Հին գարնան նորություններ

david muradyan
    Հայ մարդու մեջ մի կարևոր բան էր կատարվում 60-ականների սկզբից՝ ավելի հայ և ավելի ազատ դառնալու փոփոխությունը: Վերադառնում էր մինչ այդմ արգելված հիշողությունը, իսկ նոր սերունդն էլ՝ թափ առած, ընկերանում 20-րդ դարի հետ: Ընդամենը մեկ կամ, եթե ժամանակն իր բնույթով ու տարողականությամբ չափենք, մեկ ու կես տասնամյակի ճանապարհ, ու մեր կյանքը, հայացքը, արվեստներն ու Հայաստանի դիմագծերը նորացան: Նախ՝ Պարույր Սևակի «Անլռելին» ու երեք-չորս տարի անց հաջորդած «Մարդն ափի մեջը» և Տիգրան Պետրոսյանի հաղթանակը՝ հայկական մարտահրավերը աշխարհին, որից հետո այլևս չէինք կաշկանդվելու «փոքր ածու» լինելու զգացումով: 65-ի ապրիլյան պոռթկումը՝ Երևանի փողոցները հեղեղած երիտասարդությամբ, և Ծիծեռնակաբերդի բարձունքին կառուցվող հուշարձանը, ուր գնում էին իրիկնաժամին, ընտանիքներով՝ տեսնելու համար, թե ինչպես է այդ ամենօրյա շինարարությունը քայլ առ քայլ դառնում... կոթող: Լուսինեի «Սուրբ Սուրբը» և Ազնավուրի գիսաստղային հայտնությունը՝ իր առաջին համերգով ու մեր ով լինելու սահմաններն ընդարձակող: Սարոյանի կենարար ու տիրական ներթափանցումը՝ մեր հոգու կյանքի մեջ: Առաջին դեմքով գրել սկսած արձակագիրները՝ սեփական դիտակետի իրավունք, և հանգաշապիկից դուրս պրծած բանաստեղծները՝ «նորմատիվը» հաղթահարելու մղումով: «Գարուն» ամսագրի եղանակը՝ տարվա բոլոր չորս եղանակների փոխարեն ու Ղափլանյանի նորաբաց թատրոնը, որտեղ ժամանակը հենց բեմում էր, այլ ոչ շենքի շուրջ: Եվ հողի հոգևոր տեսողությունը՝ Մինասով և ազատագրված ու մարդկայնացած քարը՝ Չաքմաքչյանով, և Երկրի ջիղն ու խոսքը՝ Հրանտ Մաթևոսյանով ու երաժշտության ապասովետականացումը՝ Մանսուրյանով,- ակունքը, խաչքարը, աղոթքը, հայերենը՝ նոր դարի մարդու ձեռքով նոտագրված: Ու «Բարև, ես եմ»-ի անհատը՝ «Մենք ենք, մեր սարերի» ժողովրդի հետ, Փելեշյանի զարկերակային կինոսիմֆոնիաները՝ Փարաջանովի կախարդական կինոգորգի հետ...

    Երկիրը ժամանակ էր արարում: Բուն իսկ ժամանակը՝ ստալինիզմից թեկուզև հարաբերականորեն ձերբազատվածը, որքան նպաստում էր դրան, նույնքան էլ՝ խանգարում: Ինչպես մեր պատմության բոլոր ժամանակները՝ սովորաբար: Դարի զենիթն էր, կասեն, ոչ միայն հայկական երևույթ, իսկ հիմա՝ դարիս ադամամութը, որն առայժմ ձգվում է երկար, մինչև որ լուսաբացը մոտենա...

    Չեմ վիճի, կմտածեմ: Մանավանդ որ ինձ հետ միասին, իսկ գուցե՝ ինձանից առաջ ընկնելով, այդ մասին մտածում են ամենանորերը՝ քսան, քսանհինգ, առավելագույնս՝ երեսուն տարեկանները: Հակառակ դեպքում էլ ինչո՞ւ էին հավաքվել իրար գլխի՝ գարնանամուտին, այդ հին ու հեռավոր գարնան՝ նախորդ դարի 60-ականների խորհուրդը հասկանալու ցանկությամբ, որն իրենց համար մի նախագո անցյալ է, իսկ ահա ինձ համար՝ կենսագրություն:
 Դավիթ Մուրադյան