Անօգուտ հարցազրույց Քիքիի հետ

qiqi

   Քիքին (Գրիգոր Միքայելյան) ծնվել է 1956թ. նոյեմբերի 3-ին Երևանում: Դեռ խորհրդային տարիներին ստեղծել է տաշիստական գործեր: Երկրի փլուզումից հետո մեկնել է ԱՄՆ, իսկ եվրոպական արժեքների վերջնական փլուզումից հետո մինչ օրս շարունակում է ստեղծել տաշիստական «Բոբո»-ներ:
   
   -Քիքի՛, նկարելը սովորական դառնո՞ւմ է:

   -Ո՛չ: Սովորական դառնում է, երբ դա քեզ համար վերածվում է արհեստի, երբ անում ես որպես աշխատանք: Անունը դնում են արվեստ և զբաղվում մի ուրիշ գործունեությամբ: Իմ դեպքում, ինչպես որ եղել է առաջին անգամ՝ հրաշքի նման, այդպես էլ մնում է:

   -Այսօր ի՞նչ ես նկարել:

   -Անօգուտ, դատարկ էկրաններ: Դա ազատ, գեղեցիկ վիճակ է, մաքուր կտավի նման: Դա է անօգուտի իմաստը:«От интенсивности, сверхчувственности отсутствия, и причина возникновения мира», այս միտքն ինձ հուշեց նկարներ, որոնք հասունացել էին ինտիմ, փոքր և գերզգայուն լինելու համար:

   -Իսկ որ ասում եմ դու, մտածում ես նկարի՞չ, թե՞ մարդ:
qiqi1

   -Նկարիչ իհարկե, ինձնից ի՞նչ մարդ, անօգուտ մարդ եմ ես: Հազար անգամ ասեն իրենց ուզածները` կանեմ իմ ձևով:

    -Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հնարավորություն տվեց քեզ…

   -Մտածել բոլորովին մի ուրիշ կողմից, ազատվել շատ ու շատ նախապաշարմունքներից՝ սուտ գաղափարախոսություններից դուրս, ներշնչանքից դուրս:

   -Ստից դուրս եկար, ի՞նչ ճշմարտություն գտար:

   -Գտա «Բոբո»-ին՝ իմ հարազատ ընկերոջը, նա իմ դեռ չծնված ես-ն է:Մալևիչը նկարեց  «Սև քառակուսին» և ասաց` վերջ արվեստին ձեր պատկերացրած, Քիքին նկարեց «Բոբո»` ասելով, որ մեծ քառակուսին չունի անկյուններ՝ դա արդեն բոբո է: Ո՛չ շարժում կա, հետևաբար ո՛չ դադար, ո՛չ էլ որևէ առանձին երևույթ, ուրեմն մեկն է միայն՝ ամբողջական սիրո մեջ ազատ ապրող էակ: «Чистая субстанция¦:

   -Քիքի՛, ազատություն ես ընտրել, այլ ընտրություն կարո՞ղ էր լինել:

   -Չէր կարող, որովհետև ընտրություն չկա: Ով որ դա գիտի, հանգիստ ընտրվում է որպես ազատ հոգի: Ազատությունն ինքն է ինձ ընտրել:

   qiqi2-Արվեստի շարունակությունը որտե՞ղ ես տեսնում:

   -Արվեստը հենց ինքն իր շարունակությունն է, ինչպես որ ցանկացած այլ բան: Շարունակությունը ո՞րն է, երբ սկիզբ էլ չկա իրականում:

   -Հետաքրքիր է՝ երբ ես փորձում եմ գտնել պատասխանները, դու հերքում ես հարցերը:

   -Հավատում եմ, որ իրականությունը մեզ ոչ մի պահանջ չի ներկայացնում լինելու կամ չլինելու, անելու կամ չանելու:

   -Այդ դեպքում ինչո՞ւ ես նկարում, երբ կյանքը ոչ մի պահանջ չի ներկայացնում:

   -Ես չեմ նկարում, դա նման է բաց պատուհանի, երբ քամին ներս է մտնում:

   -Վերջում ավելացնենք, որ դու պատվերով գիծ էլ չես գծի:

   -«Դրախտի տոմսը ետ եմ տալիս աստծուն»,-ասում  է Դոստոևսկին: Ես իմը չեմ էլ վերցրել: Այնպես որ, չունեմ պատճառ արժանանալու համընդհանուր դրախտին:

   (ժպտում է (ենթադրում եմ)):

                                                                                                                             Զրուցեց նէն