ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐ

    Վաղուց արդեն չեն գրվում... եռահատոր վեպեր: Դարն անհամբեր է, պատմությունը՝ մարդուց առաջ ընկած, - տեղ չի թողնում էպիկական իմաստավորումների համար: Էլ ի՞նչ «Պատերազմ և խաղաղություն» կամ թեկուզ՝ «Թիբոների ընտանիք» կամ համարյա թե հինգժամանանոց «Քսաներորդ դար» - Բերտոլուչի, մեծակտավ ֆիլմ, որը տանում էր մեզ՝ ժամանակների սարդոստայնի մեջ թպրտացող ճակատագրերի միջով: Ո՞ւր է այդ կինոն, ո՞ւր է այդ գրականությունը, - չենք գտնի, որովհետև սլանում ենք քառատրոփ, պատահում է նաև՝ երիվարի պոչից կապված դատապարտյալի նման, առանց հոգու մեջ նախատեսված կանգառների, որոնք տրված էին մարդուն՝ իր ճանապարհի մասին լուռումունջ մտածելու և հետո՝ շարունակելու համար...

    Չէ, լուրն այսօր գերադասելի է մտորումից: Նամակը հաղորդագրությանբ է փոխարինվել: Ինքն իր մեջ նայող մարդը չի ցանկանում Դոստոևսկու դևերին հանդիպել, ուստի և նայում է իրենից դուրս: Դուք մեծ գրականությո՞ւն եք փնտրում: Ուրեմն՝ մեծ հակառակություն փնտրեք: Այս բառիս հոգևոր, այս բառիս փիլիսոոփայական իմաստով: Բայց մենք ռեպորտաժ ենք ուզում: Ու նույնիսկ՝ գեղարվեստական: Կարճատև հաջողության գրավական: Օրվա ճեպանկարների թովչանք, չմուշկներով սահելու էֆեկտ...

    Հերկելը ժամանակավրե՞պ է արդեն: Որովհետև մինչև հաղթահարում ես հողը, ցանում, խնամում ու հնձում, օրացույցի անկշիռ թերթիկները՝ իրադարձությունների անընդհատ եռապատկվող ծանրությամբ, քանիցս, - և ընդամենը մեկ սերնդի կյանքի օրոք, - դիմափոխված ու նորացած իրականությամբ, պահանջում են ուրիշ, տաք ու անհապաղ արձագանքներ, մի խոսքով՝ SMS գրականության, SMS արվեստի, SNS կյանքի, SMS սիրո, SMS մտքի ժամանակներ:

    Իսկ հույսը, ինչպես միշտ, ճգնավորների վրա է: Ավազուտների խստիվ հավերժականությանը հանդիման՝ մարդ ու տիեզերք քննող հոգիների: Կամ գոնե՝ վթարված օդաչու-գրողի, որ թափ առած և մարդկանց մասին մոռացած դարից դուրս ընկնելով՝ այդ ակամա ու վտանգավոր դիմակայության մեջ հայտնաբերեց Մարդկանց Երկիրը, քայլեց դեպի Միջնաբերդ՝ իր ճանապարհը գտնելուց առաջ Փոքրիկ իշխանին հանդիպելով:

Դավիթ Մուրադյան

  • Hits: 5285

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: