Հունը և հոսանքը

Davit_Muradyan
    - Նույն գետը երկու անգամ չես մտնի,- ասել է մեզ հայտնի առաջին փիլիսոփաներից մեկը, և մենք հնուց անտի գիտենք, որ սա դիալեկտիկայի օրենքն է: Բայց ջրերն ամեն վայրկյան փոխվում են, իսկ հունը, որպես կանոն, մնում, ինչն արդեն հիշեցնում է մետաֆիզիկականի մասին:
    Առանցքի անխուսափելի որոնումներ: Հատկապես արագահոս, հատկապես նորացող ժամանակների հորձանուտում:
    Ավելի քան քառասուն տարի առաջ, երբ Անդրեյ Բիտովը գրում էր «Հայաստանի դասերը», առաջին հերթին ռուս ընթերցողներին նկատի ուներ, և հետո միայն` հայերիս: Սովետական ստանդարտի միջին թվաբանականին հակառակ, նա տեսել էր մի հետաքրքիր կենսակերպ, որը կարողանում է պահպանել ազգ սնող արժեքների համակարգը`առանց հետ թողնելու նրան դարից: Այդ մասին նա ցանկանում էր պատմել իր ժողովրդին, որպես «հայկական ինքնապաշտպանության» առարկայական դաս: Բայց մենք էլ մեր հերթին, կարդալով այդ տաղանդավոր հայացքը, մեկ անգամ ևս ճանաչեցինք մեզ:
    Բիտովի նկարագրած ժամանակները անցյալ են: Առանցք վերագտնելու խնդիրը`օրվա հարց: Տեսեք` կարող ենք ինչ-որ մի շփոթմունք, տագնապի պես մի բան, անվստահ ինքնարդարացման փորձ կամ նույնիսկ` ինքնամեղադրանքի համարձակություն նշմարել այս տարվա գլխավոր «Հայակին» արժանացած ֆիլմի «Այդ ես չեմ» վերնագրի մեջ: Սա նոր սերնդի ֆիլմն է, նոր ժամանակի զավակ: Լավ ֆիլմ է` իր մրցանակը վաստակած, այդ սերնդի մուտքը խորհրդանշող: Պատմաշրջանների կտրուկ անկյունադարձի մեջ`սասանված ինքնության նշա՞ն: Արքիմեդյան հենակետի կորո՞ւստ, հունը կորցրած գե՞տ:
barev es em    Բայց մեր կինոն մեկ ուրիշ վերնագիր էլ գիտի: Դարձյալ մանիֆեստային: Դարձյալ նոր սերնդի խոսք: Իր ով-ինչ լինելու վրա վստահ, հողին ու հիշողությանը հարազատ, բայց և մեծ աշխարհի հետ հավասար, - «Բարև, ես եմ» - քսաներորդ դարի հայը` իր ինքնահաստատման մասին:
   Ես չեմ նույնացնում այս ֆիլմերի գեղարվեստական արժեքը: Ու չեմ հակադրում միմյանց: Միավորողն այն է, որ դրանք շատ ինտիմ են: Եվ յուրաքանչյուրը` իր ժամանակի նշան: Եվ իր ժամանակի հանդեպ` ազնիվ: Ինձ հետաքրքրում է մեկ ուրիշ հանգամանք. կենտրոնաձիգ պատմահոգեբանության և կենտրոնախույս պատմահոգեբանության հարաբերությունը: Միանգամայն տարբեր վկայություններ` միանգամայն տարբեր ժամանակների մասին:
    Արվեստը միշտ էլ զգուշացնում է: Այս դեպքում`ինքնավերադարձի մասին: Ոչ թե դեպի ետ, այլ հենց ներկայի մեջ: Այս խնդիրն ավելին է... կինոյից: Ինքնության վերահայտնաբերման պահանջը` նոր կենսափորձով հարստացած, կանգնած է մեր ժամանակի ծանրությունը տանող և նույնիսկ` այդ ծանրությունից փախչող մարդու, մեր կյանքի ամբողջ բովանդակության առջև, թեպետ այդ բովանդակության հեղինակներից մեկը, - ոչ ամենավերջինը, անշուշտ, - էլի մշակույթն է մնում: «Եթե չունես կերպար, չես ունենա նաև տեղ»,- նկատում է Խոսե Օրտեգա-ի-Գասետը, հենց նա, ով գրել է «Անողնաշար Իսպանիա» գիրքը: Ինքն իրեն գտած մարդը անմիջապես հետաքրքիր, անմիջապես արժեքավոր է դառնում ուրիշների համար, բայց առաջին հերթին ուժ ու վստահություն է տալիս իրեն: Իսկ գուցե յուրաքանչյուր երկիր ինքնին մի շնչավոր էա՞կ է: Այսինքն` կենսագրություն և էություն: Այսինքն` հունի ու հոսանքի ներդաշնակություն: Կամ գոնե` այդ նպատակին միտված միտք, որը քայլ առ քայլ վերաճում է գործողության: Կենտրոնաձիգ շարժում, ինչը մարտահրավերներին դիմակայելու, իսկ գուցե նաև` դրանց պատասխանը գտնելու գրավականն է:
Դավիթ Մուրադյան