Անքնություն

  Մենք ամբողջ օրը տուն չեկանք, բացել էինք պատուհաններն ու նստել բակում իրար գլխի շարված կղմինդրների վրա: Տանն այնքան խոնավ էր, որ ներս մտնելու առաջին պահին փոշմանեցի, որ այդքան կիլոմետր կտրել-անցել ենք: Այստեղ հանգստանալ չի լինի, ավելին՝ քնել չեմ կարողանա, մտածում էի: Ես երբեք չեմ կարողանում քնել, երբ օդի մեջ խոնավություն կա, մեկ էլ… մեկ էլ, երբ նեղացած եմ:
    Երբ արևն այնքան թեքվեց, որ կղմինդրների հաճելի ջերմությունն անցավ, ու երբ տան օդն այնքան փոխվեց, որ ճանճերը խմբերով սկսեցին բզզալ սենյակներում, որշեցինք ներս գնալ: Արդեն մթնել էր:
    Ձեռքս տարա անջատիչին: Դռան վերևի անցքից դուրս եկող լարերը չորացած խոտի պես բոցավառվեցին:
……………….
1 - Մեկ էլ 92 թվին էինք նման կիսամութին պառկում քնելու:
2 – Ըհն:
1 - Եթե տանիքը սարքած լինեինք, լարերը չէին խոնավանա: Կղմինդրներն էլ դրսում դրած փչացան:
2 - Այդքանը քիչ է:
1 - Գիտեմ, նորը կառնենք, դրանք արդեն հին են: Կգա՞ս սարքենք էս տունը:
2-Հենց լույսը բացվեց, կանցնենք գործի, արևս, մի օրում տանիքը կվերջացնենք: Ի՞նչ ես ծիծաղում: Կուզե՞ս պարիսպ էլ սարքենք, մի երկու օր էլ դա…մի երեք օրում…
1- Վերջացրու: Կատակը մի կողմ, մի բան պետք է մտածել:
2- Քնի, իմ Մեծն Գեթսբի, արդեն ուշ է, դրա մասին հետո, լա՞վ
1-Լավ:
1 - Վախենո՞ւմ ես:
2 - Չէ:
1 - Սուտ է:
2 - …
1 - Եվ ինչի՞ց:
2 - Խռովկան ամուսին ունենալուց:
1 - Ըհն: Մենք չոլի մեջտեղում անլույս պառկած ենք, իսկ դու ուր ես հասել: Տանը մոմ կա՞: Ասում եմ՝ ինչի՞ց, դուռը փակել ենք, հեռախոս կա, մի քիչ կտաքանանք, կքնենք:
2 - Պատկերացնո՞ւմ ես, մարդը նեղանում է ու չի ասում: Չի խոսում: Դու քեզ պատերով ես տալիս, իսկ ինքը չի խոսում ու չի խոսում: Սարսափելի բան է:
2 - Իսկ դու իսկապես նստել-մտածե՞լ ես այդ մասին:
1 - Հա:
2 - Շիզոֆրենիկ, մենակ դու կարող էիր, ես մեկ-մեկ քեզ ահավոր խղճում եմ:
1 - Ես էլ:
2 - Քե՞զ:
1 - Չէ:
2 - Բա ո՞ւմ:
1 - Դրսի մարդկանց:
2 - Այսի՞նքն:
1 - Դե մարդկանց, որ չեն ուզում տուն գնալ: Մարդ միշտ պիտի ուզի տուն գնալ: Մեկ-մեկ զանգում են ընկերներս, ասում են՝ տուն գնալ չեմ ուզում, կգաս՝ խոսենք: Գնում եմ: Սրճարանում երկար նստում ենք: Ես լսում եմ: Բոլոր պատմությունները նման են իրար: Բոլորը: Խորհուրդ են հարցնում, ես մտածում եմ ու բոլոր դեպքերում մի խորհուրդ գտնում, որը ոչ մեկին դեռ չեմ տվել: Ուզում եմ ասել` «տուն գնա, ամեն ինչ կանցնի», բայց չեմ ասում: Որովհետև կնեղանան: Դա ի՞նչ խորհուրդ է որ:
2 - Փիլիսոփա: Բա, որ տանը լույս չկա՞, ոնց որ հիմա մեր տա՞նը:
1 - Թեկուզ:
2 - Մի բան տանջում է քեզ, չէ՞:
1 - Հա… Խիղճս:
2 - Ի՞նչ ես արել:
1 - Ոչ մի բան: Ես բոլորին խղճում եմ: Իհարկե, երբեք չեմ ասում, բայց խղճում եմ: Մեկ-մեկ չափից շատ:
2 - Դե լավ, ես էլ գիտեմ բան է եղել, դու մեկ էլ խռովկան ամուսնուց ես վախենում, տրամաբանական է:
1 - Մի հեգնի, դու չգիտես ինչ անտանելի է բոլորին խղճալը:
2 - Գիտեմ, գիտեմ, քնի: Լսի, դու ձևացնո՞ւմ ես: Երբեմն ինձ թվում է՝ ձևացնում ես: Դու կամ իրոք բարի ես, կամ գիժ ես, կամ էլ` եսիմ ինչ:
1 - Կամ էլ` եսիմ ինչ:
2 - Հա, նոր տեսակ է, դու ես: Եթե ես իրոք երբեմն չտեսնեի քո հիվանդ արձագանքները ինչ-ինչ բաների, կմտածեի, որ բան էլ չես զգում ու ամեն ինչ ձև է:
1 - Կամաաաց, մի գոռա:
2- Նյարդայնացնում ես, ես փորձում եմ հասկանալ՝ ոնց օգնեմ քեզ, հասկանալ, թե ինչու դու վերածվեցիր նրան, ինչ հիմա ես, իսկ դու խճճում ես ավելի, դուրս ես տալիս, ուզում եմ հասկանալ՝ վերջապես մեզ ես ձեռ առնում, թե՞… Ի՞նչ է նշանակում խռովկան ամուսին, զզվել եմ քո հիմար պահվածքից: Բարի գիշեր:
1 - Իսկ ի՞նչ կա տարօրինակ, որ ես վախենում եմ ինչ-որ բանից: Ես վախենում եմ նեղացած մարդուց: Ես հիմա ամենաշատը հենց նրանցից եմ վախենում: Դու հասկանո՞ւմ ես, որ մարդ կարող է նեղանալ ու էլ չխոսել, չգրել, չանել ոչինչ: Նա ինձնից կնեղանա, ես իրենից, ես չեմ խոսի ու նա չի խոսի, ես չեմ ասի՝ ներիր ինձ, ու էլ երբեք ոչ ոք ոչինչ չի ասի: Ի՞նչ կա չհասկանալու: Ինչո՞ւ ես գոռում:
2 - Իսկ էդ դեպքում ինչո՞ւ էիր մարդու բանաստեղծության տակ գրել, որ զզվում ես վատ բանաստեղծություններ գրող տղաներից:
1 - Դա վաղուց էր, ինչո՞ւ հիշեցիր:
2 - Հեչ: Ուրեմն մի ասա, որ խիղճդ տանջում է:
1 - Բայց ես իրեն էլ եմ խղճում:
2 - Ըհն, երևաց:
1 - Ես անկեղծ էի ասել:
2  - Չե՞ս հասկանում, որ քո անկեղծության ձեռքը կրակն ես ընկել, դու քո մեղքի տակ ես ընկել ու չգիտես ինչ անել ինքդ քեզ հետ, դու քո գլխին փորձանք ես դարձել: Կամ անկեղծությունդ մոռացի, կամ խղճահարությունդ:
1 - Մի գոռա, կգնամ կկարոտես ինձ:
2 - Էդ նո՞ր պլան է, ո՞ւր ես գնալու:
1 - Լոնդոն:
2 - Ու դու կապրես Լոնդոնում: Առավոտյան կարթնանաս, կբարևես քո չխռովկան անգլիացի ամուսնուն, սուրճ կխմես, կգնաս քո անձրևանոցների խանութը, հետո երեկոյան կվերադառնաս, կփոխես Ֆեյսբուքիդ cover-ը, կհամբուրես քո չխռովկան ամուսնուն ու կքնես: Ի՜նչ հաճելի է:
1 - Իսկ ինչո՞ւ էդ տոնով:
2 - Հեչ:
1 - Մի ասա էդ բառը, քանի անգամ եմ ասել, աղջիկը չի օգտագործի նման բառեր:
2 - Ոնց ասես:
1 - Բարի գիշեր:
2 - Նեղացա՞ր:
1 - Չէ:
2 - Նեղացար:
1 - Ասում եմ` չէ:
2 - Բա ինչո՞ւ ես լռում:
....................
2 - Ինչ անտանելի է, երբ մարդ նեղանում է, դու գիտես, որ նեղացել է, իսկ ինքը լռում է ու լռում: