Դարը դարին կապելով

perch-zeytuncyan
     Պերճ Զեյթունցյան - 75
    Գրողն ու ժամանակը մշտական մրցակցության մեջ են, ընդ որում`երկրորդը շարունակ փորձության է ենթարկում առաջինին: Սա դրամատիկ վիճակ է, հաճախ`սայթաքուն, բայց Պերճ Զեյթունցյանի ամբողջ գրական ճանապարհը վկայում է, որ նա հաճույքով է մտնում այդ մրցակցության մեջ: Երբեմն էլ նաև`սեփական նախաձեռնությամբ: Բանավեճը նրա տարերքն է`լինի գեղարվեստական, պատմափիլիսոփայական, թե քաղաքական: Նա գիտե, որ գրականությունը ծնվում է մի տեսակ անհաշտությունից, երբ մարդն ըմբոստանում է ճակատագրի կամակորության կամ պարտադրանքների դեմ: Մարդը, իսկ շատ դեպքերում նաև ժողովուրդը, եթե հայկական ճակատագի՛րը վեր առնենք:

    Զերթունցյանի առաջին լիրիկական վիպակները - «Մեր թաղի ձայները» ու «Մեզանից հետո» - որոնց մեջ պահպանվել է 60-ականների ամբողջ ռոմանտիզմը`ստալինյան վանդակից հետո կյանք մտնող սերնդի շնչառություն, կարդում էր ամբողջ ուսանողությունը: Ի դեպ, ոչ միայն հումանիտար: Մեկը, վերջապես, խոսում էր ոչ միայն երիտասարդության մասին, այլև` նրա անունից: Փույթ չէ, որ պաշտոնական մի զեկուցման մեջ այդ վիպակները համարվեցին «անգլո-ամերիկյան դեսանտ»: Այսինքն` հեղինակը դրսից է, հայրենադարձ է, օտարոտի մտածողություն է բերել ու ճգնում է արհեստականորեն պատվաստել սովետական գրականությանը: Բայց քննադատված վիպակների իրականությունը հենց այդ տարիների Երևանն էր, գործող անձինք էլ մենք էինք` վերազարթնող ժամանակի պատանիներս, իհարկե` «աստղաճակատ», իսկ հեղինակն էլ` դեռ երեսունը չբոլորած:

    Բայց շատ չանցած պարզվեց, որ նախևառաջ իր ժամանակակիցների հետ երկխոսության մեջ մտնելու նպատակներ հետապնդող գրիչը, - «ապազգայինը», «մոդեռնիստականը» - շարժվում է... հայկական հարցերին ընդառաջ: Եվ հարցեր ոչ միայն դեպի այլք, այլև`դեպի մեզ: «Ազգ - երկիր, պետություն» փիլիսոփայական ու քաղաքական եռանկյունու քննությունը`«Արշակ Բ» պատմավեպով (տեղը եկել է ու հարցնենք, թե ինչու այն ոչ ոք չի վերահրատարակում, վեպն այսօր ավելի՛ է հանդիպում ժամանակին), Լևոն Շանթի ավանդույթները զարգացնող ու դրանք նոր աստիճանի վրա դնող պիեսներ, Գրիգոր Զոհրապի վարքագրություն`ազգային աղետի ծանրության ներսից ճառագայթող:

    Հարուստ ճանապարհ է, վաստակած: Դարից դար տեղափոխված մեր գրականությունը ունի այդ տեղափոխությանը մասնակից վարպետ: Իսկ ինքը` Պերճ Զեյթունցյանը, այսօր հավանաբար կասի «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»:
Դավիթ Մուրադյան