Հայացքից սայթաքածները

295491_3651329198064_174722443_n
   Ես, որ չկարողացա հարություն առնել,
   ես, որ Հիսուս չէի...

   Առավոտյան դժվարությամբ բացում եմ գունդուկծիկ եղած մարմինս, մտքերս վիճակիս հայելին են: Իմ նյարդային կծկումները գլորվում են մարմնիս երկայնքով, ոտքերս բացում եմ, զգում ոսկորներիս ճտճտոցը: Հայացքս սառած է: Հերթական առավոտը երկրում ես սկսում եմ դիակի հայացքով, խորը ցավով, որ երկրի որովայնում կուչ եկած տանը ինձ չեն հասկանում:

   Երբ փոքր էի, դանդաղ, մաղվող ձյան պես մանրիկ քայլերով, վախվորած պտտվում էի մոտակայքում, շուրջը, առանցքում նրանց, ովքեր ինձ սպանելու էին վաղը՝ օր օրի ետևից, հատկապես օր օրի ետևից…

Յոթերորդ դասարանում որոշեցի հեռանալ տնից: Թվում էր՝ ներբաններիս մեջ ծանրացել էր անկարողության ցավը, ասֆալտը պլստում էր ոտքիս տակից, ուզում էի գնալ, բայց փախուստը որոշակիից անհայտը ինձ վախեցնում էր: Ինձ հայտնի որոշակիի մեջ մեծ, աներևույթ կացիններով մարդիկ էին, որ նման չէին ինձ, ու մեր տարբերությունը նրանց կացինն էր, ու նրանց նույնությունը՝ իմ մահը:396580 3651330078086 217140925 n

   Հայացքդ քանի գույն է տեսնում,
   քանի մարդ է տեսնում,
   քանիսին սիրեցիր,
   քանիսին թաղեցիր,
   քանիսին չփորձեցիր հասկանալ,
   գրողը տանի, ինչու էսպես ստացվեց, Եհովա՝
   Աստված, որ «անուն ունի»…

   Ժամանակի հետ ես հասկացա՝ ինձ չսիրող երկրի ներսում, փողոցների վրա, տների մեջ, այգիների ներսում, ծառերի, գարեջրի բաժակների ետևում թաքնված մարդիկ կան՝ վախվորած հայացքով, սարսափած, որ հավերժ կացինավորների երամակը կկացնահարի նրանց: Վախենալով, որ եթե ծառը կտրեն, նրանց կտեսնեն ու կուտեն, եթե բաժակը պայթի՝ մեկնումեկը, թեկուզ մեկը, գլխի չի ընկնի, որ նրանց բաժակ է պետք, որ նրանց ավելի քան երբեք բաժակ է անհրաժեշտ, որովհետև բաժակից այն կողմ իրենց համար օտար սարսափելին է…

   Անկարողությունից, չհարմարվելու ցավից, վախից, որ երկար կապրեն ու չիմանալով՝ ինչ անուն տալ այն Աստծուն, որ Աստվածն էր նաև ուրիշների, մարդը սկսեց հորինել:

   Ու հանկարծ մարդը մենակ կանգնեց մեջտեղում՝ կացինը ձեռքին, փոքր ու դատարկ, սուր ու ճանկռող աչքերով մարդիկ օդում պտտեցրին կացինը, բայց կացինը պարտվեց ու ընկավ, սարսափելիների երամակը խեղճացավ, աչքերը հոսեցին դեմքերի վրայով:

Ոտքերի տակ կապույտ, կանաչ ու բազմագույն ճահիճներ հայտնվեցին:

Մարդը իրեն հաղթող զգաց ու իրեն տկար զգաց, որովհետև ծնված չէր ոչնչացնելու համար: Ներսում սուր խայթոց զգաց, որ գարեջրի բաժակի ետևում թաքնվողի իր անհարմարությունը իր ստեղծածի սահմանում իրեն մոլագար է դարձրել, որովհետև միայն այդպես նա կարող էր ոչնչացնել այն, ինչը ինքը չէր ստեղծել:

   Ժամանակի հետ ես իմացա՝ հորինողները երեխաներն են, որ վախենում են սենյակից դուրս գալ, խուսափում են հայացքներից, բառերից, շոյանքներից… հատկապես շոյանքներից` երբ շոյում են, որովհետև երեխա ես ու գլխի չեն ընկնում, որ դու արդեն գիտես՝ վաղը քեզ կացնահարելու են: Մարմինդ թողնելու են մենակ փողոցի մեջտեղում, մեռած մարմինդ, մարմինդ, որ էլ չի զգում անհարմարություն, անկարողություն: Մարմինդ, որ մենակ էր միշտ:

   405993 3651333478171 1364062895 nՕր օրի ետևից ես հասկանում եմ՝ ինձ համար կարևոր չէ` որքանով է հաջողված այդ երեխաների հորինածը՝ տաղանդավոր, ձախողված, անկատար… միևնույն է, ես հասկանում եմ գարեջրի բաժակի ետևում թաքնվողի անհարմարությունը:

   Ու ես հարցնում եմ՝
   քանի գույն ես տեսնում, Եհովա՝
   Աստված, որ «անուն ունի»,
   ու ինչու հենց ես սայթաքեցի քո հայացքից…
                                                                                                                                 Մանե Գրիգորյան
                                                                                 լուսանկարները` Մանե Գրիգորյանի