ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆԵՐՆ ԻՆՁ ՄԻՇՏ ԳՐԱՎԵԼ ԵՆ

Ararat-Minasyan
    Սեպտեմբերի 4–ին «Դալան» ցուցասրահում բացվեց նկարիչ Արարատ Մինասյանի «Արտացոլանքներ ու․․․» խորագրով ցուցահանդեսը։
    Cultural.am-ի զրուցակիցն է Արարատ Մինասյանը։


   
   
    - Ինչու՞ «Արտացոլանքներ»։
    1154- Մանկությունից արտացոլանքներն ինձ միշտ գրավել են, եթե ուղղակի  ֆորմալ առումով նայենք։ Երբ հասակ առա, միտքս սկսեց այդ ամենը վերածել ինչ-որ կոնցեպցիայի։ Սկսեցի գաղափար փնտրել այդ ամենի մեջ։ Հասկացա, որ այն իրականությունը, որում մենք ապրում ենք,  ինչ-որ տեղ արտացոլված մի բան է։  Չեմ կարող վստահ լինել իրական է, թե անիրական այն, ինչում, որ մենք ապրում ենք, մանավանդ այս՝  հայելիների դարաշրջանում, երբ տեսնում ես քո շրջապատը անընդհատ տարբեր տեսանկյուններից, քեզ համար անորոշ ու անհասկանալի,    դրան գումարած երկրորդ՝ զուգահեռ իրականության մասին մտքերը (մեզնից անկախ ևս մեկ իրականություն կարող է գոյություն ունենալ) և նաև արտացոլանքը՝ որպես մի այլ հարթակ ինքներս մեզ կողքից նայելու։
    Շատ բարդ կոնստրուկցիա է։ Երբ վերածում ես դա նյութի, այսինքն՝  նկարում  ու ցույց ես տալիս, օրինակ՝ գունդ, որի մեջ արտացոլված է ինչ-որ X միջավայր։ Չես կարող ասել՝ հենց այդ գնդի մեջ է իրականությունը, ինչ-որ մենք տեսնում ենք, թե՞  այն է իրականությունը, ինչի մեջ մենք ապրում ենք: Երբ դու ֆիքսում ես դա,  դրա մեջ դնում ես ինչ-որ գաղափար, երևույթ, որն արդեն իրական է դառնում։ Դու երկու տարբեր բան ես ստեղծում մարդու՝ դիտողի համար։
   
    - Իսկ ի՞նչ իրականություն է պետք արվեստագետին ստեղծագործելու համար։
    1156- Տարկովսկին ասել է՝ աշխարհը անկատար է ու մենք արվեստով փորձում ենք այն կատարյալ դարձնել։ Եթե աշխարհը կատարյալ լիներ, արվեստն ուղղակի չէր լինի։ Թե որն է այդ կատարելությունը՝ ես չգիտեմ․արվեստ կոչեցյալը, որն էլի չգիտեմ, թե ինչ է, այդ խնդիրներից է ծնվում։ Եթե խնդիր չլինի, սահմանը չես անցնի և կլինի ուղղակի պայմանական, աչք շոյող նկարչություն, որը որոշակի չի լինի, այլ չեզոք մի  բան կապահովի մարդկանց համար։

    - Ի՞նչ նորություններ ունի Արարատ Մինասյանը իր արվեստը գնահատողների համար։
    -Սկսել եմ աշխատել մանեկենների շարքի վրա։ Առաջին աշխատանքս այս օրերին  Պեկինում բիեյնալեի է մասնակցում ևս չորս գործի հետ։
    Մանեկենը անշունչ իր է, բայց այդ նկարում երազում է։ Այդ երազանքը ես ցույց եմ տվել մանեկենի արտացոլանքի միջոցով։ Նկարի մեջ ֆանտաստիկ մի բան է արտացոլված․ռեալ, իրական աշխարհ չէ։ Երբ  ցույց ես տալիս այդպիսի անիրական աշխարհ արտացոլանքի պես, դա դառնում է արդեն մանեկենի ներաշխարհը, ինչ-որ տեղ մանեկենի հոգին։
    21-րդ դարի մասին մտածելիս հասկանում ես, որ խոսքը կիբերռեալության մասին է։ Շարքը կոչվելու է «Մարդը մարդուց հետո»։ Արդեն իսկ տարօրինակ գաղափար է, որովհետև մարդուց հետո մա՞րդ, դու չես պատկերացնում նրան որպես ռեալ մարդ, նա այլ պատկերացում է։
   
    - Մանեկենն եք ընտրել, որովհետև անշու՞նչ է, անդե՞մ։
    - Մանեկենը խորհրդանշում է մեզ՝ մարդկանց, որովհետև մենք էլ իրականում ոչ մի բան չենք որոշում․հագուստից սկսած մինչև մեր կենցաղը մենք ինչ-որ ուղղվածությամբ ենք ապրում։ Նրան, ով փորձում է մի փոքր դուրս գալ այդ ուղուց, վանում են հասարակությունից, դատապարտում. նա դառնում է «իքս պերսոնա», հասարակության կողմից չընդունված մեկը։ Այդ ամենը մի կողմ դրած՝ մանեկենին դնում ես այնպիսի միջավայրի մեջ, որ, անշունչ լինելով, փորձում է ինչ-որ բանի մասին երազել։
    Միանգամից ուղիղ համեմատական եմ տանում ինձ հետ․ես երազում եմ. որքանո՞վ է իմ երազանքը կարծրատիպային։ Ինքներդ ձեզ հարց տվեք երազանքի մասին ու փորձեք հասկանալ։ Գրեք՝ «ինչի՞ մասին կարող եմ  երազել», հարցրեք մեկ ուրիշին և այդպես շարունակ։ Կտեսնեք, որ մի ընդհանուր բան կհնչի, թե ինչի մասին են մարդիկ երազում, այսինքն՝ երազանք կոչեցյալը կարծրատիպ է։  
    Կարելի՞ է այդ կարծրատիպից դուրս երազել․շատ կարևոր հարց է ինձ համար։ Մանեկենը այդ հարցին ինչ-որ տեղ պատասխանում է, որովհետև անշունչ է, նույնիսկ չի ընտրում՝ ինչպես իրեն կանգնեցնեն խանութի ցուցափեղկում, չգիտի՝ իրեն ինչ հագուստ են հագցնում, և երբ փորձում է երազել, սկսում են առաջանալ այդ հարցերը։ Ինձ համար կարևոր է, որ նկարները դիտողը սկսի ինքնիրեն հարցեր տալ։
    Շարքը տարբեր նկարներից է բաղկացած լինելու։ Յուրաքանչյուր նկար շոշափելու է մի առանձին խնդիր։ Հիմա աշխատում եմ, բայց երևի երկու տարի կտևի, որովհետև շատ մեծ նախագիծ է: Երբ պատրաստ լինեն շարքի բոլոր նկարները, այդ ժամանակ կորոշեմ, թե որտեղ է ցուցադրվելու այն:
   
    - Գիտեմ, որ Զաքար Դեմիրճյանի հետ աշխատում եք Yerevan Sketchbook-ի վրա։        Ի՞նչ փուլում են աշխատանքները։
    system of a down- Շատ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք պետք է տեղ գտնեին դրա մեջ։ Օրինակ՝ System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում։ Եթե ճեպանկարների գիրքը մի քիչ շուտ տպագրվեր (իսկ մենք այդ ժամանակ post production պետք է մտնեինք), ուղղակի բաց կթողնեինք համերգը։ Ես ուրախ եմ, որ այդպես չեղավ։  System of a Down-ի համերգը և այն հեղափոխական իրականությունը, որում նրանք համերգ տվեցին, մի բան էր առանց որի գիրքը լինել չէր կարող։  
    Հիմա աշխատանքները ավարտական փուլում են։ Աշխարհում sketchbook-երի շատ անալոգներ կան և դրանցից որևէ մեկին չնմանվելու համար անընդհատ աշխատում ենք և ՛ տեքստային մասի, և ՛ նկարների վրա։
   
    - Որո՞նք են ձեր սիրելի ճեպանկարները Yerevan Sketchbook–ում։
   kamurj - Մեծ սիրով եմ աշխատել վերնանցումի նկարի վրա։ Այդ ճեպանկարը ինձ համար դարձավ Yerevan Sketchbook-ի սիմվոլը։
    Միշտ մտածում էի՝ ինչպես նկարեմ Բարեկամության կամուրջը։  Նկարեցի ու հասկացա, որ մյուսներն էլ են զգացել այդ նույն պտույտը, շրջադարձը, որ տեղի է ունենում։
   
   


    «Արտացոլանքներ ու ․․․» ցուցահանդեսը «Դալան» ցուցասրահում (հասցե՝ Աբովյան 12) կգործի մինչև սեպտեմբերի 14-ը։
Զրուցեց Աննա Կարապետյանը