Ես այնքան պոստմոդեռն եմ

«The Bedroom Philosopher»-ը («Ննջարանի փիլիսոփա») ավստրալիացի երգիծաբան, դերասան և երգահան Ջասթին Հեզլվուդի կեղծանունն է, ստորև ներկայացվող տեքստն էլ` երգի խոսքեր: Երգը ներկայացվել է 2005-ին և ներառվել ավստրալիական հիթերի ցանկում: Ու կարևոր չէ, թե որքանով է այդ տեքստը համապատասխանում իրականությանը. երգիծաբանի սուր աչքից չի վրիպում ոչ մի մանրուք…

Ես այնքան պոստմոդեռն եմ, որ այլևս չեմ խոսում, ես տարբեր գույնի վերնաշապիկներ եմ հագնում` ըստ տրամադրության:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ աշխատում եմ տանը` ծովային փրկարար թեժ գծում:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ բոլոր շորերս կարված են քնապարկերից. ես գրպանների կարիք չունեմ. ինքս գրպան եմ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գնում եմ փարթիների, որտեղ ինձ չեն կանչում, մուրաբա եմ գտնում և բոլորի վրա գրում անունս:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գրախոսում եմ թաղումները և ճամպրուկի միջից շաղակրատում հարսանիքներին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ պատրաստվում եմ երեխա որդեգրել, ասեղնագործություն սովորեցնել նրան և անվանել Ադոլֆ Դիգլեր:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ բրեյք-դանս եմ պարում սպասասրահներում և պոկեր խաղում գիշերային ակումբներում ցերեկվա երեքին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ բոլոր ժամադրություններս տևում են միայն տասներեք րոպե` ուոքի-թոքիով, անկողնու տակ ծպտված:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ անծանոթներին իմ տուն եմ հրավիրում և ցուցադրում նրանց ուրիշների դայակների շարժանկարներ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գնացի տուն և շարեցի ձեր բոլոր ասածները, այնուհետև տպեցի անծանոթ տառատեսակով ու վերադարձրի ձեզ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ ցուցահանդես կազմակերպեցի` լողագլխարկին կպցրած չուփա-չուփս, և չհրավիրեցի ոչ ոքի:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ այբուբենից ապուր եմ եփում, կարմիր ներկում այն և թափում գազոնին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ կարաոկեում պատվիրում եմ «Հեյ Մոնա»-ն, իսկ ապա երգում իմ կյանքի պատմությունը «Մայ Շարոնա»-ի մեղեդիով:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ մտածում եմ միայն պալինդրոմիկ հոքուներով…
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ նստած չիշիկ եմ անում, իսկ կանգնած՝ աղկո՝ աշխատանքային հարցազրույցների ժամանակ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ հագնում եմ Սանտա Կլաուսի շորեր` օգոստոսի կեսին և այսպես հայտնվում գոլֆի դաշտերում:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ կտրեցի մազերս, գլխարկ գործեցի դրանցից և նետեցի կամրջից:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գողացա բոլորի նամակագրությունները, դրանցից կտրտեցի փրկագին պահանջող նամակ և այն թաքցրի թերմոսի մեջ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ սուպերմարկետ գնալիս տանում եմ հետս իմ լեգոն, շարժասայլակ սարքում դրանից և գնում միայն մեկ ընկույզ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ գրեցի Ազգային ժողով… կարծեմ «Մ» տառը:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ շուրջերկրյա ճամփորդության տոմս գնեցի, շորերս լցոնեցի բադրիջանով և սկսեցի համոզել մարդկանց, որ դա ես եմ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ հիերոգլիֆներով դաջեցի ծածկագիրս հարևանիս ուղեվար շան վրա:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ կռվով-դավով մտա Պառլամենտ, մշակեցի մարգարին արգելող օրենք և այնուհետև տեղափոխվեցի Իսպանիա:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ արդուկում եմ սալաթի տերևները և շապիկներս դնում թոստերի մեջ` թող խաշվեն:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ կենդանի մկներ եմ նվիրում փողոցային երաժիշտներին, մորմոններին` օգտագործած անձեռոցիկներ, և գոգլի-մոգլի` ծովախեցգետիններին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ ապրում եմ վրանում` սքեյթերի պլատֆորմի վրա, որը կապված է տրամվային:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ չորս հազար բառանոց էսսեներ եմ գրում թխվածքների մշակութային դերի մասին:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ Շեքսպիր եմ արտասանում KFC-ի մուտքի մոտ` բարձրախոսով և ժեստերի լեզվով:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ Օլիմպիական խաղերը դիտում եմ սև-սպիտակ հեռուստացույցով, առանց ձայնի:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ փակումից հետո գնում եմ մարզասրահ, բախվում դռանը և ապա լացելով քնում դրա մոտ:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ վեպերի եռապատում գրեցի` պարկամկան անունից, որին մի անգամ փաղաքշեց Հիսուսը:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ ամուսնանում եմ բոլոր ընկերներիս հետ, ներծծվում մեթանոլով և ասում նրանց, որ փոխվել են:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ ընթերցողի հետաքրքրասիրությունից դրդված` գնեցի 1963-ին գրված բոլոր գրքերը և ապա լցրեցի դրանք ջրհորդանը:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ ինքս ինձ աստված եմ թվում, երբ ներքնազգեստով թավալվում եմ շաքարի մեջ` ռոդեոյի (ձիարշավ) ավտոկայանում:
Ես այնքան պոստմոդեռն եմ, որ նախապես ձայնագրեցի այս երգը և կոդավորեցի այնտեղ ենթագիտակցական ուղերձ Շեյն Փորթիզին` համազգեստ գնելու հրահանգով:
                                                                           Անգլերենից թարգմանեց Արթուր Ավանեսովը

                                      
  • Hits: 4152

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: