Գրականության ժամանակը

alexander_livergant

 Ռուսական գրական պատվիրակության կազմում այս օրերին Հայաստանում էր նաև «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Յակովլևիչը: Օգտվելով առիթից` զրուցեցինք նրա հետ մի շարք գրական հարցերի շուրջ:

   - Պարոն Յակովլևիչ, «Иностранная литература»-ն միշտ նոր անուններ է բերում: Ինչպե՞ս եք գտնում նոր հեղինակների:

   - Մենք նրանց գտնում ենք տարբեր եղանակներով: Առաջին հերթին կարդում ենք քննադատական ամսագրեր՝ ֆրանսիական, գերմանական, ամերիկյան և այլն՝ տեսնելու համար՝ ինչ է այնտեղ գրախոսվում: Երկրորդ՝ մենք ճանապարհորդում ենք և գնում գրքեր, որոնք վաճառվում են արևմտյան երկրների գրախանութներում: Օգտվում ենք նաև մեր խորհրդատուների ծառայություններից: Ունենք խորհուրդ, որ մեզ գրքեր է երաշխավորում: Չորրորդ՝ մեր հեղինակները՝ մի շարք հայտնի թարգմանիչներ, սեփական նախաձեռնությամբ առաջարկում են թարգմանել այս կամ այն հեղինակին: Կողմնորոշող են նաև ռուս հեղինակների հոդվածներն ու գրախոսությունները: Եվ վերջիվերջո, ինտերնետը: Մենք ունենք մի շարք խմբագիրներ, որ այս կամ այն երկրի գրականության գիտակ են, և նրանք էլ ամսագրի խմբագրակազմին ներկայացնում են անուններ, որոնց ծանոթանում ենք: Եթե, օրինակ, բնագրի լեզվին չենք տիրապետում, դիմում ենք մասնագետների: Օրինակ՝ վերջերս մի ղազախ բանաստեղծ թարգմանել էր միջնադարյան կորեական պոեզիա, և մենք շարքը տվեցինք գրախոսելու: Մեկ այլ անգամ էլ պատրաստվում էին տպագրել երկու ավստրիացի բանաստեղծների գործեր, սակայն ավստրիական գրականության մասնագետը, որին խնդրեցինք շարքերի համար առաջաբան գրել, մերժեց՝ ասելով, որ թարգմանությունները շատ վատն են, սխալներով լի, և մենք գործերը հանեցինք համարից: Ի դեպ, մենք համարները նախապես ենք պատրաստում. մեզ մոտ արդեն պատրաստ են առաջիկա մի տարվա համարները: Իհարկե, բովանդակության մեջ փոփոխություններ կարող են լինել, տեղերը փոխվել, բայց հիմնականում գիտենք՝ ինչ է տպվելու:

     - Իսկ ի՞նչ նոր անուններ կառանձնացնեիք, որ վերջին շրջանում բացահայտել եք:

    - Մենք շատ նոր անուններ ենք բացահայտում, նաև դասականներից, որ նախկինում չեն թարգմանվել: «Иностранная литература»-ում չեն տպագրվում որևէ տեղ արդեն տպագրված գործեր: Մենք պետք է միշտ առաջինը լինենք: Այս տարվա 9-րդ համարում, օրինակ, տպագրել ենք մի շատ լավ վեպ՝  իրանցի գրողի՝ Մուհամադ-Կազեմ Մազինանու «Վերջին փադիշահը»: 10-րդ համարում, դա էլ էր որոշակիորեն բացահայտում, մենք թարգմանեցինք Գերմանիայում վերջերս լույս տեսած, աղմուկ հանած երկու գերմանագիր պոետների՝ Ինգեբորգ Բախմանի և Պաուլ Ցելանի նամակագրությունը: Կարճատև սիրավեպին հաջորդած երկարատև նամակագրությունն է: Եկող տարվա երկրորդ համարում տպագրելու ենք 20-րդ դարի ամերիկյան հայտնի երգիծաբան Իվլին Վոյի օրագիրը: Առաջին անգամ են թարգմանվել, իմ կողմից: Եկող տարվա ամենավերջում կունենանք հատուկ համար՝ նվիրված շեքսպիրյան հոբելյանին: Բանն այն է, որ 2014 թվականի սկզբին Շեքսպիրի 450 ամյակն է: Կլինեն Շեքսպիրից նոր թարգմանություններ և անգլիական, ամերիկյան ծանրակշիռ շեքսպիրագետների հոդվածներ: Բացի այդ՝ եկող տարի կունենանք առնվազն երկու համար այնպիսի երկրների գրականությունը ներկայացնող, ինչպիսիք են Հոլանդիան և Շվեյցարիան: 2013 թվականի նոյեմբերի վերջին ամենամյա գրքի տոնավաճառի՝ «Non fiction» կոչվող, պատվավոր հյուրը լինելու է Շվեյցարիան: Այդ փառատոնին ընդառաջ էլ թողարկելու ենք մեր հատուկ համարը:

    - Մեզ մոտ ժամանակակից գրականություն ասելով հասկանում ենք 60-ականներից այս կողմ ստեղծագործող հեղինակներին: Ինչպե՞ս է իրավիճակը դրսում:

   - Դա բնորոշ է հետսովետական երկրներին ընդհանրապես, սակայն արևմտյան գրականությունը այդպես չի բաժանվում: Ավելի շուտ առանձնացվում է մինչև հետպատերազմյան գրականություն: Ընդհանուր առմամբ, արևմտյան գրականություններից յուրաքանչյուրն իր ժամանակագրությունն ու տարաբաժանումներն ունի: Օրինակ՝ Գերմանիայում այժմ գոյություն ունի նոր գրականություն երկրի միավորումից՝ 1989 թվականից հետո: Իսկ ահա անգլիական գրականության համար 89 թվականը ոչինչ չի ասում: Ամերիկյանի համար էլ ոչինչ չի նշանակում. այստեղ կարևոր են 60-ականները, երբ պատերազմ էր Վիետնամում, երբ սպանեցին Ջոն Քենեդուն: Հասկանո՞ւմ եք, յուրաքանչյուր գրականություն իր ժամանակն ունի:

    - Ինչպե՞ս եք վերաբերվում նորարարությանը, կոնցեպտուալ արվեստին, ինչպես է դա ներկայացվում Ձեր ամսագրում:

    - Խնդիրը բավականին բարդ է: Մեր լսարանը շատ բազմազան է. ունենք ընթերցողների մեծ քանակ մարզերից, և դրանք հիմնականում միջին կամ մեծ տարիքի մարդիկ են, որ սովորել են «Иностранная литература»-ի այն ձևին, որ այն ունի վերջին 30-40 տարիներին: Նրանք սովոր են կարդալ վեպեր, ընդ որում՝ ոչ թե մոդեռնիստական, այլ քչից-շատից ռեալիստական, հոգեբանական, սիրային եռանկյունիներով և այլն, և այլն: Մենք չենք կարող այդպիսի ընթերցողին կորցնել, քանի որ նրանք բաժանորդագրվածների մեծ մասն են կազմում: Սակայն դրան զուգահեռ ունենք նաև բոլորովին այլ ընթերցող ՝ երիտասարդները, ուսանողությունը, որ չեն ուզում կարդալ իրենց տեսանկյունից երկար, ձանձրալի վեպերը, այլ ուզում են կարդալ  non-fiction` օրագրեր, նամակներ, հուշագրություններ, դոկումենտալ վեպեր, ուղեգրություններ… Ահա ընթերցողական երկրորդ լսարանի համար այն, ինչ Դուք անվանում եք կոնցեպտուալ արվեստ, շատ հետաքրքիր է և բավականին դժվար է համակցել մի լսարանի հետաքրքրությունները մյուսի հետ: Փորձում ենք «հաճոյանալ» երկուսին էլ:

    - Գործի բերումով Դուք քաջատեղյակ եք աշխարհի գրական անցուդարձից և անմիջական, ամենօրյա շփում ունեք արտասահմանյան գրականության հետ, ինչպե՞ս կբնութագրեք ընդհանուր միտումները, ի՞նչ ուղղություններ կան:

    - Գիտեք, Սովետական միության անկումը մի բաց առաջացրեց. կորավ արտասահմանյան գրականոթյուն ուսումնասիրողն իբրև մասնագետ: Ես, օրինակ, դասավանդում եմ արտասահմանյան գրականություն, բայց՝ 18-19-րդ դարերի, իսկ առաջ, երբ մեր գլխավոր թշնամին ԱՄՆ-ն էր, ամերիկանիստների մի մեծ բանակ կար, գուցե և մասամբ ծախու, բայց շատ գիտակ մարդիկ: Նրանք լինում էին Ամերիկայում, գիտեին՝ այնտեղ ինչի մասին են գրում, ծանոթացնում էին մեզ ամերիկյան գրականությանը, արվեստին, գրում էին, կարելի է ասել, ոչ  վատ: Այսօր արտասահմանյան գրականության այդպիսի ամփոփումներ մեզանում գրեթե չկան: Կորել է մասնագիտությունը:

     - Պոստմոդեռնիզմը դեռ ակտուա՞լ է:

   - Ես այդ արվեստին առանց հատուկ ուշադրության եմ վերաբերվում, բայց սկզբունքորեն պոստմոդեռնիզմը այսօր նվաճել է գրական դաշտը: Դա, այսպես ասած, շատ վարպետորեն արված արվեստն է, որում, որպես կանոն, ինքնահաստատվում են այլ հեղինակների, նախորդ դարերի հեղինակների հաշվին: Դրանք անցյալի «կրկներգեր» են: Բայց սա ժամանակակից արվեստի միակ միտումը չէ: Կա մոգական ռեալիզմի երևույթը: Հնդիկ գրող Սալման Ռուշդին, ինչպես Մարկեսը Հարավային Ամերիկայում կամ Լյոսան, որ նախորդ տարի Նոբելյան մրցանակի արժանացավ, կամ չինացի Մո Յանը, որ Նոբելյան մրցանակ ստացավ մեկ ամիս առաջ. նրանք բոլորը փոքրիշատե պատկանում են գրական այն ոլորտին, որը շաա՜տ պայմանականորեն ընդունված է անվանել մոգական ռեալիզմ: Մոգական ռեալիզմը կենսական իրավիճակների նկարագրությունն է, որտեղ կենցաղային, ռեալիստական նկարագրությունները շաղախված են ֆանտաստիկայով: Որ ավելի հասկանալի լինի, հիշենք «Վարպետն ու Մարգարիտան»: Երրորդ միտումը, որ կարելի առանձնացնել, փաստագրական վեպերով տարվելն է: Ամերիկայում նման միտում կա շատ վաղուցվանից: Վերջերս մահացած ռուս հայտնի հեղինակ Վասիլի Ակսյոնովը 70-ական թվականներին անգլերենից թարգմանեց Դոկտորոուի վեպը՝ «Ռեքթայմը»: Դոկտորոուն առաջիններից էր, որ գրական շրջանառության մեջ մտցրեց այն, ինչ կոչվում է փաստագրական վեպ՝ համադրելով իրական և մտացածին կերպարներին: Այսօրվա ընթերցող հանրությունն ընդհանրապես ձգտում է դեպի փաստի գրականությունը. կա հորինովի գրականություն (fiction) և փաստի գրականություն: Այդ իսկ պատճառով հեղինակներն իրենք էլ են ձգտում դեպի փաստի գրականությունը:

Զրուցեցին Հասմիկ Խեչիկյանը և Ռուզաննա Ոսկանյանը