ԵՐԱԶ

norayr-sargsyan
    Երազիս Մաթևոսյան Հրանտն էր եկել, կանգնեց, սիգարետ վառեց ու մի տեսակ իրեն այնքան էլ նման չէր, շատ ինքնավստահ էր: Նայեց,նայեց, հետո թութունը թքեց գետնին, եսիմ ինչ էր ծխում տնաշենը: Կարճ կապեց.
     - Ա՛յ տղա, դարձել ես նոր տարվա լիմոնադ:
   - Չհասկացա՞,- երևի հասկացա, բայց ամեն դեպքում պիտի ասեի՝ չհասկացա, որ մի բան էլ ասեր, դուրս գալիս էր, որ իմ մասին էր խոսում:
   - Տարին մեկ ես մի բան գրում, գրածդ էլ մի բան չի: Գրածներս մի՛ գողացի, մի՛ շնացի գրածներիս հետ, մի՛ սպանի գրածներս,- պահի տակ Մովսեսին նմանվեց դեմքը, բայց ջհուդին չէ, Խորենացուն: Գիտեմ, որ վիզուալ հնարավոր չի նմանեցնել, բայց դե երազ ա էլի, հո Մերսեդես չի:
    - Ախր շատ լավ ես գրել է, ինքն իրան ա ստացվում, հո ե՞ս չեմ ուզում:
    - Իսկ դու էնքան էլ չէ,- ասաց ու նոր սիգարետ կպցրեց բիձայավարի: Մտածեցի՝ ուզեմ, ծխեմ, ջոկեմ էդ ինչ ա ծխել, որ տենց բաներ ա գրել, հետո ամաչեցի: Ոնց որ բռնեց միտքս, ասաց.
    - Սիգարետից չի, ուրիշ ինչ-որ բանից ա, չես կարա, մի փորձի, մեղք ես, տղա՛:
    Մի քիչ նեղվեցի, որ դուրը չեն գալիս գրածներս, հետո հասկացա, որ իմ դուրն էլ հատուկ չեն գալիս, այնպես որ որոշեցի թեման ցրել, ասացի՝ լավ բան ասեմ, ուրախանա գոնե:
    - Իմ աղջիկը գրածներդ շատ ա սիրում:
    - Քեզ դրանից մենակ վնաս, տղա՛,- ես իրեն այսպես չէի պատկերացնում ու ընդհանրապես չէի էլ պատկերացնում: Հատկապես չէի մտածի, որ կկարդա գրածներս, իրենից գողացած բաները, առը հա քեզ երազ: Ինչ-որ ժամանակ կանգնեց-կանգնեց, ուզում էր՝ պտտվեր-գնար, Թումանյան փողոցում էինք, ինքը թեքվեց Աբովյան, ապուշի պես ձեռքս տարա, բռնեցի ուսը, ձեռքս հետ բրթեց, պինդ բիձա էր:
    - Ասում եմ՝ մի հատ չխմենք, նոր գնաս:
    Թարս նայեց, մտածեցի՝ չկա-չկա, սպասի իմ սիգարետից ծխեմ, հասկացա, որ վերջացել է, ամեն դեպքում երեսս պնդեցի ու ուզեցի:
    - Մի հատ սիգարետ տո՛ւր էլի, իմը պրծել ա:
   - Վերցրո՛ւ, բայց թունդ ա, զգույշ եղի՝ գրող չդառնաս,- դուրը եկավ իր կատակը, իմ դուրը այնքան էլ չեկավ, բայց դե մեծ մարդ ա, մեծ ա, մեծ, մեծամեծ, ձայն չհանեցի: Ինքը ժպտաց, բայց դեմքիս խոժոռությունից նյարդայնացավ,- լավ դե, շատ մի՛ նեղվի,- մտքովս անցավ՝ ամեն դեպքում ուզեց մեղմի, դա արդեն լավ է: Բայց մի վայրկյան հետո ասաց.
    - Շատ մի՛ նեղվի, իրոք գրող կդառնաս, խայտառակ կլինենք ազգովին:
    «Էէ դե, ծերուկն անտանելի ա դառնում»,- մտածեցի, բայց չասացի, նորից հասկացավ պահը ու ժպտաց:
    - Խոսալուց մեծ-մեծ ես խոսում, իմ գրածների մեջ նենց բաներ ես տեսնում իբր կողքիններիդ դուր գալու համար, որ ես նկատի չեմ ունեցել, երկար-երկար, երկար-բարակ խոսում ես էլի, մի հատ լավ պատմվածք չգրեցիր, կարդանք:
     - Իբր որ գրե՞մ ինչ:
    - Որ գրես, կկարդամ, կուրախանամ, որ գրել ես, ես էլ կարող եմ կարդալ, կարդացվում ա: Որ ասեմ՝ մատդ ես ծծում ու գրում, էդ էլ սխալ կլինի, էդ էլ չես անում ախր:
    «Ինչի՞դ ա պետք իբր»,- մտածեցի, չասացի, բայց դե ինչ տարբերություն սկան էր անում ուղեղս. հանճար ա՝ ի՞նչ ես ուզում:
     - Այտա, երազ ա, երազի՛ էլի, թե չէ շատ պետքս ա:
    Սկսեց ամեն դեպքում քայլել, այնքան էլ նիհար էր, վախենալու էր, թվում էր՝ կքայլի, կքայլի, Մոսկվա կինոթատրոն չհասած կպրծնի կգնա:
     - Մի բան խմենք է բայց, էլ սենց երազ մեկ էլ ե՞րբ կլինի:
     - Ինչի՞դ ա պետք:
     - Դե կարող ա խումհար լիներ, մի հատ քո նման բան գրեինք, դու էլ կարդայիր:
    - Ա՛յ տղա, իմ խումհարը հանգիստ թող, դու տենց չես կարա խմես,- ընդհանրապես իրեն նման չէր, ես համեստ էի պատկերացնում, բայց լավ էլ գիտեր իր մեծությունը, ճզմում էր իմ նմաններին, առաջ գնում: Հասանք Կինոմոսկվա: Մտավ ներս, ես էլ հետևից, նստեցինք jazzve-ում, սուրճը դրած էր սեղանին: Նստեց, ես էլ՝ դիմացը, մատուցողից մի հատ էլ իմ համար սուրճ ուզեցի, թարս նայեց: Սիգարետը դեռ չէի վառել, ասացի սուրճի հետ կծխեմ, սուրճը ուշացավ կպցրեցի:
    - Բայց Վանոն դեմք էր, չէ՞,- առանց մտածելու ասացի ու նայեցի ճակատին.ահռելի էր:
    Բան չասաց, նեղացած էր կամ մտածեց՝ իբր ես ով եմ, որ նման հարց տամ: Արթնացա, ուզեցի՝ գրեմ, կարող ա ամեն դեպքում կարդա, դուրը գա ու գրեցի: