Եթե քո գրականությունը քո կյանքի հայելին չէ, թքած

IMG_0116

    Հարցազրույց բանաստեղծ Սաքո Արյանի հետ

    - Սաքո, կպատմե՞ք Լիբանանի գրական միջավայրից, գրական ավանդույթներից:

    - Ավանդույթ ասելով գիտե՞ս ինչ եմ հասկանում: Ավանդույթն այն է, որ մենք մեծացել ենք մի միջավայրում, ուր դեպքերը, միջավայրը մեզ հուշել է, որ գրական ընթացք է եղել Բեյրութում: Ու մենք անընդհատ փորձել ենք որոնել, գտնել, ծանոթանալ: Բայց ասեմ, որ երիտասարդությունը միշտ էլ Բեյրութում թողնված է բախտի քմահաճույքին, ինչպես երևի ամեն տեղ: Ավանդույթի խնդիրը, որ դրեցիք, ենթակայական խնդիր է, որովհետև գրողը եթե ուզում է գրել, ինքը անկախ ամեն ինչից պետք է գրի: Այդ ամեն ինչը տեսնելով, երբեմն անտեսելով, երբեմն պայքարելով` պետք է գրի: Չեմ ուզում ավանդույթ բառը գործածել:

    - Ավանդույթ ասելով` գրական միջավայրը նկատի ունեի:

    - Գրական միջավայր Բեյրութում չկա: Երևանում մի քիչ տարբեր է, այստեղ զգում ես, որ ինչ որ գործընթաց կա, անցյալից եկող և այսօրվան փոխանցվող ինչ-որ ընթացք, և դա ազդում է գրականության վրա: Նույնիսկ փողոցները ասում են, որ Թումանյանը եղել է այստեղ, Իսահակյանը քայլել է այստեղով, Չարենցը եկել մտել է այսինչ տեղը... Մինչև երեկ, մինչև Աղասի Այվազյանը ասենք: Իսկ Բեյրութում... անընդհատ նահանջ, նահանջ, նահանջ... Բեյրութում գրողներ չկան: Ես հասկանում եմ այն մարդկանց, որ Սփյուռքում ապրելով գրում են անգլերեն կամ արաբերեն: Եվ ավելի եմ հարգում, որովհետև եթե ես պիտի գրեմ հայերեն, պիտի ապրեմ այն հողի վրա, ուր հայերեն են խոսում:

    Ես տասը տարի, գուցե ավելի տառապել եմ այդ երկվությունից: Ինչու գրեմ, ում համար գրեմ: Եվ վիրտուալ աշխարհի շնորհիվ Բեյրութում նստած Երևանում էի զգում ինձ: Բեյրութում ոչ մի շփում չունեի: Իմ սերնդակիցները գնացին Բեյրութից... Այդպես է այնտեղ, մի սերունդ է գալիս, որ ասում է` Բեյրութը շատ ավանդական գաղութ է, գնանք էստեղից ու գնում են: Երբ որ այդ վակումը եղավ, իմ շփումը եղավ Երևանի գրական միջավայրի հետ: Ես զգում էի անընդհատ, որ շփումը պետք է լինի էն մարդկանց հետ, որ կապ ունեն մեր ողջ լեզվի պրոցեսի հետ:

    - Իսկ այստեղ քեզ համար լեզվի խնդիր չի՞ առաջանում:

    - Կա այդ խնդիրը: Սակայն մեր լեզուները սահման չունեն: Ձևական չէ, որ իմ ընտանիքում մենք խոսում ենք արևելահայերեն, կամ մեկ-մեկ իմ տղան, իմ կինը արևմտահայերեն դարձվածք են օգտագործում, ու ծիծաղում ենք. սա մեր կյանքի անդրադարձն է մեր լեզվի վրա, և ես սրանով եմ կարևորում այդ խնդիրը: Մենք պետք է գրենք ապրող լեզվով: Պետք է գրենք այն լեզվով, որ փողոցից է գալիս, Գումից, Նար-Դոսից, ինչու չէ, հեռավոր մարզերից… Սա է իմ համար լեզուն: Ես հարգում եմ արևմտահայերենը և կրում եմ իմ մեջ անկախ ամեն ինչից, բայց այսօրվա դրությամբ այս լեզուն նահանջի մեջ է: Ցանկացած պաշտպանություն այս ուղղությամբ անիմաստ է: Դիակն ինչպե՞ս կարելի է կենդանացնել: Գրիգոր Պըլտյանը շատ լավ է գրում, բայց Հայաստանում չեն կարդում: Ինչո՞ւ: Ոչ թե այդ մարդիկ դիտմամբ չեն ուզում կարդալ, մարդիկ չգիտեն այդ լեզուն ու կարծես այդ լեզուն ջերմոցների մեջ է աճում: Սա արդեն վտանգավոր է: Ես ուզում եմ կոտրել դա, ուզում եմ խոսել մի լեզվով, որ Հայաստանում ցանկացած մեկը կարդա իմ գրածն ու հասկանա` որտեղից եմ գալիս, ինչ լեզվով եմ գրում: Ի վերջո ո՞ւմ համար եմ գրում, եթե պետք է ինձ չկարդան: Բայց երբ խոսում ենք ձևականությունների մասին, Հայաստանում էլ երբեմն ասում են` արևմտահայերենը պետք է պաշտպանել, տարին մեկ անգամ գլամուրային ինչ-որ գրող են հրավիրում ու ներկայացնում: Չի խանգարում: Ես կողքից ծիծաղելով նայում եմ: Բայց արևմտահայոց լեզուն ապրում է որպես ջերմանոցում:

    Ես եղա Ստամբուլում, որտեղ ֆիլմ ենք նկարել: Գնացի Կենտրոնական վարժարանը, որտեղ տնօրենն ասում է, որ պետությունը նոր օրենքների հիման վրա որոշ հնարավորություններ է տվել: Եվ ֆիլմի մեջ սիրուն կադր կա. ռեժիսորը մի դատարկ սենյակ է նկարել, բայց որտե՞ղ գործածեն, երբ մարդն է բացակայում: Լեզուն կա, բայց օգտագործողը չկա: Սա է տագնապը: Սա իմ լեզուն է, բայց ճշմարտությունն այն է, որ լեզուն նահանջում է:

    - Այսինքն չպիտի՞ փորձենք պահել այդ լեզուն:

    - Եթե այդ փորձերը ճշմարիտ լինեին, լեզուն այսօր չէր մահանա: Կեղծ են այդ փորձերը: Լեզվի պաշտպանությանն ուղղված ակցիաները ճշմարիտ չեն, որովհետև լեզվի պահպանության ամենակարևոր խնդիրը հնչումն է, դպրոցներն են: Մենք մեծ գումարներ ենք ծախսում ժողովների, համաժողովների, լեզվի պաշտպանության գիտաժողովների վրա, բայց ոչ մի արդյունք չկա: Մենք 20 տարի առաջ պետք է բարեփոխեինք մեր կրթական ծրագրերը, հետաքրքրություն ստեղծեինք սերնդի մոտ, բայց ինչ Հայաստանը անկախացավ, մենք գնալով լեզվաթափվեցինք. ես Միջին Արևելքի մասին եմ խոսում, որովհետև այն լավ գիտեմ: Մի քանի օր առաջ Արա Օշականն էր այստեղ, ասում էր, Ամերիկան ամեն ինչ տալիս է, բայց լեզու չի կարող տալ, խնդրում եմ, պաշտպանեք արևմտահայերենը: Չի կարելի հայրենասիրությունից խոսել ու գնալ Ամերիկայում ապրել: Հարգում եմ Քրիս Պոհչալեանին, Անգլերենով բեստսելլերների մեջ նրա «Ավազե Դղյակների Աղջիկը» վեպը առաջին տեղում է: Ծնվել է Ամերիկայում, գրում է անգլերեն: Նա ասում է, կուզեմ իմ վեպը առնչվի ցեղասպանության գործընթացի հետ ու թարգմանվի թուրքերեն: Առաջ ես գրոհում էի, մտածում էի` ում է պետք Սարոյանը, որ անգլերենով է գրել: Բայց չէ, մարդը այդ լեզվով է զգացել և այդ  լեզվով է գրել: Մարդը ավելի անկեղծ է, քան Բեյրութից վերցրած մի անուն, որ գնացել Ամերիկայում ապրում է և այնտեղից հայրենասիրությունից է խոսում: Ինքն ուզում է լավ ապրել... թող ապրի, բայց այնտեղից չխոսի: Եթե քո գրականությունը քո կյանքի հայելին չէ, թքած: Մենք ասում էինք միշտ, պետք է գնանք Հայաստան, բայց ես եկա, չէ՞:

    - Ի՞նչ է կատարվում Միջին Արևելքում:

    - Այսօր Միջին Արևելքը դատարկվում է: Բեյրութում ահավոր սցենարներ են սպասվում:

    - Ի՞նչ սցենարներ:

    Նույնը` ինչ Սիրիայում է կատարվում հայերի հանդեպ: Մեր Հայաստանի փորձագետները խոսում են անընդհատ, բայց գիտե՞ն ինչ է կատարվում: Արևմուտք-արևելք մեծ բախման մեջ բոլորն ուզում են դատարկել քրիստոնեական տարրը Միջին Արևելքից: Սրանից 5-10 տարի առաջ ո՞ր հալեպահայը կմտածեր, որ ինքը մի օր հանկարծ ճամպրուկն առած կփախչի Երևան: Այսօր նրանք հավաքական ստրեսի մեջ, են, որովհետև չեն մտածում: Մենք հայերս միայն մեր քթի առաջն ենք տեսնում, չենք սիրում նայել հեռու:

    Սակայն կա մի գլխավոր փաստ. այսօր մեր հայության տառապող մի հատվածը Հալեպում է, որը տոմսի փող չունի, որ գա: Ես հորդորներ չեմ կարդում, թե Հայաստանի պետությունը պետք է այս անի, այն անի: Բայց շատ տխուր պատկեր է այնտեղ: Ուրեմն ճիշտ ժամանակն է, որ մենք տեղափոխենք նրանց այստեղ: Գիտե՞ք` ինչ վատ պայմաններով են եկել, ասենք, 46-ին, բայց մարդիկ դիմացել են: Ու եթե այդ ներգաղթը չլիներ, այսօրվա Հայաստանն այսպիսին չէր լինի: Ուրեմն ճիշտ հարմար պահն է, որ Հալեպի «Նոր գյուղը» և այլ շրջաններ տեղափոխենք Հայաստան:

    Եվ շատ կարևոր է, որ այս երկրի քաղաքական դաշտը հասկանա, որ սա միայն ներքին խլրտումների երկիր չէ, որ դրսում ապրող մի զգալի հատված ուզում է կայուն Հայաստան տեսնել: Իսկ մենք ընդդիմություն, իշխանություն կռիվների մեջ ենք այստեղ, մամուլն անընդհատ սրում է դա: Վերջապես եթե դու ինձ չես քվեարկում, դու իմ թշնամին չես, վաղն էլ կարող ես ինձ քվեարկել...

      - Իսկ նրանք, ովքեր Հայաստան են եկել արդեն, կմնա՞ն:

    - Կասկածներ ունեմ, որ չեն կարողանա ապրել այստեղ, որովհետև թիթիզություններ են անում, ասում են հանգիստ չեմ: Բայց դա Երևանից չէ, մեծ պատերազմից են եկել, ու իրե՛նք չգիտեն ինչ անել: Մնան` չեն կարողանում գործ գտնել, չեն ուզում: Նրանց մեջ կարոտախտ կա. երազային Հալեպը` կոտորածից հետո տուն սարքած, ակումբ կառուցած… Բայց կյանքը փոխվում է:

      - Ձեզ համար հե՞շտ է ապրել Հայաստանում:

    - Ես ճիգ չեմ անում այստեղ ապրելու համար, ես հարմարվել եմ: «Մարշրուտկայի» պատմության մեջ մտել եմ: Երբեմն ջղայնանում եմ, թե ինչ է սա, բայց սա է: Կարդացեք Չարենց. «Անհյուրընկալ պատերը սև»… քեզ չի ասում, որ դրախտ ես եկել: Բայց Հյուսիսային պողոտան ինձ Բեյրութն է հիշեցնում:

    Ես այստեղ չեմ ապրել, չեմ տառապել ձեր պես, մութ ու ցուրտ տարիները իմ տեսաշարի մեջ միայն  եզրեր են, բայց իմ կինն ապրել է և լավ գիտի էս ամենը: Հասկանում եմ, որ հեշտ չէ, բայց այս է, ինչ որ կա: Ես ուզում եմ, որ իմ ընկերները գան, տեսնեն, ապրեն, փորձարկեն: Տեսնենք` ինչ կարող ենք անել այս երկրի համար: Մարդիկ նաև ավելի վատ պայմաններում են այստեղ ապրել:

    Ես ուզում եմ այս հողի հետ խառնվել: Դավիթաշենի այդ մթնշաղային պատկերները, երեկոները շատ եմ սիրում: Երբեմն ատում եմ, բայց նույնիսկ իմ ատելության մեջ սեր եմ տեսնում:

    Ով գիտեր, օրինակ, որ ես մի ամիս Հայաստանում մատուցող եմ աշխատել: Այո, ես ընտրել եմ այդ ճանապարհը, այն էլ սիրիահայ մի գործատուի մոտ: Բայց իմ մեջ ահավոր բողոք կար` ուր եկա, ինչ եմ անում: Ասում էր` շուտ արա, պնակները դիր... Մտածում եմ՝ ինչ է ասում... Բայց պինդ էի, չջարդեցին այդ ամենը: Հիմա լրատվական կայքում եմ աշխատում: Մարդ, որ ուզում է մի քաղաքում ապրել, պետք է ամեն ինչ էլ անի, պետք է անցնի այդ փորձությունների միջով: Օրինակ, Անգլիայում ապրող լավ բանասեր ընկեր ունեմ, որը մատուցող է աշխատել այնտեղ: Ինչպե՞ս է, որ ինքը հրեային ճաշ է մատուցել, ու ես պետք է չկարողանամ Երևանում ճաշ մատուցել: Հակոբ Մնձուրին գիշերները վերմակի տակ էր գրում մոմի լույսով. ինձնից շատ ավելի վատ ապրած ու ինձնից շատ ավելի արժեքավոր: Նա փռի մեջ հաց էր թխում ու ժամանակ չուներ: Ուրեմն ամեն ինչ էլ կարելի է անել ապրելու համար ու գրելու համար:

    Ես անընդհատ սովորում եմ... Պուշկին փողոցը լավ գիտեմ արդեն... Ինչ տվայտանքների մեջ եմ եղել, ինչ կռվների մեջ... Ոչ մի պուշկինյան մթնոլորտ չկար այնտեղ, կայի ես, կար իմ շեֆը ու կային հաճախորդները: Այս ամենը ես ապրել եմ, սովորել եմ, ու վերափոխումը ինձ համար կարևոր էր... Իմ մեծ ուսուցիչը` Ալեն Գինզբերգը, ասում է` մենք վերափոխված արևածաղիկներ ենք: Ամեն րոպե, ամեն պահի կարող ենք հայտնվել այլ պայմաններում ու բնության տված ուժի շնորհիվ է, որ կարող ենք  փորձություններից անցնել:

    - Ի՞նչ ծրագրեր ունեք:

    - Սփյուռքի տասը տարիներից հետո, որ գիրք չեմ տպել, հրատարակության եմ պատրաստել երրորդ գիրքս` «Թափուր պարտեզ», որից հետո ծրագրում եմ ռուսերեն թարգմանել երկու պոեմներս և հայերեն-ռուսերեն տպագրել: Դրանից հետո մտադիր եմ տպագրել թարգմանական մի գիրք. հայերեն եմ թարգմանել պաղեստինցի շատ մեծ բանաստեղծ Մահմուդ Դերվիշի քաղաքական պոեզիան: Ես հավատում եմ քաղաքական պոեզիային: Այդ դպրոցը` հատկապես պաղեստինյան շարժումի հետ կապված, ես կրել եմ իմ մեջ, և իմ մեջ է ամբողջ տեղաշարժը, պատերազմը, պայքարը: Ուզում եմ նրան ներկայացնել Հայաստանում:

    Սաքո Արյանի բանաստեղծություններին կարող եք ծանոթանալ մեր կայքում`
    http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/banastexcutyunnere
    http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/amerika-quyrs

Զրույցը վարեց Հասմիկ Խեչիկյանը