Մայիսի 13, 20:00 Բեռլինի պետական նվագախումբը Երևանում

 «Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է պատմական իրադարձություն. Բեռլինի պետական նվագախումբը հանդես կգա Երևանում  մեկ բացառիկ համերգով` լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մայիսի 13-ին` ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փառատոնն անց կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տեղեկատու հեռախոս` 077805687:

Բեռլինի պետական նվագախումբ

Գրեթե 450 տարվա ավանդույթներով Բեռլինի պետական նվագախումբն աշխարհի հնագույն նվագախմբերից է: Այն հիմնվել է 1570 թվականին որպես կուրֆյուրստ Յոախիմ II Բրանդենբուրգցու պալատական նվագախումբ։ Իր գործունեության ոլորտը խումբն ընդլայնել է 1742-ին Ֆրիդրիխ Մեծի կողմից թագավորական օպերայի հիմնադրման պահից։ Սկսած 1842 թվականից բազմաթիվ հայտնի երաժիշտներ ղեկավարել են նվագախումբը, ինչպես Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդին, Ռիխարդ Շտրաուսը, Ռիխարդ Վագները, Վիլհելմ Ֆուրթվենգլերը, Հերբերտ ֆոն Կարայանը, այլ դիրիժորների շարքում, որոնք վճռականորեն ազդել են Բեռլինի պետական նվագախմբի գործիքային և մեկնաբանման մշակույթի վրա։ 1992 թվականից սկսած նվագախմբի երաժշտական տնօրենն է Դանիել Բարենբոյմը: 2000 թվականին նվագախումբը քվեարկել է նրան ցմահ դիրիժոր ճանաչելու համար։ Բազմաթիվ համերգային ելույթները ինչպես եվրոպական երաժշտական մեծ կենտրոններում, այնպես ել Իսրայելում, Ճապոնիայում և Չինաստանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, կրկին ու կրկին հաստատում են նվագախմբի բարձրագույն դիրքը միջազգայներեն։ Վերջին տարիների առավել վառ նախագծերից են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների և դաշնամուրային գործերի կատարումները Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում և Տոկիոյում, Շումանի և Բրամսի մի շարք սիմֆոնիաների, Վագների տասը մասից բաղկացած գործերի և բեմական կարևոր ստեղծագործությունների և Վագների "Նիբելունգի  մատանին" եռամաս օպերայի կատարումը Ճապոնիայում։  2000, 2004, 2005, 2006 և 2008 թվականներին Բեռլինի պետական նվագախումբը "Opernwelt" հանդեսի կողմից հռչակվել է «Տարվա նվագախումբ»։ 2003-ին նվագախմբին շնորհվել է Ֆյուրթվենգլերի անվան մրցանակը։ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների նրանց ձայնագրումը 2002 թվականին ստացել է "Ձայնասկավառակների գրան պրի", Վագների "Թանհոյզեր" օպերայի ձայնագրությունը՝ "Գրեմի" մրցանակի, իսկ 2007թ. Մալերի Իններորդ սիմֆոնիայի կենդանի կատարումը՝ «Էքո» մրցանակի։  

Դանիել Բարենբոյմ

Դարաշրջանի խոշորագույն դիրիժոր և դաշնակահար Դանիել Բարենբոյմը ծնվել է Բուենոս Այրեսում, 1942 թվականին։ Նա ղեկավարել է աշխարհի առաջատար օպերային և սիմֆոնիկ նվագախմբերը. 1975-1989 թթ. եղել է Փարիզի նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1991-2006թթ.` Չիկագոյի նվագախմբի երաժշտական տնօրենը, որտեղ նա ընտրվել է ցմահ պատվավոր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1992 թվականին Բարենբոյմը դարձել է Բեռլինի պետական օպերայի գլխավոր երաժշտական տնօրեն և գեղարվեստական ղեկավարը։ 2000-ին Բեռլինի պետական նվագախումբն ընտրել է նրան ցմահ գլխավոր դիրիժոր: Ղեկավարել է ամենահեղիկակավոր նվագախմբերը` Նյու Յորքի Ֆիլհարմոնիկիը, Վիեննայի Ֆիլարմոնիկի ամանորյա համերգը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը: 2006-ից Բարենբոյմը դարձել է  Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր հյուր դիրիժորը՝ Ռիկարդո Մուտիի հրաժարականից հետո։

 

Բարենբոյմն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում Բրիտանական կայսրության ասպետության հրամանատար պատվավոր կարգի մրցանակի, ֆրանսիական Պատվո լեգեոնի, ԳՖՀ-ին մատուցած ծառայությունների համար շքանշանին, պարգևատրվել է Գերմանիայի մեծ խաչով և աստղով։ Ստացել է Վիլլի Բրանդտի մրցանակը, Գերմանիայի մշակութային կազմակերպության բարձրագույն մրցանակը, Իսպանիայի Աստուրիասի իշխանի Կոնկորդ մրցանակը, Վիլհելմ Ֆուրթվանգելի, Վեստֆալյան խաղաղության մրցանակը, Էռնստ ֆոն Սիմենս երաժշտական մրցանակը Վիեննայի Մյուզիքվերայնում, Գյոթեի մեդալը: Արժանացել է Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետի կոչման, Կոնեքս հիմնադրամի ադամանդյա պարգևին, իսկ Մերձավոր Արևելքում իր հաշտարարական գործունեության համար արժանացել է Բուբեր-Ռոզենցվայգ շքանշանին: Քնեսեթում (Երուսաղեմ) նա արժանացել է Իսրայելի Վոլֆ հիմնադրամի արվեստի մրցանակին։ Բարենբոյմը  ստացել է երաժշտական բարձրագույն յոթ  Գրեմի մրցանակ։

 

Դաշնամուրի առաջին դասերը հինգ տարեկանում ստացել է մորից, այնուհետեև` հորից, ով հանդիսացել է նրա միակ դաշնամուրի ուսուցիչը: Յոթ տարեկանում ունեցել է առաջին համերգը: 1952-ին ծնողների հետ տեղափոխվել է Իսրայել։ Տասնմեկ տարեկանում Դանիել Բարենբոյմը մասնակցել է դիրիժորական դասերի Զալցբուրգում։ Վիլհելմ Ֆյուրթվենգլերը, որը նվագել է նրա հետ, գրել է. "Տասնմեկ տարեկան Դանիել Բարենբոյմը ֆենոմեն է": Տաս տարեկանում Դանիել Բարենբոյմը հանդես է եկել միջազգային դեբյուտներով՝ աշխարհի խոշոր երաժշտական կենտրոններում:

Բարենբոյմը հայտնի է որպես Պաղեստինի իրավապաշտպան, հիմնել է Արևմուտք-Արևելք Դիվան նվագախումբը, աջակցել պաղեստինյան երեխաների երաժշտական կրությանը, տրամադրել է դրամական միջոցներ, հիմնել երաժշտական մանկապարտեզներ և Պաղեստինի երիտասարդական նվագախումբը:

2012-ի հուլիսին Բարենբոյմը և նվագախումբն առանցքային դեր են խաղացել՝ BBC-ի համար կատարելով Բեթհովենի ինը սիմֆոնիաները, իններորդը համընկել է 2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը։ Բարենբոյմն է կրել է օլիմպիական դրոշը բացման արարողության ժամանակ։

Բարենբոյմը հանդես է եկել դասախոսություններով  BBC-ի համար, և Հարվարդի համալսարանում: Նա մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև հանրահայտ համալսարանների պատվավոր դոկտոր, պրոֆեսոր:
 
  • Created on .
  • Hits: 1725

Հարակից նյութեր

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: