Աննյութեղեն պատերին գրառելով

Davit Muradyan
    Քարի վրա գրելը դժվար էր, մագաղաթի վրա գրելը՝ թանկ, ու հին ժամանակների լակոնիզմը,- մինչ այժմ այդպես էլ չգերազանցված,- իր նյութի դիմադրությանն է պարտական: 
  Իսկ հիմա «պատերին» ենք գրում՝ անշոշափելի, աննյութեղեն ու դյուրընկալ, ինչն էլ առաջ է մղում մեր բառերը՝ անհեծյալ երիվարների պես: Տեքստը դառնում է անհամբեր: Ցանում ենք՝ առանց հերկելո՞ւ...
    Վախենամ, որ խոհն այլևս ավելի կարճ է, քան նախադասությունը, օրը նկարագրվում է. չապրված, կարծիքը փոխարինում է եղելությանը, եղելությունը՝ մոլորվում կարծիքների մեջ, քանի որ չի հասցնում մարսվել:
    Մեր խոսքի առատությունը չի՞ դառնում արդյոք միգամածություն, որի մեջ անհետանում են առարկաների պարագծերը, կամ նույնիսկ ժամ առ ժամ ընդարձակվող լաբիրինթոս, որին չի բավականացնելու անգամ Արիադնայի ուղենշող կծիկը, քանի որ Արիադնան... ամենքիս համար չէ: 
    Մինչդեռ վերջին մեծ վեպը գրվել է համարյա կես դար առաջ: Վերնագիրը՝ «Մենության հարյուր տարին»: Իսկ հետո, իհարկե, լավ վեպեր կամ հետաքրքիր, նկատելի կամ նույնիսկ` տաղանդավոր, բայց մեծը, դարակազմիկը, կեցության առեղծվածների հետ մերձեցողը, որ կյանքն առասպելի չափով է վիպերգում և գաղտնազերծում է իրականությունը երևակայությամբ, դեռևս ոչ:
Դավիթ Մուրադյան