ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՎ ԳՆԱԼ ԱՌԱՋ»

Gegham-Grigoryan-photo-by-Arthur-Gevorgyan
Cultural.am-ի զրուցակիցն է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ նախասիրություններ ունեիք փոքր հասակում։ Ինչպե՞ս ընտրվեց երաժշտությունը։
- Երաժշտությունն էր իմը։ Ի սկզբանե ջութակահար եմ եղել, երգչախմբի դիրիժոր եմ եղել, հետո երգիչ։
- Առաջին օպերային ներկայացումը, որ մեծ տպավորություն է թողել Ձեզ վրա։
- Վեց տարեկանից օպերային թատրոնում եմ մեծացել։ Չեմ կարող ասել՝ առաջինը որն էր, բայց առաջինը, որ ես եմ երգել Գաետանո Դոնիզետիի «Լուչիա դե Լամերմուրն» էր։
- Լա Սկալայում ունեցած ելույթի ժամանակ ի՞նչ զգացողություններ ունեիք։
- Ոչ մի, ինձ համար նորմալ աշխատանք է։ Ոչ մի տարբերություն չի եղել՝ որտեղ եմ երգում։ Կարևորը՝ ինչպես ես երգում, ում հետ ես երգում, ինչ դիրիժորի, ինչ ռեժիսորի հետ ես աշխատում։ Թատրոնը կապ չունի։ Ամեն թատրոն էլ կարող է հրավիրել և լավերին, և վատերին։
- Ո՞ր օպերային երգիչներն են Ձեզ ոգեշնչել։
- Ջիլի, Կարուզո, Բյորլինգ, Բերտիլե։
- Մի առիթով ասել եք, որ հնարավորություն եք ունեցել ընկերություն անելու Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի հետ։ Կպատմեք որևէ դրվագ։
- Մեր դրվագները մի քիչ պատմելու բան չեն, խմիչքի հետ են կապված եղել միշտ, երաժշտության հետ այդքան կապված չեն եղել։
Դեֆերելի, Հուգո դե Անա, ռեժիսորներից Գրենվիկ, Կանչալովսկու հետ ֆիլմեր եմ արել, նկարահանվել եմ, աշխատել եմ, ներկայացումներ եմ արել բոլոր մեծ երգիչների հետ։
- Մինչ 2007 թվականը շուրջ ինը տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էիք։ Այս տարվա հունիսից վերադարձել եք նույն պաշտոնին։ Ինչպիսի՞ն էր օպերային թատրոնի վիճակն այն ժամանակ և հիմա։
- Մի քիչ հետ էր գնացել, հիմա ուզում ենք նորից վերականգնել, գնալ առաջ, որովհետև վերջին տարիներին համարյա բան չարվեց թատրոնում։
- Ի՞նչ փոփոխությունների կարիք ունի օպերային թատրոնը։
- Կտեսնենք։ Կաշխատենք, կերևա։ Փոփոխություն միշտ էլ պետք է։
- Թատրոն վերադառնալուց հետո խաղացանկից դուրս մնացած ո՞ր օպերաներն եք պատրաստվում հետ բերել։
- Վինչենցո Բելլինիի «Նորման», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը»։ Մի քանի ներկայացումներ կան, որ կուզենայի վերադարձնել, բայց ցավոք հեղինակները մի քիչ այն վիճակում չեն, որ նորից գան, բեմադրեն, աշխատեն, որովհետև կազմը շատ է փոխվել։ Այսօր փաստորեն ինչ վերականգնում ես, նորից ես անում, որովհետև երգչախմբում 80%-ով նոր մարդիկ են։
- Կարծիքներ կան, որ թատրոնում անընդհատ նույն օպերային ներկայացումներն են։ Ի՞նչ առաջնախաղերի սպասի հայ հանդիսատեսը։
- Այս տարի նախատեսվածը մանկական օպերան է` Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները»։ Վինչենցո Բելլինիի «Նորման» ենք վերականգնում՝ մի քիչ փոփոխություններով, Ջակոմո Պուչինիի «Տոսկան» ենք բեմադրում, Գաետանո Դոնիզետիի «Լուչիա դե Լամերմուրը» և Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայն» ենք ուզում բեմադրել, տեսնենք ոնց կլինի։
- Օպերային արվեստի միջազգային ակադեմիայի ստեղծումը Ձե՞ր գաղափարն էր։ Ո՞ր փուլում են նախապատրաստական աշխատանքները։
- Այո, միայն իմն էր։ Սարքում ենք, ինչքան հնարավորություն կա, աշխատում են։
- Կա՞ համագործակցություն Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հետ։ Կխնդրեի մանրամասնել։
- Հիմա Գաետանո Դոնիզետիի «Լուչիա դե Լամերմուրն» ենք համատեղ ուզում անել։ Կոստյումների և այլ հարցեր կան։ Այն, ինչ ուզում ենք անել, դրա համար մի քիչ ավելի հարուստ բաներ են պետք։
- Տեսնու՞մ եք այն երիտասարդներին, որոնք զարգացնում և զարգացնելու են օպերային արվեստը, թե՞ ոչ։  Եթե այո, ովքե՞ր են նրանք։
- Իհարկե տենում եմ։ Որ չտեսնեի, ինչի՞ եմ եկել։ Անուններ չեմ նշի, որովհետև ես էլ չգիտեմ նրանց անունները։ Կանչում եմ, երգում են, դուրս գալիս է, ասում եմ՝ ինչ անեն։
- Ի՞նչ պայմաններ են պետք արվեստագետներին մասնագիտական արտագաղթի չդիմելու համար։
- Դուրս գնալը պարտադիր է. գնան, երգեն, հետ գան։ Պետք է լավ աշխատանք այստեղ, որ երգիչը կարողանա պատրաստել դերերը այստեղ բարձր մակարդակով և գնա, այնտեղ երգի, գա՝ փող վաստակի։ Այն, ինչ արվում է այնտեղ, դժվար է, հենց այնպես չեն վերցնի, պետք է շատ պրոֆեսիոնալ լինել։ Դրա համար հրավիրել ենք Ջանլուկա Մարչիանոյին, որ իտալերեն շատ լավ գիտի, գիտի օպերաները, գիտի ոնց պարապի և այլն։
- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ անտարբերություն կա արվեստի նկատմամբ։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն դա վերացնելու համար։
- Չէի ասի, որ անտարբերություն է, ուղղակի բաներ կան, որ խանգարում են։ Շատ ընդհանուր բաներ կան մեր կանոնադրության մեջ, որ երևի պետք է վերանայվի, որ չխանգարի Օպերայի աշխատանքին։ Տենդերների հարցն է, այս է, այն է։ Պետք է մի քիչ վստահեն թատրոնին։
- Եթե արվեստի գործիչ չլինեիք, ո՞րը կլիներ Ձեր մասնագիտական ճանապարհը։
- Ամեն ինչ, շինարար էլ կլինեի, ինժեներ էլ կլինեի։ Մի բան կլինեի, նույն ձևի։
- Ո՞վ է շարունակում օպերային երգչի Ձեր գործունեությունը։
- Դուստրս հիմա ամբողջ աշխարհում է երգում՝ Հասմիկ Գրիգորյան։ Շատ հայտնի երգչուհի է արդեն։  Հուսով եմ՝ ավելի հայտնի կլինի։
- Աշխարհում կատարողականի տենդենցները նո՞ւյնն են մնացել, թե՞ կան փոփոխություններ։
- Փոփոխվել է։ Շատ բան իմ դուրը չի գալիս։ Կան տրադիցիոնալ թատրոններ, ասենք, Մետրոպոլիտենը, Լա Սկալան, որ իրենց թույլ չեն տալիս այդ նոր տենդենցները։ Տարբեր բաներ կան։ Ինչպես աշխարհն է փոխվում, այնպես էլ թատրոնը։
- Հնարավորություն կունենա՞նք ունկնդրելու 20-րդ դարի համաշխարհային դասականների գործերից։ Ունե՞նք արդյոք պատրաստված կատարողներ։
- Պատրաստված կատարողներ ունենք։ Բայց կատարողներին նախապես որոշել պետք չի։ Երբ որոշում ես՝ ինչ ես բեմադրելու, այդ ժամանակ կատարողներին էլ ես ընտրում։ Իսկ հնարավորություն կունենա՞նք, ասենք, «Պատերազմ և խաղաղություն» բեմադրելու։ Չենք ունենա երբեք։ Միայն 73 մենակատար կա այդ օպերայում, 120 հոգանոց երգչախումբ։ Մեծ թատրոնները կարող են իրենց թույլ տալ նման մեծ ներկայացումներ, մեծ ծախսեր են, շատ մարդիկ են պետք։
Զրուցեց Աննա Կարապետյանը
Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի