Վեպ գրելու Stop-ները

Norayr-Sargsyan
    Առաջին հարվածը ուղիղ նպատակին էր, որը թվում էր լավ պաշտպանված էր դրդապատճառով, երազանքով կամ նման մի բանով: Բայց առաջին տողը գրելուց հետո հասկացա, որ հայտնվել եմ լրիվ ուրիշ տարածքի մեջ, որտեղ ոչ թե ուրիշ օրենքներ են գործում, այլ օրենքներ կարծես ընդհանրապես չկան:
    - Ինչ հրաշալի բան, - գոռաց ազատատենչ անիմաստ լակոտը, որ նստած էր մեջս ու հենց այդ պահին զգաց իր կարևորությունը: Այսինքն՝ եթե այդ լակոտը կա քո մեջ, ուրեմն մի բանի համար պիտի օգտագործվի ու իր անիմաստ ներկայությունը մինչ այս եթե արտահայտվում էր թույլ ու ոչինչ չէր կարողանում փոխել, հիմա արդեն լիիրավ տիրոջ պես կարող է պտտվել ուղեղում:
    Երկրորդ հարվածը ավելի խորքային էր ու կպչում էր սուտ ու ճիշտ հավերժ պայքարին: Չակերտների գոյությունը թերևս լավագույնս կլուծեր հարցը, այսինքն՝ մոռացված չակերտների, որը շարադրության վերջում պետք է ավելացվեր դասատուի կողմից իր տեղերում: Բայց երկիմաստություն, բազմիմաստություն ու այլ բաներ դուրս թքող տեքստը իրենից մի մեծ չդրված չակերտ էր նշանակում, այսինքն՝ էլ ինչու գրել: Անկումը խորացավ ու հասավ անգամ ազատատենչ անիմաստ լակոտին, որը, ինչպես պարզվում է, նույնպես ուներ որոշակի սահմաններ, որից անցնելը կենդանական բնազդով «դզ» էր անում ու հետ գցում իրականություն: Երբևէ չմեռած գրողը գրում էր մահվան մասին ավելի շատ, քան կյանքի մասին, ուրեմն վախենում էր: Բայց իհարկե ոչ մահից, այլ կյանքից ու իրականության պատին ճակատով խփվելուց հետո առաջացած տկարությունը մահ անվանելն ու դրա մասին փիլիսոփայելը պիտի որ այդ նույն լակոտին դուր գար: Բայց հո միայն այդ լակոտը չէր որոշողը, մանավանդ երկրորդ հարվածից հետո նա բավականին զիջում էր տեղը հին պատկերացումներով բթացած պոետին: Պոետը Եսենին կարդացած ու Չարենցից ազդված մեկն էր, հավերժ ազդեցությունների տակ օրգազմի հասնող ու հաճախակի երազախաբ լինող մեկը: Տեքստի հետ սեքս անելու համար ակնհայտորեն պետք էր խաբել նրան, որ համոզվի: Բայց սա էլ իր դժվարություններն ունեցավ սեքսից հաճույք չստացավ, ավելին, մի քանի անգամ փորձելով, իմպոտենցիայի ժամանակախույս նոպաներ նկատվեցին ու վախից հետ քաշվեց էդ ճենճահոտը:
   Երրորդ հարվածը հասարակությունն էր, թերևս ամենամասշտաբայինը, բայց ուժով առաջին երկուսին հավասար: Ուղեղում երրորդի փնտրտուքը բերեց նոր որակ` իրեն գնահատող թրաշով իբր տղամարդը: Այս երրորդը ավելի խելացի գտնվեց ու խորացավ ավելի քիչ ցավոտ հարցերում ու արհեստական իրավիճակներ նկարագրելուց մեկ-մեկ փորձեց իրականությունից հատվածներ մտցնել գործի մեջ, իբր եթե երթուղայինի համարը քառասունն էր, որը իրոք գոյություն ունի, ուրեմն միջի դրակոնն էլ, Բոբ Մարլիի հետ ծխելն էլ իրական էր: Լոգիկայի բոլոր կանոնները խախտելով ու մի երկու Դոստոևսկու գիրք կարդալուց հետո ինքնասպանության փորձ կատարեց, բայց չմեռավ, որովհետև չորրորդը չէր հայտնվել, իսկ նախորդները ըստ երևույթին փախել էին:
    Չորրորդ հարվածը արդեն բարիկադներ ունեցավ իր առաջ, բարդույթներ գտավ տեքստերի մեջ, կայացվածության նշույլներ ի հայտ եկան ու ձեռագրի լույսը երևաց թունելի վերջում:
    - Այ քեզ բան,- մտածեց չորրորդ հարվածը, որին ըստ երևույթին կարելի էր անվանել փիլիսոփայական: Քանի որ արդեն իմունիտետ կար ու հարվածը ուղիղ չէր, այն ավելի խորը թափանցեց ու հասավ ամենախորքում գտնվող գոյության շերտին: Ու գոյության ապացույցներ ման գալով՝ չորրորդ եսը ուղեղի մեջ կարողացավ հասկանալ, որ եթե գոյության ապացույցներ է ման գալիս, ուրեմն կասկածը շատ է խորացել: Վախից որոշեց դուրս գալ՝ խաղից գոնե փրկելով նախորդների հիշատակը ու հաջորդների կյանքը, ասել է թե հողը, որի վրա կլինեն նախնիների գերեզմանները և նորերի տները, բայց ի զորու չեղավ, որովհետև ուրիշ բան չգտավ ուղեղը զբաղեցնելու:
    Հինգերորդ ու վերջին հարվածը ամբողջությամբ ներքին էր: Քաղաքացիական պատերազմ հրահրողները հույս ունեին վերջապես մի ավարտուն գործ ստեղծել տպագրությանը արժանի, բայց հիմնականում կոտորեցին իրար` ոչ մի տող չգրելով սպիտակ թղթի վրա: Եսի հինգերորդ արտացոլումը վախկոտն էր: Նա այլևս չէր քայլում Վիեննայի փողոցներով ու չէր խմում գինի, չէր սիրահարվում ու հիմնականում տարված էր դանդաղ ինքնաոչնչացման, տեքստի հերքման ու նման այլ հակաեսական գործերով:
    Թերևս էլի ինչ-որ մարդիկ պետք է լինեին, որ ժամանակին տառապել էին եսի փնտրտուքով ու բնորոշումներ ման գալով՝ ոչինչ չէին գտել: Ֆիզիկայի հասարակ օրենքների գործելու դեպքում վախը այսքան մեծ չէր լինի, բայց տեքստին թելադրել չի լինում, այն ինքնին թելադրած է: Այս ցնորքը մասշտաբային էր դառնում ու տեքստերի մեջ ի սկզբանե իմաստ դնող տղան գտնում էր ուրիշ բազմաթիվ իմաստներ, այսինքն՝ անիմաստ դարձնում սկիզբը, ունենալով պրոցես՝ չէր տեսնում վերջը նաև: Եվ ինչ էր վերջիվերջո տեքստը, եթե ոչ շարադրություն, և նրա ուզածը երևի հինգն էր տետրում, իսկ մնացածը ուղղակի կապիկություն է:
     
Նորայր Սարգսյան