ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ ԵՄ ՄԵԾԱՑԵԼ․ ՌԱՅԱ ԲԱԲԱՅԱՆ

Raya-Babayan1
    Երևանում բացվել է Ceramic Art Studio-ն, որտեղ կերամիկայի և բատիկայի հմուտ մասնագետները տարբեր տարիքային խմբերի անձանց սովորեցնում են պատրաստել կավե իրեր, թրծել, ներկել, ինչպես նաև նկարազարդել դրանք։ Cultural.am-ը զրուցել է ստուդիայի մասնագետներից խեցեգործ-նկարիչ Ռայա Բաբայանի հետ։

Կավ էին տալիս ձեռքս, որ ձայնս կտրեի
    Ծնվել եմ խեցեգործ-նկարիչների ընտանիքում։ Պապիկս քանդակագործ էր (քանդակագործ Նորայր Աղաջանյան,-հեղ․): Մայրս ու մորեղբայրս խեցեգործությամբ են զբաղվում։
    Փոքր ժամանակ կավ էին տալիս ձեռքս, որ ձայնս կտրեի։ Մի անգամ էլ շատ ծարավ էի, մայրիկի սեղանին նյութեր էին դրված, ջրի փոխարեն սկիպիդար էի խմել։ Մեծացել եմ այդ մթնոլորտում։ Այնպես չէ, որ եկավ մի տարիք ու անսպասելի որոշեցի արվեստագետ դառնալ։

Վախենում էի մկներից, որոշեցի քանդակել
512    Ամենասիրելի աշխատանքս մկների հավաքածուն է։ Մեր արվեստանոցը նկուղային հարկում է, այնտեղ մկներ կային. ես նրանցից վախենում էի։ Երբ ակադեմիայում հանձնարարեցին կենդանիներ պատրաստել, որոշեցի որ իմ նատուրան հենց մկներն են լինելու։




Բնության հետ կապված ամեն ինչ սիրում եմ
516    Դիպլոմային աշխատանքս բիոնիկա էր, ուներ պատի հատված և ծաղկամաններ։ Բնության հետ կապված ամեն ինչ սիրում եմ։ Պատկերել էի օդի և ջրի տարրերը. նկարելիս գծեր էի քաշում, հետո բացահայտում էի, որ ջրի տարր է կամ ծառի մի ճյուղ։
    Շատ էի սիրում այդ գործս։ Յոթ ամիս շարունակ ամեն օր աշխատել եմ։ Հիմա այն դրված է ակադեմիայում։ Կարծես շատ թանկ մի բան անվերադարձ տված լինեմ մեկ ուրիշին. ուզում եմ այդ գործի կրկնօրինակն անել ինձ համար:

Ուրեմն լավ եմ արել, որ այդպես են մտածում
    Սովորել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ-կիրառական արվեստ (կերամիկա) բաժնում։ Երբ գործերս նայում էին, ասում էին՝ մայրդ է արել։ Ես էլ դիտմամբ վատ էի անում, ասում էի՝ մայրս վատ չէր անի։ Վիճում էի, նեղանում էի, չէի գնում քննություններին և այլն։ Տարիներ են անցել։ Հիմա ինձ նույնիսկ ուրախացնում է, երբ ասում են՝ դու չես արել, մայրդ է արել, մտածում եմ՝ ուրեմն լավ եմ արել, որ այդպես են մտածում։

Ceramic Art Studio-ի ծնունդը
    Երբ ավարտեցի,  մայրս առաջարկեց, որ ստուդիա բացենք, և ես կկարողանամ աշխատել ու կերամիկայով հետաքրքրվողներին կսովորեցնեմ։ Ուզում էինք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ազատ ստեղծագործել։ Հիմա երեխաներ են հաճախում, բայց հնարավորության դեպքում կաշխատեմ նաև մեծերի հետ, քանի որ բոլորից էլ ինչ-որ սովորում ես։
    Երեխաների հետ աշխատելիս լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Ամեն մեկն  անհատական մոտեցում է պահանջում։ Դժվար է, բայց երբ հասկանում ես նրանց լեզուն, հեշտ է դառնում։ Սովորեցնում եմ պատրաստել կավե ափսեներ և բաժակներ, թրծել ու ներկել դրանք, հետո նաև բատիկա ենք սովորելու։ Ուզում եմ, որ ստուդիա հաճախողները տեղեկացված լինեն ու իրենց ոլորտից դուրս չզգան։

Արվեստանոցներ՝ շենքի նկուղային հարկերում
   Հանրապետական հիվանդանոցի մոտ գտնվող օդաչուների շենքի նկուղային հարկերը ժամանակին արվեստանոցներ են եղել։  Հիմա մնացել է երկու-երեք արվեստանոց։ Դրանցից մեկը պապիկինս է եղել, որը փոխանցվել է մայրիկիս։
    Մեր արվեստանոցի դիմաց Ռուբեն Շահվերդյան արվեստանոցն է, որը հիմա  քանդված է: Պահպանվել է միայն «Սայաթ-Նովա» կերամիկայից աշխատանքը, որը պահվում է մեր արվեստանոցում։ Երբ հարցնում են՝ ոնց եք արել, ասում ենք, որ Շահվերդյանի աշխատանքն է։

Երկար ժամանակ ինձ արվեստանոց չէր թողնում
    Մայրիկին դուր չէր գալիս, որ իր հետ արվեստանոց էի գնում։ Սովոր էր մենակ, լռության մեջ աշխատելուն, իսկ ես անընդհատ հարցեր էի տալիս։ Սկսեցի գնալ, գործ անել և արդեն ինքն էր առաջարկում, որ հաճախ լինեի այնտեղ։ Ամենալավ պահերը արվեստանոցում եմ ապրել։ Երևի միակ տեղն է, որտեղ ինքս ինձ հետ եմ, իմ միջավայրում։ Արվեստանոցը ուրիշ աշխարհ է։ Այնտեղ պապիկի, մայրիկի աշխատանքներն են, պատմություն կա։ Ոչ մի բանի հետ չեմ փոխի այդ ամենը։

Մեր արվեստանոցում Մինասն է եղել
    Մինաս Ավետիսյանն ու պապիկս մտերիմ են եղել։ Պապիկս պատմում էր, որ Մինասի հետ արվեստանոցում աշխատում էին։ Միասին նկարում էին, զրուցում, լինում էին օրեր, երբ արվեստանոցում էլ գիշերում էին։ Հիմա էլ, երբ Մինաս Ավետիսյանի անունն են տալիս, կարծես պապիկս լինի, այդքան թանկ է ինձ համար։

Դասական, ջազ երաժշտություն և ճարտարապետական էլեմենտներ
    Սովոր չեմ ինչ-որ մեկի աչքի առաջ աշխատելուն։ Պետք է մենակ լինեմ։ Միացնում եմ դասական կամ ջազ երաժշտություն ու սկսում ստեղծագործել։ Երաժշտությունն օգնում է կտրվել իրականությունից։ Ոգեշնչվում եմ նաև ճարտարապետությունից։ Միշտ լուսանկարում եմ Երևանի, Գյումրու հին շենքերը ոչ թե նրա համար, որ գեղեցիկ կադրեր են, այլ որ հետո գործերումս օգտագործեմ այդ տարրերը։

Զրուցեց Աննա Կարապետյանը