Բայց դա իմը չէր, և ես դրա համար սրտացավ չէի

Arsen-Babajanyan
    Մարդու համար ի՞նչն է ամենից ավելի սիրելի: Կյանքը, որովհետեև միայն նրա հետ են կապված մեր բոլոր ձգտումները, ամբողջ նպատակները, բոլոր հույսերն ու ցանկությունները: Յուրաքանչյուր մարդու կյանքը, եթե նա հասկանում է, որ ինքը մարդ է, այն ժամանակ է միայն կատարյալ, երբ նա զգում է, որ ձգտում է ինչ-որ վեհ բանի, ոչ թե իր նեղ եսասիրական շահերի իմաստով, այլ ընդհանուր մեծ գործի համար պայքարող առաջավոր մարդկանց վեհ նպատակի իմաստով: Տարբեր զգացողությունների, ընկալումների, պատկերացումների, ինչպես նաև՝ սրանցից բխող հիշողությունում «պահեստավորած» պատկերների հիման վրա սկիզբ է առնում մտածողության ֆունկցիան։ Վերջինս արտաքին աշխարհի զգացողական ընկալումները վերափոխում է գիտելիքների մի համակարգի՝ հասկացությունների ընկալումների և փոխհարաբերությունների վերաբերյալ։
    Կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը մեր զրույցի ընթացքում փորձեց իմ կողմից առաջադրված հասկացությունների էական հատկություններն առանձնացնել, որոնք  արտահայտում են առարկայի, երևույթի, գործողության վիճակը, որակը։ Սրանք առաջանում են իրականությունից վերացարկվելու պայմաններում: Եվ այսպես սկսվեց...
 
    Ժամանակ: Ժամանակի վերաբերյալ իմ հիմնական մտահոգությունն այն է, որ չի կարելի ընդմիջում տալ կողմնորոշվելու համար: Խոսքը չի գնում անվերջության մասին: Ոչ, ուղղակի ասում եմ, որ հնարավորություն տրվի մի պահ կողմնորոշվելու, հասկանալու, թե ինչ ենք անում, իսկ դրանից հետո «միապաղաղ» թող ընթանա կյանքը, անկասելի և իհարկե մոտենա իր մայրամուտին: Սիրով մոտենա:
 
    Ծանոթություն: Ծանոթություն… բարդ բան ես ասում: Վերջերս մի գրառում ունեցա. «Իմ CV-ն իմ ընկերներն են»: Հետո անգամ բանավոր կատակում էի, թե ինչ-որ ծրագրի դիմելիս կրկին CV ուզեն, ընկերներիս կուղարկեմ, կասեմ ահա ես: Իսկ ընկերները ոչ այլ ինչ են, քան ծանոթություններ: Շատ կարևոր հարցերում ինձ առաջ են մղել իմ ընկերները, ու նրանց արածը վճռական դեր է ունեցել իմ կյանքում, կամ մեծ նախաձեռնություններում:
      Ես իրենց լիարժեք պատասխան չեմ տվել:
    Բայց նաև լինում է հակառակը, շատ հաճախ ծանրանում եմ իմ ծանոթությունների քանակից, երբեմն բազմաթիվ մտերմությունները ինձ սկսում են խանգարել, ճնշել... մի քիչ անբացատրելի բան է իհարկե: Պարբերականությունը մի քիչ հեռացնում է հաստատակամությունից, իսկ դա իր հերթին երկարակյացությունից: Վերջինս հավերժականության հետ շոշոփվելու երևակայական բավարավածություն է: Նաև կուզենայի հիշել Ֆրեդդի Մերկուրիի խոսքերը. «Եթե անգամ դու նստած ես խնջույքին, որտեղ հավաքված են քո բոլոր մտերիմները, դա դեռ չի նշանակում, որ դու միայնակ չես»:
 
    Տարածության զգացում: Տարածության ու ժամանակի մասին հաճախ միասին են խոսում, թեև դրանք ոչ միշտ են միատեսակ հասկացությունների մեջ համատեղելի: Ամեն դեպքում տարածությունը մնում է նյութեղեն մի երևույթ: Իմ կարծիքով մենք հիմա մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ տարածությունը թե՛ փոքրանում է և թե՛ մեծանում: Դրդապատճառը ինֆորմացիան է և համացանցը: Այժմ մենք կարող ենք ցանկացած երկրի ամենափոքրիկ գյուղի մասին իմանալ, անգամ տեսնել, այսինքն քարտեզը շատ մանրանում է, ինչ-որ առումով կարելի է ասել՝ մոտիկանում է: Բայց մյուս կողմից էլ այս բազմազանությունից կարծես վերանում է ամբողջականությունը: Տարածության մասին խոսակցությունը կարելի է շատ ենթագլուխների բաժանել և երկար խոսել: Հայրենիքից հեռու լինելը մի առանձին թեմա է տարածության խոսակցության կոնտեքստում, սիրեցյալից հեռու գտնվելը՝ մեկ այլ: Վերջինիս դեպքում ես համաձայնության եմ գալիս այն հայտնի աֆորիզմի հետ, որում ասվում է, որ տարածությունն ու բաժանումը սիրող զույգերի համար նույնն է, ինչ քամին կրակի: Ուժեղ խարույկը այն ավելի է բորբոքում, թույլը՝ մարել տալիս: Այսպես տարածության թեման վերածվեց բաժանման թեմայի, որը սակայն լրիվ ուրիշ խոսակցություն է:
 
    Անզգայացում: Վտանգավոր մի բան: Կարող է լինել տարբեր պատճառներով: Առանց առաքելության զինվորը մարտի դաշտում, երբ առաջին անգամ մարդ է սպանում և իրեն դրա համար չեն պատժում, նա շոկ է ապրում՝ ենթադրում եմ: Քանզի նա մարդ է սպանում և չի դատապարտվում: Բայց հետո ինքն իրեն պետք է մի անզգայական վիճակի մեջ գցի, հակառակ դեպքում կարող է խելագարվել:
   Հաճախ է մարդ ստիպված լինում ինչ-որ երևույթների առջև իրեն անզգայացնել, դրանք հաղթահարելու համար: Դա կարծես ինքնապաշտպանիչ մի հնարք լինի: Լինում է և հակառակը, երբ միջավայրն է բերում այդ անզգայացման, այսինքն՝ դրսից ներս է ազդում: Հիշում եմ՝ եղբայրս Մոսկվայում ուսանելու տարիներին մի աշխատություն էր գրել՝ «Нейтрализм»: Հիմա արդեն մանրամասն չեմ հիշում, բայց բովանդակությունը կարծեմ հենց դրա մասին էր:
   Լինում է շրջան երբ երևույթները, իրադարձությունները, սովորությունները քեզ մոտ ցնծություն չեն առաջացնում: Ընդ որում, նշանակություն չունի, թե ինչ տեսակի երևույթների մասին է խոսքը՝ դրական, թե բացասական: Մարդը, հանդիպելով անհայտ և ակնհայտ այլասեռության, առաջին անգամ ցնցում է ապրում, երկրորդ անգամ ևս, բայց աստիճանաբար սովորում է դրան, իր բնությամբ, նա ուժ չունի ամեն անգամ արձագանքելու, զարմանալու նույն երևույթի կապակցությամբ, այսպիսով արդեն համակերպվում է: Սա էլ իր տեսակի մեջ անզգայություն է:
 
    Ֆիզիկական ցավ: Երբեմն շատ ավելի նախապատվելի երևույթ, քան հոգեկան ցավը: Այն ավելի նյութեղեն է, բռնելի: Հաճախ նաև՝ կառավարելի: Ցավը երաժշտության պես մի բան է, տարածվում է ժամանակի մեջ: Ես դեռ փոքր հասակից ինձ սովորեցրել էի, երբ ասենք ոտքս մի տեղ ուժեղ հարվածում էի, գիտեի, որ այդ պահին ժամանակը կանգ չի առնում, իսկ ցավը անցնելու համար ընդամենը ժամանակ է հարկավոր, և այդպես սպասում էի այդ ժամանակի ավարտին: Եղել են դեպքեր, երբ ես գիտակցաբար գնացել եմ դեպի ցավը: Խոսքս իհարկե մազոխիզմի մասին չէ, բայց նման դեպքեր էլ են եղել: Գրեթե ամեն մի երկրորդ մարդ ինչ-որ գանգատներ ունի, ինչն իր մարմնին լիարժեք հագիստ չի տալիս, բայց այդ գանգատները պետք է անտեսել, չնկատել, այլապես չես կարող գործովդ զբաղվել: Հայտնի է, որ Չապեկը մշտապես տառապում էր ողնաշարի ցավերից, բայց եթե նրա ողնաշարը ներքուստ կոտրվեր, նա չէր գրի իր հիանալի ստեղծագործությունները: Լինում է նաև այնպես, որ ֆիզիկական ցավն այնքան ուժեղ է կամ երկարատև, որ վերածվում է հոգեկան ցավի: Սարսափելի բան է, կոտրում է մարդուն: Հազարից մեկն է այդ պարագայում կարողանում լուսավոր միտքը պահպանել:
 
    Քուն: Կարևոր մի բան: Ամեն մեկի մոտ անհատապես կարգավորվող: Մարդիկ կան՝ գերադասում են գիշերը քնել և ինչ-որ կերպ վայելում են այդ ժամերը: Մարդիկ էլ կան ափսոսում են այդ ժամանակը քնելու վրա վատնել: Կան գիշերային մարդիկ և ցերեկային, հաճախ միմյանց հարցնում են դրա մասին, թե ինչ տեսակին է պատկանում դիմացինը: Բայց ինձ համար չկա նախապատվելի ժամանակ: Հավասարապես որքան գիշերային մարդ եմ, այդքան էլ ցերեկային: Գուցե նախկինում ավելի գիշերային էի:
   Առհասարակ քունն ինձ մոտ ասոցացվում է անքնության հետ, իսկ անքնության մասին ես խուսափում եմ խոսել, այնպես որ...
  Կուզենայի նշել. որ քնի միջոցով է, որ մարդ հաղորդակցվում է երազների հետ, իսկ երազները մարդու կյանքում ամենաառեղծվածային իրողություններից են:
 
    Հարազատ հնչյուն: Երկրիս վրա ամենաառեղծվածային երևույթներից մյուսը երաժշտությունն է: Անբացատրելի մի բան: Անգամ անհասկանալի է, թե ինչպես է մարդ երաժշտությունից հաճույք ստանում, կամ ինչ-որ բաներ հասկանում: Իսկ երաժշտությունը հնչյունների ներդաշնակ ճարտարապետություն է: Սիրելի երաժշտությունը՝ հարազատ հնչյունների համադրություն: Առհասարակ հնչյունը կամ ձայնը բացառիկ մի երևույթ է: Որքան մեծ նշանակություն կարող է ունենալ սիրելի կնոջ ձայնը և որքան դուրեկան է, երբ այն ճանաչելի է, սիրելի: Կամ որքան մարդ է սիրահարվել զուտ մարդկային հնչերանգին՝ հեռախոսալարի հակառակ ծայրում լսվող ձայնը ստիպել է առանց տեսնելու մտածել, որ այդ կինը աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Եվ եթե նույնիսկ, դա այդպես չէր, միևնույն է, ձայնը չէր կորցնում իր արժեքը ինքնին: Հիշում եմ` մի անգամ գնացքով ուղևորվում էի Բեռլին և ընթացքում շատ նուրբ ու գայթակղիչ ձայնով մի կին պարբերաբար տարբեր հայտարություններ էր անում: Ես մտածում էի, ինչ նրբազգաց կին պետք է լինի այս ձայնի և ինտոնացիայի տեր անձնավորությունը: Ես արդեն պատկերացնում էի նրա նրբագեղությունը, սանրվածքը, վարքը, շարժ ու ձևը... Ավելի ուշ գնացքում ես տեսա աշխատակիցներից մեկին, որը նաև տոմսերն էր ստուգում: Դա շատ գեր մի կին էր, երբ անցնում էր նստատեղերի արանքով, լիովին փակում էր անցումը և եթե տոմս չունենայիր ու փորձեիր փախուստի դիմել, հնար չէր լինի: Նրա մազերը շատ կարճ էին կտրված, կարմրավուն ներկած, փոքր ինչ գզգզված: Ինչևէ, ես մոտեցա նրան ու բարեհամբույր կերպով հարցրեցի, արդյոք ուշացումները կանդրադառնան նաև Բեռլինին: Կինը շատ անտարբեր ինչ-որ պատասխան տվեց, նման մի բան. «Ոչինչ չի բացառվում»: Ինձ պետք է դիմավորեին, այդ պատճառով ես փորձեցի կոնկրետություն մտցնել և հարցրեցի. «Իսկ մոտավորապես ինչքա՞ն կարող է ուշանալ գնացքը», ինչին եվրոպացի կինը հայկական մունաթով պատասխանեց. «Կարող է մի րոպե, կարող է և մի ժամ» և գնաց հեռու ինձանից, մի երկու մետր հեռավորության վրա: Մինչ ես փորձում էի հասկանալ՝ արդյոք նրա չկամության պատճառը իմ լեզվի ոչ լավ իմացությունն է, նա վերցրեց ինչ-որ էլեկտրական սարք և սկսեց ինչ-որ բան խոսել: Ես չէի լսում, թե նա ինչ է խոսում հեռավորության վրա, բայց ես նկատեցի, որ անմիջապես ամբողջ գնացքով կրկին լսվեց հաճելի ձայնով կնոջ խոսքը:
   Իհարկե հնչյունը միայն ձայնը չէ, ցանկացած բան է հնչյուն՝ շշուկը, աղմուկը... Հիշում եմ Լեհաստանի գյուղերից մեկում (գյուղ էլ չէր անգամ), նստած էինք բաց պատշգամբում: Ուշ գիշեր էր, տարբեր ձայներ էին լսվում: Շուրջը գրեթե ոչինչ չկար, անգամ այլ տներ չկային: Մերթընդմերթ շատ հեռվից լսվում էր գնացքի ձայնը, կարելի է ասել՝ անգամ գնացքի ձայնի արձագանքը: Տարբեր կենդանիներ, միջատներ պարբերաբար ինչ-որ ձայներ էին հանում: Եվ այդ ձայներն ու հնչյունները որոշ ժամանակ հետո վերածվեցին որոշակի օրինաչափական շարժման: Ծառերը, քամին, մարող կրակը ամեն մեկն իր տեղը ուներ այդ ամբողջության մեջ: Քիչ անց ներկաներս անվանեցինք այն «գիշերային սիմֆոնիա», և դեռ երկար վայելեցինք այն: Իհարկե գինին էլ իր դերակատարումն ուներ:
 
    Տուն: Հասկացություն, որը պետք է հանդարտություն բերի հոգուն, բայց  երբեմն ստիպված ես տան ցավին դիմանալ, ինչը մեկ այլ դեպքում չէիր անի: Երբ ես Հայաստանը մի փոքր սրտնեղած էի լքում, ինձ ասում էին. «Ի՞նչ ես կարծում, այդ նույն բացասական բաները ուրիշ տեղ չկա՞ն»: Ես վստահ էի, որ կան և գուցե շատ ավելին, բայց դա իմը չէր, և ես դրանց համար սրտացավ չէի:
 
Զրուցեց Էլեն Յոլչյանը
Լուսանկարը՝ Ու. Պազնիակի