Արվեստի միջոցով մոտեցում կյանքին

vahagn vardumyan
    Զրույց յոգայի ուսուցիչ, նկարիչ-ճամփորդ Վահագն Վարդումյանի հետ 
 
    Վահագն Վարդումյանը ՀՀ-ում Հիմալայան Յոգայի կենտրոնի հիմադիրն է: Կրթություն է ստացել ՀՀ-ում Կարեն Ասատրյանի մոտ, ով իր հերթին սովորել է Հիմալայներում: Հետագայում Հիմալայներում և Դելիում է վերապատրաստվել նաև Վահագնը:
 
    - Գիտեմ, որ արդեն 17 տարի է, ինչ յոգա եք կիրարկում: Ինչի՞ց սկսվեց:
    - Յոգա սկսել եմ կիրարկել ստիպված լինելով, ունեի առողջական խնդիրներ, իսկ բժիշկները չէին կարողանում ինչ-որ կոնկրետ բանով օգնել, անընդհատ մեկը մյուսի մոտ էր ուղարկում, նույնիսկ ախտորոշում, որպես այդպիսին, չեղավ: Բարեբախտաբար, գտա Կարեն Ասատրյանին, որը հետո դարձավ իմ յոգայի ուսուցիչը: Առաջին փորձերս արեցի ուշ աշուն-ձմեռ էտապում: Ձմռանը գետը մտա այն դեպքում, երբ մինչ այդ նույնիսկ տանը չէի մտել սառը ջրի տակ: Հետո սկսեցի զգալ, որ իրականում մեր օրգանիզմում ավելի շատ ռեսուրսներ կան, քան մենք գիտենք, քան նույնիսկ բժիշկները կարող են պատկերացնել: Սկսեցի ուսումնասիրել. մի երկու ամիս համառորեն անելով այն ամենը, ինչ ուսուցիչս ասում էր՝ ստացա շատ մեծ արդյունք, ապաքինվեցի, ոգևորվեցի ու սկսեցի ուսումնասիրել նաև փիլիսոփայական շերտերը: Գնալով հետաքրքրությունն աճեց. մինչև հիմա կան բաներ, որ դեռ սովորում եմ, որովհետև դա անվերջ է, ծայր չկա:
 
V Vardumyan   - Այսօր շատերն են յոգան կրոնի հետ շփոթում: Ի՞նչ է յոգան իրականում:
    - Յոգա նշանակում է կապ, միություն՝ մարդու և բնության, մարդու և տիեզերքի, մարդու և այլ մարդկանց, այլ էակների միջև, հնարավորին չափ գլոբալ կապն է դա: Յոգան կրոն չէ, ուղղակի տարբեր կրոններ տարբեր ժամանակներում այն օգտագործել են որպես գործիք: Առհասարակ յոգան բավական ճշգրիտ գիտություն է: Օրինակ, ես կարող եմ ինձ մոտ եկած նորեկի այդ պահի դրությունը, աշխատասիրությունը վերլուծելով ասել, թե նա որքան ժամանակում ինչերի կարող է հասնել, եթե ռիթմը պահի:
 
     - Ինչի՞ց է սկսվում յոգան կիրարկելը և որո՞նք են դժվարությունները:
   - Յոգա կիրարկելը սկսվում է կենսակերպ փոխելուց. նորեկները լրիվ զրոյական պատրաստվածությունից մտնում են ներքին վարպետության վիճակի մեջ, ինչը հեշտ չէ, այդ իսկ պատճառով փորձում եմ զգույշ մտցնել նրանց այդ վիճակի մեջ: Մարդուց նույնպես  շատ բան է կախված, քանի որ յոգան աշխատանք է ինքդ քո անձի հետ, եթե դու այդ աշխատանքն անում ես բարեխղճորեն, առանց ինքդ քեզ խաբելու, դրսևորում ես աշխատասիրություն ու համառություն, հնարավոր չէ, որ արդյունք չլինի:
 
v.vardumyan    - Կա՞ն արդյոք այնպիսի սկզբունքներ, որոնք չի կարելի խախտել:
    - Յոգայի ասպարեզում կարևոր սկզբունք կա՝ հիսուն տոկոս գիտելիք, հիսուն տոկոս փորձ, այլապես յոգան ուղղակի իրական չի լինի:
 
    - Ըստ Ձեզ, որն է յոգայի անհրաժեշտությունը: Պատրա՞ստ է արդյոք այսօրվա հասարակությունը այն ընկալելու:
    - Յոգան շատ ուժեղ է և ունիվերսալ. ամեն իրավիճակում կարող է փրկող դեր ունենալ: Մեր հասարակությունը պատրաստ է նոր բաներ վերցնել, եթե դրանք ճիշտ մատուցվեն, իսկ դա արդեն կախված է յոգան մատուցողի կամ կիրարկողի ուշադիր մոտեցումից:
 
    - Կա՞ մի այնպիսի հատուկ եղանակ, որով վարում եք Ձեր յոգայի դասընթացները:
    - Ես յոգայի պարապմունքները սիրում եմ անցկանցել կենդանի ֆորմատով, սովորաբար չեմ տալիս վարժությունների և տեխնիկաների անունները, որ ավելորդ մտավոր աշխատանքի կարիք չլինի: Ասում եմ վարժությունների նշանակությունը, բնույթը, բայց սանսկրիտերեն անուններով չեմ ծանրաբեռնում, քանի որ դրանք շատ երկար են և հավելյալ ժամանակ են պահանջում: Ինձ մոտ աշխատում է վիզուալ կոնտակտը, հետևում եմ, որ դրա միջոցով կարողանան սերտել վարժությունները:
 
vahagn vardumyan    - Վերջին տասը տարում Դուք շատ եք ճամփորդել: Ինչպե՞ս սկսվեցին Ձեր ճամփորդությունները և ի՞նչ ընթացքի մեջ են հիմա:
    - Ճամփորդությունները սկսվեցին 2004-ին, երբ ես սկսեցի այցելել փառատոների, սկզբում մենակ, հետո թիմեր տանելով: Այդ ժամանակ իմ և ընկերներիս համար այդ փառատոները նորություն էին, հետո արդեն այդ փառատոնային-մշակութային վիճակները մտան ապրելակերպիս մեջ ու սկսեցի ավելի ակտիվ մասնակցել: Վերջին մի տարին է, որ համեմատաբար քիչ եմ ճամփորդում երկրից դուրս, բայց երկրի ներսում եմ շատ ճամփորդել: Շուտով նորից կսկսեմ. արդեն մի քանի միջոցառումներ կան Լատվիայում, Վրաստանում ու էլի այլ տեղերում՝ մի տեղ որպես մասնակից, մի տեղ որպես թիմի ղեկավար կամ էքսպերտ: Միշտ ուրախ եմ մի փուլից հետո մյուսին անցնել՝ ճամփորդել հետո հանգստանալ. կյանքում ամեն ինչ էլ փուլերով է, ռիթմերով՝ սրտի աշխատանքից սկսած վերջացրած մնացած ամեն ինչով:
 
    - Ճամփորդելուն զուգահեռ զբաղվում եք նաև տուրիզմով: Որքանո՞վ է յոգան օգնում տուրիստների հետ շփումներում:
    - Օտարերկրացի տուրիստների հետ հանդիպումները դինամիկ են անցել: Պատահել է նաև, որ մարդը փնտրտուքների մեջ է եղել, սկսել ենք զրուցել և յոգայի միջոցով ստացած իմ ներքին ինքնաճանաչման ներուժը ցունամիի պես նրա մեջ սկսել է ինչ-որ բան փոխել, մարդը պահի տակ ամբողջ կյանքի համար որոշում է կայացրել իմ աչքի առաջ, ու ես սկսել եմ մտածել՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է դա տեղի ունենում: Շատերը, օրինակ, բուսակեր են դարձել: Ես ինքս բուսակեր եմ, փաստորեն երբեմն այնքան համոզիչ է հնչում փաստարկը կամ ինքնավստահ ասված խոսքը, որ մարդիկ փոխվում են: Մարդկային ներաշխարհի հետ աշխատանքը ինձ գնալով ավելի է հետաքրքրում:
 
vogelamp-v.vardumyan    - Դուք ինքներդ Ձեզ բնորոշում եք որպես նկարիչ-ճամփորդ: Այդ դեպքում ի՞նչ տեղ ունի յոգան Ձեր կյանքում:
    - Ընդհանրապես յոգան ինձ համար բնական դարձած, առօրեական վիճակ է, ապրելակերպ, այդ իսկ պատճառով որպես կոչում հանդես չի գալիս: Իմ կյանքը հիմնականում արվեստի հետ է կապված, չնայած արվեստն ու յոգան ես հաճախ եմ իրար հետ կապում, քանի որ ապրելու արվեստ է, կարելի է ասել՝ արվեստով մոտեցում դեպի կյանքը: Արվեստը որպես հոգու, սրտի համար արվող մի բան, յոգան՝ բացի այդ երկուսից՝ նաև մարմնի: Ստացվում է լավ համադրություն: Կարծում եմ, որ իմ ունեցած հնարավորությունների, ներուժի, ճակատագրի բերումով եղած իրադարձությունների ֆոնին, ինչքանով հնարավոր է եղել, կարողացել եմ պահել համամասնությունը: Երևի յոգայից է գալիս, որ ամեն ինչի հանդեպ փորձում եմ կոմպլեքս, համապարփակ մոտեցում ունենալ. յոգան ասում է, որ միայն ֆիզիկական, միայն հոգևոր կամ միայն մտավոր կատարելությունը այն չէ, պիտի լինեն երեքը միասին: Այս նույն երեք ասպեկտները կան բոլոր ոլորտներում, մշակույթի տարբեր ճյուղերում:

    - Արվեստի որ ճյուղերն են այժմ գտնվում Ձեր հետաքրքրությունների շրջանակում:    
    - Նախընտրում եմ սինթետիկ արվեստները, քանի որ դրանց մեջ տարբեր ճյուղեր կան հանդես եկող, ինչն օգնում է ավելի ներդաշնակ ինքնակատարելագործվելուն: Թատրոնը, կինոն, լինելով սինթետիկ արվեստներ, ավելի մեծ հնարավորություն են ստեղծում, որպեսզի մարդն ինքնաարտահայտվի և նաև ավելի հասկանալի լինի աշխարհին: Կինոյի ասպարեզում տիրապետում եմ նկարահանման և տեսամոնտաժման որոշ հմտությունների, և ինչը նաև դասավանդել եմ բազմաթիվ անգամներ: Ինքս սկսել եմ փոքրիկ ֆիլմեր նկարելուց, դրանք երբեք շատ երկար չեն եղել, ամենաերկարը՝ մոտ մեկ ժամ, բայց դրանք եղել են ավելի շատ սիրողական:
vahagn-vardumyan    Փորձում եմ ինտերնետից կտրվել, լինել ավելի շատ օֆլայն իրականության մեջ, որովհետև գործի բերումով երբեմն չեմ նկատում, թե ինչպես եմ նորից հայտնվում ինտերնետային չափման մեջ: Ինչպես որ ինտերնետից եմ փորձում կտրվել, այնպես էլ թվային կինոյի վիճակից եմ փորձում դուրս գալ և մտնել, այսպես ասած, օֆլայն կինո, այսինքն՝ թատերարվեստ: Ես թատերական կրթություն չունեմ, բայց մի հետաքրքիր բան կա՝ յոգան ունի մարդուն ճկունացնող հատկություն, և ես կարծում եմ, որ յոգայի բերած միստիկ ալիքների շնորհիվ իմ մեջ մտել են ինչ-որ բաներ, որոնք ինձ օգնում են այդպես արտահայտվել: Հաճախ յոգայի ոլորտից հյուրեր ենք ունենում արտասահմանից, և մեր երկիրը, նրա հարստությունները ներկայացնելու համար էլ պետք է գալիս մի քիչ ավելի յուրահատուկ, թատերականացված, ստեղծագործ մոտեցում:
    Իսկ քանի որ նկարիչ եմ, իմ կյանքում նկարչությունը միշտ առկա է ինչ-որ ձևով: Երբ նոր տարածք եմ մտնում, որ պետք է վարձակալեմ, սիրով դիզայնը անում եմ ինքս: Յոգայի հետ կապված զանազան իրերի, երբեմն նաև հագուստների դիզայնը ինքս եմ անում: Հիմա տուրիստների հետ եմ աշխատում, նրանց համար գյուղական տներ եմ ձևափոխում, որտեղ մնալը ավելի հետաքրքիր կլինի, քան ինչ-որ հյուրանոցում: Իրենք էլ են դա սիրում, ես էլ:
 
V. Vardumyan - Ինչո՞ւ անհատական ցուցահանդեսով հանդես չեք գալիս:
    - Որպես նկարիչ անհատապես հանդես գալ չեմ սիրել երբեք, դա ինձ համար հնչել է որպես էգոյի համար արվող մի բան, այնինչ ինձ պետք է աշխարհի հետ շփվել հնարավորինս դինամիկ ու անկաշկանդ: Դրա համար որոշ պարագաներում գերադասում եմ անանուն արվեստը, ինչպես օրինակ՝ փողոցային արվեստը, պատերին նկարելը, քան, ասենք, գնալ, ցուցադրվել, որ բոլորը իմանան, որ դա ես եմ, որ դա իմ աշխատանքն է:
 
    - Ի՞նչը Ձեր մեջ հետաքրքրություն առաջացրեց փողոցային արվեստի հանդեպ, ե՞րբ սկսեցիք զբաղվել դրանով:
    - Առաջին փորձերս արել եմ 2004-ին պլակատային արվեստում: Կա միջազգային ցանց, որ կոչվում է Լյուշե: Այնտեղ հավաքվում են տարբեր երկրների, տարբեր մշակույթների մարդիկ. ընտրում այն լեզուն, որով կարող են շփվել, և անում են ստեղծագրության (creative text writing) հանդիպում, որը կարող է տևել մի քանի ժամից մինչև մեկ-մեկուկես օր: Նրանք շրջան են կազմում, սկսում են գեներացնել հետաքրքիր գաղափարներ, հետո այդ ամենը այնքան է հղկվում, մինչև դառնում է մի քանի արտահայտություն, որոնցով մարդիկ ուզում են հանդես գալ ժամանակի շնչին համապատասխան, փակցնել պատերին: 2008-ին, երբ Վիլնյուսում էի, ավելի խորացա այս և մի քանի այլ նման ուղղությունների մեջ: Իմ ուսումնասիրածն ու իմ նախասիրությունները բոլորը հավաքեցի ու սկսեցի ինքս ստեղծել այնտեղ փողոցային արվեստի նմուշներ՝ օգտագործելով այնպիսի նյութեր, որոնք էժան են, չեն վնասում, շինությունների վրա երկար չեն մնում. բաներ կային, որոնք ուղղակի կախում էի ինչ-որ սյուներից, մարդիկ կարող էին գալ, վերցնել և տանել:

vogezard-v.vardumyan    - Դուք պատրաստում եք նաև ոգեզարդեր, ոգելամպեր և ոգեժամեր: Որքանո՞վ են զարդերի անվանումները կապված յոգա անվան հետ:
    - Հնարավոր է, որ սանսկրիտերեն յոգի՝ յոգա և հոգի (գրաբարով՝ յոգի) բառերը կապ ունեն իրար հետ, վերջնական կարծիք ես դեռ չեմ լսել: Մենք այն smart crafts-v-vardumyanազգերից ենք, որոնք հոգևոր են եղել միշտ, ու հիմա էլ բավականին հոգևոր ենք, յոգան էլ ամբողջովին հոգևոր է, հոգևոր ինքնաճանաչման արվեստ. առաջին տեղում միշտ լինում է հոգևոր ասպեկտը, չնայած որպեսզի հոգևորը լիարժեք կայանա, պետք է հոգևորը, ֆիզիկականն ու մտավորը հավասարապես զարգացնել, բայց դրա նպատակը երբեք կրակ կուլ տալը կամ ապակիների վրայով ման գալը չէ, նպատակը միշտ հոգևոր կատարելության հասնելն է: Ես ոգեզարդ անունը ստեղծեցի երկար փնտրտուքներից հետո, որովհետև զարդերը դրսում էի ստեղծել և անվանումը անգլերեն էր` smart crafts (smart՝ խելոք, ունիվերսալ, crafts՝ ձեռքի աշխատանք): Երբ այդ երկուսը իրար միացրի, անգլերենում շատ լավ հնչեց ու ընդունվեց միանգամից տարբեր երկրներում. այնտեղ մեծ ու փոքր ցուցահանդես-վաճառքներ հաճախ եմ արել: Հայաստանում ներկայացնելու համար ես ցանկացա, որ անվանումը հայերեն լինի, չթարգմանվեց (խելոք արվեստ ծիծաղելի կհնչեր), և որոշեցի գտնել այնպիսի բան, որ կսիրվի: Փաստորեն սիրվեց, շատերն են ասել, որ ինքը իր բնույթին բռնում է՝ և՛ կատարում է զարդի դեր, և՛ կա ոգեղեն ինչ-որ բան:
 
    - Բացի Հիմալայան յոգայից կազմակերպում եք նաև արշավներ, կինոդիտումներ, ավազանկարչության հանդիպումներ: Ո՞րն է յոգային այս ամենը հավելելու գլխավոր նպատակը:
    - Ավազանկարչությունը ինտուիտիվ արվեստներից է, վերջերս չի հաջողվում շատ դրանով զբաղվել, բայց երբ որ ինքս եմ զբաղվում խմբից դուրս, ես դրա մեջ տեսնում եմ ներքին նուրբ որակների զարգացման ևս մի տարբերակ, որը վրձինով կամ մատիտով նկարելու համեմատ ավելի բարդ է, Vahagn-Vardumyanպահանջում է կենտրոնացման ավելի բարձր մակարդակ, պետք է նախապես հաշվարկել ձեռքի շարժումը, մի քանի շարժումները միասին անուղղակի կերպով բերում են մի պատկերի. եթե դա պրոյեկտենք կյանքի վրա, կա այսպիսի ճակատային գործելու տարբերակ՝ սա արեցի, սա եղավ, ու կա ավելի անուղղակի գործելու տարբերակ, երբ ինչ որ գործ ես անում, բայց առաջին հայացքից պարզ չէ, թե վերջում ինչ կլինի: Իմ կարծիքով այս զուգահեռը արդեն բնութագրում է ավազանկարչության դերը ինձ համար՝ որպես նկարիչ: Նպատակն այն է, որ կապ ստեղծվի մարդու ներզգայական որակների ու ֆիզիկականի միջև, օրինակ՝ մարդը կարող է յոգա կիրարկել երկար ժամանակ, բայց այդպես էլ հոգևոր կամուրջ չստեղծվի, բայց երբ դրան գումարվում են ավազանկարչությունը, կինոդիտումը և այլն, մարդիկ դահլիճ են մտնում մշակութային տրամադրվածությամբ: Մշակութային միջավայրում միմյանց հետ շփվում են և դրանով զգում են ևս մի քանի նրբերանգ, ինչը շատ կարևոր է: Միայն յոգան՝ չոր ու ցամաք, այն չէ, քանի որ յոգայում կա հասարակությունը սիրելու, հասարակության հետ շփվելու, հասարակությանը ինչ-որ բան տալու շատ կարևոր միտումը: Հիմա հասարակությունը այնքան շատ բան է ստանում՝ գունագեղ գովազդներ և այլն, հաճախ անիմաստ, որ դրանց տակ էլ տեղ չի մնում այլ իմպուլսների, այդ պատճառով եթե ուզում ես ինչ-որ բան տալ մարդկանց, պետք է հաշվի առնես նաև այն, որ դա պետք է լինի հնարավորինս ավելի գունագեղ, հետաքրքիր, զբաղեցնող, ունենա նոր շունչ, որպեսզի մարդիկ դա վերցնեն: Առհասարակ, Յոգա կիրարկելն անհատից պահանջում է մեծ ջանք և մարդասիրություն:
 
v.-vardumyan    - Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք մարդու մեջ:
    - Մարդկանց մեծ մասին հատուկ են վախերը՝ հիմնականում մանկությունից եկող բաներն են, որ հեշտությամբ չեն վերլուծվում: Եթե հասարակությունը չունի այդ վերլուծման մեխանիզմի մատուցման տարբերակ, մնում լճանում են, ընկնում ենթագիտակցություն, ինչը ինքնին նշանակում է կիսատեսանելի մի բան, իսկ մարդը երբեք չի կարող ադեկվատ մոտեցում ունենալ այն ամենին, ինչը կիսով չափ է տեսնում կամ հասկանում: Շատ հին կրոնական-փիլիսոփայական դպրոցներում էլ, որպես ծես, կա վախից ազատագրումը, և փիլիսոփայության մեջ նունպես դա կարևորվել է` գիտակցել՝ ով ես դու, տեսնել քո բոլոր ներքին անկյունները, հասկանալ ու շարժվել ըստ դրա. միայն այդ դեպքում մարդը կարող է լինել անվախ, հետևապես՝ լուսավոր և ուժեղ: Ես կասեի, որ եթե մարդու մեջ գլոբալ առումով ինչ-որ բան փոխելու կախարդական փայտիկը իմ ձեռքին լիներ, ես կսկսեի ներքին վախերի ազատագրումից: Իրականում աշխարհում վախենալու բան չկա, քանի որ հնարավոր վտանգ կա ամեն ինչում, ստացվում է՝ պիտի ամեն ինչից վախենալ, իսկ ես առաջարկում եմ ոչնչից չվախենալ:
Զրուցեց Աննա Կարապետյանը