Դեռ փնտրվող բանալին

David-Muradyan-esse
    Հելլադան ու Արևելքը հարստացնում էին միմյանց, Հռոմն ու Արևելքը` աստիճանաբար խորթանում: Հայաստանն այդ խորթության հաղթահարումն է, թեպետ այդ ճանապարհին, ավաղ, զոհաբերվեց մի քաղաքակրթական թռիչք` Կիլիկիան:

    Բայց մեզ համար հասկանալի է այդ երկու աշխարհների լեզուն: Եվ մերն էլ` այդ աշխարհների համար: Փարաջանովի «Նռան գույնը» հարազատի պես խոսում է Արևելքի հետ: Պարսիկներն ու արաբները կարդում են այդ կախարդական գորգը` սեփական նշանային համակարգով: Բայց Արևելքից ամբողջապես դուրս լեհերը, նաև ֆրանսիացիք ու իտալացիք (վերջիններս` Արևելքը, անուամենայնիվ, շոշափող), վերցնում են նույն ֆիլմը ազատորեն՝ իր քրիստոնեական հոգեհյուսվածքի ձգողականությամբ:

    Մեծ հաշվով ամեն ինչ որոշում է տաղանդը, բայց արդյո՞ք միայն արվեստում: Քաղաքակրթական հարաբերությունների տաղանդ: Կյանքեր հարաբերելու տաղանդ: Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը: Եվ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա...»-ն: Չարենցի «Նավզիկե» - «Ասպետական» - «Ռուբայաթը»: Արևմտահայաստանի ֆրանսերենն ու Արևելահայաստանի ռուսերենը: Եվ նախաշխարհներից մինչև 21-րդ դար հասած հայերենը՝ հնդեվրոպակա՛նը,- ու հենց «առանձին ճյուղ», որ հիշողություններ ունի դեռ Ելման կետից:

    Ինչպիսի պատմական առավելություն: Եվ որքան հետաքրքիր հեռանկար: Հայկական կենտրոնաձիգ հայացք` «Մենք ենք, մեր սարերը»: Հայկական խաղաղ-վստահ «Բարև, ես եմ», որը սեփական սարերի հենակետից խոսում է ամենեքյան հետ:

    Իհարկե, երանի անգլիացի վիպասան Ջոն Ֆաուլզին, ով իր կղզու տեղադրության մասին խոսելիս՝ գոհունակությամբ ասում է.- «աշխարհագրական երջանկություն»: Որովհետև մերը միշտ էլ աշխարհագրական դրամատի՞զմ է, եթե փորձենք հնարավորինս մեղմ բնութագրել... «Հայաստանի բանալին թաքնված է հազար շերտերի տակ,- գրում է Կոստան Զարյանը,- բայց ով որ գտնի՝ կարող է բոլոր դռները բանալ: Արևմուտքի և Արևելքի»:
                                                                                                                                                                                                                         Դավիթ Մուրադյան