Աստված մեզ հրել է երկիր ու մոռացել

IMG_0024

  Հարցազրույց գրող, հրապարակախոս Հուսիկ Արայի հետ

     - Հուսիկ, որպես գրող, որպես մարդ, որպես լրագրող իմ տպավորությամբ հոռետես ես: Այդպե՞ս է:

    - Առհասարակ, որպես մարդ ծայրահեղական եմ` և´ լավի մեջ, և´ վատի: Որպես կանոն` դպրոցում ստանում էի հինգ և երկու: Ե´վ մի փոքր լավ բան տեսնելիս ոգևորվում եմ, և´ մի փոքր վատ բանից սարսափելի տխրում: Սա է. իմ բնավորությունն է, իմ խառնվածքը: Միջին վիճակ չունեմ, ծայրահեղությունից ծայրահեղություն եմ: Հոռետեսությունս էլ (չէի ուզի այդ բառն օգտագործել իհարկե) այդտեղից է գալիս:

    - Վա՞տն է շատ հասարակության մեջ, թե՞ դու այն չափազանցված ես տեսնում:

    - Ես տեսնում եմ այն, ինչ կա. իմ վերջին գրքում ես գիտությունից վերցված փաստեր եմ մեջբերել բանաստեղծություններիս մեջ, աշխարհը կործանման է գնում, դա ես չեմ ասում, գիտնականները, փաստերն են ասում:

    - Կան նաև դրական փաստեր, ինչո՞ւ ես դրանք ընտրում:

    - Գրողը պետք է մատը դնի վերքի վրա: Այդպես որ լինի, շատ մեծ գրողների, որոնց հետ ես ինձ չեմ համեմատում, կարելի է հոռետես համարել:

    Վերջին 15-20 տարում մեր կյանքը հետընթաց ունեցավ բոլոր ասպարեզներում… Բարոյալքվեց այս ազգը, կորցրեց բոլոր դավանած արժեքները և խորհրդանիշերը, որոնք պետք է պահպաներ… Սրա համար ես միայն ցավ եմ զգում… սա իմ ժողովուրդն է, իմ երկիրն է, որտեղից ոչ մի տեղ չեմ գնալու: Բայց արդեն հասուն տարիքում լիովին հասկացա` ինչ է հայը. սա նյութապաշտ, անհավատ մի ժողովուրդ է:

    - Իսկ գուցե ամբողջ աշխա՞րհն է նյութապաշտ: Ժամանակակից հասարակությունն ու հարաբերությունները կառուցված են հենց շահի վրա: Եվ գուցե սա հայի հատկանիշը չէ, այլ ժամանակի:

    - Երբեք դրսում չեմ եղել… Բայց գիտեմ, որ հենց նույն Երևանում երբ մի լավ բան եմ տեսնում, գլուխս բարձրացնում եմ, տեսնում եմ` հայ չէ… Մի քանի օր առաջ գլուխս կախ անցնում էի օպերայի մոտով, մեկ էլ տեսա աղջկա ազդրեր, որի վրա գիրք է բացված… Զարմացա, ասի` ա´յ մարդ, ավանդույթը վերականգնվում է` Երևանում փողոցում նստած գիրք են կարդում, գլուխս բարձրացրի, տեսա` կորեուհի է:

    Դուրս արի փողոց և հարցրու մարդկանց` ինչպես ես պատկերացնում ապագադ, վստահ եմ, միայն նյութական արժեքներ են ասելու, չի գտնվելու մեկը, որ հոգևոր արժեք ասի: Աշխարհն այդպիսին չէ…

    Իր հազարամյա պատմության մեջ երբեք մեր ժողովուրդն այսքան բարոյալքված չի եղել… Եվ չկա մեկը, որ կոչնակը հնչեցնի և ասի` ո՞ւր եկանք, ինչի՞ հասանք, ո՞վ է մեղավորը, եկեք պատասխան տվեք: Ես չգիտեմ` ով է պատասխան տալու. երեք նախագահները հավասարապես` իրենց վարչակարգով, եթե ոչ այսօր, ապա վաղը` պատմության դատաստանի առջև:

    - Քո այս տրամադրության հետ կապ ունի՞ վերջերս լույս տեսած գիրքդ` «Աստծո հետ խոսելու ժամանակը»:

    - Աստված մեզ ստեղծել, հրել է երկիր և մոռացել: Այնտեղ խոսք կա ուղղված նաև Փրկչին, որ 2000 տարի է սպասում ենք, բայց չես գալիս... Ի վերջո, եթե երկրի վիճակի համար պատասխանատու են իշխող այրերը, ապա երկրագնդի համար էլ Աստված է պատասխանատու: Եթե նա մոռացել է մեզ, այդ դեպքում ո՞ւմ ապավինենք: Ասում ես` հոռետես ես, բայց ես իրականությունն եմ տեսնում: Աստված ասում է` ամեն ինչ իմ կամքով է, այդ դեպքում ամբողջ այս դժոխքը երկրի վրա իր կամքով է: Գուցե դժոխք է ստեղծել, որ ուշքի գանք ու չե՞նք գալիս...

    Հոռետես եմ գուցե այնքանով, որ վախենում եմ, երբ Փրկիչը գա, նրան նորից կսպանեն: Միայն թե այս անգամ խաչելու փոխարեն դիպուկահար կվարձեն:

    - Եթե մտածում ես, որ Աստված չի լսում մարդուն, ապա ինչո՞ւ ես դիմում նրան: Գուցե այնուամենայնիվ հավատում ես, որ կլսի՞:

    - Դե, մի բանի պետք է հավատաս... Իհարկե, տարբեր կոմերից եմ փորձել մոտենալ. ներկայացրել եմ նաև Աստծո անպաշտպանությունը. մարդն ասում է, այս բանը ինձ տուր, ես կաղոթեմ, և եթե հանկարծ չի ստանում, հայհոյում է Աստծուն: Այնպես որ Աստծուն նաև այդ վիճակում եմ տեսել:

    - Խոսիր գրողի կերպարի մասին, բոհեմի մասին, քո և նոր սերնդի նմանությունների ու  տարբերությունների մասին:

    - Գրողը մի քանի կյանքով պետք է ապրի, ամեն ինչ պետք է իմանա, ամեն ինչ փորձի: Բնավ էլ չեմ ընդունում խորհրդային այն կարծիքը, թե գրողը չափանիշ է, հերոս, բայց ինքը իր քաղաքացիական պահվածքով, այնուամենայնիվ, պետք է օրինակ լինի: Չի լինի, չէ՞, որ գրողը լինի գցող, խաբող… պետք է մի քիչ բարձր լինի: Գրողն է, որ պետք է տեսնի թափառող շանը ու կերակրի, մուրացկանին տա, ընկերոջն օգնի, մարդու ցավով ապրի… Ես չեմ ասում` գրողը ավելին է, բայց նա տարբեր է:

    Բայց, ամենակարևորը, գրողը պետք է լինի ազատ: Բոհե՞մը... Ես երևի այդ սերնդի վերջին ներկայացուցիչն եմ, որն ինչ-որ չափով ապրել է այդ բոհեմը: Ես խմել եմ բոմժերի հետ և շփվել պաշտոնյաների հետ: Գրողը պետք է և´ ներքևում լինի, և´ վերևում, որ տեսնի ամեն ինչ: Իհարկե ամբողջ կյանքում բոհեմի մեջ լինելն էլ չեմ ընդունում, շրջաններ են, որ պետք է անցնես:

    Իմ ժամանակ մի քիչ ուրիշ էր, մի քիչ թշվառ բոհեմ էր. ավելի ծանր էր, հաց չկար, որ երեխայիդ տայիր ու հաճախ, այս անելանելի վիճակի մեջ ապրելով, սկսում էիր խմել… Բոհեմը որն է, խմում էինք, թափառում… Դրանից է ծնվել իմ «Լուսանցքի մարդիկ» գրքի «Թեթև տողեր փողոցի աղջկան» և «Քաղաք» շարքերը:

    Նոր սերնդի հետ տարբերությունը գրական առումով մեծ չէ, գրեթե չկա տարբերություն, բայց պրակտիկ լինելու առումով` հսկայական է: Այս սերնդի մոտ ավելի հաշվարկված է ամեն ինչ: Մենք այլ կերպ էինք ապրում... էսօր փող ունեմ` կծախսեմ, վաղը չունեմ, մյուսն ունի` կասեմ պարտքով տուր: Հիմա այդպես չեն: Նաև գրականության մեջ են այդպես` պրակտիկ, հաշվարկված... Ազատություն չկա: Ասում են՝ ազատ սերունդ: Բայց ազատ էր 60-ականների սերունդը, և´ գրականության մեջ, և´ արվեստում առհասարակ, 80-ականների, 80-ի վերջում գրականություն մտած սերունդը... Հիմա ավելի կոմպլեքսավորված են:

    Իմ ավագ սերունդը պոետիկ առումով ավելի բարձր էր: Նրանից հետո պոեզիան լուրջ նվաճումներ չի կարողացել տալ: Արձակը լավ միտումներ ունի, տեսնենք՝ ուր կտանի:

    Սեռական օրգանները նշելով և նկարագրական բաց տեքստեր տալով չի նշանակում, որ իրենք ազատ են, դեռ չի նշանակում, որ դա բարձր գրականություն է, բարձր պոետիկա է: Ես «Բուրմունքի հիշողություն» շարքը գրեցի նաև նրա համար, որ ցույց տամ, որ կարելի է գրել ամենաբաց տեքստը, բայց պետք է արվեստ տաս, փողոցային մակարդակից բարձր լինես: Ազատությունը հոգու ազատությունն է, կարող է մեկը ծաղկի մասին գրել, բայց զգաս, որ ազատ է: Բաց լուսանկարչական տեքստերը արվեստ չեն և ազատության նշան չեն:

    Թվում է, թե սահմաններ չկան հիմա, ինչ ուզես՝ կարող ես գրել, բայց մտքով սահման պիտի դնես: Ինչպես վերլիբրում է, որը չափ չունի, բայց դրա մեջ դու քո չափը պետք է սահմանես:

    - Մնայուն անուններ նոր սերնդի միջից կլինեն թե չէ, ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում, կարծես թե նրանք ապահովում են զգալի մակարդակ, և կարող են դառնալ միջավայր այն անհատների համար, որոնք մնայուն արժեքներ են ստեղծելու...

    - Մակարդակ, բնական է, կա... բայց ոչ բոլորի մոտ: Տասից մեկն է մնալու: Նախ որ գրականությունը շահեկան չէ, և շատերը թողնելու են գրականությունը... Շատերն են կոչված, բայց քչերն են ընտրված... Մեր ընտրյալներն ովքեր են, որ կհասնեն մինչև վերջ, գրական ծանր բեռն ուսերին առած կգնան` գիշերը չքնելով, իրենց կյանքի հաշվին, ընտանիքի, նեղության... Բայց այդ դեպքում էլ մի քիչ կիսատ-պռատ է դառնում: Մենք անվերջ սոցիալական խնդիրների մեջ ենք թաթախված... դու կարող ես հաց չուտել, բայց երեխադ պետք է ուտի...

    Այնուամենայնիվ, անուններ կան... մի քանի բանաստեղծություն, շարք տեսնում ես, ասում ես` լավն է, նաև ոգևորում, ասում ես` լավն է` իր թերություններով հանդերձ... բայց ո՞նց կշարունակեն, կշարունակե՞ն, թե՞ չէ... Փխրուն է շատ:

    - Քո կարծիքով, որտե՞ղ է սխալը կամ թերացումը:

    - 21-րդ դարում դու այլևս համաշխարհային ընթացքի մեջ պետք է քեզ տեսնես, մատդ դնես այդ զարկերակին: Այսօր դու չես կարող լինել քո բակի պոետը, քո քաղաքի պոետը, անգամ քո երկրի պոետը:

    Այսօր աշխարհը տաղանդների պակաս չունի, և լավ գրելը շատ քիչ է: Իմ դիտարկմամբ և´ արձակում, և´ բանաստեղծության մեջ կառույց չկա: Պատմվածքները մի տեսակ հատվածատիպ են, անպոչ ու անգլուխ, բանաստեղծությունները՝ նույնպես... Ինչպես մարդն ունի կառուցվածք` գլուխ, իրան, թևեր, ոտքեր, այնպես էլ բանաստեղծությունը պետք է ունենա... Տեսնում ես՝ մարմնից մի մաս դրել են, ասում են` սա բանաստեղծություն է: Ասենք շատ գեղեցիկ է, երբ կրծքերն են դնում, բայց... Երբեմն մտածում եմ, ասում եմ՝ գուցե հիմա էլ այդպես է, բայց ախր գործը պետք է սկիզբ ու վերջ ունենա, շատ են հեռացել կառույցից: Հաճախ տեսնում ես, որ բանաստեղծության մեջ կայծ կա, հենց այդ կայծը տեսնելով ասում ես` օ՜, լավն է, բայց որ խորանում ես, այդ մի տողի մեջ այդ մի կայծն էր:

    Բայց դե բնավ էլ մեր ազգի արգանդը չի չորացել, միշտ ծնվել են ու կծնվեն տաղանդներ, սա մի ժողովուրդ է, որ անկախ իրենից ծնում է տաղանդներ: Տաղանդներ ծնող ժողովուրդ է, բայց նաև իր տաղանդներին տեր չկանգնող, իր տաղանդներին ոչնչացնող ժողովուրդ:

Զրույցը վարեց Հասմիկ Խեչիկյանը