Մի մարդու քաղաքը

Grig 1
                                          Ընկերոջս՝  Տիգրան Կիրակոսյանին
 
    Ամեն երեկո, երբ մեղմվում էր համր ու անշարժ տապը, և մարդիկ մրջյունների պես ողողում էին փողոցները, Օպերայի շենքի տարածքում գրիչներով տուփը ձեռքին նա մի փողոցից մյուսն էր անցնում ու «Լավ գրիչներ են, իրոք լավն են…Երեք հատը հարյուր դրամ...» ասելով՝ աշխատում գրավել անցորդների ուշադրությունը: Ողջ երեկո մի անցորդից մյուսին էր մոտենում, պարզում տուփը… Հատուկենտ մարդիկ էին, որ չէին խուսափում ու խղճալով  ծերուկին՝ չէին մերժում: Թեև հիսուներեք տարեկան էր, սակայն առատ մորուքն ու հնամաշ հագուկապը ծերունու տեսք էին տալիս նրան։ Միշտ նույն շորերն էին հագին` մոխրագույն, քիչ լայն տաբատն ու գորշ, մինչև ծնկները հասնող հաստ վերարկուն, որ ժամանակի ընթացքում խունանալով՝ տեղ-տեղ գունաթափվել ու նայողին կաթնագույն կղզյակներ էր հիշեցնում...
    Ծերուկը տարօրինակ սովորություն ուներ. ամեն անգամ, երբ Օպերայում նոր ներկայացում էր լինում, ու դրա ցուցապաստառը հայտնվում էր ճաղավանդակին, իրեն հատուկ անշտապ քայլվածքով մոտենում ու տոմսարկղից ճշտում էր տոմսի արժեքը։ Չէր եղել դեպք, որ տոմս գներ, սակայն պարտադիր ճշտում էր արժեքը, ինչի՞ն էր պետք…
    Պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատում էի գրքի տաղավարում: Մաշտոցի պողոտայում` անմիջապես Օպերայի շենքի հարևանությամբ, մի ոչ մեծ կրպակ կա, իմ աշխատավայրն էր: Դժվար էր ավելի հարմար ու հաճելի աշխատանք պատկերացնել ինձ նման մարդու համար, քան դա էր. փոքր, հարմարավետ տարածք ու շուրջբոլորը գրքեր, ողջ օրը կարդում էի, բացահայտել էի մի շարք արտասահմանյան գրողների, որոնց մասին նախկինում չէի լսել, ու դատելով գրքերի արժեքներից՝ մոտ ապագայում դժվար էլ ձեռքս ընկնեին։ Միակ անհարմարությունը, որ խանգարում էր ինձ լիովին խորասուզվել երանության գիրկը, հատուկենտ հաճախորդներն էին և, իհարկե, Սոֆան: Ինչ տիպի և ինչ խառնվածքի տեր մարդ ասես չէր մոտենում։ Երևում էր, որ նրանցից շատերը պարզապես խոսելու կարիք ունեն ու հենց այնպես հարցեր են տալիս, պատմում այս կամ այն գրքից ստացած իրենց տպավորությունները ու շնորհակալություն հայտնելով՝ հեռանում։ Սակայն իմ բոլոր հաճախորդները միասին վերցրած, միևնույն է՝ Սոֆային չէին հասնի: Սոֆան արդեն երկար տարիներ օպերային թատրոնի տոմսավաճառն էր` քառասունն անց փոքրամարմին, միշտ բարձրակրունկ կոշիկներով, կոկիկ հագնված և շպարված կին, որի ձեռքերին պարտադիր տարատեսակ զարդեր ու հնության երանգ ունեցող արծաթե իրեր էին։ Սակայն, ամենակարևորը, որ ասես ամբողջացնում, վերջնական տեսքի էր բերում նրա աշխույժ ու միշտ շարժման մեջ գտնվող կերպարը` վերին աստիճանի շատախոս բնավորությունն էր: Սոֆան խոսում էր անդադար, առանց ընդմիջման, ամեն ինչի մասին։ Եվ քանի որ հանգամանքների բերումով երկուսիս աշխատավայրը նույն տեղում էր (կրպակի մի անկյունում ես էի նստում, մյուսում` նա, և ոչինչ չէր բաժանում մեր հատվածները), դատապարտված էի ողջ օրը ունկնդիր լինելու: Պատմում էր վայրերի մասին, որտեղ երիտասարդ տարիներին բախտ է ունեցել լինել, թե ինչպես է արշավներից մեկի ժամանակ հրաշքով փրկվել ձորը գահավիժելուց, հիշում էր «լիմոնըվի» պիջակի կորուստը, որը գնելու օրն իսկ մոռացել էր դելֆինարիումում, երբ ընկերուհու հետ առաջին անգամ գնացել էր դելֆիններ տեսնելու, չէր մոռանում աղջիկների ամուսնությունը... Շատ բաների մասին էր խոսում, սակայն ամենաշատը, որ շեղում էր ուշադրությունս ու կտրում գրքից, կրպակի դիմացով ամեն անցնող դարձողի մասին իր իմացածը պատմելն էր.
     - Այ տե՛ս-տե՛ս, Ռուբոն,- չխամրող հիացմունքով ամեն անգամ ասում էր,- մեր բալերոնն է՝ բոյով, սիրուն, պարողը էսպիսին պիտի լինի, դու մենակ տեսնեիր՝ ո՛նց էր Սպարտակ պարում... Չեն գնահատում, շուտով մյուսների պես կթքի ու կհեռանա Անգլիա, էնտեղ մեր պարողներին գնահատում են, արժեքը գիտեն լավ պարողի... Միայն շատ անփույթ է, ձեռքի գիպսը նոր են հանել, փորձերի ժամանակ կոտրել էր մատը, ամեն անգամ մի վնաս տալիս է իրեն, բայց մեկ է...
    - Սա էլ մեր Միշան, պահակներից է, գիտե՞ս, էնքան հետաքրքիր մարդ է, երկու համալսարան է ավարտել, որ հետը մի քիչ խոսես, հաստատ մի գիրք կգրես, ճիշտ եմ ասում… Շատ դժվար է ապրում, հաճախ է փող խնդրում կասսայից մինչև աշխատավարձ ստանալը… Երեք անգամ ամուսնացել-բաժանվել է…
     Բոլոր նրանք, ում ճանաչում կամ երբևէ լսել էր ինչ-որ բան, և ովքեր պատահմամբ անցնում էին պատուհանի դիմացով, խոսելու անսպառ նյութ էին Սոֆայի համար: Դիրիժորներից, երգիչներից, պարողներից սկսած և Օպերայի հաշվապահներով ու պահակներով վերջացրած՝ բոլորին ճանաչում էր։ Ես ամեն անգամ մանկաբար զարմանում էի, թե ինչպե՞ս է այդքան մարդու ճանաչում և որտեղի՞ց այդպիսի մանրամասներ գիտի նրանց կյանքից: Մի առանձին հոգածությամբ ու գորովանքով էր խոսում իր մշտական հաճախորդների մասին, դրանք հիմնականում զառամյալ սփյուռքահայեր էին, որոնք ամեն անգամ աշխարհի տարբեր ծայրերից գալով Հայաստան՝ իրենց պարտքն էին համարում այցելել Օպերա: Նկատել էի` առանձնահատուկ վերաբերմունքը ընդգծելու համար նրանց միշտ անուններով էր դիմում, հաճախորդը դեռ չմոտեցած՝ իսկույն բացում էր պատուհանն ու անունը տալով՝ սիրալիր բարևում, իսկ այն հազվագյուտ դեպքերում, երբ չէր մտաբերում կամ սխալմամբ այլ անունով էր դիմում, իսկական ողբերգություն էր նրա համար, կարծես աշխատանքային կոպիտ վրիպում թույլ տված լիներ…
    Այսպես պատմությունները հաջորդում էին միմյանց, և թվում էր՝ անվերջ են, Սոֆան ամբողջ օրը խոսում էր, եթե ինձ հետ էլ չէր ստացվում, հաճախորդների հետ էր զրույցի բռնվում, եթե նրանք էլ տոն չտային, հեռախոսը միշտ պատրաստ էր (հաճախ էր հեռախոսային երկարատև զրույցներ ունենում), և ինչքան էլ մեծ էր գիրք կարդալու իմ ցանկությունը, ամաչում էի նրան հասկացնել, որ ինձ լռություն է պետք: Սակայն, ի զարմանս ինձ՝ տանջանքներս երկար չտևեցին, և հաջորդող դեպքերը այնպիսի ընթացք ունեցան, որ այդքան երազած լռությունը մի օր անակնկալ տրվեց ինձ. օպերային թատրոնում վերանորոգումներ սկսվեցին, և տոմսարկղը ժամանակավորապես փակվեց` ազատելով ինձ և՛ Սոֆայից, և՛ նրա անվերջանալի պատմություններից: Դժվարանում եմ մտաբերել, թե մեկ էլ երբ էի այդպիսի ոգևորությամբ ընթերցել. մի գիրքը վերջացնելով՝ իսկույն անցնում էի մյուսին,հաճախ գրքերը տուն էի տանում և, անկասկած, օպերային թատրոնի վերանորոգման ժամանակահատվածը երանելի հիշողություն պիտի մնար ինձ համար, եթե չլիներ անսպասելի հանդիպումը…
      Ոչնչով աչքի չընկնող սովորական օր էր. արևը գունատ ճառագայթներով ծածկել էր քաղաքը` ձանձրույթ սփռելով փողոցների վրա, իսկ օպերայի տարածքում, ինչպես միշտ, աղմկում էր Մաշտոցի պողոտան, մարդիկ անվերջանալի հոսքով անցնում էին կրպակի մոտով` չնկատելով ո՛չ ինձ, ո՛չ գրքերը։ Հանկարծ պատուհանը թակեցին: Կրպակի դիմաց կանգնած էր նա` մոխրագույն, միշտ լարված աչքերով ու հնամաշ հագուկապով տղամարդը, որի տարիքը վաղուց կորել էր առատ մորուքի մեջ: Ենթադրելով, որ հերթական մուրացկանն է ու փող է խնդրելու, բացեցի պատուհանը և պատրաստվում էի ծոցագրպանումս եղած մանրադրամը հանել, երբ ծերուկը մատնանշելով ցուցափեղկը՝ խնդրեց Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը: Նա գլուխը խոնարհած գրքի վրա՝ անշտապ թերթում էր և այնպիսի խեղդող ճենճահոտ էր գալիս վրայից, որ չէի կարողանում պատուհանին մոտ կանգնել, հեռանալ էլ չէի կարող`վախենում էի, որ կթռցնի գիրքը։ Նա շարունակում էր թերթել ու չէր նկատում ինձ: Մինչ ծերուկը խորասուզված էր պատմության բավիղներում, ես նայում էի օձիքի լայն բացվածքին, որի տակից երևում էին մեկը մյուսի վրա հագած տարբեր գույնի և ձևի վերնաշապիկները, ու հերթական անգամ զարմանում, թե ինչու են անտուն մարդիկ միշտ շատ հագուստ կրում` անգամ ամառային շոգ օրերին…
    - Ես իր «Խնկի ծառերն» եմ կարդացել,- հայացքը բարձրացնելով խոսեց,- բայց սա անծանոթ է, առաջին անգամ եմ տեսնում։
       Ուրիշ ոչինչ չասաց, վերադարձնելով գիրքը՝ շնորհակալություն հայտնեց ու հեռացավ, սակայն այդքանն էլ բավական էր, որ միտքս սևեռեր իր վրա: Նրա գնալուց հետո չկարողացա շարունակել կիսատ թողած գրքի ընթերցումը, գլխումս  չէր տեղավորվում, թե որտեղից կարող էր ծանոթ լինել Խեչոյանին ու նրա գրքին… Ծերուկը առաջ էլ էր աչքովս ընկել, կրպակի պատուհանից միշտ տեսնում էի` ինչպես էր ամեն երեկո գրիչներով տուփը ձեռքին մոտենում անցորդներին, իսկ երբ հոգնում էր, նստում էր ծառերի մոտ գտնվող նստարաններից մեկին ու հետևում անցորդների անվերջանալի հոսքին: Սակայն նրա կերպարը ուշադրությունս գրավել էր այն բանից հետո, երբ նկատել էի, որ օպերայում կայանալիք յուրաքանչյուր ներկայացումից առաջ զարմանալի ճշտապահությամբ մոտենում էր տոմսարկղին, ճշտում տոմսի արժեքը ու երբեք չգնելով՝ հեռանում: Կարծում էի`հոգեկան խնդիրներ ունի և հավանաբար այդ համոզմանն էլ մնայի, եթե չլիներ հանդիպումը. անկասկած ծերուկը խելագար չէր, խելագարներին միշտ մատնում են աչքերը, իսկ նրա աչքերը հեռու էին խելագարությունից…
    Որոշ ժամանակ ծերուկը շարունակում էր մնալ ուշադրությանս կենտրոնում, սակայն, երևի շուտով կմոռանայի և՛ նրան, և՛ հանդիպումը, եթե ինքը չհիշեցներ իր մասին: Մեկ շաբաթ էր անցել, երբ նորից մոտեցավ կրպակին: Կանգնել էր ցուցափեղկի դիմաց ու երկար նայում էր` մոխրագույն աչքերը ծուլորեն սահեցնելով մի գրքից մյուսին և այն տպավորությունն էր, թե ինչ-որ բան է ուզում, բայց չի համարձակվում թակել պատուհանը.
    - Մի բան խնդրեմ, չե՞ք կարող Խեչոյանի գիրքը տալ,- վերջապես թակելով պատուհանը՝ ասաց ու ցույց տալով քիչ հեռվի նստարանը, ավելացրեց,- նստարանին նստած կարդամ, օրվա վերջում կվերադարձնեմ…
    Դժվար է ասել` ինչպես կվարվեի, եթե մտածելու ժամանակ ունենայի, բայց այդ պահին ամեն ինչ շատ արագ կատարվեց, և ինչքան էլ հստակ էր գիտակցումը, որ իրավունք չունեմ, որ սխալ գործած կլինեմ գիրքը տալով, միևնույն է՝ չկարողացա մերժել: Ծերուկը մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով հեռացավ ու տեղավորվելով նստարանի անկյունում՝ սկսեց կարդալ: Նրա շրջած յուրաքանչյուր էջի հետ ներսումս ավելանում էր ափսոսանքի զգացումը, թվում էր` հետո էջերից ճենճահոտ է գալու...Արդեն հաշտվել էի մտքի հետ, որ գիրքը այլևս ենթակա չէ վաճառքի, որ աշխատավարձիցս պիտի վճարեմ և որոշել էի` երբ վերադարձնի, չվերցնեմ, ասեմ` նվիրում եմ. այդպիսով և՛ լավություն արած կլինեի, և՛ կազատվեի ծերուկից։ Հետագա դեպքերին, սակայն, այլ ընթացք էր վիճակված: Պայմանավորվածի պես օրվա վերջում նա մոտեցավ կրպակին, գիրքը մեկնելով՝ նորից մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, և դեռ չէի հասցրել որևէ բան ասել, երբ սկսեց խոսել գրքից ստացած տպավորությունների մասին: Զարմանալի է, հիմա երբ փորձում եմ դիպուկ համեմատություն գտնել ծերուկի խոսքը բնութագրելու համար, ծառից բացի ուրիշ ոչինչ չի գալիս մտապատկերումս, նրա խոսքը իրոք նման էր ծառի, որը բարձրանալով   ճյուղավորվում էր և թվում էր՝ վերջ չի ունենալու: Շուտով Խեչոյանից անցում կատարեց Հրանտ Մաթևոսյանին, հետո Ակուտագավա Ռյունոսկեին, Կաֆկային...գրողները հաջորդում էին մեկը մյուսին և ինձ ոչինչ չէր մնում, քան կլանված ունկնդրել:
     Այսպես սկսվեցին իմ ու ծերուկի զրույցները, ամեն օր, երբ ավարտում էր աշխատանքը, մոտենում էր ու որևէ գիրք խնդրելով՝ տեղավորվում նստարանին, իսկ օրվա վերջում վերադարձնում էր գիրքը, և սկսում էինք զրուցել.
    - Նկատե՞լ ես քաղաքում ինչքան ագռավ կա, ժամանակին էսպես չէր, հիմա ագռավներն էլ ուրիշ են` ամբողջությամբ սև են... Ուշադրություն դարձրու՝ բոլոր ծառերի վրա բույն ունեն, հատկապես Սայաթ-Նովայի փողոցում, եթե մի պահ քաղաքը լռի, մարդ կգժվի դրանց ձայնից...
    - Ես միշտ անհանգիստ եմ, ուղեղս միշտ լարված է. երբ ամեն ինչ վատ է, վախենում եմ, ճանապարհներ եմ փնտրում շտկելու դրությունը, երբ լավ է ` նորից վախենում եմ, թվում է՝ ուր որ է մի վատ բան է լինելու...
    - Խելագարները ուշ են ծերանում...
    - Նայիր ուզածդ անցորդի դեմքին, մերոնք իսկույն տարբերվում են եկածներից, մերոնք միշտ շտապում են, միշտ ժամանակ չունեն, էստեղի մարդիկ չեն ապրում, էստեղի մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում պատրաստվում են մեռնելու...
     - Չվող թռչունների մեջ վեհ, միաժամանակ տխուր ինչ-որ բան կա, նայելիս միշտ տխրում եմ...
    Զրույցից զրույց նրա խոսքը ավելի անկաշկանդ էր դառնում, ասես շատ բան էր կուտակվել, և ահա գտել էր մեկին, ում կարելի է պատմել: Խոսում էր տարբեր հարցերի շուրջ, հայտնում իր կարծիքն ու դիրքորոշումը, իսկ երբ հեռանում էր, ասածներից որոշ մտքեր գրանցում էի նոթատետրիս մեջ՝ հույսով, որ մի օր օգտագործելու եմ պատմվածք գրելու համար...
    Ժամանակը գրքի էջերի պես աննկատ թռչում էր, արդեն մայիս ամիսն էր, մեկը մյուսին հաջորդում էին անձրևոտ օրերը, իսկ ես կրպակում նստած կամ գիրք էի կարդում, կամ ժամերով նայում էի պատուհանին: Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր օրը գունատվում, ծառերի կատարները սկսում էին ճոճվել, քամին չորացած տերևները խառնելով փոշեխառը զանգվածին՝ փոքրիկ պտտահողմեր էր սարքում մայթերին, իսկ երբ սկսվում էր անձրևը, Մաշտոցի պողոտան, որ միշտ մարդաշատ էր, իսկույն դատարկվում էր, և այդ ժամանակ հեռվում երևում էր գաճաճի սև կերպարանքը: Միայն անձրևի ժամանակ էր Ռոդենի քանդակը տեսանելի կրպակի պատուհանից, ամեն անգամ, երբ դատարկվում էր փողոցը, այն իր գորշ արտաքինով հայտնվում էր ու միշտ անբացատրելի զգացումը ճնշում էր ինձ, ասես գաճաճը նայում էր փողոցին ու հրճվում դատարկությամբ... Միայն ծերուկն էր, որ խախտում էր դատարկությունը, գրիչներով տուփը կողքին՝ ժամերով նստում էր ծառի հարևանությամբ կուչ եկած որևէ նստարանի և խոժոռ հայացքից դժվար էր կռահել` ինչ է մտածում: Ամեն անգամ, երբ փորձում էի ամբողջացնել ծերուկի մասին իմացածս, հասկանում էի, որ ոչինչ չգիտեմ, և չնայած բավականաչափ ժամանակ էր` ճանաչում էինք միմյանց, չէի համարձակվում հարցնել անցյալի մասին, անցյալը փակ թեմա էր նրա համար, ու ինչքան մտածում էի, այնքան մեծանում էր ծերուկի անցյալը մուտք գործելու ցանկությունը։ Զարմանում էի միայն` ինչո՞ւ Սոֆան ոչ մի անգամ չի պատմել նրա մասին...
    Այդ օրը երկինքը զարմանալի ջինջ էր, անձրևոտ օրերից հետո վերջապես արև էր, մարդիկ շրջում էին քաղաքի փողոցներով, իսկ ծերուկը գրիչներով տուփը ձեռքին՝ ինչպես միշտ կանգնած էր Մաշտոցի պողոտայում: Ձանձրույթս ցրելու համար ժամանակ առ ժամանակ դուրս էի նայում, և երբ հերթական անգամ հայացքս ընկավ պատուհանին, կասկածելի տեսարանը անմիջապես գրավեց ուշադրությունս. ծերուկը անշարժ կանգնած էր փողոցի կենտրոնում, այլևս չէր անցնում մի անցորդից մյուսին ու պարզում տուփը, մարդիկ քայլում էին կողքով, ամեն ինչ շարժվում էր և մարդկանց, ձայների ու գույների այդ գլխապտույտի մեջ անշարժ էր միայն նա` իր մաշված վերարկուի մեջ կուչ եկած, ասես ժամանակը կանգ էր առել նրա համար... Մտածելով, որ վատ է  զգում, պատրաստվում էի մոտենալ, երբ ծերուկը կտրուկ շրջվեց ու արագ քայլերով, ասես ինչ-որ բանից վիրավորված՝ սկսեց հեռանալ և միայն այդ ժամանակ նկատեցի, որ ձեռքի տուփը դատարկ է: Այդ օրը վերջին անգամ տեսա ծերուկին, դրանից հետո նա այլևս չերևաց, շատ բաներ էին անցնում մտքովս, չէի ուզում հավատալ, որ այլևս չեմ տեսնելու նրան, գուցե մինչև օրս էլ հավատայի մեր հանդիպմանը, եթե չլիներ Սոֆայի հետ զրույցը։ Ծերուկի անհետացումից որոշ ժամանակ անց Սոֆան վերադարձավ: Օպերայի շենքում վերանորոգումն ավարտվել էր, և տոմսարկղը կրկին բաց էր: Անբացատրելի էր ուրախությունս, Սոֆայի գալը հաճելի անակնկալ էր, նույնիսկ կարոտել էի նրա անվերջանալի պատմություններին ու զրույցներին, և հենց գալու օրն իսկ հարցրի միշտ տոմսի արժեքը ճշտող ու երբեք չգնող ծերուկի մասին: Սոֆան ինչպես միշտ ամեն ինչ գիտեր։ Լսելով հարցս՝ քիչ տխրեց, ասես այնպիսի բան էի հարցնում, որ չէր ցանկանա պատմել, բայց պատմեց: Ասում էր՝ ծերուկը ժամանակին օպերային երգիչ է եղել, դասավանդել է կոնսերվատորիայում, հետո ինչ-ինչ պատճառներով կորցրել է ամեն ինչ ու հայտնվել փողոցում... Սոֆան հիշում էր նրա հետ կապված դրվագներ, որոնց ականատես էր եղել, և որոնց մասին լսել էր ծանոթներից։ Սակայն վերջինը, ինչ ասաց նա, դաջվեց հիշողությանս մեջ, և շատ կուզենայի լսած չլինել.
    - Ասում են՝ կոնսերվատորիայի իր նախկին ուսանողներից մեկը տեսնում է նրան և մի կնոջ գումար տալով՝ խնդրում է մոտենալ ու գնել բոլոր գրիչները, որպեսզի իր դասախոսը երկար չմնա փողոցում կանգնած... Նա նկատում է ուսանողի այդ արարքը, հաջորդ օրը այլևս չի երևում փողոցում, մյուս օրն էլ, երրորդ էլ... Նրան գտնում են կանգառներից մեկի նստարանին անշնչացած...
    Սոֆան այդ ամբողջ օրը խոսեց ծերուկի մասին, և մտքով չէր էլ անցնում, որ կարող է ծանոթ լինեմ նրան, որ իր պատմած դեպքի օրը տեսել եմ… Առանց ընդհատելու լսում էի, փորձում մտապահել բոլոր ասածները, իսկ երբ պատահաբար նայեցի պատուհանին` փողոցը դատարկ էր, խոսքով ընկնելով չէինք նկատել` ինչպես էր անձրև սկսվել։ Դրսում անձրև էր, և գաճաճը հեռվում կանգնած՝ դարձյալ նայում էր ու ասես դարձյալ հրճվում, միայն հիմա այլևս ոչ ոք չէր խախտում փողոցի դատարկությունը…
                                                                                                                                       
             Գրիգ
                                                                                      Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի