Երևանյան երաժշտական 6-րդ փառատոն

6-rd paraton

     Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանյան երաժշտական 6-րդ միջազգային փառատոնը: Ծրագրի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը:

    Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսին այս փառատոնի շրջանակներում տեղի են ունենում մի շարք համերգներ, որոնց մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչպես նաև անհատ կատարողներ տարբեր երկրներից: Ծրագրում ներառվում են ոչ միայն արևմտաեվրոպական, այլև ռուսական և հայկական կոմպոզիտորական դպրոցների ներկայացուցիչների ստեղծագործություններ: Գովելի է այն փաստը, որ այս փառատոնի շնորհիվ հայ երաժշտասերը առնչվում է նոր կատարողների և կատարումների հետ, հաճախ տեղի են ունենում նաև պրեմիերաներ: 

    Համերգը բացվեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքով», այնուհետև Իսրայելից ժամանած շեփորահար Սերգեյ Նակարյակովի կատարմամբ հնչեց Շեփորի կոնցերտը: Կատարումը բավական հաջողված էր: Այն, ինչպես նշված էր ծրագրում, նվիրված էր կոնցերտի հեղինակի` վերջերս վախճանված հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: 

    Համերգի առաջին մասում հնչեց նաև Հայդնի C-dur Թավջութակի կոնցերտը: Այս դասական կոնցերտը մշտապես գտնվում է թավջութակահարների ուշադրության կենտրոնում և պահանջում բարձր կատարողական տեխնիկա: Չնայած մենակատար Ալեքսանդր Չաուշյանի լավ պատրաստվածությանը` կատարումը փայլուն չէր. բացակայում էր նվագախումբ-մենակատար կապը: Դինամիկայի տեսակետից ուժերը հաշվարկված չէին` մենակատարը չէր լսվում: 

    Ինչևէ, համերգի երկրորդ մասում պետք է հնչեր Բեռլիոզի մեծամաշտաբ «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Այս ստեղծագործությունը երկար տարիներ ընդգրկված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկացանկի մեջ և հաճախ է կատարվում: Երևում էր, որ այս անգամ  համերգի առաջին մասի հագեցած ծրագրից հետո նվագախումբը հոգնած էր, բայց, ինչպես ասում են, «վատ չէր»:

    Փառատոնը տևելու է երկու ամիս, որի ընթացքին կաշխատենք անդրադառնալ: 

Սոնա Հայկազուն