալ գրողի հետ։

«Գրականության մեջ կարևորը լեզուն է»
    Կարդացել եմ հայ երիտասարդ գրողներին, շատ հետաքրքիր երիտասարդներ կան նաև մեզ մոտ՝ Վրաստանում, բայց ակնհայտ է, որ նրանց համար կարևոր է գրական նորաձևությունը։ Կարծում եմ՝ գրականության մեջ կարևորը լեզուն է: Ճիշտ է՝ քիչ եմ ծանոթ հայ գրականությանը, բայց նկատում եմ, որ  հին սերնդի գրողները ավելի շատ էին աշխատում բառի հետ, քան նոր սերունդը:

«Թումանյանը մեծություն է»
    Առաջին հայ հեղինակը, որ կարդացել եմ, Թումանյանն էր։ Երկրորդ կամ երրորդ դասարան էի, երբ կարդացի «Գիքորը»։ Վրացերեն թարգմանված գիրք էր, որ պատահաբար գտել էի տանը։ Չգիտեի էլ, որ հեղինակը հայ է։ Կարդացի և լաց եղա։
    Թումանյանը մեծություն է։ Վրացի հեղինակների մտերիմ ընկերն էր։ Սիմվոլիստ պոետներ ունեինք, որոնք բոհեմի մարդիկ էին։ Զարմանալի է՝ ինչպես էր Թումանյանի նման հավասարակշռված մարդը ընկերություն անում նրանց հետ։ Համարյա ամեն երեկո նրանք նրա տանն էին, հարբում էին մինչև առավոտ։

«Պաշտում եմ Հրանտ Մաթևոսյանին»
    Վրացերեն թարգմանությամբ Մաթևոսյան էի կարդում։ Թվում էր՝ հենց վրացերենով էլ գրել է։ Պաշտում եմ Հրանտ Մաթևոսյանին: Նոր սերնդի մեջ այնպիսի մեկին, ինչպիսին Մաթևոսյանն էր, նշել չեմ կարող։
    Կարդացել եմ նաև «Дружба народов» ամսագրի խմբագրի հուշերը, ով 1990–ականներին եկել է Հայաստան, հյուրընկալվել Մաթևոսյանի տանը: Այն ժամանակներն էին, երբ ո՛չ լույս կար, ո՛չ ջուր։ Խմբագիրն իր հուշերում գրում է՝ Հրանտի կինը սեղան գցեց, ես էլ ուզում էի ձեռքերս լվանալ, բայց ջուր չկար: Հրանտը վերցրեց կոնյակի շիշն ու ասաց՝ լվա ձեռքերդ: Ես ասացի՝ Հրանտ, ինչպե՞ս կարելի է հայկական կոնյակով ձեռքերը լվանալ: Նա էլ, թե՝ արա այն, ինչ ասում եմ:

«Ժամանակակից բանաստեղծությունները նման են սևագրերի»
    Անկեղծ ասած՝ պոեզիան մեզ մոտ վատ վիճակում է։ Ֆորմաները մեր  պոեզիայում (ռուսական պոեզիայում նույնպես) իսկական չեն, արհեստական են թվում, ավելի շուտ եվրոպական և ամերիկյան ֆորմաներ են։
    Իսկ ժամանակակից բանաստեղծությունները նման են սևագրերի, ոչ թե պոեզիայի։ Երբ կարդում ես, թվում է՝ սևագիրն է, որից հետո պետք է ստեղծվի պոեզիան։ Սա ինձ անհանգստացնում է։
    Պոեզիան երաժշտություն է։ Հիմա պոեզիայում երաժշտականությունը պակասել է: Ասենք՝ ես շատ եմ սիրում բալի մուրաբա, բայց ոչ կիսաֆաբրիկատ, ինչին նմանվում  է ժամանակակից պոեզիան։
    Արձակի վիճակն ավելի լավ է: Թեև մոդայի մեջ է պոստմոդեռնը, բայց կան հետաքրքիր ստեղծագործություններ և՛ պոստմոդեռնի մեջ, և՛ պոստմոդեռնից դուրս։ Նոր սերունդը գրում է ուժեղ արձակ։ Շատ են կին արձակագիրները։ Նման ակտիվություն կին արձակագիրների կողմից նախկինում չկար։ Դա շատ կարևոր է, որովհետև, կարծում եմ՝ ինչպիսին կինն է, այնպիսին էլ հասարակությունն է։
Հարցազրույցը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարը՝ Գարեգին Աղաբեկյանի