Հովհաննես Գրիգորյանի հետ

Hovhannes Grigoryan
    Մեր հանդիպումները հաճախ այսպես կը սկսեին, կը հարցնեի «Ինչպե՞ս է վաղամեռիկ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը», ակնարկելով ատենին Միսաք Մեծարենցի մասին գրած իր մեկ գրության, ուր կը պատմեր, թե փոքր տարիքին, ամեն անգամ որ բանաստեղծություն մը պիտի կարդար, բոլորին կը հայտարարեր որ պիտի արտասանե վաղամեռիկ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Իր մանկության՝ իր  մտքին մեջ այն կար, որ բոլոր մեծ քերթողները վաղամեռիկ ըլլալով՝ իրեն համար այս որոշիչը քերթողի մը դրական հատկանիշերեն մեկը կը հանդիսանար: Սակայն ինչպես իր քերթուածներուն մեջ, կյանքը իր չար կատակներեն մեկը կը խաղար իր հետ - Հ. Գրիգորյանը չենք կրնար վաղամեռիկ նկատել, սակայն անկասկած անժամանակ մահով մը կը բաժնվի մեզմե:
     Իսկապես ինծի համար  անհավատալի կը թուի,  որ ինք ֆիզիքապես չկա: Առաջին անգամ որ իր հիվանդության լուրը առի՝ կապուեցա հետը. հանգիստ կը զգար որ նյութական պայմանները ապահովված էին պետք եղած խնամքը ապահովելու համար: Վերադարձին՝ նույնպես լավատես էր, կամ հեռաձայնին վրա կուզեր այնպես զգացնել: Բջիջային հեռաձայններով կապվելու այս դյուրությունը բարիք էր անկասկած, հակառակ անոր որ ամեն անգամ ալ կը հարցներ, որ Երևանե՞ն կը խոսեի:
     Հիմա չեմ կրնար հավատալ, որ  Գրողներու միության իր գրասենյակին մեջ չէ ինք, թե հաջորդ անգամ զինք պիտի չգտնեմ այնտեղ, ուր իր սուրճը կը պատրաստեր  այդ էլեկտրական  փլաստիկե սրճեփին մեջ և գլանիկ մը վառելով կը սկսեր զրույցի:
     1977-ի ավարտին «Բագին»-ի մեջ սկսած էի գրել գրախոսականներու շարք մը Հայաստանի այդ օրերու երիտասարդ բանաստեղծներուն մասին, այսինքն՝ Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Արմեն Մարտիրոսյանի, Արտեմ Հարությունյանի, և սկզբնավորության նույն խմբակին պատկանող՝ Դավիթ Հովհաննեսի: Բոլորն ալ արդեն կազմավորված և առանձին դիմագիծ կազմած քերթողներ էին արդեն, սակայն գրական հաստատությունը բուռն դիմադրություն ցույց կու տար զիրենք ընդունելու, նույնիսկ՝ տպելու: Թերևս այս էր պատճառը, որ իրենք ավելի ամրորեն կեցան իրենց ըմբռնումներուն վրա և ավելի ամբողջական բանաստեղծական դեմքով մտան հրապարակ: Նույն շրջանին՝ Պօղոս Սնապյանը անդրադարձավ Հենրիկի «Սոնետների պսակ»-ին, իսկ ավելի ուշ Վահե Օշական ընդարձակ շարք մը ստորագրեց այս սերունդին մասին: «Բագին»-ը առաջին պաշտպանողներեն մեկը հանդիսացած էր այս խմբակին և բնականաբար հեռակա կարգով մտերմություն մը կը ստեղծվեր մեր միջև: Այդ օրերուն Մովսես Հերկելյանը հաճախ կամուրջ կը հանդիսանար մեր և որոշ գրողներու և մտավորականներու միջև: Բարեբախտաբար, Սարգիս Կիրակոսյանին առիթ տրվեցավ մեր հրատարակությունները Խորհրդային Հայաստան տանելու, իրենց նոր գրքերը բերելու, և այսպես կենդանի նոր կապ մը ստեղծելու մեր միջև:  Ավելի ուշ, 1987-ի նոյեմբերին, երբ UCLA-ի կազմակերպած գրական քննադատության նվիրված գիտաժողովին հրավիրված էի, զեկուցում մը կարդացի այս սերունդին մասին, որ իր արժանի տեղը սկսած էր գրավել հայ գրականության անդաստանեն ներս:  Տեղին է հիշել նաև Գրիգոր Պըլտյանի մեկ շատ լուրջ հոդվածը «Կայք»-ի մեջ Հ. Գրիգորյանին նվիրված (1989, թիվ 1):
    Հայաստանի անկախացումեն ետք  դյուրացավ Հայաստանի և Լիբանանի մտավորականներուն կապը, սակայն կյանքը զիս նետած էր Մոնրեալ: Անշուշտ հոս ալ հանդիպումներու առիթներ չէին պակսեր, սակայն այս խումբեն միայն Արտեմ Հարությունյանը կ'այցելեր Գանատա: 2001-ին  առիթը ստեղծվեցավ ինծի համար այդքան հոգեհարազատ այս տղոց հետ նստելու դեմ դիմաց և երկար զրուցելու, զիրար որոշ չափով անձնապես ճանչնալու:
     Անթիլիասի մայրավանքին՝ Լիբանանի մեջ կայացած հայ գրողներու երրորդ խորհրդաժողովը երկրորդ առիթ մը ստեղծեց մտերմիկ շփումներու: Պետք է ըսել, որ հոն շատ ավելի մեծ թվով հայաստանցի գրողներու կարելի եղավ հանդիպիլ, քան՝ Հայաստանի մեջ: Հոն է նաև, որ ուղղագրական հարցին շուրջ վիճաբանութենե մը ետք հանդիպեցանք Լևոն Անանյանի և Հովհաննես Գրիգորյանի հետ, ուր ինծի հարցուցին, թե ինչո՞ւ չէի գտնվեր Հայաստան կայացած խորհրաժողովներուն, բայց կը մասնակցեի Լիբանան գումարված ժողովին: Պատճառը պարզ էր՝  Հայաստանի մեջ ժողովները կը գումարվեին հունիսին, երբ ուսանողներուս քննություններով ծանրաբեռնված կ'ըլլայի, մինչ Լիբանանի մեջ քիչ մը Ծաղկազարդի-Զատկվան ազատ օրերես օգտված էի, քանի մը օր ալ իմ հաշվույս առած: Խոստացան հաջորդ ժողովը գումարել հուլիսի սկզբնավորության: Հոն Հովհաննեսը դարձյալ իր Կյումրեցիի արթնամտությամբ ըսավ՝ չպատահի այնպես որ հուլիսին գումարենք և Հարությունը դարձյալ չգա... Ես խոստումս հարգեցի:
     2007 ամառը անմոռանալի է ինծի համար մեր կապին գծով: Բանաստեղծության չորրորդ հատորս՝ Սահմանները Հայաստան պիտի հրատարակեի: Գրքին շնորհահանդեսը Հովհաննեսը ուզեց վարել և այս մեկը շատ բնական թվեցավ ինծի: Անկախ իր սերնդակիցներեն՝ հոն էին նաև այն երիտասարդ բանաստեղծներու և գրաքննադատներու խումբը, որոնց թե՛ Գրական Թերթի եւ թե՛ առանձին քննարկումներուն խնդրած էր որ մասնակցիմ: Հոն իրապես գնահատելի էր իր գուրգուրանքն ու քաջալերանքը Հասմիկ Սիմոնյանի, Հասմիկ Խեչիկյանի, Մանե Գրիգորյանի, Ռուզաննա Ոսկանյանի և շատ ուրիշներու հանդեպ:
     Այդ շրջանին է որ կարդացի իր Գիշերահավասարը: Հրաշալի հասունացում մը կը տեսնեի իր մեջ: Նախկին, քիչ մը թատերականացված անհեթեթ իրականությունը աստիճանաբար սարքազմով  բնորոշվող սև երգիծանքով մը կը փոխարինված էր, որուն մեջ խորունկ տխրություն մը հաճախ կրնայիր կարդալ: Այդ օրերեն մտքիս մեջ զարմանալորեն դրոշմված կը մնան հետեւյալ տողերը.
          Հետո գալիս է կիրակի օրվա ամենահրաշալի պահը՝
          ես մաքուր սափրվում եմ, հագնում եմ  տոնական
          կոստյումս եւ օղակն անցկացնելով վիզս, հրում եմ
          աթոռը ոտքիս տակից եւ սկսում եմ խաղաղ ճոճվել
          առաստաղի կեռիկին ամրացված պարանից, մինչեւ որ
          կինս վերադառնում է խանութից, զգուշորեն իջեցնում է
          ինձ, հարմար նստեցնում է աթոռին ու միասին
          անշտապ վայելում ենք
          մեր իրիկնային հրաշալի սուրճը,
          նայելով, թե ինչպես է մութը խտանում
          պատուհանից այն կողմ:
    Քերթողության կաղապարված ձևերը հարցադրող Հովհաննես Գրիգորյան գտած ու բյուրեղացուցած էր բանաստեղծական արձակունակ լեզու մը, որ առիթը կու տար իրեն այնպիսի աշխարհ մը ստեղծելու, որ հարազատ էր իր ապրած իրականության - չոր, դաժան, անկեղծ և միաժամանակ՝ գեղեցիկ: Իր տողերը միշտ պիտի արձագանգեն մեր մտքերուն մեջ: Դժբախտաբար, արդի հայ քերթողությունը կորսնցուց իր ամենատաղանդավոր զավակներեն մեկը:
                                                                                Հարություն Պերպերյան