Չեմ նշմարում որևէ արահետ

sergey sarinyan

  - Պարոն Սարինյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր առանձնահատուկ հետաքրքրությունը ժամանակակից գրականությամբ և առավել ևս երիտասարդներով, որոնց ավելի հաճախ քամահրանքով է մոտենում ավագ սերուդը:

    - Դա իմ բնույթն է: Ես չեմ կարող ինչ-որ բան սկսել կամ ինչ-որ բան մտորել առանց օրվա նորություններին հաղորդակցվելու: Այդպես էլ իմ հետաքրքրությունը ժամանակակից գրականության և մասնավորապես երիտասարդ գրողների գրական որոնումների հանդեպ: Դա գրականության պատմաբանի իմ ներքին մղումն է: Գուցե բնորոշիչ չէ «քամահրանք» ածականը, բայց որ ինչ-որ խզում այնուամենայնիվ առկա է գրական սերունդների միջև, անվիճելի է: Քամահրանքն ուղղված է երիտասարդ գրողների փոքր-ինչ հավակնոտ պահվածքին և «հեղափոխության» աղմկարարությանը:

    - «ժամանակակից արձակում` հատկապես երիտասարդ սերնդի գրական փորձերում, նկատելի է հոգեբանական դեֆորմացիան, «մտագարությամբ սարքված» պարականոն սյուժեներում Աստծուն հաղորդակցվելու մանկամիտ հայտնությունը: Իրոք, զգացվում է կյանքի բարդ խորշերը թափանցելու հետազոտական անկարողությունը և դրա դիմաց գրող երևակայելու ինքնամեծար խաբկանքը: Պարանոյա»[1]: Չափից դուրս ծայրահեղ չէ՞ արդյոք այս գնահատականը, չէ որ այն կարող է պարզապես փակել տաղանդավոր գրողի զարգացման ուղին:

    - Զարգացումը իբրև բնապատմական օրինաչափություն միայն վերընթաց չէ: Երբ երկաթը ժանգոտում ու քայքայվում է, դա նույնպես զարգացում է: Այդպես է նաև բնական ու հասարակական կյանքում: Այս իմաստով երիտասարդ գրողների ստեղծագործությունը զարգացման ցուցանիշ չունի: «Մտագարությամբ սարքված» արտահայտությունը իմը չէ, այլ երիտասարդ գրողների հովանավոր Գուրգեն Խանջյանինը: Եվ գտնում եմ` Խանջյանը միանգամայն գիտակցաբար է օգտագործում այդ արտահայտությունը: Անկումը համատարած է: Պոեզիան հոգու անձկության էրոտիկ դեգերումներից այն կողմ չի անցնում, արձակը պարզապես գեղարվեստական իրականություն չունի, չունի տեսահորիզոն, փիլիսոփայական աշխարհայեցություն, ուստի և գեղագիտական իդեալ:

    - Այսօր գրականությունն ո՞ւր է գնում, ինչ տեսական ընդհանրացումներ կարելի է անել արդեն ստեղծվածից ելնելով:

    - Կանխատեսել, թե ուր է գնում գրականությունը, դժվար խնդիր է, առավել ևս արդի գրական ընթացքի պարագայում: Գրական պրոցեսը խճճված է տարաբնույթ և մոլար միտումների ճահճում: Համակարգիչը դարաշրջանի գյուտն է, իմացական մեծ հեռանկար ունի: Սակայն նա բերում է նաև բացասական ազդակներ, որից օգտվում են գրական և ոչ գրական դիլետանտները: Եվ ամենից առաջ գրագողության ախտը:

    Չեմ նշմարում որևէ արահետ Գուրգեն Խանջյանից հետո: Գրական դաշտում ավագ սերունդն է`Ռուբեն Հովսեփյան, Լևոն Խեչոյան, Պերճ Զեյթունցյան, Նորայր Ադալյան, Հովհաննես Գրիգորյան, Վարդան Հակոբյան, Հենրիկ Էդոյան, Ալեքսանդր Թոփչյան, Հակոբ Մովսես, Վահագն Գրիգորյան:

    - Հին և նոր սերնդի կապը ինչպե՞ս կբնութագրեք: Կա՞ խզում, ընդվզում, թե՞ երիտասարդները շարունակում են կամ գուցե կրկնո՞ւմ են իրենց անմիջական նախորդներին:

    - Հին ու նոր սերնդի կապը խզված է, և կարծես այդ խզումը հաստատելուն են կոչված «Գրեթերթ» և «Գրանիշ» պարբերականները: Իրենց «աշխարհն» ունեն, գրական իրենց մանիֆեստները: Մի բան է միայն պակասում` տեսությունը, այսինքն փիլիսոփայական ավարտվածությունը անավարտ սյուժեների վերջավորությամբ: Շնորհալի երիտասարդներ կան, բայց նրանց պետք է գիտական զարգացում:

    - Գրաքննադատությունը այսօր որքանո՞վ է արձագանքում, որքանո՞վ է նպաստում գրական դաշտի ձևավորմանը:

    - Գրական բարքերի կարգավորողը քննադատությունն է, որը լայն ասպարեզ պետք է ունենա գրական մամուլի էջերում: Սակայն մեր գրական մամուլը միանգամայն անհաղորդ է իր կոչումին: «Գրական թերթում» նկատելի է որոնումների ու նորության դրական միտում, և ենթադրում եմ, որ նա կդառնա գրական շարժման առաջատարը: «Նորքը» գեղեցիկ օազիս է գրական շարժման արդի ընթացքում, սակայն ակադեմիական իր պահվածքով կարծես հակում չունի իջնելու գրական խոհանոցի մանրուքների մակարդակին: Մնում է «Գարուն» ամսագիրը, որը իր արդի վիճակով պարզապես փոշիացած է: Խմբագիրը ամսագրի ճակատագիրը հանձնել է զանազան անանուն բախտախնդիրների, որոնք փորձում են նրա էջերում մարել իրենց հիվանդագին կրքերը: Ամենաթողությունը գրականությունն աղավաղել է կեղտաջրի անմաքուր խառնուրդով: Պետք է մաքրել գրական բարքերը բարոյական աղտեղությունից, բանսարկուների խարդավանքներից:

    - Որո՞նք են այսօր գրականության տեսության առջև կանգնած խնդիրները: 20-րդ դարի առաջադրած բազում մեթոդներից ո՞րն է այսօր առավել արդիական և նպատակահարմար: Ի՞նչը կարող է նպաստել հայ տեսական մտքի զարգացմանը:

    - Ինձ թվում է, որ պետք է ազատագրվել 20-րդ դարի առաջադրած մեթոդների խճճանքից և սթափ վերանայել դասական մեթոդների ուսանելի սկզբունքները: «Ես թքել եմ սիմվոլիզմի և ամեն մի իզմի վրա: Իմ ծերունին ծերունի է, ծովը ծով»,- ասում է Հեմինգուեյը: Այս իմաստով արդի գրական պրոցեսի համար ոչինչ չասող բնորոշիչներ են պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ և նման սահմանները, եթե դրանք օգտագործվում են քմահաճ ազատության համար, առանց գիտական-փիլիսոփայական իմաստի գիտակցման:

    - Ինչի՞ վրա եք աշխատում հիմա, ինչ ծրագրեր ունեք:

    - Խմբագրել և տպագրության եմ պարաստել Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» մենագրությունը: Գրել եմ առաջաբանը` արժեքավորելով ուսումնասիրության գիտական նորույթը և միաժամանակ առաջադրել մեթոդաբանական որոշ դրույթներ սայաթնովագիտության հետագա զարգացման համար:

    Տպագրության եմ պատրաստել «Հայոց գրականության պատմություն» ակադեմիական վեցհատորյակի 3-րդ հատորը (նոր շրջան), որն ընդգրկում է գրականությունը 17-րդ դարից մինչև 19-րդ դարի 70-80-ական թվականները: Հատորի խմբագիրն է գրականագետ Սիրանուշ Մարգարյանը:

                                                                                                            Զրուցեց Հասմիկ Խեչիկյանը



[1] Սերգեյ Սարինյան, Մինչև անդունդի եզրը (Գուրգեն Խանջյան «Ենոքի աչքը»), «Գրական թերթ», 2012-ի թիվ 38: