«ՔԱՄԻՆ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ»․ ԷԼԻՏԻՍԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ

Ինչպես էլ բացենք թևերը մեր,
այժմ մեզ հաշվի չի առնում ժամանակը,
Ինչպես էլ թարթենք աչքերը մեր,
այժմ երկար տողերն են ամպերով նավարկում:
Հիմա, երբ փակվեցին թարթիչները քո բնանկարում մեր,
այնպիսինն ենք, ասես մեր միջով մառախուղ է անցել –
Մենակ, մեն-մենակ՝ շրջապատված անշունչ նկարներով քո:

Օդիսսեաս Էլիտիս / հատված «Հեղինե» բանաստեղծությունից


Հույն բանաստեղծ Օդիսսեաս Էլիտիսի ստեղծագործությունները մեր գրական մամուլում շրջանառվում են 2013 թվականից Շուշան Կարապետանի բնագրային թարգմանությամբ։ Այսօր արդեն ընթերցողները հնարավորություն ունեն Էլիտիսի գրականությանը ծանոթանալ գրքով։

«Քամին Աստվածամոր» ժողովածուի շնորհանդեսը կայացավ մայիսի 24-ին «Նոյյան տապան» գրատանը։

«Էլիտիսի պոեզիային ծանոթացել եմ երաժշտության միջոցով։ Մի քանի ամիս էր, ինչ Հունաստան էի մեկնել սովորելու, ուսումնասիրում էի լեզուն, մշակույթը, քիչ, թե շատ հասկանում էի հունարեն։ Դասախոսս երգեր տվեց, որ լսեմ, և ասաց՝ սա մաքուր հունարեն է, եթե միտքդ այս հունարենով լցվի, այս բառապաշարով ու կառույցներով, շատ լավ կլինի։ Մի ամբողջ տարի այդ երգերն էի լսում, անգիր էի արել տեքստերը, երգում էի, հրաշք երաժշտություն և տեքստեր։

Իսկ երբ Կիպրոսում գրականություն էի ուսումնասիրում, Էլիտիսի անունն առաջին հայացքից ինձ անծանոթ թվաց։ Երբ բանաստեղծությունները կարդացի, տող առ տող գիտեի։ Պարզվեց, որ նրա պոեզիայի լավագույն մասը երգ է դարձել,  և  երաժշտություն են գրել Հունաստանի ամենահայտնի կոմպոզիտորները»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Կարապետյանը։

«Քամին Աստվածամոր» գրքում տեղ գտած բանաստեղծությունները հիմնականում Էլիտիսի «Ուղենիշներ» ժողովածուից են։ Գրքում տեղ է գտել նաև հեղինակի՝ 1979 թվականին ընթերցած նոբելյան բանախոսությունը։ Շուշան Կարապետյանն ասում է՝ Էլիտիս թարգմանելը բարդ էր․ «Կային կառույցներ, որոնք հայերենում չկան, բառեր, որոնք հունարենում էլ չկան, հեղինակն է ստեղծել»։

Թարգմանիչ Արամ Թոփչյանն արդեն հասցրել է ընթերցել գիրքը։ Վստահեցնում է՝ լավ թարգմանություն է։

«Հին և նոր Հունաստանների միջև ընկած մեծ ժամանակահատվածը և էական է, և պայմանական։ Հունական նոր գրականությունը, մասնավորապես Էլիտիսի պոեզիան, անտիկ և բյուզանդական գրականության ավանդույթների շարունակությունն ու վերակերպավորումն է։ Հենց այս շարունակականության շնորհիվ է, որ գիրքն ընթերցելիս Էլիտիսի ինքնատիպ բանաստեղծությունները վայելելու հետ մեկտեղ հերթական անգամ առիթ ունեցա մտովի տեղափոխվել իմ սիրելի անտիկ աշխարհը»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Թոփչյանը։

Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուն խմբագրել է գրականագետ Հայկ Համբարձումյանը։ Գիրքը լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աննա Կարապետյան
  • Hits: 3283

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: