ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

lusine-eghyan-esse
Իմ կյանքը իմ մահն է:
Ժան Պոլ Սարտր
 
    Միակ հիշողությունը, որն ի զորու եմ քարշ տալ հետս Նեֆերտիտիի կիսանդրին է. կանացի, անտանելի կանացի թույլ ժպիտ, հայացք, որտեղ ծնվում ու մեռնում են բոլոր աստվածությունները, աննշան առաջ եկած դունչ, մաշկի ցորենագույն, որ սարսափելի թովչանք է պատճառում: Հավատացնում եմ ձեզ, նա կատարյալ հանգստություն է հոգնած աչքերի համար: Վերջիվերջո հոգնեցուցիչ է հետևել, թե ոնց է սայթաքում հերթական թագավորությունը, ինչպես մարդկանց, որոնք պտտվում են շուրջս՝ ֆորմա փնտրող հալված մետաղներ: Անթերի ապուշություն է սպասել Թութանհամոնի գալստյանը, անիմաստ է մտածել, որ գրականությունը հագուստն է մեռած կնոջ, որն օր օրի հյուծվում էր քաղցկեղից, իսկ ես գիշերեները նստում էի կողքին ու հետևում շնչառությանը, մեկ-մեկ գրկում էի ու զգում՝ ցավեցնում եմ ոսկորները: Ակնկալում էի, որ նա ձեռքս բռնած կմեռնի, բայց միակ բանը, որ մնաց ուղեղումս, ջրի խշշոցն էր:                                        
   Ես մեռած եմ ինչպես աթոռը, ջուրը, հողը, երկինքը, Հերակլիտը, Բրունոն, Հադեսը, նստարանին նստած մեր հարևան Անժիկը: Քարը բավարարվածություն է զգում, երբ վրան ցեմենտ եմ քսում, վրայիս փոշին իմ մարմնի մասն է, այն լցվել է մաշկիս ծակոտիների մեջ, ու մենք հիմա մի ամբողջ ենք: Տղամարդը բացատրում էր, որ քաոսի լավագույն նկարագիրը տիեզերքն է, և ես հիշեցի, որ Թալեսը մահացել է, երբ դուրս է եկել աստղերը դիտելու. ընկել է ջրհորը, որի մասին մոռացել էր: Զգացի, որ դա անհավանական գեղեցիկ փախուստ է, այն մեկուսացումն ու բացահայտումը, ինչին տենչում է դպրոց շտապող փոքրիկ տղան: Եվ, գրողը տանի, ում է պետք կյանքը իր բոլոր բարոյական եզրահանգումներով, եթե Թիամաթը (Բաբելոնի գլխավոր աստվածությունը) զոհաբերվել է` բաժանվելով երկու մասի, արարելով երկինքն ու երկիրը, և մարդը կարծես բաց ծրար լինի, որը ոչինչ չի հիշում իր այն նախամարդու մասին, ով իրեն վերագտնելու համար բարձրացավ Սինա լեռան գագաթը:
    Ես հստակ հիշում եմ, թե ինչպես Ջորդանոյին այրեցին Ծաղիկների հրապարակում. նրան կապեցին սյանը երկաթե շղթայով ու թաց պարաններով, ոտքերի տակ շարել էին գրքերը, որոնք գրել էր: Եվ նա անդառնալիորեն երազում էր մեռնել, ասես ի հրճվանք աստծու, որին փնտրում էր, ասես ի սեր նողկանքի, որ տածում էր շրջակա աշխարհի նկատմամբ: Մահն այն հագուցալուծն էր, ավելի շուտ մեծահոգությունը, որին կարելի էր արժանանալ, այն երանելի հանգստությունը, որի մասին խոսում են քրիստոնյաներն ու մահմեդակաները: Մեկ ակնթարթում շարժվելը և չժարվելը միևնույն բանն է, ինչպես գոյության բոլոր տարրական ձևերը, որոնք ընդգրկում ու համակարգում է մարդը:  
    Մահվան սպասումը նման է հղի կնոջ, որ վախվորած հայացքով հետևում է՝ ինչպես է ուռչում փորը: Տղամարդը հավատացնում է, որ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ` ինչպես է Պոլոկը ավտովթարի ենթարկվում. բնազդային  անկումն ու ապստամբությունն է, որին ձգտում է իր ալտերէգոն: Սեփական մահվան մասին երրորդ դեմքով խոսելը ամենակարճ համերաշխությունն է քո ու այն եգիպտացու միջև, որին փորձում ես ամեն կերպ արթնացնել մեջդ՝ վերածվել կավի կամ պապիրուսի, որի վրա ամեն հիմար կարող է խզբզել: Խզումը հետքայլ է դեպի քեզ, դեպի մարմինդ, այն քաղաքակրթությունները, որոնք ոռնում են մեջդ, իսկ դու սառած հայացքով հետևում ես՝ ինչպես է ճանապրհին ընկած քարը կատարում այն կամայական ճանապահորդությունը, որի մասին արդեն երկու տասնամյակ երազում ես:        
    Որքան արագ ես մեռնում, այնքան ավելի հավանական է, որ անգիտացական մակարդակում լողացող տեքստը, որ մաքուր է պատուհանին ննջող կաթիլի պես, լույս աշխարհ կգա:  Ես վստահ եմ, որ մատերիայի տրանսֆորմացումը հնարավոր է միայն բացարձակ անշարժության դեպքում, մանավանդ, որ բառերում թաքնված աղմուկը քեզ հավատացնում է, որ կարող ես քայել երկինքն ու երկիրը բաժանող տարածության վրայով:     
    Ժամանակ ունենաս, պատմիր ինձ՝ ինչո՞վ կարելի է զբաղվել աշխարհի ավարտից հետո: