Առակ առ հաղթանակ

    Բազեակերպները իրենց շարքերը լցրել էին ամեն տեսակ լեշակեր անգղերով ու բազմաբառ թութակներով: Նրանք երկնային գերիշխանությունը պահում էին Թռչնակներ փետրելու միջոցով, որ հանկարծ մեկն իրենցից վեր չթռչի ու հանկարծ մեկն ավելի տեսանելի չլինի: Պայքար էր ընթանում ու Բազեակերպները, օգտագործելով իրենց բազմաքանակ ազգակցական ու իշխանական լծակները, կարողանում էին հատ-հատ լուծել Արծիվների հարցերը, քշել նրանց բարձրլեռնային քարանձավներ կամ ստիպում էին այլ երկինք չվել, իսկ Արծիվները չվելու համար չէին ստեղծված, կապված էին իրենց անդաստաններին ու արագ մահանում էին ուրիշ ամպերից ու արևներից հաղթված:
    Պայքար էր ընթանում. Արծվակերպները միավորվել էին, զարմանալիորեն մեկտեղվել, մի կողմ թողել անձնականությունը և որոշել վերջ տալ Բազեակերպների անարխիկ խրախճանքին:
Անկերպ Թռչունը ցայտնոտի մեջ էր: Ազնվորեն փորձում էր փոխել սահմանափակ ու անարդար իրականությունը, բայց չէր կողմորոշվում որտեղ ներդնել իր ուժն ու եռանդը: Հարյուրամյակների փորձառությունը հիասթափության և կասկածամտության սարդոստայն էին հյուսել, անհավատությունը մաքուր ու անաչառ, սկզբունքային և հետևողական նվիրմանը թույլ չէր տալիս տրվել, գնալ ու կանգնել կողքին որևէ արդարության, դառնալ Արծվակերպ, վախենում էր հերթական երազախաբությամբ աղտոտել իր մահիճը և վերջնականորեն հրաժարվել, համակերպվել ու թողնել պայքարի ուղղին: Դիտորդի անմեղությամբ նա հետևում էր ընթացիկ մտասևեռումներին, խմբակային մանրապճեղ որոնումներին և փոքրաթիվ, փոքրատենչ բախումներին, հասկանում էր պահերի կարևորությունը, ուներ իր կարծիքն ու գաղափարական համընդհանրության զգացում, բայց անհաստատ էր. արդյո՞ք սրանք էլ չեն փորձում օգտագործել մաքուր պոռթկումները, արդյո՞ք չեն մանիպուլացնում բացասականությունը և որքա՞ն արժե իր կաշին:
    Մեծ բախում էր հասունանում. Անկերպ Թռչունը հասկանում էր առօրեականության շարունակականության անթույլատրելի վերջաբանը, որը հայտարարվել էր որպես կարգախոս Բազեակերպների առաջնորդ Բո Բուի ճառախոսականում.«Մենք ենք ալֆան և օմեգան, մենք ենք վերջը»: Անկերպ Թռչունը չէր կողմնորոշվում և սավառնում էր ներքին ոլորտներում՝ գտնելու համար ուղին Արծվի, փորձում էր հասկանալ որտեղ ներդնել իր ուժն ու եռանդը:
Փոքրաքանակ Արծվակերպները այդ ընթացքում միավորվում էին:
    Առակս կցուցանե հեղհեղուկություն, զի պայքարին չխառնվողը ի վերջո ուժեղի կողմից է:
                                                                                                                                        Հայգ
  • Hits: 3563

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: