Էգոյանի հետադարձ հասցեն

david muradyan atom egoyan
    Ատոմ Էգոյանը, որ իր համբավը ձեռք է բերել բացառապես իբրև art-ֆիլմերի հեղինակ, հոգեկենտրոնացումների ռեժիսոր է և նույնն էլ պահանջում է հանդիսատեսից: Նրա կինոն նախևառաջ մեծ աշխարհի բնակիչ է, բայց ռեժիսորը` «հետադարձ հասցեն» չմոռացող: Առաջին անգամ այդ հասցեն նա շոշափում է դեռևս 1992-ին` լայն ճանաչում գտած «Օրացույց»-ով, որը հիմնականում նկարահանվել է մեր դժվար տարիների Հայաստանում ու դարձել մի յուրատեսակ ենթահող մեկ տասնամյակ հետո էկրան ելած «Արարատի» համար:

    «Արարատը» հայտնություն էր միլիոնավոր օտարերկրացիների համար ու սպասված և միաժամանակ անսպասելի` հայկական միջավայրերում: Այդ ֆիլմում Էգոյանին առաջին հերթին հետաքրքրում էր մարդու հարաբերությունն իր անցյալի հետ: Իսկական արվեստագետի տեսողությամբ նա հայտնաբերում էր, որ անցյալը նույնպես զննում է ժամանակակիցներիս և նույնիսկ ազդեցություն գործում ներկայի վրա: Հատկապես, եթե եղել է ճակատագրական:

    Վերնոյի «Մայրիկից» հետո սա երկրորդ ու ավելի հեռուն գնացող փորձն էր` նկարագրելու և քննելու Եղեռնի իրողություններն ու հոգեբանական նստվածքը: Մանավանդ այս վերջինը ռեժիսորը վեր հանում «խոշոր պլանով»: Նրա հերոսներից յուրաքանչյուրի գիտակցության խորքում կա մի տեկտոնական ճեղքվածք, որը համազգային աղետի հետքն է`մինչև օրս էլ մեզ պարտք մնացած արդարության պատճառով չջնջված:

    Արշիլ Գորկու հանրահայտ կտավը` մի հուշ հին երկրի, նախնիների, կորստի ու չամոքվող ցավի մասին, դառնում է կենդանի, ապրված և մեր աչքերի առջև հյուսվող իրականություն: Հետո այդ իրականությունը վերածվում է փոքրիկ ու խունացած, կոտորածներից ու տեղահանությունից մի կերպ փրկված լուսանկարի, իսկ ավելի հետո`մեծ նկարչի ձեռքով ստեղծված ու սրբապատկերի ուժ ստացած հոգենյութի, որն ակնդետ նայում հետնորդների աչքերի մեջ ու դառնում է այդ ֆիլմի անպատասխան հարցը`մարդկության խղճին հասցեագրված: Իսկ հնամաշ վերարկուի կոճակն ամրացնելու տեսարանը (այդ կոճակը կարվում է դեռևս մանուկ Ոստանիկի`ապագա Արշիլ Գորկու մոր ձեռքով) Էգոյանն անսպասելիորեն կրկնում է ֆիլմի ավարտին, որպես մի ազդեցիկ ու խորհրդանշական վերջակետ: Այսպես, մեր հոգու մեջ, հենց մեր ծնողների ձեռքով, ագուցված են մեր սուրբ հիշատակները, մեր անհատական ու ընդհանրական կենսագրությունը:

    Հ.Գ. 19 հուլիսի, Ատոմ Էգոյանի`իմ արդեն վաղեմի ու սիրելի բարեկամի ծննդյան օր:

                                                                                                                                  Դավիթ Մուրադյան