«Դիլիջանի» նոր համերգը ԱՄՆ-ում

Artur Avanesov-Dilijan-Season-VI-4-020
     Հարցազրույց կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտագետ Արթուր Ավանեսովի հետ
  Կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտագետ Արթուր Ավանեսովը արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է ակտիվ համերգային գործունեությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս` կատարելով համաշխարհային տարբեր ժամանակների դասական երաժշտություն: Հերթական համերգը տեղի ունեցավ Լոս Անջելեսի Զիպպեր համերգասրահում այս տարվա փետրվարի 24-ին: Համերգը կազմակերպվել էր «Դիլիջան» համերգաշարի շրջանակներում, որի հետ կոմպոզիտորը համագործակցում է արդեն երկար տարիներ: Մինչ այս համերգը նա Լոս Անջելեսի նույն համերգասրահում հանդես է եկել 2010թ.-ին՝ Ա. Բաբաջանյանին նվիրված համերգին, իսկ 2011թ.-ին Քիմ Քաշքշաշյանի հետ կատարել է Տ. Մանսուրյանի «Հայրենների» ալտի և դաշնամուրի համար տարբերակը: Նշենք, որ համերգաշարի ընթացքում բազմիցս կատարվել են նաև Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Բացառություն չէր նաև այս համերգը, որի մասին որոշեցինք զրուցել կոմպոզիտորի հետ:

    - Ինչպես նշվեց, համերգը կազմակերպվել էր «Դիլիջան» համերգաշարի շրջանակներում, կպատմե՞ք համերգի նախաձեռնության և «Դիլիջանի» մասին:
    - Այս համերգը իմ և համերգաշարի տևական համագործակցության արդյունքն է: «Դիլիջանը» հայտնի համերգաշար է, ընդ որում` ոչ միայն հայ համայնքի շրջանակներում: Դրանում թերևս մեծ է նրա ղեկավարի` ջութակահար Մովսես Պողոսյանի դերը: Մենք մեծ ցանկություն ունեինք միասին հանդես գալու, այդ պատճառով էլ ծրագրում ընգրկվեցին Մ. Ռավելի և Բ. Բարտոկի թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար սոնատները, որոնք հրաշալի զույգ են: Երկուսն էլ գրված են  մոտավորպես նույն տարիներին և ներկայացնում են XX դարասկզբի կամերային երաժշտության լավագույն կողմերը:

   - Համերգի ծրագրում հիմնականում ընգրկված էին կամերային ստեղծագործություններ, իսկ, ինչպես գիտենք, Զիպպեր համերգասրահի կառուցվածքը, ակուստիկ հնարավորությունները շատ հարմար են կամերային երաժշտության համար: Դա մտածվա՞ծ ընտրություն էր։
    - «Դիլիջանը» հենց կամերային երաժշտության համերգաշար է, իսկ Զիպպեր համերգասրահը, իրոք, հոյակապ ակուստիկայով սրահ է` մանավանդ կամերային երաժշտության դեպքում: Այդ սրահում տեղադրված էր նոր, հրաշալի դաշնամուր, որը հնարավորություն տվեց իրագործել այնպիսի նրբերանգներ, որոնք այլ դեպքերում ուղղակի անիրագործելի են:

    - Փաստորեն, համերգին Դուք ներկայացաք և՛ որպես դաշնակահար, և՛ որպես կոմպոզիտոր: Ձեր մեծ թվով ստեղծագործություններից ընտրված Էին «...leise...» , «Feux Follets» և «Cadenza»-ն սոլո ջութակի համար: Ինչո՞ւ հենց այդ գործերը որոշեցիք ներկայացնել ամերիկյան ունկնդրին:
    - Իմ ստեղծագոծությունների ընտրությունը նույնպես պատահական չէր: «Cadenza»-ն, անկասկած, Մովսես Պողոսյանի ցանկությամբ էր ընտրվել: «...leise...»-ն արդեն հնչել էր մի քանի տարի առաջ «Դիլիջանի» համերգներից մեկում` կլառնետիստ Ֆիլ օ’Քոնորի կատարմամբ, սակայն ոչ իմ նվագակցությամբ, և նրա նախաձեռնությունն էր կրկնել այդ կատարումը ինձ հետ: «Feux Follets» շարքից վեց պիեսները, որոնցով եզրափակվեց համերգը, ինձ համար անչափ թանկ և կարևոր գործեր են:

    - Ստեղծագործություններից մեկն էլ` «Praise the Lord» սաղմոսն էր երգչախմբի համար, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հենց այդ օրը՝ «Lark» երգչախմբի կատարմամբ (խմբավար Վաչե Բարսումյան): Կպատմե՞ք երգչախմբի հետ աշխատանքի և փորձերի մասին:
    - «Praise the Lord» խմբերգը Չիկագոյի «Soli Dei Gloria» կազմակերպության պատվերն էր, ընդ որում տեքստի ընտրությունը նույնպես նրանց գաղափարն էր: Երգչախմբի հետ աշխատանքը կարճատև էր, բայց շատ ինտենսիվ, քանի որ կատարման համար հատկացված էր միայն երկու փորձ: Ստեղծագործությունը գրելուց հետո միայն գիտակցեցի, որ բավականին բարդ է ստացվել: Սակայն Վաչե Բարսումյանը իր ղեկավարման մեջ ներդրեց իր ողջ եռանդը և լիովին ապահովեց կատարման էմոցիոնալ կողմը:

    - Առաջիկա ծրագրերում նախատեսվա՞ծ է խմբերգի կատարումը Հայաստանում:
    - Երևանում այդ գործի կատարումը դեռևս նախատեսված չէ, սակայն «Հովեր» կամերային երգչախումբը ծրագրել է իմ մեկ այլ խմբերգի պրեմիերան: Խոսքը «Երեք խմբերգի» մասին է` Մ. Ցվետաևայի և Ա. Ախմատովայի տեքստերով:

    - Վերադառնանք «Դիլիջանին»: Որքանո՞վ եք կարևորում այս համերգաշարը XX-XXI դարերի երաժշտության կատարման և պրոպագանդման գործում, և ինչ հնարավորություններ է այն տալիս կատարողներին և կոմպոզիտորներին:
    - Ամենադրական երևույթներից ես կնշեի այն, որ թեպետ «Դիլիջանի» նպատակներից է հայ նոր և հին երաժշտության ներկայացումը, այնուամենայնիվ կենտրոնացած չէ բացառապես հայ երաժշտության կատարման վրա: Համերգաշարի ընթացքում հնչում են թե՛ դասական երաժշտություն, թե՛ տարբեր ազգերի ժամանակակից հեղինակների գործեր: Նմանատիպ կոնտեքստում հայ երաժշտությունը հնչում և ընկալվում է նորովի, ընդհանուր եզրեր գտնում համաշխարհայինի հետ, լավագույնս բացահայտում իր ինքնատիպությունը: Ուստի, «Դիլիջանի» պատվերով գրված տարբեր ստեղծագործությունները (այդ թվում, օրինակ, Տ. Մանսուրյանի Լարային տրիոն, Ա. Զոհրաբյանի «Նովելեթը», Վ. Շարաֆյանի մի շարք երկեր) հանդես են գալիս որպես յուրօրինակ կամուրջներ հայ երաժշտական մշակույթի և այսօրվա համաշխարհային երաժշտական երևույթների միջև: Կատարողներին էլ, բնականաբար, հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ նոր երկերին, համագործակցել միջազգային համբավ ունեցող կոլեգաների հետ և հարստանալ նոր փորձով ու տպավորություններով:   
                                                                                    Հարցազրույցը վարեց Սոնա Հայկազունը
                          

                         Արթուր Ավանեսով - Quand l'aubespine fleurit (2011)

                         
Համերգի մյուս կատարումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 
Արթուր Ավանեսով - Let Us All Hear Angels Singing The Worship Of Light (2011) http://www.youtube.com/watch?v=3ygAa7RD8nw&feature=youtu.be
Արթուր Ավանեսով - Ruba'i (2012) http://www.youtube.com/watch?v=eS8yDfOi6xI&feature=youtu.be
Արթուր Ավանեսով - Poesia inacabada de soledad (2011) 
http://www.youtube.com/watch?v=S2HMcbX82A0&feature=youtu.be
Արթուր Ավանեսով - Cadenza for Aram Khachaturian's Violin Concerto

http://www.youtube.com/watch?v=DsrdWhdGLMU 

Բ. Բարտոկ՝ Սոնատ թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար http://www.youtube.com/watch?v=z3oxgiSjf9U&feature=youtu.be