Չտիրապետելով երջանկությանը

merry mkrtchyan

    (եթե մի օր դադարեմ վախենալ աշխարհից, ես կսկսեմ սարսափել կյանքից)

    Ես աչքերս բարձրացրի աշխարհի անսխալ սայր գտնելու համար: Թարթիչներիցս կախվելով փոքրիկ դույլերի մեջ` ոչ մի կերպ չխեղդվող հուսահատություններով լի գիտակցությունը լռել սովորեցրեց իմ` աշխարհը խորապես ընդգրկող մոտեցմանն ու ըմբռմանը: Ես, թոթվելով ուսերս, կամեցա հասկանալ` սերն էր ինձ հարկավոր, թե հասկացվածությունը, բայց վերջնականապես ընկա`այդպես էլ չգտնելով իմ երբևէ ծննդաբերված ինքնուրույնությունը: Ես այնպես աշխարհից առաջ ընկած փախցրի ծնողներիս` ցամաք առ ցամաք տանելով նրանց ինձ սիրելու համար, բայց կոտրված ակնկալիքը այն վերջն էր, որից հետո սահմանը երկարացնելու իմ բոլոր փորձերը (եթե դրանք երբևէ որպես այդպիսին եղան) դատապարտված եղան անկման: Ես չհամարձակվեցի` կրկին հասկանալ ոտքերը այս հողից պոկող արվեստի լեզուն, որովհետև վախեցա օդում հայտնվելուն պես թևեր ունենալ ու ճախրել ավելի վերև, այսքան անկատար ու կիսատ-պռատ մի դիմագծով լրիվ հանկարծակի մնալ մենակ և գուցե ավելի, քան մենակ… Ես երիկամի սուր ցավ զգացի, զգացի որ կորցրել եմ իմ ճանաչողությունը: Առավոտյան նամակաբեր կինը, որ անցավ լույսի միջով սեղանին շպրտեց վիրակապերով սոսնձված նամակը: Ու տեսնես` դու էլ չե՞ս ամուսնանա երբեք`շարունակ սպասելով ու չփնտրելով երբեք: Իսկ իմ սիրտը ծանրությունից կախվել է ահ, ու ես անբառ եմ, բառ ոչ շարժման մեջ… զուտ ներկանություն է այս ամենը, ոչինչ, բայց միաժամանակ կեղև, գոյության խաբկանք, լրջորեն ընդարձակ տխրությունից մինչև սրունքներդ կախված սիրտ, որից հետո երաժշտությունն ավելին է նորից.

և
մեքենա
ձեռնափայտով…
մեքենա
վերջին սիգարետը կպցնող
լույս
ոչ երբեք արև
մեքենա
123
քայլ
օծանելիքի բույր ունեցող մրջյուն
թանձր մեղրի հատիկ
մեքենա
ա
ա

    Աղջիկը փուչիկներ կապեց սուպերսոսնձից վնասած մատը չնկատելու համար: Փուչիկն իր ծանրությամբ ինքնին ոչինչ է առանց թելի… հասավ վերև ու մնաց աշխարհի պահարանի գլխին: Եվ բացվող ու փակվող կոճակների համազարկ, անօգուտ երդվյալ, եկեղեցում կնքված ու ապաշխարող, որ ստվերն ընկած տեղը պիտի աղոթք անի, որ լսես, լսվի, չուրանաս, հավատդ, և երևի հավատում ես, գրողը տանի, իսկ ես այնպես վաղուց մոռացել էի շոշափել դիմացինը, ու հետաքրքրասիրությունս դադարել էր ինձ դարձնել անտանելի… և սիրուն վերնաշապիկը շալվարի մեջ խցկած ես օր օրի ավելի կարճահասակ եմ, քան հիմա, և հիմա-ն միակն է, որին հավատում եմ առհասարակ:

    Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ, ոչ ոք, ոչ մի մարդ…

    - Որովհետև ոչ ոք չի հասկանում մյուսին...

    Մամ, պապ, տղա, տղա, աղջիկ, աղջիկ, աղջիկ… հիմա իմ մեջ հասունացած պահերից բոլորը, որ ես խակ-խակ հասցրել եմ ծամել ու թքել, ինձ տանում են անկման…

    Սերն ու հասկացվածությունը, առավել քան մնացած ամեն ինչ, չեն կարող լինել առանց փոխադարձ հպումի: Իսկ չգնահատվելն ամենաուժեղ վախճանն է: Կան իրեր, որոնք ստեղծվել են միայն սիրվելու համար, որոնց հարկավոր չէ հասկանալ, որովհետև մենք չստեղծվեցինք հոգս քաշելու համար: Աստված է ճանապարհը, սերը` կատարյալը, երևի բացեր չթողնող լիարժեքություն: Թեև հաճախ ուզում եմ ձեռքերով բացել այս ես-ը ու ցույց տալ, որ իմ անհրաժեշտությունը սխալ մարդ ծնվելու մեջ է... Բայց եղածն այնքան եղած է, իսկ հավեժությունը մի տեսակ անշոշափելի ու դարմանված հակադարձություն:

    Երանի մեքենա լինեի, անցնեի, ետ չնայեի: Սիրուն կինը կտրեր մազերս, ու ես հրճվեի ու տունդարձի ճանապարհին ողբայի, որ գեշ եմ: Տուն մտնեի, մազերս նորից կտրեի, նոր առած կոշիկներիս ցավից ճչալով`անբռնազբոս գոռայի փողոցում, ու արնոտված բամբակները հանելով` ես ինձնից դուրս նետեի սեռը, սեռերն ու կանացիությունը… ու էլ չվախենայի լվացքի հասարակ պարանից ու սովորականի պես տեսնեի`ինչպես են ինձ մոտեցնում լրիվ նոր, բայց արդեն ծակ շորերս: Փողոցում ինձ հանդիպող իմ ընկերների ծիծաղի մեջ ես փնտրեի ու չգտնեի նրա ծիծաղը: Ու գիշերները վերև նայեի ամեն անգամ ավելի անհույս… ու ծիծաղեի մեկ ուրիշի փոխարեն, որ բարեկամներս տեսնեին, որ ծիծաղում եմ ու չհասկանային`ինչու: Մեկ ուրիշ մոլորակում իմ չսիրած ծաղիկ վարդը ինքն իրեն աճեր: Ու տիեզերքում, թեկուզ ամենաանհայտ կետում ինձ սպասեր ավելի երկար, քան ես եմ իմ սպասումով: Ու ես շարունակ չհասկանայի` ինչն է ինձ հարկավոր` սերը, թե հասկացվածությունը: Ու երանի կարողանայի հոգնել այս ամենից, վերջնականապես լինել այն մեկը, ով չի սփոփվում, որովհետև ես չեմ ուզում, չեմ ուզում սփոփվել, որովհետև ես անտանեի վախեենում եմ հերթական սփոփումից, հետո ինչ, որ բոլոր մարդիկ էլ սփոփվում են մի օր:

    Ոչ ոք չի քնում այս երկնքի տակ, ոչ ո ք, ոչ մի մարդ...

    - Որովհետև ոչ ոք չի սիրում մյուսին…

    Մեկ ուրիշ օրվա համար ես կբացեմ աչքերս` ամեն անգամ ավելի վստահ, որ ինքնասպանությունը հանցանք է, զավակս: Հանդգնորեն արթնացող մեկի տպավորությամբ ինձ համար ավելի հեշտ կլինի գտնել հողաթափերս, խոզանակել ատամներս ու գուցե նաև սանրվել:

    Մեկ ուրիշ օրվա համար, երբ ամեն անգամվա պես բարակ ու երկար ձողերով իմ փախուստը, ավելի խոր հետքեր թողնելով, հանդգնի գնալ տնից, ես կմեղադրեմ իմ ուրիշներին, որ չունեցան ինձ ու որ ամենակատարայլը սերն էր... Ու ես, որ չփնտրեցի բարեկամներ, խանութում չվաճառվող բարեկամներ ու աթոռ անգամ չունեցա հյուր ընդունելու համար, ու չվարժեցրի ոչ մեկին, ով կլացեր ինձ համար, ու ինքս էլ չվարժվեցի ոչ մեկին, ես տիեզերքին կվերադարձնեի իրենից պոկված աստղերը, եթե միայն կարողանայի առանց մեխակի ոտք դնել իմ ներս… իրերի համար նաև…

    Բացուխուփ եմ անում իշխանին, որ ամեն մեկի պես իր մոլորակն ուներ, բայց իշխանի լցվող դատարկությունը վարդն էր կամ բարեկամությունը….

    Մենք չլցվող էակներ ենք` չհասկացվածության մատնված ու անդիմագիծ: Աշխարհի լայնքով անցնող անչափելի գիշերներն ու մութը նույնն են, ինչ ոչինչը: Թեև ինչ-որ տեղ միշտ էլ մնում է մի անգնահատելի երկինք, որին նայելու համար պետք են ընդամենը ջրով լիքը աչքեր:

     Հայրիկ, դու մեզ թող մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեզ պարտականներին:

                                                                                                                            Մերրի Մկրտչյան