ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՏԱՎՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼ. ԳՐԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գեղանկարչուհի Գրետա Հարությունյանի «Կապույտ անդրադարձ» առաջին անհատական ցուցահանդեսը Dalan Art Gallery-ում բացվեց սեպտեմբերի 12-ին՝ նկարչուհու ծննդյան օրը։ Գրետա Հարությունյանի խոսքով` նրա կյանքում այս երկու կարևոր իրադարձությունների օրերը պատահական են համընկել։

«Երեք տարուց ավելի է, որ ցանկություն ունեի ներկայանալ անհատական ցուցահանդեսով։ Ամենատարբեր պատճառներով այդ ցանկությունն իրականություն չէր դառնում։ Բայց մի օր Dalan Art Gallery-ից անհատական ցուցահանդեսով ներկայանալու առաջարկ ստացա։ Պլանավորված էր դեռ օգոստոս ամսին իրականացնել, սակայն ծանրաբեռնվածությանս պատճառով չկարողացա։ Ամեն բան այնպես դասավորվեց, որ հենց ծննդյանս օրն իմ առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց»,- ասաց Գրետա Հարությունյանը։

Գեղանկարչուհին «Կապույտ անդրադարձ» ցուցահանդեսին ներկայացված 20 աշխատանքներն ընտրել էր մեծ դժվարությամբ։

«Ձմռանից սկսած ինձ մոտ, այսպես ասած, կապույտների փուլ է։ Նկարները ներկայացնում են անհատի ներքին զգացողությունները, մասնավորապես՝ թախիծը։ Ասելիքս այն է, որ մենք բոլորս միայնակ ենք, մերկ, և այս ամենը բերում է անկեղծության։ Հուսով եմ, որ այս կտավներին նայելիս յուրաքանչյուրը կկարողանա տեսնել իր ներսի կապույտը։ Բազմաթիվ նկարներից ընդամենը 20-ն ընտրելը դժվար էր, բայց իսկապես ուզում եմ նրանցից բոլորից ազատվել։ Գուցե մի փոքր կոպիտ է հնչում։ Եթե անգամ չվաճառվեն, կնվիրեմ, բայց տանն էլ չեմ կախի։ Դրանք ինձ հիշեցնում են իմ կյանքի արդեն ավարտված փուլը»,- Cultural.am-ին ասաց Գրետա Հարությունյանը։

Dalan Art Gallery-ի համադրող Եվա Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հատկապես գեղարվեստում կին հեղինակների պակաս է զգացվում։

«Մեր ցուցասրահի համար կարևոր է ներկայացնել երիտասարդ, հետաքրքիր հեղինակների։ Գրետա Հարությունյանը երիտասարդ հեղինակների մեջ իսկապես տարբերվում է։ Ֆիգուրատիվ արվեստում այսօր տաղանդավոր հեղինակները, և հատկապես կին հեղինակները շատ չեն։ Կարծում եմ՝ կարևոր պատճառներից մեկը, որ Գրետան ցուցադրվում է այստեղ, նաև դա է»,- ասաց Եվա Խաչատրյանը։

Նշենք, որ Գրետա Հարությունյանի «Կապույտ անդրադարձ» ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 20-ը ներառյալ։

Ալինա Նահապետյան
0000000400000000200000003
0000000001
  • Hits: 2891

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: