ՄԵԿ ՔԱՅԼ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՆԱԼՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆԻՆ

 Առանձին գրքույկներով հրատարակվել են կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի (1937-1990) հինգ կամերային ստեղծագործությունների («Նվիրում Կոմիտասին» սոնատ դաշնամուրի համար, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար, «Մեդիտացիա» սոնատ, «Երբ իջնում է մթնշաղը» վոկալ շարք) նոտաները:

Շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Նոտաների ժողովածուները շուտով կլինեն գրախանութներում:

«Դրա անհրաժեշտությունը ես իսկապես զգում էի: Շատ-շատերն էին հարցնում՝ որտեղից կարելի է գտնել Հարություն Դելլալյանի այս կամ այն ստեղծագործությունը, և ես պատասխան չունեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտորի դուստրը՝ ջութակահար Նարինե Դելլալյանը:

Նրա խոսքով՝ նոտաները տպագրելու միտքը միշտ է եղել:

«Քանի որ այս տարի հայրիկիս 80-ամյակն է, դիմեցի Մշակույթի նախարարություն՝ խնդրելով անդրադառնալ հոբելյանին ու նաև նպատակ ունենալով տպագրել նոտաները: Բարեբախտաբար, անմիջապես պատասխան ստացա, և նախարարության աջակցությամբ այսօր այս ամենն իրական դարձավ: Կարծում եմ՝ սա բոլորիս հարստությունն է, և մեր մշակույթը ներկայացնելու հրաշալի միջոց»,- նշեց ջութակահարը:

Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվեց նաև «Հարություն» վավերագրական ֆիլմը, որի հեղինակը WebTV-ի և «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր Արայիկ Մանուկյանն է:

«Այս ֆիլմով ուզում էի փոքրիկ մի բան անել, որպեսզի մեր հանրությունն ավելի լավ ճանաչի Հարություն Դելլալյանին, մեկ քայլ ավելի մոտենա նրան: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այդ տեսակ մարդկանց մոտ լինելը կենսական անհրաժեշտություն է: Դելլալյանը շատ մեծ կոմպոզիտոր է: Ցավոք, վաղ է հեռացել կյանքից, ստեղծագործական շատ ավելի հասուն տարիքում, երբ կարող էր ավելին անել մեր երաժշտության համար»,- նկատեց Արայիկ Մանուկյանը:

«Խորաթափանց, նուրբ, բարձրաճաշակ». Հարություն Դելլալյանի երաժշտությունն այսպես է բնորոշում դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, որը միջոցառման համերգային հատվածում կատարեց «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը:

«Սա Դելլալյանի միակ դաշնամուրային ստեղծագործությունն է, որը բազմիցս նվագել եմ: Ամեն անգամ նոր ձևով, նոր զգացումով եմ կատարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Բայց ինձ համար դրսում հայ երաժշտությունը ներկայացնելը շատ ավելի պարտավորեցնող և շատ ավելի հուզիչ է:

Ամեն անգամ, երբ լսում եմ Դելլալյանի որևէ ստեղծագործություն, կարծես սիրահարվում եմ այդ գործին: Վերջին շրջանի համերգներից մեկի ժամանակ նվագեցի “Topophono” ստեղծագործությունը, որը մինչև այդ շատ էի լսել, բայց երբևէ չէի կատարել: Հրաշալի ստեղծագործություն է, և զգացումն է հրաշալի, երբ ինքդ ես դաշնամուրի առջև կատարում այն»,- նշեց դաշնակահարը:

Սիրանուշ Հայրապետյան
  • Hits: 2863

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: