Ես-ի ու Մենք-ի հանդիպումը

David Muradyan
    Ես միշտ դժվարությամբ եմ հասկանում նրանց, ովքեր լուրջ դեմքով պնդում են, թե աշխարհի մարդ լինելու համար հարկավոր է հնարավորինս վեր կանգնել մեզ կաշկանդող ազգայինից:
    Ես միշտ դժվարությամբ եմ հասկանում նաև նրանց, ովքեր չգիտես ինչու կարծում են, թե «համամարդկային» ասվածը ազգերի ճանապարհին դրված թակարդ է, որն սպառնում է մեր արժեքներին:
    Ինձ չի հրապուրում ոչ առաջինների «լայնախոհությունը», ոչ էլ երկրորդների «հիմնապաշտությունը»: Մտքի ծայրահեղությունները առհասարակ զուրկ են հրապույրից: Դրանք վկայում են մտքի սահմանափակության մասին:
    Ես սիրում եմ երկու հայկական ֆիլմ: Մեկը կոչվում է «Բարև, ես եմ»: Մյուսը`«Մենք ենք, մեր սարերը»: Մեկում իր հողից սերված հայն է`աշխարհի լայն ու անհանգիստ խաչմերուկներում, մյուսում`սեփական սարերին հենված ժողովուրդը: Մեկում անհատն է, նրա բաց ու հարուստ Ես-ը, մյուսում` ազգի իմաստուն հավաքականությունը:
   Բարև ձեզ, ես եմ: Իմ ծնունդով հայ եմ ու մարդ: Ունեմ իմ հիշատակներն ու հավատարմությունը, բայց կարող եմ խոսել բոլորի հետ: Իսկ սա էլ, տեսեք`մենք ենք, ու մեր թիկունքին կանգնած սարերը: Համառ ժողովուրդ ենք, ունենք մեր կենաց արմատը, այստեղ ապրում ենք, սիրում ու վիճում, հնձում թեք լանջերին բուսած խոտը ու խոսում աշխարհի բաներից: Միայն թե չմտածեք, որ փակ աչքերով ընդունում ենք մեզ մատուցված ամեն մի ճշմարտություն:
    Մի ժամանակ այս երկու ֆիլմերը հակադրում էին: Իբրև թե` ո՞րն է ավելի հայկական, ո՞ր ուղղությամբ է գնալու մեր կինոն, ու միանգամից պարզ էր դառնում, որ խոսքը ոչ այնքան կինոյի , որքան մեր ընդհանուր աշխարհայացքի և ընդհանուր ապրելակերպի մասին է:
    Բայց ես հիշեցնեմ, որ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ ավարտվում է Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը: Իր կյանքն ու կորուստները վերապրած ֆիզիկոս Մանվելյանը (իսկ ավելի պարզ` Արմեն Ջիգարխանյանը) վերջին կադրերում քայլում է սարն ի վեր: Բաց երկնքի տակ խնջույքի նստած քահանան կիսատ է թողնում իր ուրախ երգն ու թնդաձայն կանչում նրա ետևից. «Տղա ջան, հո չե՞ս մոլորվել»: «- Չէ, տեր հայր, ես էս տեղերին ծանոթ եմ»:
    Դովլաթյանի ֆիլմն ավարտվում է ծանոթ սարերում, որտեղ որ ապրում են Մաթևոսյանի հերոսները, ու հենց այդ սարերի կատարներից էլ հովիվների հանրապետության իր պատմությունն է սկսում Մալյանը:
    Ի՞նչ հակադրություն, ի՞նչ տարբեր ուղիներ, ի՞նչ մտահայեցողական վեճեր, թե որ ֆիլմն է ավելի շատ... մերը ու որը, իբրև թե, մեր ճշմարիտ լեզվից հեռու: Մեր ճշմարիտ լեզուն ստանում ենք`այս երկու խորհրդանշական վերնագրերի արանքում նրանց ներդաշնակորեն կապող մի «և» ավելացնելով:
                                                                                                                          Դավիթ Մուրադյան